25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Տեառնընդառաջը: Եվ բոլորս այժմ հավաքվել ենք եկեղեցու սրբազան հարկի ներքո` միասին նշելու այդ սքանչելի տոնը, որը տոն է թե՛ զարմանահրաշ մի հանդիպման, և թե՛ առաջին բաժանման: Այս օրը Ամենասուրբ Աստվածամայրը քառասնօրյա Աստվածամանուկ Հիսուսին բերեց Աստծուն ընծայելու, իսկ աստվածավախ և արդար ծերունի Սիմեոնը, և Աննա մարգարեուհին վերջապես արժանացան համայն մարդկության Փրկչի հետ հանդիպմանը, որին, խորին ակնածությամբ, սպասում էին երկար տարիներ:
Աստվածաշնչյան այս դրվանգն է, որ Եկեղեցու համար հիմք է հանդիսացել Տեառնընդառաջի տոնը հաստատելու և նրա շուրջն էլ հյուսվել են ժողովրդական գեղեցիկ ավանդություններն ու սովորույթները:
Արդ, վերադառնալով մեր պատմությանը, նշեմ, որ ինչպես ավանդությունն է պատմում, Սիմեոնը մեկն էր այն մարդկանցից, որոնք հանձն էին առել Հին Կտակարանը եբրայերենից հունարեն թարգմանելու: Երբ Սիմեոնը հասել էր Եսայի մարգարեի գրքի այն հայտնի տողերին, թե. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի» (Եսայի 7:14), նրա մեջ կասկած առաջացավ այս տողերի հնարավոր լինելու վերաբերյալ և որոշեց ջնջել այդ խոսքերը Սուրբ Գրքից: Սակայն Աստծո Զորեղ Աջը կասեցրեց նրան և հայտնեց, որ մահ չի տեսնի մինչև այդ խոսքերը կյանքի կոչված չտեսնի:
Եվ ահա Սուրբ Մարիամ Աստվածածինն իր սիրասուն մանկանը տաճար բերեց ընծայման համար, որպեսզի կատարվեր դեռևս Մովսեսի ժամանակներից հաստատված օրենքը, թե ամեն առաջնեկ արու զավակ պիտի զոհաբերվի տաճարին` ի հիշատակություն Իսրայելի որդիների փրկության` եգիպտական գերությունից:
Սիրելի հավատացյալներ, վստահ եմ, կհամաձայնվեք ինձ հետ, երբ ասեմ, որ Եկեղեցին ունի այնպիսի տոներ, երբ հոգիդ այնպես է ցնծում ուրախությունից, որ մոռանում ես ամեն ինչի մասին, սակայն ունի նաև տոներ, երբ սիրտդ այնքան է տրտմում վշտից, որ կրկին չես կարողանում մեկ այլ բանի մասին մտածել: Արդ, Տեառնընդառաջի տոնն իր մեջ այս երկու հատկանիշներն էլ միավորում է:
Տոնի ուրախալի կողմը տեսնում եք Աստվածորդու և բարեպաշտ ծերունու հանդիպումից: Երբ Սիմեոն ծերունին, Սուրբ Հոգուց մղված, նույնպես տաճար եկավ և ընդառաջ դուրս գալով Փրկչին` իր գիրկն առավ, գոհացավ Աստծուց և ասաց. «Հիմա արձակիր քո ծառային ով Տեր, քո խոսքի պես խաղաղությունով. Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին» (Ղուկ. 2:28-31): Սա մի մեծ ցնծություն էր, քանի որ Տերն աշխարհ եկավ կործանելու այն պատնեշը, որ առաջացել էր Իր և Իր սիրելի զավակների միջև: Եկավ ու Իր հետ բերեց փրկության հույսը, որն աշխարհն այլևս ի զորու չէր մարել, քանի որ Քրիստոս արդեն մարդկանց մեջ էր: Երանելի էին այդ մարդիկ, քանի որ տեսան մարդկության Փրկչին և առավել երանելի են նրանք, որ չեն տեսել, բայց հավատում են: Մենք, սիրելի եղբայրներ և քույրեր, շատ ավելի երջանիկ ենք, քան այն արդար ծերունին էր, որովհետև ոչ միայն տեսել ենք Փրկչին, այլև միավորվում ենք Նրա հետ և կրում ենք Նրան մեր մեջ, երբ արժանավայել կերպով ընդունում ենք Սուրբ Հաղորդության խորհուրդը:
Սակայն այս հրաշալի տոնն իր մեջ նաև խորը թախիծի կնիքն է կրում: Հենց այս նույն հանդիպման հաջորդ պահին, երբ Սիմեոն ծերունին իր գոհությունը հայտնեց առ Աստված` պարգևած այդ մեծագույն ուրախության համար, նա շրջվեց դեպի Սուրբ Կույսն ու հայտնեց սարսափելի լուրն` ասելով. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։ Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2:34-35): Աստվածամայրն առաջին անգամ այստեղ զոհաբերեց իր զավակին և այնուհետև այդ զոհաբերությունը շարունակվեց Նրա ողջ կյանքում: Հայր Աստված ընդունեց Իր սիրելի Միածին Որդու սուրբ արյունը Գողգոթայի «զոհասեղանին», որպեսզի մեղքերի մեջ կործանվող մարդկությունը սրբվի այդ մաքրամաքուր արյամբ ու փրկություն ունենա: Երբ Մարիամ Աստվածածինը կանգնած էր Տիրոջ խաչի առջև, Գողգոթայի վրա, նա Իր ողջ էությամբ զգաց, թե ինչ սուր խոցեց Իր հոգին: Այդժամ նա ողջ խորությամբ վերապրեց այն ամբողջ ցավն ու կսկիծը, որ միայն մայրը կարող է ապրել` Իր սիրելի զավակին խաչին գամված տեսնելով: Նրա մայրական սիրտը պատառ-պատառ էր լինում այն սարսափելի ցավից, որ ֆիզիկապես զգում էր խաչյալ Փրկիչը: Սակայն սրտի այդ սարսափելի ցավն այն զենքն էր, որ Սուրբ Կույսին բազմաթիվ սրտերի խորհուրդները կարդալու ուժը տվեց: Առ այսօր և հավիտյանս, Ամենասրբուհի Աստվածածինը լսում է մեզնից յուրաքանչյուրի աղոթքը, որ ի սրտե է արվում, և հավատով ու հույսով է ուղղվում դեպի Նա: Նա նաև մեր բոլորի բարեխնամ Մայրն է և Մեծագույն Բարեխոսը` իր սիրելի Որդու առջև:
Սիրելի հավատացյալներ, մեզնից յուրաքանչյուրն, իր կյանքի մի որևէ հատվածում, երբ իր քայլերն է ուղղում դեպի եկեղեցի, դեպի Աստված, որպեսզի նվիրվի Նրան` իր զոհաբերությունն է կատարում առ Աստված: Այն զոհաբերությունն է համարվում անգին ու ընդունելի, երբ մեկը զոհաբերում է իր համար առավել թանկագին ու սիրելի մի բան, ինչպես որ հինկտակարանյան ժամանակներում ընտանիքի առաջնեկ որդին էր: Իսկ ի՞նչ կասենք մեր մասին, սիրելինե՛ր: Ո՞վ կամ ի՞նչն է մեր սրտին առավել թանկագին ու սիրելի: Ոմանք կասեն ծնողները, ամուսինները, երեխաները… Ոմանք էլ կասեն հարստությունը, փառքը կամ պատիվը… Ինչ էլ որ լինի մեր պատասխանը, սիրելի՛ հավատացյալներ, Հիսուս Քրիստոս մեզանից հրաժարում է պահանջում այդ ամենից: Պահանջում է զոհաբերել Իրեն մեր ամենասիրելին ու թանկագինը, որ ունենք: Իսկ դա նշանակում է, որ սերն Իր նկատմամբ ու Իրեն մատուցվելիք ծառայությունը պիտի շատ ավելի վեր դասենք մեր ունեցած այլ զգացմունքներից ու կապվածություններից, նշանակում է, որ մեր Տեր Աստծուն պիտի շատ ավելի առավել սիրենք մեզ հարազատ ու սրտամոտ մարդկանցից: Անվերապահորեն պիտի նվիրվենք Նրան ու սիրենք անսահմանորեն:
Այսօր, այստեղ եղող մայրերից յուրաքանչյուրը մի անգամ արդեն նվիրել է իր զավակին Աստծուն: Մեզնից յուրաքանչյուրը կրկին ու կրկին ընդառաջ է գալիս Աստծուն ամեն անգամ, երբ եկեղեցի է գալիս: Սակայն այստեղ մի պահ կանգ առնենք, սիրելինե՛ր, և մտաբերենք, որ Աստծո տաճար ոչ միայն Սիմեոն ծերունու նման արդարներն էին գալիս, այլև` փարիսեցիներն ու մաքսավորները: Սիմեոնն ու Աննան Փրկչին էին սպասում և տեսան Նրան: Մաքսավորն իր կուրծքն էր ծեծում ու Աստծո դատաստանին էր սպասում և ողորմություն ստացավ: Փարիսեցին կարծում էր, թե արդար է, սակայն ձեռնունայն մնաց… Արդ, այս հրաշալի տոնից սկսյալ, երբ ամենքս Մեծ Պահքին ենք պատրաստվում, մի պահ կանգ առնենք, և հարց տանք ինքներս մեզ. Որպես ովքե՞ր ենք մենք ոտք դնում Աստծո եկեղեցի` որպես կեղծավոր փարիսեցինե՞ր, թե՞ զղջացող մաքսավորներ: Արդյո՞ք պատրաստ ենք ընդառաջ գնալու մեր Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին` արդար երանելիներ Սիմեոնի ու Աննայի պես և բացելու մեր հոգիները` Նրա կենարար լույսն ընդունելու համար: Խորհենք դրա մասին, ճիշտ որոշում կայացնենք և մեր կյանքով ապացուցենք, որ արժանի ենք փառաբանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տ. Գրիգոր քհն. Գրիգորյան