Տեառընդառաջի նախատոնակին

Փետրվարի 13-ին ինչպես բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց հանդիսավոր ժամերգություն: Այդ արարողությունից հետո տեղի ունեցավ նախատոնակ և անդաստան: Ժամերգության ընթացքում հնչեցին տոնին համապատասխան աղոթքներ, շարականներ: Իսկ անդաստանի արարողությամբ օրհնվեց աշխարհի չորս կողմերը: Խորհրդակատար Տեր Զենոն քահանա Բարսեղյանը նշեց, որ Տեառընդառաջի նախատոնակով մուտք ենք գործում դեպի տոն և գնում ենք դեպի Տիրոջն ընդառաջ:

Ժամերգության ավարտից հետո եկեղեցական թափորը «Քրիստոս փառաց թագաւոր» տաղի երգեցողությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու բակում վառեց Տեառընդառաջի խարույկը: Տեր Զենոնը ներկայացրեց կրակի խորհուրդը. «Սբ. Հովհաննեսն իր ավետարանում վկայում է ճշմարիտ Լույսի՝ Քրիստոսի մասին. «Բանն էր ճշմարիտ Լույսը, որ աշխարհ գալով լուսավորում է ամբողջ մարդկությունը» (Հովհաննես 1:10): Մեր Տերն ասաց. «Ես աշխարհ եկա որպես լույս, որպեսզի ով որ Ինձ հավատա, խավարում չմնա» (Հովհաննես 12:46): Այս կրակը Քրիստոսի Լույսն է խորհրդանշում: Այս լույսով լուսավորենք մեր տները, մեր հոգիները՝ փարատելով մեղքի խավարը»:

Տեառընդառաջի ավանդական խարույկի շուրջ պարեցին Կենտրոն վարչական շրջանի Պատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի «Արմենիա» պարային համույթը և Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության անդամ 17-ամյա Մարիամ Պիվազյանի համար տոնը պատգամում է միշտ հաճախել եկեղեցի: Իսկ Քրիստոսի Լույսով նա փորձելու է լուսավորել իր սիրտը, իր տունը և իրեն շրջապատող ամեն ինչ:

Նորապսակներից Աննան և Մխիթարը նույնպես մասնակցում էին Տեառընդառաջի տոնակատարությանը: «Այս օրը մեր ընտանիքի ամրության համար մեծ խորհուրդ ունի: Ցանկանում ենք նաև մասնակացել Տեառնընդառաջի Սուրբ Պատարագին և նորապսակների օրհնության կարգին»,- ասաց Աննան:

Փետրվարի 14-ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հռչակված նորապսակների օրհնության կարգ:

 

Կարինե Սուգիկյան

13.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․