13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Հայ Եկեղեցու սիրասուն զավակնե՛ր, Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր կայքի թանկագին ընթերցողնե՛ր,
Բարեգութ Աստծո անսահման ողորմածությամբ ևս մեկ տարի բոլորեց և այսօր օրացույցային նոր տարվա նախաշեմին կանգնած՝ սրտի թրթիռով սպասում ենք միմիայն դրական նորի: Մեծ ենք, թե փոքր՝ նշանակություն չունի, բոլորս էլ ուրախության և հրաշքի ակնկալիքի իրավունք ունենք, և սրտիս ցանկությունն է, որպեսզի այս տարի մենք՝ ինքներս, մեկս մեկու համար հրաշքներ գործողներ լինենք, և ուրախության անհամար առիթներ պարգևենք միմյանց: Ձմեռային անչափ գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ցրտաշունչ եղանակն էլ նպաստում է, որ միասին հավաքվենք տաք հայ օջախներից ներս և մեր սրտերի ջերմությամբ իսկական տոնի վերածենք մյուսներից առանձնապես չտարբերվող այս օրերը: Ամենևին էլ պարտադիր չէ, որ մեր սեղանները ծանրաբեռնված լինեն բազմատեսակ կերակուրներով՝ որկրամոլության առիթ հանդիսանալով, այլ հայկական անուշահամ քաղցրավենիքով ու ընդեղենով զարդարված թեյի սեղաններն էլ հրաշալի մթնոլորտ կստեղծեն ընտանեկան և ընկերական ջերմ հանդիպումների համար:
Եկեք անկեղծ ժպիտներով ու սիրելի և հարազատ մարդկանց հետ հանդիպման անթաքույց ուրախությամբ մտնենք այս նոր տարին: Առարկայական նվերներից առավել՝ մեր հոգու աստվածապարգև, թանկարժեք գանձերը նվիրենք միմյանց: Արդեն անցնող տարուց մեզ հետ վերցնենք անմոռանալի հրաշալի իրադարձությունների հուշերն ու մեր հաշվին գրանցված հաջողությունները՝ թե՛ հոգևոր կյանքում, թե՛ առօրյա, իսկ անկումներն ու սխալները թողնենք անցյալում՝ Տիրոջից զորություն, հաստատակամություն և իմաստություն խնդրելով, որպեսզի գալիքում նման սխալներ չգործենք այլևս: Հաշվի չառնելով անհաջողություններն ու կորուստները՝ տարին սկսենք առ Աստված ուղղված երախտագիտական աղոթքով ու փառաբանությամբ, քանզի վստահ ենք, որ մեր կյանքում պատահող ամեն բան Բարերար Աստված թույլ է տալիս հանուն մեր փրկության և հավիտենական բարօրության:
Շնորհավորում եմ ամենքիս և խաղաղ երկինք մաղթում մեր հայրենիքին և դրա սահմաններն անձնվիրությամբ պաշտպանող մեր քաջարի զինվորներին: Թող Բարեգութ Երկնավոր Հոր ամենախնամ աջը պահապան լինի մեր զավակներին՝ նրանց հոգիները լցնելով աստվածային փրկարար լույսով, և նրանց քայլերն ուղղի դեպի փրկության տապան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Թող Հայ Եկեղեցու զանգերի քաղցրալուր ղողանջների ներքո սկսենք այս նոր 2018 թվականը և ավելի շատ սրտեր ձգվեն դեպի Մայր Եկեղեցի՝ մեզ հետ միասին ճաշակելու այն իրական ուրախությունը, որ միայն Տեր Հիսուս Քրիստոս է պարգևում: Թող Եկեղեցու հավատարիմ զավակներն ավելի զորանան իրենց հավատքի մեջ, միաբանվեն Տիրոջ պատգամած եղբայրական սիրով և միասնաբար շարունակեն մեր հայրենիքի ու մեր ազգային եկեղեցու շենացման սրբազան գործը:
Հույս, հավատ և սեր ձեզ, սիրելինե՛ր: Շնորհավոր Ամանոր:
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ