Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Ամանորի շնորհավորական խոսքը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատարի՛մ զավակներ, Զորավորի սիրելի՛ համայնք,

Փա՜ռք և երկրպագություն մեր Երկնավոր Հորն Իր անհատնում ողորմածության համար, որի շնորհիվ միասին բոլորեցինք անցնող տարին և այսօր կանգնած ենք նորի շեմին։

Որքան էլ փորձություններ ու դառնություններ հանդիպեն մարդու ճանապարհին, որքան էլ փոթորկվի նրա կյանքի ծովը, միևնույն է, Ամանորի շեմին մարդը ոտք է դնում հրաշքի ակնկալիքով, հույսով լի սրտով, հավատով, որ նոր տարին կլինի ավելի լավը, քան նախորդն էր։ Եվ որպեսզի այդ ակնկալիքը դառնա իրականություն, նոր տարին սկսենք քրիստոնեաբար, սիրելինե՛ր, այսինքն՝ աղոթքով։ Գլուխ խոնարհենք բարիքներ Պարգևողի առջև ու անկախ ամեն ինչից նախ և առաջ երախտագիտություն հայտնեք Նրան անցնող տարվա համար։ Ճիշտ է, հոգսերն ու կյանքի մարտահրավերները շատ են, ցավն ու դառնությունն՝ անխուսափելի, բայց ամեն բան կարելի է հաղթահարել պատվով, եթե դեռ ապրում ենք, ունենք հավատ առ Ամենակարող Աստված և հարազատ մարդիկ մեր կողքին։ Հիշե՛ք, սիրելիներ, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել, յուրաքանչյուր վեճ՝ հարթել, յուրաքանչյուր սխալ՝ ուղղել, եթե ունենք կյանքի ժամանակ և Երկնային Հայր, Որի համար չկա անհնարին ոչինչ (հմմտ․ Ղուկ․ 1։37)։ Արդ, մեզ պարգևված ամեն օրն ընդունեք շնորհակալ սրտով և խնդրենք Աստծու օրհնությունը, որպեսզի կարողանանք այն անցկացնել Աստծու որդեգիրներին վայել վարք ու բարքով։

Աղոթենք Աստծուն, որպեսզի առատորեն բաշխի Իր օրհնությունը գալիք տարվա համար, ու այն լինի սիրո, խաղաղության, ուրախության, մխիթարության տարի և՛ մեզ ու մեր ընտանիքների, և՛ մեր ազգի, հայրենիքի ու եկեղեցու համար։ Թող Տերը պահի, պահպանի մեզ «հոգևոր և մարմնավոր բոլոր թշնամիներից և փրկի նրանց որոգայթներից» (Սիմեոն Երևանցի)։ Պարուրի մեր միտքն ու հոգին սիրո, բարության ու ազնվության լույսով, որպեսզի ջերմեռանդորեն լծվենք բարին արարելու և աստվածայինը մեր շուրջը սփռելու վեհ առաքելությանը։ Եվ թող Ամանորին հատուկ տոնական լույսը ճառագի ոչ միայն արտաքին զարդարանքներից, այլ առաջին հերթին առաքինություններով զարդարված մեր հոգուց և այդ ժամանակ արդեն իսկ պիտի իրականանա Տեր Հիսուս Քրիստոսի այն խոստումը, թե «ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի ․․․․ և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ․ 16։20, 22)։

 

Շնորհավոր Ամանոր

31.12.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․