13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Քրիստոսասեր եղբայրներ և քույրեր,
Մոտ երկու հազարամյակ առաջ այս օրը մյուս քարայրերից արտաքնապես ոչնչով չտարբերվող բեթղեհեմյան մի քարայրում սքանչելի իրադարձություն էր տեղի ունենում, որը մեկտեղել էր երկինքն ու երկիրը և ստիպել, որպեսզի ողջ տիեզերքի զարկերակը հենց այս վայրում բաբախի: Անհուն ու անսահման երկինքը խոնարհվել էր բեթղեհեմյան այդ քարայրի վրա՝ ականատես լինելու աշխարհի մեծագույն հրաշքին: Ժամանակը կանգ էր առել քարայրի մուտքի մոտ՝ հավիտենության մեջ դրոշմելու մեծագույն խորհրդի սրբազան պահը: Հրեշտակների գնդերը, երկյուղածորեն շունչները պահած, հետևում էին երկրի վրա տեղի ունեցող զարմանահրաշ խորհրդին՝ Ամենակարող Աստծու հրաշափառ ծնունդին Սուրբ Կույսից: Եվ ես այսօր անճառելի ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիս մեր Փրկչի ամենասուրբ և օրհնյալ Ծննդյան առթիվ և փառք վերառաքում առ Տեր, որ արժանացրեց մեզ մեծագույն պարգևին և գանձին՝ ի դեմս մարդացյալ Քրիստոսի: Քանզի մարդուց բացի ուրիշ ոչ մի արարածի համար ամենակալ Աստված՝ անսկիզբն ու անվերջը, ժամանակից ու տարածությունից դուրս գտնվողը, չպարփակվեց սահմանափակ տարածության մեջ, որպեսզի ժամանակին ենթարկվելով՝ մարդկային ծնունդ առնի: Ուստի երիցս երանելի ենք մենք, սիրելինե՛ր, որ արժանացանք Մարդացյալ Աստծու Սուրբ Ծնունդը նշելուն:
Փրկչի ծնունդը շտկեց նախահայր Ադամի հակված գլուխն ու սրբեց նախամայր Եվայի զղջման արցունքները: Փրկչի ամենաօրհնյալ ծնունդով կյանք առան ու կրկին սկսեցին բաբախել հինկտակարանյան սրբերի ու արդարների սրտերը, որ ուժասպառվել էին անվերջ սպասումից: Փրկչի ծնունդից շանթահարվեց մարդկության դարավոր թշնամին ու կորցրեց այն իշխանությունը, որ ուներ նախկինում: Փրկչի ծնունդը՝ մեծախորհուրդ ու աստվածային, մարդկային վիշտը երջանկության փոխակերպեց, խավարը լույսով փոխարինեց, մեղավոր կյանքից սրբության կոչեց, դժոխքի խորխարատներում տանջվելու փոխարեն Արքայության երանությունը վայելելու հնարավորություն տվեց մեզ և այսօր, աներկբա հավատով ու հստակ որոշմամբ, որ «լույսի որդիներ» ենք այլևս, և մեղքի խավարը տեղ չունի մեր կյանքում, միմյանց շնորհավորենք պանծալի ավետիսով՝
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ