«Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես»

Օգոստոսի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց դեպի Գեղարքունիքի թեմ: Երիտասարդներն իրենց աղոթքի ուղին անցան Շողակաթի տոնի՝ Էջմիածնի Լուսավորչաշեն տաճարի նավակատիքի հիշատակի օրը՝ իրենց աղոթքը վերառաքելով առ Տեր՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության համար: Ուխտավորների շարքում ամենափոքրիկ ուխտավորը մեկ ու կես տարեկան Արամիկն էր, ով երիտասարդաց միության անդամներ Սարգիսի և Հայարփիի զավակն էր:

Երիտասարդ ուխտավորները նախ այցելեցին Նորատուս հնագույն բնակավայրից դեպի հարավ գտնվող մեծ գերեզմանատուն, որ հայտնի է մոտ 900 խաչքարերով: Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, Նորատուսի խաչքարադաշտը խաչքարերի ամենամեծ համալիրն է: 9-17-րդ դարերին թվագրվող խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածուն մեծ հիացմունք էր պատճառել երիտասարդներին: Նորատուս գյուղի տարեց բնակչուհի Սիրան Խաչատրյանը (70 տ.) մեծ սիրով և խանդավառությամբ միության անդամներին ներկայացրեց իր ծննդավայրի գանձերը: Սիրան տատիկի համար սուրբ պարտականություն է հսկել խաչքարերի անտառը, նա օրվա մեծ մասը անցկացնում է այնտեղ՝ գործելով հայկական զարդանախշերով գուլպաներ և գլխարկներ: Ի զարմանս երիտասարդների՝ նա ասաց, որ կարողանում է իրենց գյուղի հարստության մասին նաև օտարերկրացիներին ներկայացնել, նա մի քանի լեզուներով ասաց խաչքար բառը: Երիտասարդները խաչքարերի և այնտեղ գտնվող Ս. Մինաս և Ս. Ամենափրկիչ մատուռների (13-րդ դար) մասին պատմություններին ծանոթանալուց հետո, միասնաբար աղոթեցին մատուռներում:

Հաջորդ ուխտավայրը, որ հյուրընկալեց երիտասարդ ուխտավորներին, Հայրավանքն էր (9-13-րդ դարեր), ուր երիտասարդները Տեր Վահանի և Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի հետ ընդհանրական աղոթքի կանգնեցին: Տեր Գնելը երիտասարդներին ներկայացրեց Հայրավանքի պատմությունն ու ավանդությունը՝ մաղթելով ուխտավորներին, որ Տերը ի կատար ածի նրանց բոլորի ուխտը: Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Տեր Գնելին ջերմ ընդունելության համար:

Սիրո ճաշից հետո երիտասարդ ուխտավորներն ուղևորվեցին դեպի Սևանավանք: Վանքի բոլոր եկեղեցիներում աղոթելոց հետո երիտասարդները մասնակցեցին Երեկոյան ժամերգությանը՝ Սևանի դպրեվանքի Ս. Հակոբ մատուռում:

«Մեր երիտասարդների ամուր և զորեղ հավատքի շնորհիվ է, որ մեր եկեղեցին կզորանա և կհզորանա: Շատ հաճելի է տեսնել մեր երիտասարդ հավատացյալներին, ովքեր ունեն այդ հավատքը, գիտակցությունը և այդ գիտակցումով նրանք ուխտի ճանապարհ անցան՝ իրենց աղոթքն ուղղելով առ Տեր Հայ եկեղեցու անսասանության համար: Որպես երիտասարդաց միության պատասխանատու՝ ուրախալի է տեսնել, թե մեր մյուս եկեղեցիների հոգևորականներն ու հավատացյալներն ինչպիսի ջերմ ընդունելություն և մոտեցում են ցուցաբերում մեր երիտասարդների հանդեպ՝ տեսնելով նրանց հավատքի արտահայտությունն ու հոգևոր գիտելիքները»,- ասաց Տեր Վահանը:

Երիտասարդ ուխտավորները, հետամուտ լինելով Տիրոջ խոսքին, օրվա աստվածաշնչյան ընթերցման համաձայն, ընտրել են դեպի Աստված տանող ապահով ուղին. «Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրա զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար և ոսկորներիդ համար՝ դարման: Եվ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի: Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ անուշ կլինի, և չես երկնչի հանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս հարձակումներից, որովհետև Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես» (Առակներ 3:19-26):

 

Կարինե Սուգիկյան

12.08.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․