Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի

Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի | Tery Ser E Tatsum Qo Nkatmamb Ev Qo Erkiry Bnakutyamb Piti Lcvi

Հաճեսցի Տէր ընդ քեզ, և երկիրն քո խռնեսցի ի բնակութիւնն։

Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի (Եսայի 62։4)։

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր.

Եսայու մարգարեության մեջ ասվող այս խոսքերը հույսով են լցնում մեզ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի քննենք մեզ, հրաժարվենք մեղքերից և ազգովի ապաշխարենք։ Ինչո՞վ են լցված մեր հոգիները, մեր սրտերը, ի՞նչ է մեր մտքերում։ Մեղավոր խորհուրդներ, մեղավոր ցանկություններ, աշխարհիկ տուրևառ, անհանգստություն, ապագա տարիների ծրագրեր, անցյալի հիշողություններ, հազար ու մի գործ հասցնելու հաշվարկներ։ Սրանք են, որ լցնում են մեր հոգին, սիրտն ու միտքը, որոնցից հաճախ չենք էլ ցանկանում հրաժարվել, չենք ցանկանում լցվել աղոթքով, մաքրվել, ընթերցել Սուրբ Գիրքը և խորհել Աստվածայինի մասին, առօրյա զբաղմունքներից առաջ հիշել Տիրոջը։

Առջևում Առաջավորաց պահքն է, որ պահեցին մեր հայրերը Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ և այնուհետև մկրտվեցին։ Մենք էլ պահքի հետ միասին պետք է անդրադառնանք մեր հոգևոր կյանքին։ Իսկ հոգևոր կյանքը մեր հոգու կյանքն է առաջին հերթին, ամեն ինչ արվում է հանուն հոգու փրկության, հանուն արդար, ազնիվ կյանքի հաստատման, ոչ միայն հանուն սեփական կյանքի, այլ նաև դիմացինի խաղաղության և բարօրության։ Քրիստոնեական կյանքը հոգևոր կյանք է՝ կենդանի ապրումներով, ոչ թե վերացական մտասևեռում, այլ աղոթքի միջոցով Աստծու հետ իրական երկխոսություն, հոգու իրական փոփոխություն, սիրով տարված հաղթանակ։

Այդ իսկ պատճառով, սիրելինե՛ր, մենք բազում գրքերի ընթերցանության հետ մեկտեղ պիտի կարդանք Աստվածաշունչը, Սուրբ Գրքի էջերում Աստծու հետ երկխոսություն փնտրենք, փնտրենք իմաստություն և Աստվածային առաջնորդություն։ Տարբեր տեսակի երաժշտության հետ պիտի չմոռանանք շարականներ լսել, որոնք խաղաղեցնում են հոգին, հանդարտեցնում ու հեռու վանում ցասմնական ու ցանկական կրքերը։ Հանգստի ու ժամանցի տարբեր միջոցների դիմելուց ու վայրեր այցելելուց հարկ է չմոռանալ եկեղեցին, որը ոչ թե մոմավառության վայր է, այլ առաջին հերթին փրկության տապան, որի առաքելությունը մարդկային հոգիներին ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնելն է, փրկության փարոս դառնալը, երկնային սանդուղքով բարձրացնելը։ Տարբեր մարդկանցից և ուսմունքներից խորհուրդներ ակնկալելու փոխարեն կարելի է աղոթել, հոգին բաց անել Աստծու առաջ և Աստծու հետ երկխոսել։

Մենք պիտի ընդունենք և խոստովանենք մեր մեղքերը, որովհետև մեղքերն ընդունելը և խոստովանելը Աստվածահաճո են ու փրկարար։ Մեղքերն ընդունելը մաքրման, սրբության ճանապարհ է բացում։ Դա կատարելության ուղին է, շատ ու շատ հիվանդությունների բուժման միջոցը, փնտրված երջանկության բանալին, մեր բազում հարցերի պատասխանը։ 

Կյանքից փոփոխություններ ենք ակնկալում, հարսանիքներին սպասում ենք երջանիկ ընտանիքների ստեղծում, տոներին լիակատար ուրախություն ենք ուզում՝ առանց տխուր իրադարձությունների ու լուրերի, բարի մարդկանցով շրջապատված լինել ենք ուզում, չենք ցանկանում արժանանալ վատ վերաբերմունքի, չենք ուզում հիվանդություն ու տանջանք տեսնել, ուզում ենք օգտվել կյանքի տարբեր հաճույքներից և չունենալ հոգնեցնող բարեկամներ, ծեր ու հիվանդ ծնողներ։ Այս ամենը, սիրելինե՛ր, կյանքի ընթացքն է, որ առնչություն ունի մեղքի և պատվիրանազանցության հետ, և միայն այդ ժամանակ է, որ գործադրում ենք Տիրոջ պատվիրանները և առաքինություն դրսևորում։

Մեր կյանքը լեփ-լեցուն է մեղքերով։ Հպարտությունից չենք ցանկանում հրաժարվել, ապրում ենք առանց ներելու մարդկանց մեղքերը, չենք մոռանում և չենք ներում, անարդարություն ենք խառնում աշխատանքին, այցելում ենք տարբեր գուշակների, սուրճի բաճակ ենք նայում, չենք ցանկանում չարչարվել հանուն սեփական ընտանիքի կերակրման, հանուն հաց վաստակելու, ամուսնական դավաճանություններն ու հղիության արհեստական ընդհատումները անմեղ բաներ ենք համարում, անարդար ճանապարհներով փորձում ենք օգնության նպաստ ստանալ, տրվում ենք ամուսնական զույգերի բաժանման պատճառ դարձող գինեմոլությանը, ամեն օր խաղադրույքներ ենք կատարում, մեկնում ենք արտագնա աշխատանքների՝ հանուն մեր ընտանիքների ու զավակների, սակայն հեշտությամբ հեռանում ենք նրանցից թե՛ հոգով և թե՛ մարմնով, մոռանում ենք, որ առաջին հերթին մեր երեխաներին ծնող է անհրաժեշտ և ոչ թե գումար։ Եվ այսպիսի անթիվ-անհամար բնական և անմեղ համարվող երևույթներ, որոնք իրականում, ըստ էության, մեղքեր են, որ լցրել են մեր ազգային կյանքը։ Ինչ դաստիարակություն և կրթություն ենք տալիս մեր զավակներին։ Արդյո՞ք քրիստոնեական դաստիարակություն ենք տալիս, որ մերձավորի և հայրենիքի համար իրական պաշտպաններ լինեն և ոչ թե անհանդուրժող լինեն միմյանց նկատմամբ, սուր բարձրացնեն իրենց եղբայրների ու հայրենակիցների վրա, գժտվեն և թշնամանան իրար հետ, հպարտ լինելով՝ չներեն իրար, վիրավորական խոսքեր ասեն և իշխանություն բանեցնեն իրենց ընկերների հանդեպ։     

Մենք պիտի գիտակցենք, որ մեղավոր ենք և մեղքերի մեջ թաթախված։ Առանց դրա՝ ոչ մի փոփոխություն չի լինի թե՛ անհատական և թե՛ հասարակական կյանքում։ Հարկավոր է հայացքը հառել Աստծուն, ընդունել ու խոստովանել սեփական մեղքերը, հրաժարվել դրանցից։ Աստված բարի է և ողորմած, Իր Որդուն է տալիս զոհաբերության՝ հանուն մեզ և մեր փրկության, Իր Որդու պատարագմամբ ներում է մեր մեղքերը։ «Եկեք խոսենք իրար հետ,– ասում է Տերը,– եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա Ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ» (Եսայի 1։18)։ Աստված գթառատ հայր է և գրկաբաց ընդունում է իր անառակ որդուն, պարարտ եզն է մորթում հանուն նրա։ Մենք էլ՝ որպես քրիստոնյա ժողովուրդ, անտարբեր չպետք է լինենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչելության և զոհաբերության նկատմամբ, պիտի թոթափենք մեղքը մեր վրայից և ապրենք քրիստոնեական պատվիրաններով։

Սիրելինե՛ր, եկեք այսօր խորհենք մեղքի և արդարության մասին։ Ցանկություն ունենանք փոխելու մեր կյանքը, չընկղմվենք մեղքի անդունդը։ Մարդկանց մի մասը Աստծուն մերժելով է ապրում, մի մասն էլ միգուցե Աստծուն հավատում է, սակայն ապրում է նախաքրիստոնեական պատկերացումներով։ Այնինչ հարկավոր է մեր հայրերի պես ամուր կանգնել քրիստոնեական պատվիրանների հողի վրա, չնահանջել, չերկնչել, չամաչել, հավատքը գործով ապրել, տուրք չտալ ո՛չ սնոտիապաշտական բաներին, ո՛չ էլ ժամանակակից գիտության այն պնդումներին, որոնցով մերժվում է Աստծու գոյությունը։

Հավատանք ու սիրենք Աստծուն, սիրենք կյանքն առանց մեղքերի։ Սխալ է այն պատկերացումը, որ հնարավոր չէ ապրել մաքուր, ազնիվ և արդար։ Մեր կյանքը չպետք է անցնի եկեղեցուց դուրս, եկեղեցու կողքով, այլ եկեղեցուց ներս, սուրբգրային պատվիրաններով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, և Աստված կտա մեր ժողովրդին այն բաղձալի խաղաղությունն ու ապահովությունը, որ ազգովի ցանկանում ենք ունենալ։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ամեն։ 

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

06.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․