Տեսնել սեփական երջանկությունը

Մի անգամ աղքատ գյուղացու կինը եկավ քահանայի մոտ:

- Տե՛ր հայր, հոգնել եմ- տխուր ասաց նա,- Մենք անդադար աշխատում ենք, բայց օրեր կան, որ մի կտոր չոր հացից բացի ոչինչ չենք կարողանում տալ մեր երեխաներին: Բայց ամենից շատ հոգնել եմ մեր խղճուկ տանն ու բակին, երեխաների մաշված հագուստին և ամուսնուս հոգնած դեմքին նայելուց:

Մտորեց քահանան և կնոջը խնդրեց իր հետ գնալ: Նա մի գեղեցիկ տուն ցույց տվեց կնոջը, որի այգում երեխաներ էին խաղում:

- Ի՞նչ ես կարծում, այս տան տիրուհին երջանի՞կ է,- հարցրեց նա:

- Իհա՛րկե,- բացականչեց կինը,- Ի՜նչ հարուստ տուն է, երեխաներն ի՜նչ լավ են հագնված:

Այնժամ քահանան խնդրեց նրան ավելի մոտ գնալ և ավելի ուշադիր ուշադիր նայել: Կինը տեսավ, որ երեխաների մայրը նստել է ծառերի ստվերում և դառնորեն լալիս է:

- Նա լաց է լինում, որովհետև ի ծնե կույր է և չի կարող տեսնել իր երեխաներին,- բացատրեց քահանան և նրանք շարունակեցին իրենց ճանապարհը:

Շուտով հասան երկրորդ տանը, որն առաջինից ավելի շքեղ էր և կնոջ այն հարցին, թե արդյոք այս տան բնակիչները երջանիկ են, պատմեց, որ մի հրաշալի ընտանիք էր այստեղ ապրում, մինչև որ ընտանիքի հայրը չմահացավ: Եվ այժմ չկա մի օր, որ կինն՝ իր ամուսնու, իսկ երեխաներն իրենց հոր մահը չողբան: Խորը մտածմունքի մեջ ընկավ կինը և չնկատեց, թե ինչպես մի մեծ բակի հասան: Այնտեղ հարուստ վաճառականի դուստրն էր ապրում:

- Այստեղ հարուստություն ու շատ կերակուր կա, շքեղ հագուստ ու կահավորանք, բայց արդյո՞ք այստեղ երջանկություն կա:

Վաճառականի դուստրը, նրանց տեսնելով, հրավիրեց ներս՝ թեյ խմելու: Բայց ի՜նչ դատարկ թվաց տունը գյուղացու կնոջը: Այստեղ ո՛չ երեխաներ կային, ո՛չ էլ ամուսնու ձայնն էր լսվում:

- Ես հարստություն և գեղեցիկ հագուստ ունեմ, բայց երջանկություն չունեմ,- ասաց տան տիրուհին,- ո՛չ ամուսին, ո՛չ էլ երեխա ունեմ, որոնց համար ճաշ կեփեի ու հոգ կտանեի…

Տունդարձի ճանապարհին կինն ասաց.

- Շնորհակալ եմ, Տե՛ր հայր, ես հասկացա, թե ինչ հիմարն եմ: Ես հոգնել էի մաշված հագուստին նայելուց՝ չհասկանալով, թե ի՜նչ երջանկություն է երեխաներիդ տեսնելը: Ես մտածում էի, որ բարեկեցությունն է երջանկությունը, բայց պարզվեց, որ երջանիկ է նա, ում տանը մանկան ծիծաղ է լսվում և ով ունի մեկը, ում համար կարող է կերակուր պատրաստել:

 

Մենք հաճախ միայն մեր ձախորդություններն ենք տեսնում՝ չնկատելով, թե իրականում որքան երջանիկ ու հարուստ ենք:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

24.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․