28 Նոյեմբեր, Եշ
Տեսողության կորուստ ունեցող մի մարդ որոշում է, որ ինքն արդեն ինքուրույն կարող է զբոսնել և ոչ ոքի չի թողնում իրեն մոտենալ, բայց շեղվում է ճանապարհից և հայտնվում է փշերով և տատասկներով լի վայրում: Փշերից ու տատասկներից վնասվում է և սուր ցավից, ծակծկոցների պատճառով ընբոստանում է և բողոքում.
-Ես երփներանգ ծաղիկներով լեցուն դաշտում քայլում եմ, սակայն ձեռքերիս ու ոտքերիս շարունակ քերծվածքներ են լինում, կարծես ասեղով ինձ ծակծկում են ու նույնիսկ մարմինս արյունահոսում է: Տե՛ր Աստված, ի՞նչն է պատճառը, որ հիմա այսպիսի նեղություն եմ կրում, թեև փորձում եմ քրիստոնեավայել ապրել ու գործել:
Նրան ուղեկցող բժիշկը, որ հեռվից հետևում էր, մոտենում է և պատասխանում.
-Սիրելի՛ եղբայր, երբ տեսողությունդ վերականգնվի և տեսնես իրականությունը, կհասկանաս, որ փշերի ու տատասկների մեջ ես մտել, այլ ոչ թե գեղեցիկ ծաղիկներով լեցուն դաշտում ես զբոսնում, և այդ նեղությունները քո կուրության պատճառով է…
Հոգևոր կորությունը մարդուն թույլ չի տալիս տեսնել իր իրական, մեղավոր, կրքերով լեցուն վիճակը: Իսկ հոգևոր խոնարհությունը բացում է հոգու աչքերը, և մարդը տեսնում է իրեն, իրականությունը ու այդժամ խնդրում Աստծուն, որ իրեն բժշկի:
Հովհաննես Մանուկյան