4 Նոյեմբեր, Բշ
Խաչի վրա փառքերի Տերը Տիրամորը հանձնեց Հովհաննես ավետարանչի խնամքին (Հովհաննես 19:26-27): Եկեղեցական ավանդության համաձայն ՝ Ամենասրբուհի Կույսը Տիրոջ խաչելությունից հետո Հովհաննես ավետարանչի խնամքի ներքո ապրում է ևս տասնհինգ տարի:
Երբ հասավ ժամանակը, որ Սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան՝ այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը: Նրան հայտնեց, որ լրացել է նրա երկրային պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը:
Ինչպես վկայում են մատենագրական աղբյուրները, Տիրամոր վերափոխման հիշատակությունը կատարվել է դեռևս առաքելական շրջանից, իսկ իբրև եկեղեցական տոն հաստատվել է 4-րդ դարում: Սահակ Պարթևի կանոնները հաստատում են, որ Հայոց եկեղեցում վերափոխման տոնը կատարվել է դեռևս 5-րդ դարից: 5-10-րդ դարերում արձակ և չափածո բազմաթիվ գործեր են գրվել այդ թեմայով: Դրանցից են Խորենացու վերափոխման շարականը և Գրիգոր Նարեկացու ներբողյան ու գանձը:
915-921 թթ-ին կառուցված Աղթամարի Ս. Խաչ և 1215թ-ին կառուցված Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցիների վերափոխման թեմայով որմնանկարները հնագույնն են հայկական պատկերագրական արվեստում: Մանրանկարչության մեջ հնագույնը համարվում է Գրիգոր Ծաղկողի Թարգմանչաց ավետարանը (1232թ., Երևանի Մատենադարան, № 2734): Այստեղ իր ամբողջական արտահայտությունն է գտել վերափոխման պատկերագրական կանոնը: Կենտրոնում ձեռքերը խաչաձև կրծքին դրած ննջող Տիրամայրն է՝ առաքյալներով շրջապատված, գլխավերևում՝ Քրիստոս՝ հրեշտակների դասի հետ միասին: Մի շարք մանրանկարներում երկնային զորքի փոխարեն Քրիստոսից աստվածային լույս է ճառագում և խորանաձև կամարվում նրա գլխավերևում: Դեռ համբարձումից առաջ Հիսուս Տիրամորը խոստանում է. «Խաղաղություն քեզ, քաղցր մայր իմ: Մի՛ տրտմիր, քանի որ Ես Հորս մոտ եմ բարձրանում և քեզ չեմ թողնի, մարգարի՛տ Իմ, չեմ թողնի քեզ, տիեզերքի արեգա՛կ, անթառամ ծաղի՛կ, չեմ թողնի անարատ և աննենգ բնությունդ, ամբողջ աշխարհում ամենահավատարմիդ, Իմ սրբության անքակտելի տապանակիդ, բոլոր արարածների գանձիդ: Առագա՛ստ Իմ անճառելի մարդեղության և բանավոր խորա՛ն՝ Իմ անհաս տնօրինության, չեմ անտեսելու քեզ արհամարհելով, այլ ինչպես որ քեզ հանձնեցի Իմ հավատարիմ ու սիրելի աշակերտին, մի փոքր ժամանակ Իմ ընտրյալ աշակերտների հետ եմ թողնում, որպեսզի քեզ տեսնելով սփոփվեն: Եվ դու, տեսնելով այն նշաններն ու հրաշքները, որ Իմ անունով կատարվելու են՝ հիացնելու համար ամբողջ աշխարհին, տեսնելու ես նաև Սուրբ Հոգու զորության ձեզ վրա իջնելը: Քանի որ սիրտդ թերահավատ եղավ, երբ մարդկանց մեղքերի համար Ինձ խաչի վրա տեսար, թող զորանա անձդ նշանների միջոցով, որ կատարվելու են Իմ անունով: Իսկ երբ հասնի ժամանակդ, ելնելու այս մարմնից, ո՛չ հրեշտակ և ո՛չ էլ հրեշտակապետ կառաքեմ քեզ մոտ, այլ Ես Ինքս կգամ և պատվով ու հրաշալի փառքով կընդունեմ հոգիդ, որ պայծառ է, քան արեգակը: Մի՛ երկնչիր, քանի որ քեզ հետ եմ, և դեռ ավելին՝ քեզ փոխադրելու եմ հրաշալի Դրախտը»:
Վերափոխման մանրանկարներում Տիրամոր հոգին որպես բարուրված մի մանուկ պատկերված է Քրիստոսի ձեռքերում: Տիրամոր հոգին ճերմակաթույր մանկան տեսքով պատկերելով՝ մանրանկարիչները ցանկացել են շեշտել, որ ինչպես Մարիամն իր ձեռքերում կրեց մարդեղացած Փրկչին, այնպես էլ Հիսուս այժմ կրում է Տիրամոր հոգին: Բացի այդ, մարդ, որքան անմեղ է, այնքան նրա հոգին լուսափայլ և մանկադեմ է լինում, քանի որ մեղքն է սևացնում ու ժանտադեմ դարձնում մարդկային հոգին: Ուստի Երկնային արքայությունում արդարները պատկերվում են որպես ճերմակազգեստ մանուկներ: Ավանդությունն ասում է, որ երբ Տիրամայրը զվարթ դեմքով իր հոգին ավանդեց, Տերը, առնելով այն, հանձնեց Միքայել հրեշտակապետին, այն սպիտակ էր և կուրացուցիչ լույսով պարուրված: Քրիստոսի աջ և ձախ կողմերում երկնքից իջնող երկու հրեշտակներն են, որ գալիս են Տիրոջ ձեռքերից վերցնելու և երկինք փոխադրելու Տիրամոր հոգին:
Հրեշտակները երբեմն պատկերվում են դաստառակը ձեռքներում: Դաստառակով հրեշտակների պատկերները հայ արվեստում տարածում են գտնում 9-րդ դարից սկսած և հանդիպում ենք տերունական մի շարք տեսարաններում («Համբարձում», «Խաչելություն», «Ննջումն Աստվածածնի» և այլն): Այս երկու հրեշտակների գլխավերևում սովորաբար պատկերվում են կիսաշրջանաձև բացվող զույգ կամարներ, որոնք խորհրդանշում են Երկնային Արքայությունը, ուր փոխադրվում է Տիրամոր հոգին:
Քանի որ վերափոխումը զուգահեռներ ունի ավետման հետ, հաճախ Տիրամոր հետ պատկերվում է միայն Գաբրիել հրեշտակը, որն այս անգամ եկել է երանելի կույսի հոգին փոխադրելու համար: Առանձին դեպքերում էլ Քրիստոս Ինքն է երկինք փոխադրում Տիրամոր հոգին: Մի շարք մանրանկարներում երկու դիմահայաց շինություններից Տիրամորն են նայում սգացող կանայք, ովքեր Տիրամորը սպասավորել և ուղեկցել են նրան կենդանության ժամանակ: Տիրամոր աջ և ձախ կողմերում վեցական խմբերով տասներկու առաքյալներն են՝ Պողոսի և Պետրոսի գլխավորությամբ, նրանք դառնագին լալիս են և սգում Սրբուհու վախճանը: Ավանդության համաձայն՝ աշխարհի տարբեր ծագերում ավետարանող առաքյալները Սուրբ Հոգու զորությամբ գալիս և բոլորվում են Տիրամոր շուրջը այն ժամանակ, երբ նա Ձիթենյաց բարձունքից վերադարձել է և պատրաստվում է հոգին ավանդել: Տիրամոր աջ և ձախ կողմերում առաքյալներից բացի պատկերված են նաև խաչանիշ հանդերձներով հոգևորականներ, ովքեր խորհրդանշում են առաքելական շրջանում քրիստոնեական եկեղեցու նվիրապետության ձևավորումը: Նրանցից աջ կողմում գտնվողը Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս առաքյալն է, մյուսը՝ Դիոնիսիոս Արիոպագացին: Ավանդության համաձայն՝ նա առաջինն է գրել Տիրամոր վերափոխման պատմությունը Տիտոս առաքյալին ուղղված իր թղթերում:
Մի շարք մանրանկարներում առաքյալներից մեկը պատկերվում է Տիրամոր մահճին խոնարհված: Նա սրբուհուն է փոխանցում առաքյալների խնդրանքը, որ Հովհաննեսի պատկերած դիմանկարը դնի աստվածազարդ դեմքին և որպես հիշատակ օրհնություն թողնի առաքյալներին մխիթարվելու: Հայ մատենագիտության մեջ անհամեմատ լայն արձագանք է գտել Աստվածամոր այս պատկերի պատմությունը: Համաձայն ավանդության՝ այդ մասին է հաղորդում նաև Մովսես Խորենացին: Իշխան Սահակ Արծրունին հարցում է անում Մովսես Խորենացուն՝ իմանալու, թե որտեղից և ինչպես է Աստվածամոր պատկերը հայտնվել Վասպուրականի Հոգեաց վանքում: Խորենացին այս հարցմանը տալիս է մանրամասն բացատրություն, երբ Քրիստոսի աշակերտները իմացան, որ Տիրամայրը շուտով փոխվելու է դեպի երկինքն՝ իր Որդու մոտ, Հովհաննես ավետարանիչը նոճենու փայտի վրա նկարեց սրբուհու պատկերը: Ապա առաքյալները դիմում են Աստվածամորը ասելով՝ «Աստծո Բանի անարատ առագաստ, աղաչում ենք քեզ, ընդունիր Հովհաննեսի նկարած այս փայտեղեն պատկերը քո սուրբ ձեռքն և օրհնիր և արա աշխարհի կյանքի նշան և աղաչիր քո Որդուն և մեր Աստծուն, որ այս պատկերի միջնորդությամբ բառնա՝ բորոտությունը մարդկանցից…»:
Տիրամայրը հրաժարվում է, ասելով, որ ինքը միայն Աստծո աղախինն է: Սակայն առաքյալները (հատկապես Պողոսը), համոզում են Աստվածամորը, որպեսզի նա օրհնի դիմապատկերը: Տիրամայրը, վերցնելով պատկերը, աղոթում է, և երբ վերջացնում է իր աղոթքը, երկնքից խաչանման լույս է կաթում սրբապատկերի վրա:
Աստվածամոր վերափոխումից հետո պատկերը մնում է Երուսաղեմում՝ առաքյալների մոտ: Բազում բորոտներ գալիս էին նրանց մոտ և Աստվածամոր սրբապատկերի միջոցով արձակում ստանում իրենց հիվանդությունից: Բայց մի հանգամանք պատճառ է դառնում այդ սրբապատկերի տեղափոխության: Աստվածամոր թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը բացակայում էր: Քրիստոնեություն էր քարոզում Հնդկաստանում: Աստվածամոր ննջման լուրը առնելով՝ գալիս է Երուսաղեմ, խնդրում է մյուս առաքյալներից բացել Սուրբ Կույսի գերեզմանը՝ վերջին հրաժեշտը տալու համար: Նրա փափագը կատարում են: Սակայն, բանալով սուրբ գերեզմանը, առաքյալները այնտեղ չեն գտնում Տիրամոր մարմինը, ապա հիացումով տեղեկանում, որ թաղումից երեք օր հետո հրեշտակները նրան փոխադրել են երկինք: Բարդուղիմեոսի տխրությունը կրկնապատկվում է: Որպեսզի փարատեն Բարդուղիմեոսի վիշտը, առաքյալները նրան են հանձնում Աստվածամոր պատկերը: Շուտով Բարդուղիմեոսը գալիս է Հայաստան՝ քարոզելու փրկչական կրոնը: Հասնելով Անձևացեաց աշխարհ՝ Դարբնոց Քար կոչված վայրում, կառուցում է Ս. Աստվածածին եկեղեցին, որտեղ և դնում է հիշյալ սրբապատկերը: Հանձնելով պատկերը սուրբ կանանց հոգածությանը՝ տեղի անունը դնում է Հոգեաց վանք: Այս պատճառով է Բարդուղիմեոս առաքյալը պատկերվում Տիրամոր պատկերը ձեռքին:
Հաճախ մահճի ներքևում պատկերվում է մի անձ, ում կտրած ձեռքերը կախված են մահճից: Հաճախ պատկերվում է այն պահը, երբ հրեշտակը կտրում է նրա թևերը: Վերափոխման պատմության մեջ ասվում է, որ Երուսաղեմի բնակիչները՝ քրիստոնյաների հանդեպ թշնամությամբ լցված, հարձակվում են Տիրամոր հուղարկավորության թափորի վրա, իսկ նրանցից մեկը՝ Սոփոնիա անունով, փորձում է շուռ տալ դագաղը: Այդժամ Տիրոջ հրեշտակը սրով կտրում է նրա թևերը, որոնք կախված են մնում սրբուհու դագաղից: Տիրամոր նինջը պատկերող մանրանկարներում հաճախ միաժամանակ են ներկայացնում սենյակում ննջող Տիրամայրը և առաքյալների ձեռքերով տարվող դագաղը, որից կախված են Սոփոնիայի ձեռքերը: Սոփոնիան տեղի ունեցածից ցնցված ուղեկցում է թափորը մինչև Գեթսեմանիի ձորը, ուր ամփոփում են Տիրամոր մարմինը: Նա հավատքի է գալիս և Պետրոս առաքյալի աղոթքով վերակագնվում են նրա հատված թևերը:
Անանուն Սյունեցու 15-րդ դարում նկարազարդված ավետարանի վերափոխման պատկերն ունի խաչաձև կառուցվածք, որի հորիզոնական թևը ներկայացնում է ննջող Տիրամորը: Ուղղահայաց թևի վերին մասում Քրիստոս է, իսկ ներքևում՝ գրակալին, բացված ավետարանն է՝ Տիրոջ խոսքը: Քրիստոս մի ձեռքով օրհնում է Տիրամորը, մյուսով սրբուհու հոգին հանձնում ձեռքերը պարզած հրեշտակին: Աստղազարդ երկինքը խորհրդանշում է, որ արարողությունը տեղի է ունենում գիշերը, քանի որ վերափոխման պատմության մեջ ասվում է, թե գիշերով սաստիկ դղրդյուն եղավ և սքանչելի փայլատակումով հայտնվեց Տերը հրեշտակների բազմությամբ:
Ծերուն Ծաղկողի 1391թ-ի Վասպուրականում նկարազարդված ձեռագրում Տիրամոր հոգին Քրիստոս արդեն հանձնել է հրեշտակին: Այս մանրանկարը առավել պարզ և պատմողական դարձնելու համար մանրանկարիչը համապատասխան բացատրություններ է գրել: Այս մանրանկարում Սոփոնիայի միայն մեկ ձեռքն է կտրված, ընդ որում կտրված ձեռքի տեղը գիրք է պատկերված, որը խորհրդանշում է նրա դարձի գալը:
Տիրամոր վերափոխումը համարվում է երկրորդ ավետում և խորհրդանշական մի զուգահեռ է Սուրբ Ծննդյան ավետման հետ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը