Մարդկային ողջ պատմության ընթացքում Տերը ողորմած և համբերատար է գտնվել մարդկության հանդեպ: Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում Տիրոջ համբերատար լինելու մասին. Ելք գրքում կարդում ենք, որ երբ Տերն անցավ Մովսեսի առաջ, ասաց. «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ և ճշմարիտ» (Ելք 34:6), «Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար և ողորմաշատ» (Սաղմոս 102:8-9), «Թող համբերության և ամեն տեսակ քաջալերանք պարգևողը՝ Աստված, շնորհ տա ձեզ» (Հռոմեացիներ 15:5): Աստված Իր մեծագույն ողորմածությամբ համբերում է մարդկանց տկարությունները, թերություններն ու մեղքերը:
Համբերատարության աղբյուրը՝ Աստված, Իր հետևորդներին էլ է կոչ անում համբերատար լինել. «Հետևաբար, եղբայրնե՛ր, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ Գալուստը: Տեսե՛ք, թե մշակն ինչպես է համբերությամբ սպասում, մինչև որ աշնան ու գարնան անձրևներն իջնեն, և հողը տա իր թանկագին բերքը» (Հակոբոս 5:7-8):
Աստծո համբերատարությունն ուղղակիորեն կապված է Իր կողմից մարդուն շնորհված ազատ կամքի հետ: Հարգելով մեր ազատ կամքը՝ Աստված համբերատարությամբ է մոտենում մեր ընտրությանն ու նրա հետևանքներին, չոչնչացնելով մարդկանց իրենց սխալների համար, հակառակ պարագայում երկիրն անմարդաբնակ կլիներ: Տիրոջ համբերատարությունն ուղղված է մարդկության փրկությանը. «Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք ձեզ համար» (Բ Պետրոս 3:15):
Մարդկության համար մեծագույն հարստություն է աստվածային համբերատարությունը, իսկ արդյո՞ք այն երբևէ հատել է: Աստվածաշնչի առաջին գրքում ՝ Ծննդոցում, հանդիպում ենք հետևյալ երկու պատմություններին, երբ «Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում, զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և տրտմեց Իր հոգու խորքում» (Ծննդոց 6:5-7) և ջրհեղեղով ոչնչացրեց մարդկությանը, բացի արդար Նոյից և նրա ընտանիքից: Հաջորդ պատմությունը, երբ Աստված կրակով և ծծումբով այրեց Սոդոմ և Գոմոր քաղաքները՝ խնայելով միայն Ղովտին և նրա ընտանիքին (Ծննդոց 19): Աստված Նոյի, նրա ընտանիքի և գալիք բոլոր սերունդների հետ հաստատեց հավիտենական ուխտի նշանը՝ ծիածանը, որով խոստացավ համաշխարհային ջրհեղեղով չկործանել աշխարհը: Քանի որ, ինչպես Տերն ասաց. «Մարդկանց չար արարքների համար Ես երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է» (Ծննդոց 8:21): Համաշխարհային ջրհեղեղը, ըստ Սուրբ Գրքի, նախատիպն է աշխարհի վախճանի: Ինչպես Նոյի ժամանակ Տերը տապանի շինությամբ մարդկանց փրկվելու հնարավորություն էր ընձեռնում, այնպես էլ այսօր, եկեղեցու միջոցով, Տերը մինչև Իր Երկրորդ Գալուստը կամ, ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում, Տիրոջ բարկության և արդար դատաստանի օրը, փրկության հնարավորություն է տալիս Իր արարածներին, քանի որ այդ օրը Աստված հատուցելու է յուրաքանչյուրին՝ ըստ Իր գործերի (Հռոմեացիներ 2:5-6):
«Տերը չի ուշացնում Իր խոստումի կատարումն այնպես, ինչպես ոմանք հասկանում են ուշացումը: Տերը պարզապես համբերություն է ցույց տալիս ձեր հանդեպ, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ բոլորն էլ առիթ ունենան ապաշխարելու»,- ասել է Ս. Պետրոս առաքյալը՝ նշելով նաև, որ Տիրոջ օրն անակնկալ կերպով կգա (Բ Պետրոս 3:9-10):
Եթե մարդը չի օգտվում Տիրոջ համբերությամբ շնորհված փրկարար ժամանակից Իր Արարչի հետ հաշտվելու համար, ապա «իր կարծրությամբ և չզղջացող սրտով բարկություն է դիզելու իր վրա, երբ Աստծո բարկության օրը գա» (Հռոմեացիներ 2:5):
Կարինե Սուգիկյան