Տիրոջ Հոգին Իմ վրա է

Տիրոջ Հոգին Իմ վրա է   | Tiroj Hogin Im Vra E

«Տիրոջ Հոգին Իմ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին` տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ. 4:18-19):

Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգու զորությամբ էր գործում. Տիրոջ խոսքի մեջ անսահման զորություն կար և որտեղ հասնում էր Տիրոջ խոսքը՝ բժշկություն, հրաշք և շնորհ էր իջեցնում`կաղերն էին քայլում, կույրերն էին տեսնում, հաշմանդամներն էին բժշկվում: Ուստի Տերը այդ անսահման զորությամբ գնաց Նազարեթ քաղաք, ուր սնվել մեծացել էր և, ըստ Իր սովորության, մտավ ժողովարան, վերցրեց Եսայի մարգարեի գիրքը, բացեց և ընթերցեց հետևյալ տողերը. «Տիրոջ Հոգին Իմ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու…»: Իրապես, Տիրոջ Հոգին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա էր և Նա էր ճշմարիտ օծյալը, որովհետև Քրիստոս նշանակում է օծյալ, իսկ Հիսուս նշանակում է փրկիչ: Օծյալ Փրկիչն է մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգով էր օծվել նախքան հավիտյաններն Իր Հոր ծոցում: Ապա նաև Գաբրիել հրեշտակի ավետիսով Սուրբ Հոգին իջավ Մարիամ Աստվածածնի որովայնի մեջ և օծեց մեր Տիրոջը: Բայց նաև երեսուն տարեկանում, երբ մկրտվեց Հորդանան գետում՝ Հովհաննես Մկրտչի ձեռքով, այդ ժամանակ ևս Տիրոջ Հոգին իջավ աղավնու տեսքով Քրիստոսի վրա, որով կրկին անգամ օծվեց: Պատահական չէ, որ Եսայու մարգարեության գրքի մեջ Աստծու Օծյալը` Հիսուս Քրիստոս, ուղարկվում է աղքատներին ավետարանելու: Ո՞ր աղքատներին: Նախ և առաջ հոգով աղքատներին, որովհետև ով աղքատացել է ու մերկացել այս աշխարհի մեղքերից, չարիքներից և անօրինություններից, ում սիրտը մաքուր է Տիրոջ խոսքը լսելու համար, ով ծանրաբեռնված չէ հարստության պատրանքներով և աշխարհի հոգսերով, Տիրոջ Ավետարանի խոսքը պետք է լսի և կատարի իր կյանքում: Տիրոջ Օծյալը եկավ նաև սրտով բեկվածներին բժշկելու: Եթե քննենք, ապա աշխարհում գրեթե բոլորն էլ սրտով բեկված են, կոտրված, և Քրիստոս սրտով կոտրվածների համար է եկել, քանզի Տերն ո՞ւմ մեջ պետք է բնակվեր, եթե ոչ հեզերի ու խոնարհների և նրանց մեջ, ովքեր սրտով կոտրված են ու Տիրոջ երկյուղն ունեն: Բայց, երբ մենք ապավինում, մեր սիրտն ենք տալիս այս աշխարհին, մեղքին և սատանային և սիրում ենք աշխարհը, մեղքը, ապա սատանայի կամքն ենք կատարում և կարծես դառնում չարի սիրելիները: Եվ ի՞նչ կարող է մեղքը մեզ փոխհատուցել, եթե ոչ կոտրվածություն, վիշտ, նեղություն, ցավ ու տանջանք: Այսպես, մեղքը սիրողները մշտապես սրտով կոտրված են լինում, մշտապես տխուր ու տրտում են լինում, ուստի Քրիստոս եկել է բոլոր նրանց համար, ովքեր սրտով կոտրված են, մեղքերի հիշատակությունից, խղճի խայթերից են տանջվում: Եկել է ազատում շնորհելու, սրտով բեկվածներին բժշկելու հոգով, որովհետև Քրիստոսի Սուրբ Հոգին է այն մեզ շնորհելու, մեր կոտրված սիրտը պետք է բժշկվի Տիրոջ շնորհով: Բայց նաև Քրիստոս եկել է կույրերին տեսողություն պարգևելու: Միայն մարմնավո՞ր կույրերի մասին էր ասում Քրիստոս այստեղ, թե հոգո՞վ կուրացածների մասին: Կարծում եմ, մեր Տերը նախևառաջ մարդկանց հոգիներն է կուրությունից բժշկում, որովհետև ով մեղքին է ծառայում, ով չի տեսնում աստվածային լույսը, ով Տիրոջ շնորհի ներքո չի ընթանում, ապա հոգով կուրացած է: Եվ այդպես էին հեթանոսները, որ անգիտության խավարի և մեղքի իշխանության տակ էին, հոգով կուրացած էին և Տերն եկել էր, որպեսզի խավարի մեջ նստած մարդկանց լույս ծագեցներ: Եվ գիտեք, միայն կույրը գիտի, թե ինչ է նշանակում լույս: Նա, ով տեսնում է լույսը, այն չի գնահատում, քանզի իր համար սովորական բան է լույսը: Մտածում է, որ ամեն առավոտ կարթնանա և արեգակը կծագի իր համար: Բայց այսպիսին չէ կույրը, այլ գիտի, որ որքան էլ ցերեկը գիշերվա փոխվի, գիշերը` ցերեկվա, ինքը, միևնույնն է, չի իմանալու, իր աչքերով չի շոշափելու լույսը: Եվ կույրն է, որ հասկանում է, թե ինչ է նշանակում լույս: Իրապես, նա, ով մեղքի, խավարի մեջ խարխափում է, ով կուրացել է աստվածային լույսից, ով ամբողջ հոգով, սրտով, զորությամբ փափագում է լույսը տեսնել, նրա համար է եկել Քրիստոս: Ով խոստովանում է, որ ինքը կուրացել է մեղքերից, ով գիտակցում է իր մեղքը, ով հրաժարվում է իր չարիքներից, նրա համար է Քրիստոս լույս: Իսկ ով չի խոստովանում իր մեղքերը, ով մտածում է, որ ինքը կույր չէ և տեսնում է ամեն ինչ, բայց խավարի մեջ խարխափում է, նրա համար չի եկել Քրիստոս: Բայց նաև եկել է Տերը, որպեսզի գերիներին ազատում շնորհի: Իրապես, Քրիստոս մեղքի մեջ գերվածներին ազատում պետք է շնորհի, որովհետև մենք պետք է խոստովանենք, որ երբ չար սովորություններ ենք ձեռք բերում, երբ մեղքերը մեր կյանքում հարատևում են, ապա մենք դառնում ենք գերի, քանզի Քրիստոս ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ. 8:34): Եվ ով ապավինում է գերիներին ազատում շնորհողին` մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իր մեղքերի գերությունից կազատվի և կդառնա Աստծու ծառա, ազատ. նրա հոգին պետք է շնչի Սուրբ Հոգով, նա պետք է ազատ լինի ամեն տեսակի չար սովորություններից, մեղքի իշխանությունից: Բայց նաև Տերը կեղեքվածներին է ազատ արձակելու և Տիրոջ ընդունելի տարին հռչակելու: Եթե քննենք, ապա կտեսնենք, որ այս աշխարհում շատ-շատերն են կեղեքված, չար իշխանությունների ներքո, մեղքի տակ ծառայությամբ կեղեքված են, տանջված ու չարչարված: Եվ Քրիստոս է բոլոր կեղեքվածներին ազատ  արձակելու, ուրախություն ու երանություն շնորհելու և Տիրոջ ընդունելի տարին հռչակելու: Իմացեք, որ Քրիստոսի ընդունելի տարին փրկության օրն է. ով ճաշակեց Քրիստոսի փրկությունը, ով ազատվեց ամեն տեսակի գերությունից ու մեղքից, ապա Տիրոջ ընդունելի տարին նրա համար հռչակվեց: Ուստի փափագենք Տիրոջ շնորհն ընդունելու և խոստովանենք, որ այսօր է փրկության օրը, որևէ կերպ չհետաձգենք մեր փրկությունը, այսօր փնտրենք Տիրոջը, այսօր ազատվենք մեղքերի գերությունից, այսօր Տիրոջ շնորհն ու Օծյալի փրկությունը մեր սրտի մեջ ընդունենք: Իբրև ավարտ, մի փոքրիկ պատմություն ձեզ ներկայացնենք: Մի երկրի թագավոր արքունական ճանապարհով ընթանում էր և երկրի բոլոր քաղաքացիները խոնարհվում և երկրպագում էին նրան: Սակայն երկու ճգնավորներ, ովքեր իրենց ամբողջ կյանքը սրբությամբ և աղոթքով էին անցկացրել և կանգնած էին ճանապարհին, չեն երկրպագում թագավորին: Կանգնեցնում է կառքը թագավորն ու մոտենում ճգնավորներին պարզելու, թե ինչու իրեն չեն երկրպագում: Ճգնավորները պատասխանում են. «Մենք ծառաների ծառային, որ ես դու, չենք երկրպագի»: Շատ է բարկանում թագավորը և պահանջում բացատրել իրենց խոսքերը, այլապես կգլխատվեին: Խոնարհությամբ ու սիրով պատասխանում են ճգնավորներն ու ասում. «Դու մեղքեր ես գործում` չարանում ես, գողանում, թալանում, սպանում, շնանում և ամեն տեսակի չարիքներ ես գործում: Այդպես չէ՞»: Երբ թագավորն ասում է` այո, ճգնավորները շարունակում են. «Ուստի դու մեղքին ծառա ես, իսկ մենք վաղուց այդ մեղքերը հաղթահարել ենք անապատում լինելով, աղոթքով և սրբությամբ անցկացնելով մեր օրերը, և այդ մեղքերը մեր ծառաներն են, ուստի դու մեր ծառաների ծառան ես և մենք քեզ չենք երկրպագելու»: Այս խոսքերից շատ է ազդվում թագավորը, արտասուքներով ընկնում է նրանց առաջ և ասում. «Այժմ ես ձեզ պետք է երկրպագեմ, որովհետև դուք մեր տերերի տերն եք, իսկ մենք` ձեր ծառաների ծառան»: Եվ ընդունում է ճշմարտությունն ու հասկանում, որ իրական ազատությունը մեղքից ազատությունն է, և նա է տեր ու թագավոր, ով իշխում է իր կրքերի ու ցանկությունների վրա: Աղոթենք, որպեսզի Տերը մեզ շնորհ տա ազատվելու մեղքի ծառայությունից և լինելու Տիրոջ ծառա: Ամեն:

 

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան

04.09.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․