12 Հոկտեմբեր, Շբ
Հարցազրույց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, KARA Silver բրենդի հիմնադիր Կարինե Ավետիսյանի հետ:
Այս տարի կլրանա KARA Silver բրենդի հիմնադրման տասնամյակը, շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյա ուղի անցնելու կապակցությամբ: Մեր մաղթանքն է, որ KARA Silver-ն իր արծաթափայլ ընթացքով ուրախության և լավատեսության հորդաբուխ աղբյուր հանդիսանա՝ հագեցնելով յուրօրինակ ճաշակ ունեցողների ծարավը:
Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու անդամները՝ աստվածային բազմազան շնորհներով օժտված, ջանում են իրենց կյանքում իրականություն դարձնել պարզ մի օրենք՝ սիրո օրենքը. «Վերցրեք միմյանց բեռը և այդպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը» (Գաղատ. 6:2): Դուք հաճախակի Ձեր մասնակցությունն եք բերում ինչպես KARA Silver-ի գործունեության շրջանակում, այնպես էլ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերին: Կնշեք, ինչպե՞ս ձևավորվեց Ձեր և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի միջև մտերմությունը:
Յուրաքանչյուր ծնողի համար մեծ իրադարձություն է զավակի մկրտությունը: Երեք տարի առաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Տեր Գրիգորը մկրտեց աղջկաս, արարողությունը բացի հոգևոր մեծ ուրախությունից խոր ազդեցություն թողեց ինձ վրա: Հոգեպես ջերմացած ապրեցի այն յուրաքանչյուր խոսքը, որ հնչեց արարողության ընթացքում: Աղջկաս վերստին ծնունդը սկիզբը դրեց ինձ համար կարևոր այս մտերմության, հոգևոր հարազատություն ձևավորվեց ընտանիքիս և Տեր Գրիգորի միջև, ինչն էլ նպաստեց, որ ես ինձ համայնքի լիարժեք անդամ զգամ: Ինձ համար հարազատ դարձած այս սրբավայրում աճում և զարգանում է համայնքային կյանքը, որ հիմնված է փոխվստահության վրա:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից աշխատելը ոգեշնչո՞ւմ է Ձեզ:
Սրբավայրի զորությունը միանշանակ ոգեշնչում է: Երբեմն աշխատում ես, պրպտում և թվում է, թե դու ես անում, բայց չի լինի ոչինչ, եթե չլինի Բարձրյալի օրհնությունը:
Սուրբ Գիրքը Տիրոջ խոսքի մասին վկայում է և ասում. «Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, ինչպես ընտիր և փորձված արծաթ՝ յոթնապատիկ մաքրված և զտված հողից» (Սաղմոս 11:7): Ի՞նչ դեր է խաղում Ձեր կյանքում յոթնապատիկ մաքրված այս «արծաթը»:
Արծաթը բուժիչ հատկություն ունի, և մարդիկ կան, որ արծաթը կրում են այդ նպատակով: Տիրոջ խոսքը՝ որպես յոթնապատիկ մաքրված արծաթ, բուժում է մարդու հոգին, իսկ մարմնական առողջությունն անմիջականորեն կապված է հոգու առողջության հետ: Հոգևոր կյանքիս սկիզբը, որը դրվեց աղջկաս մկրտությամբ, այս թանկարժեք «արծաթ»-ն ունենալու հնարավորություն ինձ տվեց:
«Արդար լեզուն ընտիր արծաթ է»,- ասում է առակագիրը (Առակներ 10:20): Ինչպիսի՞ն է «ընտիր արծաթ» ունեցողի ուղին:
Միշտ պետք է ձգտել արդարության: Արդար և ազնիվ լինելը կարևորագույն պատվիրան է, որը լայն դուռ է բացում դեպի հաջողություն: Ջանում եմ, որ զավակներս էլ անցնեն «ընտիր արծաթ» ունեցողի ուղով, քանի որ սուտն ինձ համար ուղղակի հանցանք է:
«Քննեցիր մեզ, Աստված ու փորձեցիր, ինչպես արծաթն է փորձվում» (Սաղմոս 65:10): Փորձությունը որքանո՞վ կարող է թրծել և կոփել Աստծո պատկերն ունեցող մարդուն:
Մարդու կյանքը լի է փորձություններով, որոնք կոփում են մարդուն՝ նպաստելով նրա աճին ու ինքնաճանաչողությանը: Փորձությունը կարող է կոտրել մարդուն, բայց Աստծո օգնությամբ հաղթահարելով այն՝ դառնում ես ավելի ուժեղ և մաքուր:
KARA Silver արտ ստուդիոն լի է հետաքրքրաշարժ պատմություններով: Կնշեք Ձեր ստուդիոն զարդարող պատմությունների շարքերը:
Կարևոր է, որ զարդն իր մեջ կրի որևէ հետաքրքիր պատմություն, ինչու չէ նաև հումոր: Մեր զարդերը պատմում են կենդանական աշխարհի, խոհանոցի, երաժշտական գործիքների, հոգևոր կյանքի, մեր երկրի և նրանում հայտնաբերված ժայռապատկերների վերաբերյալ պատմություններ: Օրինակ՝ խաչերից յուրաքանչյուրն իր անվանումն ու ասելիքն ունի, որոնց խորհրդին հաղորդակից են դառնում այն կրողները:
Ի՞նչ է թաքնված «Թաքնված Երևան» խորագիրը կրող զարդաշարքում:
«Թաքնված Երևան» խորագիրը կրող զարդաշարքում անդրադարձել ենք այն շինություններին, որոնք, ցավոք սրտի, այլևս չկան և որոնք հին Երևանի դիմանկարն էին կազմում:
KARA Silver-ն անդրադառնալո՞ւ է Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին:
Իհարկե, ես կողմնակից եմ նշելու մեր բոլոր հաղթանակները՝ հիշելով նաև մեր պարտությունները: Ես սիրում եմ մեր երկիրը, այն իմ հարազատ տունն է: Հարյուր տարի առաջ մենք կարճ ժամանակով, բայց անկախություն ձեռք բերեցինք: Վստահ եմ, որ որքան ազատ լինեն անհատները, այնքան ուժեղ կլինի մեր պետությունը:
Ո՞րն է, ըստ Ձեզ, կնոջ իրական զարդարանքը:
Կնոջը զարդարում է իր լավ տրամադրությունը, իր ժպիտը, փայլող աչքերը, իսկ զարդերն ուղղակի աքսեսուարներ են, որոնցով նա իրեն առավել լիարժեք է զգում:
Ի՞նչ կմաղթեք մեր կայքի ընթերցողներին:
Մաղթանքս է, որ յուրաքանչյուր ոք լեցուն լինի հավատքով, այսօրվա դժվարին պայմաններում՝ հնարավորինս ուշադիր և ձեռք մեկնող, ինչն ընդհանրապես կախված չէ նյութականից:
Զրուցեց Կարինե Սուգիկյանը