Տիրոջը նմանվել ձգտողների ուղին

Քրիստոնյայի համար երկրային կյանքը նախադուռն է հավիտենության, այն դեպի Երկնային Արքայություն տանող նեղ ուղի է, որը ոչ այլ ինչ է, քան սիրո և զոհողության ուղի: Այդ ուղով ընթացող քրիստոնյան ջանում է աճել սիրո մեջ՝ նմանվելով Աստծուն՝ որպես Նրա սիրելի զավակ: Զոհաբերվող սիրո մեծագույն օրինակը հանդիսացավ Քրիստոս. Նա սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն՝ որպես անուշահոտ ընծա և զոհ (Եփես. 5:2): Աստծուց հեռու կյանքը պատուհասել է մարդկանց ծանրագույն հիվանդությամբ՝ սիրո ճգնաժամով, երբ անտարբերությունն ու եսասիրությունը դարձել են գերիշխող, քանի որ մարդիկ մոռացել են միմյանց և հանուն ուրիշի ապրելը:

Բայց Տիրոջը նմանվել ձգտող անձանց մեջ քիչ չեն զոհաբերվող սիրո օրինակները: Այդ անձանցից մեկն էր արցախյան վերջին պատերազմի մասնակից Գյոզալյան Արեգը (52 տ.), որ զոհվեց նոյեմբերի 10-ին Մարտունիում: Հերոսի կինը՝ Գյոզալյան Նարինեն (44 տ.), իր երեք զավակների հետ պատերազմից հետո Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից տեղահանվել է և այժմ վարձակալությամբ բնակվում է Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան 12 հասցեում: Փետրվարի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Գյոզալյան Նարինեին, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր եկեղեցու համայնքի անդամներից մեկն իր եղբոր՝ Գեորգիի հիշատակի համար: Գյոզալյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

Ըստ Պողոս առաքյալի՝ եթե բարի գործերի և սխրանքների հիմքում բացակայում է սերը, ապա բարեգործն ոչնչից չի օգտվում և իր արածը զուր է ու ապարդյուն. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են: Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ: Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում» (Ա Կորնթ. 13:1-4):

 

Կարինե Սուգիկյան

02.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․