21 Դեկտեմբեր, Շբ
Օրերս տնօրհնեքի էի գնացել… Տեսնեմ տանտերերը լավ պատրաստվել են՝ սրբապատկերներ, խաչեր, մոմեր, խունկ, ձիթայուղ… Մի րոպե: Նայում եմ՝ ձիթայուղի մեջ ինչ-որ կարմիր նստվածք է: Սկսում եմ պարզել: Բացատրում են, որ ձեթին, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳՆ Է, ավելացված է… Տաբասկո սոուս: Ես ցնցված եմ: «Ախր,- ասում են ինձ,- արել ենք այնպես, ինչպես Պետյային ու Սվետային ես կարգադրել»: Պետյան ու Սվետան մեր ընդհանուր լավ ծանոթներն են, որոնց տանը կես տարի առաջ եմ տնօրհնեք կատարել: Եվ ահա, թե ինչպես է ամեն ինչ պատահել… Մի օր Պետյան ու Սվետան զանգահարում են ինձ և խնդրում, որ գնամ ու տնօրհնեքի կարգ կատարեմ, թե չէ «բոլորովին անտանելի է դարձել՝ անդադար վիճում ենք և ամեն ինչ դեպի ամուսնալուծության է տանում»: Ես գնում եմ նրանց տուն, հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել, իսկ նրանք, փոքր երեխաների պես, առանց իրար հերթ տալու, բողոքում են միմյանցից: Ես նրանց լսեցի… «Դե լավ,- ասում եմ,- իսկ այժմ եկեք աղոթենք, իսկ հետո կխոսենք…» Աղոթեցինք, օրհնեցինք… «Իսկ այս մնացած ձիթայուղն ի՞նչ անենք»,- հարցնում են: Ես էլ կատակով պատասխանում եմ. «Պետք է Տաբասկո սոուս վերցնել (Չիլի նույնպես կարելի է, բայց ուղղափառների մոտ ավելի ընդունված է Տաբասկոն), ավելացնել այն ձիթայուղին և հենց սկսեք վիճել՝ անմիջապես քսել լեզուներին…» Պետք է նշել, որ նրանց երկուսի լեզուներն էլ օհոհո՜: Մի խոսքով, պարզվում է, որ նրանք այդպես էլ արել էին: «Եվ ի՞նչ,- հարցնում եմ,- օգնե՞ց»: «Այն էլ ինչպե՜ս,- ասում են,- արդեն կես տարի է մեղրամսի մեջ են, ձայները չի լսվում, փողոցում ձեռք-ձեռքի տված են քայլում, հավատի մեջ են խորացել… Կինն էլ կարծես թե հղի է: Անհարմար է հարցնելը, բայց այդպես է երևում»: Եվ հենց այդ Պետյան ու Սվետան էլ բացատրել էին, թե ինչպես է պետք ճիշտ պատրաստվել տնօրհնեքին… Կարճ ասած՝ դուք դեռ վիճո՞ւմ եք: ՈՒՐԵՄՆ ԳԱԼԻՍ ԵՄ ՁԵԶ ՄՈՏ:
Անդրեյ քահանա Լեբեդյեվ
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի