25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Մեծ Պահքի այս չորրորդ կիրակին Եկեղեցին կոչում է Տնտեսի Կիրակի: Կիրակին այսպես է անվանվել Հիսուս Քրիստոսի պատմած առակի վրա հիմնվելով, որը նկարագրվել է Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 16:1-8): Ինչպես գիտենք, սիրելի հավատացյալներ, երկրային կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոս քարոզում էր Իր Երկնային Արքայության և այնտեղ տանող ճանապարհի մասին, և հաճախ էր Իր ասելիքը ներկայացնում առակների միջոցով: Մինչ Փրկչի այս առակի նկարագրությանն անցնելը` հիշեցնեմ, որ տնտեսն այն մարդն է` ում հարուստ մեկը վարձում է իր կալվածքները ճիշտ կառավարելու և դրանցից շահույթ բերելու համար: Այսպիսով, առակում կարդում ենք այդպիսի մի տնտեսի մասին, որն աշխատում էր մեծահարուստ մի մարդու մոտ: Եվ ահա, օրերից մի օր, լուրեր են հասնում ագարակի տիրոջը, որ տնտեսը վատնում է նրա ողջ ունեցվածքը: Տերը կանչում է տնտեսին և ասում. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսն էլ, առանց ժամանակ կորցնելու, մտածում է, թե ինչ անի, ինչպես այդ դժվարին կացությունից դուրս գա, որպեսզի գործից զրկվելուց հետո էլ` մարդիկ երես չթեքեն իրենից, շարունակեն ընդունել իրենց հարկի տակ և ինքը լիովին ձեռնունայն չմնա: Այսպիսով, նա կանչում է իր տիրոջ պարտատերերին և նվազեցնում նրանց պարտքերը: Իսկ տերը սա իմանալով` գովում է անիրավ տնտեսին` իր հնարամտության համար: Ահա այս առակը պատմելուց հետո Հիսուս ավելացնում է. «քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ»:
Սիրելի հավատացյալներ, մինչ օրս Տիրոջ պատմած առակների մեջ այս մեկը թվում է ամենահանելուկայինն և դժվար մեկնելին: Շատ մարդկանց համար, որ Աստծո իմաստության լույսը չեն կրում, այս առակը կարող է գայթակղության պատճառ հանդիսանալ, քանի որ մակերեսային ընթերցումը տարակուսանքի առաջ է կանգնեցնում միայն, որովհետև անիրավ տնտեսին գովելու փաստը, կարծես թե, լիովին հակասում է Քրիստոսի ողջ ուսմունքին, աստվածաշնչյան ճշմարտությանն ու քրիստոնեության բարոյական հիմքերին: Սակայն բոլորին է հայտնի, որ Սուրբ Գրքի և ոչ մի տող հնարավոր չէ բացատրել` առանց դրա խորքային իմաստը տեսնելու: Այդ պատճառով էլ ձեր ուշադրությունն եմ հրավիրում, սիրելիներ, ավելի խորն ու մանրամասն ուսումնասիրելու այս անսահման հետաքրքիր ու անչափ կարևոր առակը` հասկանալու համար, թե ինչ էր ուզում դրանով սովորեցնել մեզ մեր Փրկիչը:
Եվ այսպես, սիրելի հավատացյալներ, հասկանում ենք, որ մեր Տեր Աստված է երկրային ու հավիտենական կյանքի տերը, և Իր ունեցվածքի տնտես է նշանակել մարդուն, այսինքն` մեզնից յուրաքանչյուրին: Եվ ինչպես տերն է վստահում իր ունեցվածքը տնտեսին, այնպես էլ Տեր Աստված է իր բոլոր արարածներից մարդուն ընտրել` իր հսկայական ունեցվածքը նրան վստահելու: Արդ, ո՞րն է այդ ունեցվածքը, սիրելի հավատացյալներ, որ Տերը վստահել է մեզնից յուրաքանչյուրին: Այս Երկիր մոլորակից զատ, դա նախ և առաջ մեզ պարգևած կյանքն է, մեզ հատկացված ժամանակը, ֆիզիկական ուժը, բանականությունը, տաղանդը, Աստծո պարգևած տարբեր շնորհներն ու կարողությունները և բազում այլ բաներ, որ Աստված վստահել է մեզ` իմաստությամբ կառավարելու համար: Սակայն, Տեր Հիսուս Քրիստոս այս առակով սովորեցնում է, որ մեզ տրված այդ և աշխարհի այլ հարստությունները հավիտենական չեն, որովհետև մենք ուղղակի մի ժամանակավոր տնտես ենք այստեղ, և ոչ մի իրական կալվածք չունենք այս աշխարհում: Այստեղ ոչինչ մեր սեփականությունը չէ: Ո՛չ այս աշխարհի բարիքները, և ո՛չ էլ մեր մարմինները մեր սեփականությունը չեն և մահվանից հետո պիտի վերցվեն մեզնից ու հաշիվ պիտի տանք դրանց համար:
Ցավոք պիտի փաստեմ, սիրելիներ, որ մենք էլ ճիշտ այս առակի տնտեսի պես ենք վարվում` անտեղի վատնելով մեզ վստահված ունեցվածքը: Մենք մոռանում ենք, որ ապրելու և գործելու ազատությունը, որ ունենք` դա նույնպես մեր հոգատար Տիրոջ նվերն է մեզ, որ ի օգուտ մեզ օգտագործելուց առաջ` ի փառս Աստծո պիտի գործածենք: Իսկ մենք մեր առողջությունը, ժամանակը, կարողությունները վատնում ենք աշխարհի սին ու մեղսավոր վայելքների վրա` մեր Տիրոջ կամքը կատարելու ու երկնային հավիտենական կյանքին արժանանալու փոխարեն: Իսկ ո՞րն է առակի ցույց տված ճանապարհը` Երկնային Արքայությանն արժանանալու համար: Տերը դա բացահայտում է մեզ տնտեսի հնարամտության միջոցով, որը չսկսեց տրտնջալ իրեն վրա հասած փորձության պատճառով, կամ չսպասեց, թե երբ այն ավելի կծանրանա: Այլ առանց ժամանակ կորցնելու գործի անցավ և ապահովեց իր ապագան` կանխելով այն դժբախտությունը, որ անշուշտ պիտի պատահեր: Այդ պատճառով էլ արժանացավ իր տիրոջ գովեստին:
Իսկ ինչպե՞ս ենք վարվում մենք, սիրելի քույրեր և եղբայրներ: Հաստատապես գիտենալով, որ այսպես շարունակելով զրկվելու ենք Արքայությունից` միևնույն է շարունակում ենք մեղսավոր կյանք վարել և ոչինչ չենք անում մեր ապագայի ու մեր Տիրոջ գովասանքին արժանանալու համար:
Առակում Հիսուս նշեց, որ այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները: «Աշխարհի որդիներն» այն աշխարհիկ մարդիկ են, ովքեր իրենց երկրային հարստությունների մասին շատ ավելի են հոգ տանում, քան «լույսի որդիներ» անվանվող քրիստոնյաները, որ ջանք չեն թափում իրենց հոգևոր, հավիտենական հարստության համար: Իսկ դրա առաջին քայլը «պարտատերերի» հոգսը թեթևացնել է անշուշտ: Սիրելի եղբայրներ և քույրեր` ի Քրիստոս, մենք պետք է հասկանանք, որ նյութական և հոգևոր ունեցվածքը, որ ունենք` մեր սեփականությունը չէ, այլ` Տիրոջ կողմից մեզ վստահված կարողությունն է, որ պարտավոր ենք մեր մերձավորի հետ կիսել, եթե կամենում ենք Նրա գովեստին ու հավիտենական հարստությանն արժանանալ: Նայենք մեր շուրջը, սիրելիներ, ու կտեսնենք, թե որքան կարիքավորներ կան, որոնց հոգսը կարող ենք թեթևացնել` թե՛ հոգևոր և թե՛ նյութական առումով: Որքան որբուկներ, հիվանդներ ու ծերեր կան, որ մեր սիրո ու խնամքի կարիքն ունեն: Որքան անտուն, վշտահար ու փորձության մեջ հայտնված մարդիկ կան, որոնց կարող ենք օգնության ձեռք մեկնել: Եվ անել դա ո՛չ թե հարկադրված, այլ` սիրով ու պատրաստակամությամբ, որովհետև Իմաստության Աղբյուր մեր Տերը տեսնում է ամեն բան և ամենքին դատելու է ըստ իրենց գործերի: Իսկ սիրահոժար կերպով ու անկեղծ սրտով օգնելով կարիքավորներին` մենք ոչ միայն մեր Տեր Աստծու գովասանքին ու ողորմությանը պիտի արժանանանք, այլև` մահվանից հետո մեզ կօգնեն այդ մարդկանց աղոթքները, որի կարիքն այնքան շատ պիտի ունենանք:
Արդ, սիրելիներ, շտապե՛նք: Շտապե՛նք իմաստությամբ կառավարելու մեզ տրված ունեցվածքը: Շտապե՛նք բարին գործելու ու երբեք չհոգնենք դրանից, քանի որ այդ կերպ մեր հարստությունն ենք դիզում երկնքում և չգիտենք, թե որն է լինելու մեր վերջին օրն այս աշխարհում: Թող այս առակի տնտեսի հնարամտությունն ամեն պահ օգտագործենք` փառաբանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան