Սեպտեմբերի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց մանկուց 1-ին խմբի հաշմանդամ Տոնոյան Կարինեին (65 տ.), որ բնակվում է Ծատուրյան 34 շ. 7 բն. հասցեում: Ծնողների մահից հետո Կարինեն սայլակի և քայլակի օգնությամբ միայնակ է հաղթահարում իր ամենօրյա խնդիրները: Երկու անգամ նա ընկել է և ոտքի երկու ծանր վիրահատություն տարել: Տարին մեկ անգամ նա «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում բուժումներ է ստանում: Կարինեն հաշմանդամության և ընտանեկան նպաստի գումարներով փորձում է հոգալ իր նվազագույն կարիքները: «Այսպես մեն-մենակ ապրում եմ, ուրիշների ուրախությամբ ուրախանում եմ, տխրություններով՝ տխրում»,- ասաց Կարինեն: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Կարինեին հանձնեց ամերիկահայ տեր և տիկին Բեմփեյանների կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար), որ ընտանիքը տրամադրել էր իր սանիկի՝ Լորին-Մարիի մկրտության առթիվ: Կարինեն անչափ շնորհակալ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձանց:
Մոմավառությունը քրիստոնյային հիշեցնում է այն կարևոր միտքը, որ այրվող մոմի օրինակի համաձայն, ինքը ևս իր կյանքով պետք է լուսավորի իր շուրջը և լուսավորի իր հավատքով ու բարի գործերով: Քրիստոնյա լինել նշանակում է լույս տարածել այնտեղ, որտեղ խավար է, հույս, որտեղ միայն հուսահատություն է, սեր, որտեղ իշխում է ատելություն, նախանձ, անտարբերություն և թշնամություն: «Դո՛ւք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել: Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:14-16):
Կարինե Սուգիկյան