3 Հոկտեմբեր, Եշ
«Որդյա՛կ, թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա, և դու շնորհ կգտնես»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Առակներ 3:3)։
Հունվարի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Րաֆֆու 111/24ա հանրակացարանում բնակվող սոցիալապես անապահով Պետրոսյան ընտանիքին: Ընտանիքի հայրն ինը տարի առաջ լքել է կնոջը՝ Պետրոսյան Նաիրային և Դաունի սինդրոմ ունեցող մեկամյա որդուն՝ Պետրոսյան Արմանին: Կարիքավոր ընտանիքը բնակվում է երկու սենյականոց բնակարանում, որը զուրկ է տարրական կենցաղավարության պայմաններից: Ընտանիքի մայրը նշեց, որ անցյալ ամիս բարի մարդիկ իրեն տրամադրել են լվացքի մեքենա, բայց այլ դժվարություններ կան. սառնարան չունենալու պատճառով չի կարողանում մթերքները պահել, գազօջախի բացակայության պատճառով ուտելիքը վառարանի վրա է պատրաստում: «Տղաս սովորում է Զվարթնոցի թիվ 2 հատուկ օժանդակ գիշերօթիկ դպրոցում: Այժմ փնտրում եմ աշխատանք, որ մինչ երեկոյան՝ տղայիս տուն բերելու ժամը, կարողանամ աշխատել, քանի որ ընտանեկան նպաստի և տղայիս հաշմանդամության թոշակի գումարները չեն բավարարում, որ հոգանք մեր նվազագույն կարիքները»,- ասաց Նաիրան (36 տ.):
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Նաիրային հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը: Նաիրան իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
«Յուրաքանչյուր ծովագնաց հնարավոր է ենթարկվի նավաբեկության, անգամ նրանք, ովքեր մեծ քաջությամբ են նավարկում: Այդպես և նա կարող է ենթարկվել մարմնական վտանգների, ով գլուխը վեր պարզած քայլում է՝ անտեսելով իր առջև ընկածին: Քանի դեռ նավարկում ես բարենպաստ քամու ժամանակ, ձեռք մեկնիր նրան, ով ենթարկվել է նավաբեկության: Քանի դեռ վայելում ես առողջությունն ու հարստությունը, ձեռք մեկնիր տառապյալին: Մի սպասիր նրան, որ քո անձնական փորձով իմանաս, թե ինչ է անգթությունը և ինչ մեծ բարիք է այն սիրտը, որ բաց է տառապյալի առաջ: Մի ցանկացիր ապրել այնպես, որ Աստված Իր ձեռքը բարձրացնի ամբարտավանության վրա (Սաղմոս 73:3): Սթափվիր ուրիշների դժբախտությունից: Տուր թեկուզ քիչը աղքատին, այն քիչ չէ նրա համար, ով ամեն ինչի կարիքն ունի, ողորմությունդ, եթե քո ուժերի չափով է, փոքր չէ նաև Աստծո համար: Չունես ոչինչ, մխիթարիր արցունքով: Դժբախտության մեջ գտնվողի համար մեծ բժշկություն է, երբ ինչ-որ մեկն անկեղծորեն կարեկցում է իրեն, դժբախտությունը մեղմանում է անկեղծ ցավակցությամբ»,- ասել է Ս. Գրիգոր Աստվածաբանը:
Կարինե Սուգիկյան