Տոն Հովհաննես Կարապետի Ծննդյան

Սուրբ Կարապետ և Մկրտիչ Հովհաննեսը դեռևս իր մոր՝ Եղիսաբեթի որովայնում Սուրբ Հոգով լցվեց ու խայտալով՝ շարժվեց նրա արգանդում և երկրպագեց սուրբ Կույս Մարիամի արգանդում եղող Աստծո Բանին։ Եվ երբ Հովհաննեսի մոր՝ Եղիսաբեթի հղության ինը ամիսներն ու հինգ օրերը լրացան, նա Մարիամի՝ Հիսուսի մոր ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել նրան՝ ասելով․ «Ո՜վ դու, Մա՛յր երկնավոր Թագավորի ու Տաճա՛ր Աստծո Բանի, վե՛ր կաց, խաղաղությամբ գնա՛ քո տունը, քանի որ, ահա՜, հասել է իմ՝ մանուկ ունենալու ժամանակը, և պատշաճ չէ, որ քո ծառան բազմի Թագավորի ու Թագուհու՛դ առաջ: Անպատեհ է, որ ինձ պես հողակույտը բազմի իր տեղում, իսկ դու՝ հուրդ աստվածային, սպասավորես ինձ։ Երիցս անպատճաշ է, որ ես խաղաղությամբ հանգչեմ, իսկ դու ոտքի վրա լինես ու ծառայես ինձ։ Ուստի վերցրու՛ Քո որովայնում պարփակված Արդարության Արեգակին և գնա՛՝ վառվելու հնար տալով իմ ճրագին, քանի որ երբ քո ողջույնի ձայնն իմ ականջն ընկավ, իմ մանուկը ցնծալով՝ խաղաց որովայնումս։ Ուրեմն, վերցրու Նրա՛ն, ով զարհուրեցնում է մինչև իսկ բոցեղեն հրեշտակներին, և գնա՛ քո տունը»։

Եվ Մարիամը, վեր կենալով, գնաց իր տունը՝ Նազարեթ։ Իսկ Եղիսաբեթն էլ ծնեց սքանչելի մանկանը՝ Հովհաննեսին, և խնդություն եղավ նրա բարեկամների ու ազգականների մեջ։ Զաքարիան, սակայն, դեռևս շարունակում էր պապանձված մնալ։ Եվ երբ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու, կամենում էին նրա անունը իր հոր պատվին Զաքարիա դնել, բայց մանկան մայրը հրաժարվեց՝ ասելով․ «Նա թող Հովհաննե՛ս կոչվի»։ Այդժամ Եղիսաբեթի բարեկամներն ու ազգականները ասացին նրան․ «Քո ազգում չկա որևէ մեկը, որի անունը Հովհաննես լինի», սակայն մայրը շարունակեց պնդել՝ ասելով․ «Հովհաննե՛ս պիտի լինի այդ մանկան անունը»։ Սակայն նրանք, որ եկել էին թլփատելու մանկանը, չանսացին Եղիսաբեթի խոսքերին։ Այդժամ նրանք Զաքարիային՝ երեխայի հորը, ակնարկեցին, թե նա ի՞նչ կկամենա կոչել մանկանը։ Եվ Զաքարիան, քանի որ չէր կարողանում խոսել, նշանացի մի տախտակ խնդրեց, որի վրա էլ գրեց, թե «մանկան անունը Հովհաննե՛ս պիտի լինի», և նրա խոսքի համաձայն մանկանը կոչեցին Հովհաննես։ Այդ ժամանակ Զաքարիայի լեզուն բացվեց և նա սկսեց օրհնել Աստծուն ու մանկան մասին մարգարեանալով՝ ասաց․ «Մանու՛կ, դու Բարձրալի մարգարե՛ պիտի կոչվես՝ Տիրոջ առաջից գնալու և Նրա ճանապարհը պատրաստելու համար»։

Իսկ Հերովդեսը Բեթղեհեմի մանուկներին կոտորելուց հետո պահանջեց, որ սպանեն նաև Հովհաննեսին, ուստի մանկան մայրը, վերցնելով երեխային, փախավ դեպի լեռները, և երբ դահիճները հասան Եղիսաբեթի հետևից, նա աղաղակեց Տիրոջն ու միևնույն պահին բացվեց այն վեմը, որի վրա կանգնած էին նրանք, և իր մեջ առավ մորը և որդուն։ Բազում օրեր մայրն ու մանուկը մնացին այդ վեմի մեջ՝ կերակրվելով Աստծո շնորհներով։ Ապա Տիրոջ հրեշտակը նրանց դուրս հանեց այդ քարի միջից և Եղիսաբեթին պատվիրեց վերադառնալ իր տունն ու սգալ մանկան հոր՝ Զաքարիայի մահը, քանի որ նրան տաճարում սպանել էին Հովհաննեսին չգտնելու պատճառով։ Սակայն Եղիսաբեթի մայրական գութը թույլ չէր տալիս նրան թողնել իր մանկանը։ Այդժամ Տիրոջ հրեշտակը ասաց նրան․ «Աստծո հրամանով մե՛նք պիտի սպասավորենք մանկանը, դու գնա՛ քո տունն ու սգա՛ երեխայի հոր մահը։ Եվ Եղիսաբեթը ուրախությամբ ու լալով դարձավ դեպի իր տունը։ Նա ուրախ էր իր մանկան ապրելու՛ պատճառով, բայց միևնույն ժամանակ լալիս էր երեխայի հոր մահվան ու մա՛նավանդ իր զավակից բաժանվելու պատճառով, քանի որ Եղիսաբեթը այլևս երբեք չտեսավ իր մանկանը։ Իսկ մանուկ Հովհաննեսը մինչև իր երեսուն տարեկանը լրանալը մարդկանցից անտես մնաց անապատում՝ սպասավորվելով հրեշտակների կողմից։ Եվ ապա Աստծո Խոսքը իջավ Զաքարիայի որդի Հովհաննեսի վրա՝ պատվիրելով նրան այդ անապատից գնալ դեպի Հորդանանի կողմերն ու այնտեղ քարոզել ապաշխարության մկրտությունը՝ մեղքերի թողության համար։

Այսպիսով Հովհաննեսը՝ Քրիստոսի Կարապետն ու Մկրտիչը, առաքվեց մկրտությամբ պատրաստելու Տիրոջ ժողովրդին, որպեսզի նրանք արժանանան Աստծո Որդու հետ հանդիպմանը։ Հնում այդպես արեց նաև Մովսեսը, և երբ երկնային Աստված մեծագույն փառքով պիտի երևար Իսրայելի որդիներին, Մովսեսը նախևառաջ մկրտեց ժողովրդին ամպի և ծովի մեջ։ Նույնկերպ նաև Հովհաննեսը, անապատից գալով՝ մաքրեց Իսրայելի ժողովրդին, որպեսզի նրանց արժանի դարձներ ընդառաջ գնալու Աստծո Որդուն, որը գալիս էր՝ Իր վրա վերցնելու աշխահի մեղքը։

Հովհաննեսը մարդացած Աստծո Բանին նախընթաց քայլո՛ղն է։ Հովհաննեսը կարապե՛տն է Աստծո Որդու։ Հովհաննեսը ձեռնադրո՛ղն է Հիսուսի։ Հովհաննեսը կնքահա՛յրն է Մարիամի Որդու։ Հովհաննեսը լսո՛ղն է Աստծո հայրական ձայնի։ Հովհաննեսը տեսնո՛ղն է Աստծո աղավնակերպ Հոգու։ Հովհաննեսը տեսնողն է Ամենասուրբ Երրորդությա՛ն։ Հովհաննեսը վկա՛ն է Քրիստոսի Աստվածության։ Հովհաննեսը սուրբ Ավազանի արգանդը բացո՛ղն է։ Հովհաննեսը քարո՛զն է սուրբ Ավետարանի։ Հովհաննեսը լրու՛մն է ստվերի։ Հովհաննեսը սկիզբն է շնորհի՛։ Հովհաննեսը ավա՛րտն է Մովսեսի օրենքների։ Հովհաննեսը նախնի՛ն է Քրիստոսի շնորհների։ Հովհաննեսը լրու՛մն է մարգարեների։ Հովհաննեսը առաջի՛նն է առաքյալներից։ Հովհաննեսը վերջի՛նն է կանխասացներից։ Հովհաննեսը նախնի՛ն է Քրիստոսի աշակերտների։ Հովհաննեսը հետի՛նն է նախագուշակներից։ Հովհաննեսը առաջի՛նն է ավետարանիչներից։ Հովհաննեսը ավետավորն է կյանքի՛։ Հովհաննեսը քարո՛զն է տիեզերքի։ Հովհաննեսը սիրելին է հրեշտակների՛։ Հովհաննեսը պարծա՛նքն է հոգեղենների։ Հովհաննեսը ահ ու սարսա՛փն է դևերի։ Հովհաննեսը երկյու՛ղն է սանդարամետականների։ Հովհաննեսը պսա՛կն է Եկեղեցու։ Հովհաննեսը ձա՛յնն է Աստծո Բանի։

Հովհաննեսն ինքն իրենով մարմնավորու՛մն է շնորհների։ Հովհաննեսը հնազանդությու՛նն է։ Հովհաննեսը ճշմարիտ լուսի ճրա՛գն է։ Հովհաննեսն արուսյա՛կն է Արդարության Արեգակի։ Հովհաննեսը քաղցրաձայն տատրա՛կն է։ Հովհաննեսը մխիթարի՛չն է հոգիների։ Հովհաննեսը, որ իր աչքի առաջ ուներ չորեքկերպյան կենդանիների և իրենց առջևում ու թիկունքում աչքեր ունեցող քերովբեների խորհուրդը, նրանց նմանողությամբ ինքը ևս, որպես աչքեր, իր թիկունքում ուներ մարգարեներին, և իր առջևում՝ առաքալներին։ Հովհաննեսը մարգարե էր մարգարեների մեջ և առաքյալ՝ առաքյալների մեջ։ Հովհաննեսը մինչև իսկ իր ազգությա՛մբ մոտ էր Աստվածորդու բնությանը։ Հովհաննեսը հրեա մի ճգնավոր էր։ Հովհաննեսը Իսրայելից ելած մի մարտիրոս էր։ Հովհաննեսն ինքը՝ քահանա, ու որդի՛ էր քահանայի։ Հովհաննեսն Ահարոնի սերնդից էր։ Հովհաննեսը մարգարե և մարգարեի որդի՛ էր՝ Մովսեսի ցեղից։ Եվ եթե կամենում ես նրա փառքի ճշմարիտ աստիճանն իմանալ, գնա՛ դեպի Ամովսածին աստվածաբան Եսայու ակնամաքուր կայծի շողարձակումն ու տե՛ս, թե նա ի՞նչ է ասում Հովհաննեսի մասին։ Եսային նրա մասին ասում է․ «Անապատում կանչող աստվածային ձա՛յնն է նա»՝ ձայնը որևէ մեկին անծանոթ աստվածային էության։ Բանն Աստծո, որ ելավ Հորից, որպես Իր ձայն ընտրեց հողեղեն Ադամի զարմից սերող Հովհաննես Կարապետին։ Նաև սաղմոսերգու Դավիթը Հովհաննեսին Օծյալի, այսինքն՝ Քրիստոսի ճրագ է անվանում։ Իսկ Մաղաքիան Աստծո երեսի առաջ եղող հրեշտա՛կ է կոչում Հովհաննեսին։ Սակայն Հովհաննեսի ճշմարիտ գովությունն Ինքը՝ Քրիստոս է ասում․ «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսից ավելի մեծը չի ելել»։ Եվ Իր այս ներբողյանով Քրիստոս Աստված հին ու նոր սրբերի ամբո՜ղջ պայծառությունը պարփակեց Հովհաննեսի փառքի մեջ։

Հովհաննեսը Մկրտի՛չն է Քրիստոսի։ Հովհաննեսը ավետարանողն ու արգանդի՛ց իսկ սքանչելագործողն է։ Հովհաննեսն անապատում սնվողն ու ճգնավորական զգեստով պատմուճանվո՛ղն է։ Հովհաննեսը նա՛ է, ով իր որովայնին կապված մաշկեղեն գոտիով կենդանացնում էր մեռելությունը։ Հովհաննեսը նա՛ է, ում կերակուրը մորեխն ու վայրի մեղրն էին։ Հովհաննեսն ապաշխարության քարոզիչն ու օրենքի կապանքները լուծանողն է։ Հովհաննեսը նա՛ է, ով կապեց և արձակեց ի՛ր իսկ հոր լեզուն։ Կապեց իր ծննդյանը չհավատալու պատճառով, սակայն իր ծնունդով դարձյա՛լ խոսեցրեց նրան։ Եվ Միածին Բանը, ինչպես որ Կույս Մարիամին ընտրեց ու նրանից ծնվեց, նույնպես և ընտրեց Հովհաննես Կարապետին ու մկրտվե՛ց նրանից։ Ու երբ Հովհաննեսն ընդդիմացավ՝ ինքն իրեն արժանի չհամարելու պատճառով հրաժարվելով մկրտել մկրտության համար իսկ իր մոտ եկած Հիսուսին, ասաց նրան Հիսուս․ «Թու՛յլ տուր Ինձ, Մկրտի՛չ, այդ մկրտությամբ մկրտվել քեզանից, քանի որ այդկերպ ես կկատարեմ ամբողջ արդարությունը։ Ես մկրտվում եմ, որպեսզի լուսավորե՛մ աշխարհը։ Մկրտվում եմ, որպեսզի սրբե՛մ Ադամի մեղքերը։ Մկրտվում եմ, որպեսզի Երկնքի դռնե՛րը բանամ։ Մկրտվում եմ, որպեսզի Հայր Աստծուն հաշտեցնե՛մ մարդկանց հետ։ Մկրտվում եմ, որպեսզի Երկնքից Հոր խո՛սքը իջեցնեմ։ Մկրտվում եմ, որպեսզի սրբե՛մ ջուրն ու օդը ։ Մկրտվում եմ, որպեսզի ճշմարտության Հոգին ճանաչեցնե՛մ աշխարհին։ Մկրտվում եմ, որպեսզի աշխարհն այս մաքրե՛մ մեղքերից։ Մկրտվում եմ, որպեսզի ծածկե՛մ Ադամի մերկությունը։ Մկրտվում եմ, որպեսզի մա՛հը մեռցնեմ։ Մկրտվում եմ, որպեսզի դժո՛խքն ավերեմ։ Մկրտվում եմ, որպեսզի Արքայությու՛նը կառուցեմ։ Մկրտվում եմ, որպեսզի ջրով կիզե՛մ մարդկանց մեղքերը։ Մկրտվում եմ, որպեսզի Եկեղեցու հիմքե՛րը գցեմ։ Մկրտվում եմ, որպեսզի Սուրբ Սեղա՛նը կանգնեցնեմ։ Մկրտվում եմ, որպեսզի հաստատեմ ա՛յն Ավազանը, որով պիտի լվանամ մարդկանց մեղքերն ու Երկնքի արքայությա՛նն արժանացնեմ նրանց»։

Քո մեծ Մկրտիչ ու Կարապետ Հովհաննեսի պաղատանքներով, Միածին Որդի՛ Աստծո, թողությու՛ն շնորհիր այս գիրն ընթերցողին։ Ամեն։

 

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

14.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․