22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հունվարի 21-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Տոնը քեզ հետ է» Ս. Ծննդյան երաժշտական պիեսը, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը:
Ներկայացումը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Առաջին իսկ պահից երեխաների անմիջական դերակատարումը հանդիսատեսին տեղափոխեց առաջին դար, Բեթղեհեմ քաղաք, ուր մեծ իրարանցում էր՝ մարդահամար: Այդ իրարանցումը զարմացրել էր անգամ քաղաքի մոտակայքում գտնվող ախոռի կենդանիներին՝ հորթուկին, իշուկին և գառնուկին: Գառ-մայրիկն իր գառնուկին էր փնտրում, որ ոգևորված էր մարդահամարով, բայց վստահ էր, որ մարդահամարն ավարտվելուն պես կյանքը կրկին դառնալու է միապաղաղ ու անհետաքրքիր: Գառնուկն իրական տոն, իրական ուրախություն էր փնտրում: Նույն ախոռում ապրող հորթուկի կարծիքով՝ ամեն մեկն իր համար կարող է տոն ստեղծել, բայց գառնուկը վստահ էր՝ ինչպե՞ս կարող է տոն լինել իրենց գոմում: Նա որոշում է հեռանալ, նոր կյանք փնտրել, քանի որ իր համար հեղձուցիչ է գոմի կյանքը: Եվ, միայն գառ-քույրիկին հրաժեշտ տալով, հեռանում է:
Իրենց գոմից հեռու, նա ունկնդիր է լինում բաց դաշտում իրենց հոտը հսկող հովիվների Տիրոջը՝ բարի Հովվին ուղղված փառաբանությանը: Ապա ականատես է լինում հրաշալի տեսարանի. երկնքում հրեշտակներն են վեր ու վար անում՝ երգելով «Բարի հովիվ» երգը, իսկ հրեշտակներից մեկը Ս. Ծննդյան ավետիսն է ազդարարում հովիվներին: Գառնուկն անակնկալի է գալիս. մի՞թե իրենց քաղաքում՝ Բեթղեհեմում է Աստծո Որդին ծնվելու: Հասնելով իրենց գոմ՝ նա զարմանք է կտրում. աշխարհի ամենամեծ իրադարձությունն իրենց գոմում էր կատարվել՝ աշխարհի Փրկիչն էր ծնվել: Իսկ գառնուկ-մայրիկի հանդիմանանքին, նա պատասխանում է՝ մայրիկ ներիր, հեռվում միայն շատ բաներ հասկացա ու գնահատեցի: Գառնուկն անհամբերությամբ մեկը մյուսի հետևից Փրկչի ընտանիքի վերաբերյալ մի շարք հարցեր է ուղղում իր մայրիկին: Նա տեղեկացավ, որ Փրկիչը փրկելու է աշխարհը մեղքից: Իրադարձությունը երջանկացրել էր գառնուկին: Հովիվներից հետո իրենց գոմ այցելեցին երեք մոգերը՝ աշխարհի Փրկչին մատուցելով իրենց խորհրդանշական ընծաները:
Ախոռում հնչում է փառաբանություն՝ փա՜ռք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և հաճություն մարդկանց մեջ, բոլորը երգով, ի լուր ամենքի, հայտնում էին իրենց ուրախությունը՝ տոնը մեզ հետ է, երբ մեր սրտում ապրում է Տերը, երբ մեր սրտում է Տիրոջ սերը:
Գառնուկը հասավ իր նպատակին, նա իրենց գոմում նոր կյանք և իրական տոն գտավ: «Ես այնքան երջանիկ եմ, այնքա՜ն երջանիկ… Ամենամեծ տոնը այստե՜ղ է…»,- բացականչում էր նա:
Զանգերի ղողանջը կրկին անգամ ազդարարեցին Ս. Ծննդյան ավետիսը: Դահլիճի երկարատև և բուռն ծափահարությունները վկայում էին հանդիսատեսի իրական տոնն իրենց կյանքում ունենալու ուրախությունը:
Ներկայացման ավարտին Տեր Վահան քահանա Առաքելյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և ասաց. ««Տոնը քեզ հետ է» խորագիրը կրող ներկայացմամբ մեկ անգամ ևս վերապրեցինք Քրիստոսի Ծննդյան հրաշափառ ավետիսը: Աստված, Ով հանուն աշխարհի փրկության Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, սիրում և առաջնորդում է յուրաքանչյուրիս: Գառնուկը տոն և ուրախություն էր փնտրում, որը յուրաքանչյուր անձ կարող է ունենալ, եթե իր սրտի և հոգու մեջ կրի մարդացյալ Փրկչին: Ուրիշ ոչ մի տեղ, եթե ոչ մեր սրտում պետք է փնտրենք տոն, ուրախություն և խաղաղություն: Աստծո օրհնությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ հետևորդը լինենք՝ արժևորելով Աստծո սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ: Քրիստոս մեզ սիրելով աշխարհ եկավ, որպեսզի սեր և խաղաղություն ունենանք: Թող Բեթղեհեմյան աստղի լույսը ճառագի մեր սրտերից և հոգիներից ներս, որպեսզի Տիրոջ օրհնությամբ շարունակենք աստվածահաճո մեր կյանքը»: Տեր Հայրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի անունից շնորհակալություն հայտնեց ներկայացման մասնակիցներին և կազմակերպիչներին:
«Տոնը քեզ հետ է» երաժշտական պիեսին իրենց մասնակցությունն էին բերել Երևանի մի քանի բուհերի ուսանողներ, «Զորավոր» երգչախմբի և «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի անդամներ, Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի պարային դասարանի սաներ և Երևանի թիվ 122 դպրոցի աշակերտներ: Իսկ բեմի դեկորացիայի և հագուստի ձևավորման աշխատանքներին մասնակցել են տիկնանց միության ատենապետ՝ Սաթենիկ Սիմոնյանը, փոխատենապետ՝ Կիմա Գասպարյանը, միության անդամներ՝ Մարգարիտա Հովհաննիսյանը և Սիրանուշ Գումրույանը՝ «Տաթև գիտակրթական համալիր» ՍՊԸ-ի «Մանանա» ուսումնական կենտրոնի հետ համատեղ:
Տիկնանց միության անդամ Տաթև Պետրոսյանը, ով երաժշտական պիեսի հեղինակն էր, նշեց. «Երաժշտական պիեսը վեր հանեց այն կարևոր գաղափարը, որ գառնուկը մարդն է, ով աշխարհում փնտրում է նոր կյանք՝ կարծելով, որ այդ ամենն է իր երջանկությունը: Իր ունեցածը միայն գոմն է, ուրիշ ոչինչ: Ի վերջո, ինչ-որ ճանապարհ անցնելով, հասկանում է, որ առանց Տիրոջ ինքը դժբախտ է և դատարկ է իր սիրտը, և մինչև Փրկիչը չծնվի իր սրտում, չի գտնի իրական տոնն իր կյանքի»:
Կարինե Սուգիկյան