26 Նոյեմբեր, Գշ
Սուրբ Բագարատը սուրբ առաքյալների աշակերտն էր, սուրբ Պետրոսի միջոցով ձեռնադրվեց եպիսկոպոս և ուղարկվեց արևմուտք` Սիկիլի կղզին, Տորոմենի քաղաքը: Մտնելով նավ` իր վարդապետությամբ աստվածգիտության դարձրեց նավապետ Ուղկանիտոսին, նավավար Ագրինոսին և այլ նավաստիների: Եվ երբ նավարկեցին, կղզում գտան բոլոր քաղաքներն ու գավառները` կռապաշտ: Երանելի Բագարատը հեծեծանքով հոգոց հանեց, ձեռքերն ու աչքերը բարձրացրեց երկինք և Աստծուն աղաչեց այն մոլորյալ ժողովրդի համար, ասելով Ուղկանիտոսին ու Ագրինոսին. «Որդյակնե՛ր, եկեք աներկյուղ քարոզենք Աստծու անունը այս մոլորյալ ժողովրդի մեջ, ինչպես հրաման ստացա Պետրոս առաքյալից»: Եվ սկսեց Բագարատը քարոզել և ուսուցանել և սքանչելիքներ գործել Աստծու անունով: Քաղաքապետ Ոնիփոտոսը լսեց, զարմացավ և հավատաց Աստծուն` ժողովրդից գաղտնի: Եվ երբ [Բագարատը] գնաց Տորոմենի քաղաքը` գիշերով մտավ կուռքերի մեհյանը, ուր Փալկոնի և այն քաղաքի չաստվածների բագինն էր, նայեց բագինին և ասաց. «Ո՛վ Փալկոն, անզգա, խուլ և համր և կույր, ո՞վ ես դու և կամ ի՞նչ ես անում այստեղ: Եվ քանի տարի է, որ բնակվում ես այստեղ և խաբեությամբ մոլորեցնում ես իմ Աստծու ստեղծածներին և քեզ զոհ մատուցել ես տալիս, պի՛ղծ և գարշելի դիվապատկեր»: Եվ պատասխանում է դևը, որ բագինի մեջ էր բնակվում. «Երկու հարյուր և վաթսուն տարի է, որ բնակվում եմ այստեղ և ընդունում եմ զոհեր ու նվերներ Տորոմենի քաղաքից. ամեն տարի երեք անարատ տղա և յոթանասուներեք փափուկ ու գեղեցիկ կենդանի, և՛ խոյեր, և՛ նոխազներ, և՛ գառներ բազում»: Եվ երանելի Բագարատը բարձր ձայնով ասում է. «Երդվեցնում եմ ձեզ, պիղծ դևեր, մեր խաչյալ Քրիստոս Աստծու անունից, հավաքվեցեք բոլորդ այստեղ և խուլ ու համար Փալկոնի բագինը վերցրեք մեհյանից ու ծովը նետեցեք, երեսուն ասպարեզով հեռու ցամաքից»: Եվ իսկույն սաստիկ հողմի հնչումն եղավ, մեհյանը լցվեց անգղներով ու ագռավներով, և աղաղակելով վերցրին Փալկոնի բագինը և ծովը նետեցին: Եվ ծովից մեծ աղմուկ եղավ և երկնքից ձայն եկավ. «Զորացի՛ր, Բագարա՛տ, Ես քեզ հետ եմ և քեզ չեմ թողնի, մինչև որ քեզ առաքյալների և մարտիրոսների շարքը դասեմ»: Եվ ելան միասին գնացին իրենց օթևանները:
Եվ առավոտյան քուրմերը գնացին մեհյան զոհ մատուցելու, դուռը բաց գտան և ներս մտնելով Փալկոնի բագինը չտեսան, ելան հրապարակ մեծ հառաչումով կոծում էին. «Վա՜յ մեզ, որ մեր քաղաքը կործանվում է, որովհետև մեր մեծ աստված Փալկոնը անհետացել է»: Եվ բազում ժողովուրդ դիմեց դեպի մեհյանը: Պիղծ բագինը չգտան, գնացին Ոնիփոտոս քաղաքապետի տունը և աղաղակեցին դռան մոտ. «Ո՛վ պատվական իշխան, մեծ աստվածների հաստող և սիրելի, արի՛ և տես մեր քաղաքի կորուստը»: Իսկ նա խոնարհվելով պատուհանից ասում է. «Ո՛վ իմաստուն այրեր և մեծ աստված Փալկոնի քահանաներ, ձեզ ինչ եղավ, որ այդպես աղաղակում եք»: Նրանք պատասխանեցին. «Մեծ բաներ պատահեցին մեզ, քանի որ բաղձալի Փալկոնը կորավ և նրա պայծառ ու վայելուչ բագինը անհետացավ, իսկ սեղանն ու ավազանը և ոսկեկուռ աթոռը ունայն մնացին, և խորանը ոչնչացավ»: Ոնիփոտոսն ասում է. «Ո՛վ պատվավոր տանուտերեր և հարգված քահանաներ, լսեցեք ինձ և քննեցեք` մի՞թե մեր աստվածը ամբարտավանացավ, թողեց մեզ և գնաց այլ քաղաք: Գուցե ինչ-որ ժամանակ սովորական զոհը լիովին չեք մատուցել, և անընդունելի է համարել մեր պաշտամունքը և դրա համար ատեց մեզ և փախավ մեզնից: Այժմ գնացեք ձեր տները, իսկ ես կքննեմ և կգտնեմ պատճառները»: Եվ նրանք ասում են. «Մենք կատարում ենք սովորական ավանդները և ոչինչ պակաս չենք անում զոհ մատուցելիս, ինչո՞ւ խռովեց` չգիտենք: Արդ աղաչում ենք քեզ, ո՛վ փառավոր պայծառ քաղաքապետ, որ հիմնովին քննես, և եթե մեզնից խռովեց և գնաց այլ քաղաք, գնանք նրա մոտ և երկրպագենք նրան, և նա կհաշտվի մեզ հետ, կասի պատճառը, իսկ մենք կավելացնենք զոհերն ու պաշտամունքը»: Ոնիփոտոսն ասում է. «Ձեզ ասացի, որ գնաք ձեր տները, և եթե հզոր է Փալկոն աստվածը` մեզ կհայտնի ճշմարտությունը»: Եվ նրանք աղաղակում էին. «Ո՛վ պատվական և ստեղծարար դատավոր, մերոնց մասին խոսեցիր որպես օտար և անծանոթ աստվածների, չե՞ս ճանաչում մեր երիտասարդ ու գեղեցիկ աստված Փալկոնին` Փալկոնիդեսի որդուն: Ամեն ժամ գինարբուքների և ուրախության օրերին ինքդ գովում էիր ու պատմում նրանց գովելի գործերը, իսկ այժմ ասում ես` Եթե հզոր է Փալկոն աստվածը` ինքը մեզ կհայտնի»: Դարձյալ պատասխանեց Ոնիփոտոսը. «Ձեզ ասացի, ո՛վ իմաստասեր այրեր, համբերեցեք, և ես կքննեմ Փալկոնի կորուստը. կարծեմ թե գարշեց ձեզանից, որովհետև, հպարտ աստված էր»: Երբ այդ լսեցին, դադարեցին և գնացին իրենց գործերին, իսկ Ոնիփոտոսը գաղտնի կանչեց Ուղկանիտոսին և նրան հայտնեց ժողովրդի խռովությունը, և թե` ինչպես կորավ իրենց աստվածը, և ասաց. «Ես չգիտեմ ինչ անել»: Եվ Ուղկանիտոսը սկսեց պատմել ճշմարտությունը. «Ուշադի՛ր լսիր, քաղաքապե՛տ և դատավոր, իմացիր որ Երեքանձնյա տերությունը ամոթի մատնեց մեր գարշելի պաշտամունքը, այլևս զոհ չենք մատուցելու այս պիղծ դևերին, այլ` միայն կենդանի Աստծուն, որ մնում է հավիտյան, և այլևս կուռքերի պաշտամունքը չի լինի, և ոչ երազանք ու դյութություն կգուշակեն մոլորյալ մարդկանց, քանի որ երկնավոր Աստված իր Որդուն ուղարկեց երկիր, Նա մարմնանալով ծնվեց սուրբ կույս Մարիամից, որպեսզի մեզ մաքրի բոլոր անօրինություններից: Եվ այսուհետև Փալկոնիդեսի որդի Փալկոնը ոչ մեկին խաբել չի կարող»:
Եվ առավոտյան բոլոր քուրմերը հավաքվեցին միասին և սկսեցին լալ ու ողբալ Փալկոնին. «Ո՞ւր է վայելուչ գեղեցկությունը քո, ո՛վ բաղձալիդ Փալկոն, ի՞նչպես հանկարծակի անհետացար քո փափագողներից: Երանի՜ քո քահանաները եղած չլինեինք: Բոլոր աստվածները խնդությամբ ընդունեցին իրենց քուրմերի զոհերը, միայն դու չընդունեցիր և ատեցիր մեզ: Եվ մեր քաղաքապետ Ոնիփոտոսը մոռացավ քո անչափ սերը և չփնտրեց քեզ: Ո՞վ կողոպտեց քեզ մեզնից, ո՞վ նախանձեց մեր անչափ սիրուն: Ո՜վ Լիսիոս և Դիա փոքր աստվածներ և Փապոնիտա աստվածուհի` դուստր Իրնոսի և Արտեմիսի, քույր աստվածուհու: Արդ, ինչո՞ւ չեք խղճում մեզ և ողբում մեզ հետ գեղեցիկ ու պայծառ Փալկոն աստծուն: Ինչո՞ւ եք լռում և չեք որոնում կորսվածը»:
Եվ երբ գիշեր եղավ, Ոնիփոտոսը հագավ իր արքունական պատմուճանը և քղամիդը և գնաց Բագարատի դուռը, որովհետև դեռ նրան չէր տեսել: Նույնպեսև նա հագավ եպիսկոպոսական փիլոնը և եմիփորոնը, նստեց թիկնաթոռին, գիրկն առավ ավետարանը, խաչն ու տերունական պատկերը, որ նրան տվել էր Պետրոս առաքյալը: Եվ մտնելով ներս` Ոնիփոտոսը տեսավ երանելի Բագարատին բոցի նման և ձեռքի շուրջը` իբրև հուր, երեսի վրա ընկավ և մեծ երկյուղով երկրպագեց, ասաց. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, որ քարոզում է Բագարատը, համոզված եմ, որ Նա է միակ Աստվածը երկնի և երկրի:-Եվ հարցրեց,-ի՞նչպես մերձենամ քեզ, քանի որ տեսնում եմ քեզ բոցավառված և քո շուրջը` հուր, վախենում եմ` գուցե այրվեմ»:
Եվ Բագարատը իմացավ, որ նա տեսել է Սուրբ Հոգու շնորհները` քահանաների սուրբ խորհրդյան զգեստի մեջ, քանի որ սուրբ են: Եվ ելավ հանեց եմիփորոնը, փիլոնն ու ուրարը և նստեց: Եվ Ոնիփոտոսը այլևս չտեսավ կրակը: [Բագարատը] ողջունեց նրան սրբության համբույրով և նստեցրեց իր մոտ և ջերմորեն օրհնեց նրան, և միասին ճաշակեցին բոլոր այն բարիքները, որ իր տնից բերել էր Ոնիփոտոսը: Եվ երբ ուրախացան, ելան բաց արեցին տան ձեղունը` պայծառ լույս ծագեց նրանց վրա, և երկյուղած, երեսնիվայր ընկան գետին: Եվ բռնելով նրանց ձեռքերից Բագարատը կանգնեցրեց նրանց ու նստեցրեց իր մոտ և մեկ առ մեկ սկսեց պատմել նրանց Հին և Նոր կտակարանները` Ադամից մինչև Քրիստոսի մարդեղությունը, նաև համբարձումն ու Սուրբ Հոգու գալուստը առաքյալներին: Եվ պատմածից աստվածային վարդապետությամբ լուսավորվեցին բոլորը, որ այնտեղ էին: Եվ ողջունելով բոլորին, ուղարկեց իրենց տները:
Եվ այն օրը` գիշերվա երրորդ ժամին երանելի Բագարատը իր ձեռքով մագաղաթին գրեց այսպես. «Լիսիո՛վն կուռքերի բագինին, ես Բագարատ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա, գրում եմ քեզ Տորոմենի քաղաքիս պիղծ, զազիր և գարշ փոքր աստծուդ: Երբ ստանաս գիրս և կարդաս իսկույն կատարիր ինչ ոչ հրամայում եմ. գնա՛ կորստյան տեղը` հրի գեհենը և արտաքին խավարը, ուր քո ավագագույն Փալկոն աստվածն է, միասին կոծեցեք ձեր կորուստը, որ այլևս չտիրեք այս քաղաքին»: Եվ թուղթը տալով Ագրինոսին` ուղարկեց կուռքերի մեհյանը: Եվ նա գնաց իբր աղոթելու և խնկելու, գիրը դրեց բագինին և գաղտնի փախավ, վերադարձավ Բագարատի մոտ: Գրեթե երկու ժամ հետո ձայն լսվեց աներևույթից և ասում է. «Ո՛վ Բագարատ, կենդանի Աստծու ծառա, մեզ քո սրբությունից հրամայվածը կկատարենք և կիջնենք սպանդարամետ անդունդը: Արդ, խնդա՛ և ուրախացի՛ր, համարձակ մտիր քաղաքամեջ, որովհետև այսուհետ քոնն է»: Երբ Բագրատը ձայնը լսեց, երեսնիվայր ընկավ և գոհացավ Աստծուց: Եվ իսկույն գնացին քաղաքի հրապարակը, և երկնքի աստղանշանը նրանց առաջնորդեց մինչև Ոնիփոտոսի տունը: Նա ելավ ընդառաջ, նրանց լռությամբ տարավ իր տունը և բնավ ոչ ոք չիմացավ, որ դեռևս գիշեր էր և այնտեղ քառասունք արեց: Եվ մի օր քուրմերը հավաքվեցին Ոնիփոտոսի դռանը և ասացին. «Ո՛վ դատավոր և կառուցող քաղաքապետ, մոտեցել է մեր Լյուսինոս աստծու տոնը: Հրամայիր և տոնենք մեծ պայծառությամբ, որ սա ևս չխռովի մեզնից, փախչի և կորչի` ինչպես Փալկոնը, և մենք լինենք ծաղր բոլոր քաղաքացիներին և հարևաններին: Ո՛վ իշխան, կարծում ենք` երբ Ուղկանիտոսը Տորոմենից այս քաղաքը եկավ` մեր աստվածները հույժ ատեցին մեզ և չընդունեցին մեր զոհերը: Բազում անգամ դյութությամբ հարցնում ենք մեծ և մաքուր Փալկոնի աստծուն և պատասխան չենք ստանում, և մեզ համար անօգուտ է, որ կոչվում ենք աստվածների քուրմեր»: Ոնիփոտոսն ասաց. «Ո՛վ իմաստուններ, մեր աստվածների քահանաներ, գնացեք, պատրաստեցեք բոլոր զոհելիները, և տոների ժամանակ ես նույնպես կգամ»: Եվ գնաց Բագարատին պատմեց քուրմերի ասածները, իսկ նա ձեռքերը երկինք պարզելով աղաչեց Աստծուն, որպեսզի կործանվեն մնացած կուռքերը: Եվ այն գիշեր մինչդեռ քուրմերը ննջում էին իրենց տներում կործանվեցին բագինները և բաժանվեցին բազում մասերի: Եվ երբ հասավ պիղծ տոնը պատրաստեցին բոլոր զոհելիները` ավելի քան Փալկոնինը, անմեղ մանուկներ և երինջներ և խոյեր, նոխազներ ու գառներ, և զարդարված քուրմերը գնացին Ապողոնի մեհյանը ու գտան բագինը կործանված ու բաժանված բազում մասերի: Սկսեցին բախել իրենց երեսները և մեծ հառաչանքով ասում էին. «Վա՜յ մեզ, ո՛վ Ապողոն, չար պատերազմ շարժվեց քո վրա, մեզ բավական չեղավ Փալկոնի կորուստը, նաև դու մեծ չարի հանդիպեցիր: Վա՜յ մեզ, որ եթե լսեն ուրիշ քաղաքներ կանարգեն մեզ որպես աստվածակորույսների: Ո՜վ մեր հզոր և պայծառ աստված Ապողոն, ինչո՞ւ կործանվեցիր ու փշրվեցիր և քո ոսկեկազմ աթոռը թափուր մնաց»:
Եվ այնտեղից ելնելով սրտաբեկված գնացին այլ` Դիա փոքր կուռքի մեհյանը, այն ևս գտան կործանված ու կոտրատված և սկսեցին մեծաձայն ողբալ ու հառաչել մինչև որ ձայնից մեծ ամբոխ հավաքվեց: Եվ քուրմերն ասում են. «Լացեք բոլորդ և ողբացեք մեզ հետ, քանի որ մեր քաղցր և իմաստուն աստվածները կորան և ջնջվեցին իսպառ: Պատռենք մեր օձիքները, հող ու մոխիր լցնենք մեր ծոցն ու գլուխներին, բախենք երեսներս ու ճակատներս և սգանք մեր աստվածների կործանումը»: Եվ ամբողջ ժողովուրդը սկսեց լալ ու ողբալ կուռքի կործանման համար, և բոլորը հառաչելով ու մեծ բարկությամբ գնացին Ոնիփոտոսի տունը և աղաղակում էին դռան մոտ. «Ո՛վ անարժան իշխան, չար ժամի եղար դու քաղաքապետ. դու տեսնում ես կործանված աստվածներին և անփույթ ես, չես հուզվում և չես քննում մեզ պատահած մեծ դեպքերը: Ո՛վ անհավատ և անպետք դատավոր, և քաղաքավեր, իջիր և գնա, տես քո սիրելի և բարեկամ աստվածներին, թե ինչպես աղբանոցում թավալվում են ոտքի տակ. մի տեղ գլուխը, մի այլ տեղ ձեռքը, և այլ տեղ ոտքը: Նրանք չէ՞ին, որ քեզ մեծացրին ու փառավորեցին և քո գանձատունը լցրին ոսկով ու արծաթով, դիպակով, ակնեղենով ու մարգարտով, իսկ քո շտեմարանները բոլոր բարիքներով»: Իսկ Ոնիփոտոսը բարձր պատուհանից ասում է. «Ո՛վ իմաստուն և արժանավոր քաղաքացիներ, ինչ եք ուզում, որ անեմ. գուցե աստվածային պարգև ների շնո՞րհը մտավ մեր քաղաքը և կործանեց աստվածներին»: Նրանք ասում են. «Ի՞նչ բան է աստվածային պարգևների շնորհը, չգիտենք ինչ ես խոսում: Եթե մեր աստվածների սիրելին ես` ճշմարիտն ասա մեզ»: Եվ նա ասում է. «Շնորհքն ու զորությունները բարձունքից են»: Եվ նրանք շատ բարկացան ու ասացին. «Ո՛վ անարժան ու անպետք քաղաքավեր և մեր աստվածների թշնամի, քո կորուստն ու մահը հասել է, ինչպե՛ս կտաս մեզ պատասխան»: Ոնիփոտոսն ասում է. «Ինչո՞ւ եք բարկանում, աղմկում և դառնանում իմ դեմ մոլությամբ»: Եվ նրանք պատասխանում են. «Ոչ թե փոքր վնաս եղավ, այլ աստվածների կորուստ, և հարկ է ավելի սաստկությամբ բարկանալ, լալ ու կոծել»: Ոնիփոտոսն ասում է. «Ընտրեցեք հանճարեղ և իմաստուն այրերի և ամբողջ գիշերը թող դյութություններ և հմայություններ կատարեն և վիճակ գցեն ու հավաստի իմանան, թե ինչու կործանվեցին աստվածները, գուցե այլ` ավելի հզոր Աստված մարտնչեց նրանց դեմ, ու քանի որ չկարողացան ընդդիմանալ` կործանվեցին»:
Ամբողջ ժողովուրդը հավանեց Ոնիփոտոսի խրատը` ընտրեցին դյութության հմուտ այրեր, և նրանք գնացին Լիսիովնի մեհյանը, քանի որ նրա բագինը կործանված չէր, և սկսեցին դյութել ու կախարդել կեսգիշերին, վիճակ էին գցում Լուսիովնի անունով: Իսկ Ոնիփոտոսը գնաց Բագարատին պատմեց ամեն ինչ, և նա ձեռքերը երկինք պարզած աղաչեց Աստծուն, որ մոլորյալ ժողովրդին սքանչելիք ցույց տա:
Եվ բազում կանայք հավաքվեցին, շրջապատեցին մեհյանը, ծափահարելով երգում-պարում էին դյութական երգեր, իսկ մեհյանի ներսում դյութերը անում էին իրենց կախարդանքը, աղաչում էին, որ բագինը խոսի իրենց հետ: Եվ ձայն լսվեց Լուսիովն կուռքից և ասաց. «Տորոմենի քաղաքիս ո՛վ այրեր, ինձնից լսեցեք ճշմարտությունը: Այսուհետև մենք ոչինչ չենք կարող անել կամ գործել: Մինչև այժմ բոլոր զոհերն ընդունում էինք և կատարում խնդրանքները: Այժմ մենք զորություն չունենք, քանի որ խիստ տկարացանք և ոչնչացանք, որովհետև այստեղ երևաց հզորագույն Աստվածը, և Նրա ահից Փալկոն կորավ և սուզվեց անդունդը, կործանվեցին Ապողոնը և Դիան նույնպես: Եվ բոլորդ գիտցեք, որ Երեքանձնյա աստվածությունը ողորմության շնորհ ուղարկեց ձեր քաղաքը»: Աղանդավոր դյութերն ասում են. «Կա՞ ավելի հզոր աստված, քան դուք: Ասա և հայտնիր մեզ ճշմարտությունը, թե ով է ավելի մեծ աստված քան դուք և Փալկոնը»: Բագինն ասում է. «Ով ստեղծեց երկինքն ու երկիրը և ով սկզբից ստեղծեց մարդուն, այժմ գթաց իր ստեղծածներին և հրեղեն սուրը ուղարկեց ու կորցրեց Փալկոնին, խորտակեց և մյուս աստվածներին, իսկ այն մարդը, որին Ուղկանիտոսը բերեց այս քաղաքը` նրա աշակերտն է»: Եվ նրանք ասում են. «Երբ կորավ Փալկոնը, և եկանք քեզ մոտ ու հարցրինք` ինչո՞ւ մեզ չասացիր այդ»: Բագինը պատասխանում է. «Եթե ուզում եք, որ նորից մեզ զորություն գա, և լինենք առաջվա նման` ինձ զոհ մատուցեցեք իմ սիրելի Ոնիփոտոսին»: Եվ նրանք շատ ուրախացան և ոստերով իսկույն գնացին Ոնիփոտոսի տունը` ավետիս տալու նրան և ասացին. «Երանի է քեզ, որ ինչպես քեզ մեծարեցին աստվածները և փառավորեցին, կամենում են, որ դարձյալ քեզ զոհ մատուցենք և դու լինես աստված կործանված աստվածների փոխարեն, և կանգնեցնենք քո բագինը ու պաշտենք քեզ»: Երբ Ոնիփոտոսը լսեց բոթալից լուրը, որ կամենում էին իրեն սպանել և զոհ մատուցել կուռքերին, փութով գնաց երանելի Բագարատի մոտ և լալով ընկավ նրա ոտքերը: Եվ նա ասում է. «Ինչո՞ւ ես լալիս, որդյակ, մի՞թե չար լուր ես լսել և տրտմել է քո սիրտը»: Ոնիփոտոսն ասում է. «Երանի թե չար բան լիներ, և ոչ դառն մահ»: Երանելին ասում է. «Մի՛ վախեցիր, որդյակ, գնա զոհաբերության, իսկ ես կգամ քո ետևից և աստվածային շնորհով հանդիմանելով կհաղթենք Աստծու անվամբ»:
Իսկ պիղծ քուրմերը փողեր փչեցին մեծ և հնչեղ, և հավաքվեց ամբողջ քաղաքի ժողովուրդը արմավենու ոստերով` տոնի առթիվ, և գնացին միահամուռ բռնեցին Ոնիփոտոսին, որովհետև ոչ թե ուրախ էր, այլ ողբում և հառաչում էր: Մերկացրին նրան, ձեռքերը ետ կապեցին և տարան մեհյան: Եվ գլխաբաց ու բոբիկ կանգնեցրին Լիսիոսի բագինի առաջ: Եվ Ոնիփոտոսը աչքերն այսուայն կողմ դարձրեց, որ տեսնի Բագարատին ու երբ չտեսավ` ողբալով ասաց. «Վա՜յ ինձ, ինչ չար ու դառն մահվան մատնվեցի, վա՜յ ինձ, որ անդունդի խորքն ընկղմվեցի, ո՞ւր ես, հայր Բագարատ, շտապ արի, ինչպես ասացիր, որ իմ հետևից գալու և փրկելու ես ինձ: Ինձ ուղարկեցիր, իսկ դու չեկար: Արդ, օգնիր ինձ, Տեր Հիսուս Քրիստոս, որովհետև քեզ հավատացի, փրկի՛ր ինձ»: Իսկ երանելի Բագարատը Հյուպատոսին տվեց խաչը, իսկ Ագրինոսին` տերունական պատկերը, ինքը հագավ փիլոնն ու եմիփորոնը, ձեռքն առավ սուրբ Ավետարանը, գնաց այնտեղ: Եվ ամբոխի մեջ տեսան Ոնիփոտոսին Լիսիովն կուռքի առջև, մերկ, գլխաբաց և բոկոտն, ձեռքերը ետևը կապած: Եվ Բագարատը ձեռքերը դեպի երկինք պարզեց, ու աղաչեց Աստծուն և ինքը վառվեց բոցի նման, և ժողովուրդը տեսավ հրի պես վառված, և ահից ընկան գետնին երեսնիվայր, և նա նրանց վրա կնքեց տերունական Նշանով, կանգնեցրեց նրանց և ասաց բագինին. «Երդվեցնում եմ քեզ, պիղծ դև, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, փախիր այդտեղից և գնա` ուր Փալկոնն է, ծովի խորքը»: Եվ իսկույն մեծ ճայթմունք եղավ մեհյանում, և բագինը օդ բարձրացավ, ընկավ ծովը: Բոլորը խիստ վախեցան, փռվեցին գետին, և նրանց վրա խաչակնքեց և ասաց. «Մի՛ վախեցեք, քանի որ պիղծ Լիսիովնը իր դևերով իսպառ կորավ»: Եվ ժողովուրդը կանգնեց և տեսավ ահավոր սքանչելիքը, որ արեց Աստված Իր ծառա Բագարատի միջոցով: Բարձրաձայն աղաղակեցին, ասես միաբերան, և ասացին. «Օրհնյալ է Բագարատի Աստվածը, հավատում ենք Նրան, որ միակ Աստվածն է»: Եվ գնացին, արձակեցին Ոնիփոտոսին, շրջապատեցին երանելիին և ապշած նայում էին նրա երեսին: Եվ նա բարձրացավ մի բարձր տեղ, աղոթեց ամբողջ ժողովրդի համար: Եվ քուրմերը գնացին մեհյանները, հավաքեցին կուռքերի բեկորները, թափեցին ծովը և կործանեցին սեղանները: Իսկ երանելին հրամայեց փողեր հնչեցնել, և անթիվ ժողովուրդ հավաքվեց: Նրանց հետ գնացին փոքր մատուռը, որ կառուցել էր Ոնիփոտոսը: Նա հրամայեց յոթ օր մաքրվել, մկրտեց և սովորեցրեց կյանքի Բանը:
Նրանցից յուրաքանչյուրը իր տնից բերեց սպիտակ հանդերձներ, նոր և մաքուր, ինչպես նրանց պատվիրեց սուրբը, և մոմեղեն, ջահեր ու կնդրուկներ, տարավ նրանց մերձակա գետը և մկրտեց հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու: [Նրանք] քսանչորս հազար հոգի էին. վառած մոմերով նրանց հագցրեց նոր և սպիտակ զգեստ և հաղորդեցրեց Աստծու Որդու սուրբ և պատվական մարմնին և արյանը, և բոլորը, ովքեր լուսավորվեցին, տեսան Սուրբ Հոգու շնորհը` սպիտակ աղավնու նմանությամբ, իջավ ջրերի մաքրությանը ու նորից թռավ երկինք: Եվ այն քաղաքում մեծ ուրախություն եղավ: Եվ ութ օր սովորեցնում էր լուսավորյալներին և ուղարկում իրենց տները, ժողովրդի առաջ սքանչելի նշաններ էր բերում և աղոթքով բուժում էր կույրերին, խուլերին, համրերին, կաղերին ու անդամալույծներին, գոսացածներին ու դիվահարներին, ջերմոտներին ու բոլոր հիվանդներին:
Նրա համբավը հասավ կղզու բոլոր քաղաքներն ու գավառները, և գնում էին նրա մոտ, իսկ նա վարդապետությամբ նրանց բերում էր աստվածգիտության, մկրտում էր նրանց: Եվ ամբողջ կղզին դարձրեց Քրիստոսի ճշմարիտ հավատին: Եվ ամեն օր մկրտում և ուսուցանում էր նրանց: Նույնպեսև կանանց և մանուկներին մկրտում էր գետի այլ տեղում, և մկրտեց անթիվ հազարավոր մարդկանց: Եվ Տորոմենի քաղաքում մկրտեց քառասուն հազար, իսկ այլ գավառներում ու քաղաքներում` հինգ հարյուր հազար:
Ու մի օր մինչդեռ ժողովրդին ուսուցանում էր, երևաց սատանան եթովպացու նման, բազում սևադեմ դևերով, կանգնեց մի քարընկեց հեռու և բարձրաձայն ասաց. «Ո՛վ Բագարատ, ինչո՞ւ եկար, կամ ո՞վ բերեց քեզ այս քաղաքն իմ, և ինձ զրկեցիր իմոնցից, ինձնից հափշտակեցիր իմ բարեկամներին ու ընծայեցիր քո Աստծուն: Ավերեցիր իմ տները և իմ պաշտելի կուռքերը ծովը նետեցիր: Վա՜յ ինձ, սիրելիներ իմ և սպասավորներ, քանի որ դրա գալուց հետո ինձ գերի դարձրեց և իմ սիրելի Ոնիփոտոսին, որին փառավորեցի ու մեծարեցի, դարձրեց իմ թշնամին»:
Եվ երբ լսեց երանելի Բագարատը` ասաց ժողովրդին. «Իմացեք, որդյակնե՛ր իմ, որովհետև եկաք Քրիստոսի կոչմանը` սատանան կրճտում է իր ատամները մեր դեմ և ինչպես առյուծը դարանից` գոչում է մեզ [վախեցնելու]: Բայց, որ զինվորագրվել եք Քրիստոսի գնդին` արիաբար մնացեք ընդդեմ թշնամու»: Եվ ժողովրդին հրամայեց դառնալ արևմուտք, սատանայի դեմ և ասաց. «Թքեք նրա երեսին»: Եվ երբ թքեցին, ասաց. «Երեք անգամ հրաժարվեցեք սատանայից»: Եվ երբ հրաժարվեցին` սրած հրեղեն նետեր երևացին և հալածեցին սատանային դևերի հետ ու անհետացրին: Եվ հրամայեց ժողովրդին դառնալ արևելք ու երեք անգամ ասել. «Խոստովանում ենք Քրիստոսին` ճշմարիտ Աստծուն»: Եվ համբուրեցին Ավետարանը, տերունական պատկերն ու խաչը և Սուրբ Հոգով լցված մեծ ուրախությամբ գնացին իրենց տները` լուսավորիչ Բագարատից լուսավորված: Իսկ սուրբ Բագարատը Ագրինոսին` քահանա, իսկ Ուղկանիտոսին սարկավագ ձեռնադրեց, և Ոնիփոտոսին ասաց. «Իմ մահից հետո Ագրինասին ուղարկիր Հռոմ` սուրբ Պետրոս առաքյալի մոտ, ուր նրան կձեռնադրի եպիսկոպոս` իմ փոխարեն, իմ աթոռին և այս քաղաքին»: Եվ դարձավ Ագրինոսին ու ասաց. «Որդյա՛կ, ինչպես ինձ տեսար և սովորեցիր, նույնպես դու հովվիր Քրիստոսի նոր հոտն այս»:
Սուրբ Բագարատի մահվան մասին
Քաղաքում կար մի հարուստ մարդ, որի անունը Արտագորոն էր: Սատանան կապեց նրան, և միայն նա էր գաղտնի պաշտում կուռքերին: Պատրաստեց փոքրիկ արձաններ և իր մոտ թաքցրած պահում էր, և ամեն ժամ մոլում էր իր մտքում և սպառնում Քրիստոսի քահանայապետ սուրբ Բագարատին: Ու մի օր երանելիին մենակ գտավ, որ աղոթում էր: Հանեց սուսերը և սպանեց ամենագովելի սուրբ Բագարատին. հուլիս ամսի 14-ին, և փախավ իր տունը, որ ոչ ոք չիմանա: Բայց Աստված անմիջապես հայտնեց Ոնիփոտոս իշխանին: Նա բռնեց անօրեն Արտագորոնին, ձեռքերը ետևը կապեց և այնքան ծեծեց արջաջիլով լանջն ու թիկունքը, մինչև քայքայվեց ամբողջ մարմինը: Եվ հրով այրեց գլուխն ու մորուքը և սևացրեց երեսը, առավ իր սուրը, նրան սպանեց սրով, կտրեց նրա գլուխը ու ծովը նետեց, իսկ մարմինը հրամայեց գցել շներին ու ագռավներին: Եվ արծաթե տապան պատրաստեց, մեծ պատվով ու անուշահոտ խնկերով, մաքուր կտավով պատեց պատվական մարմինը ու դրեց արծաթե տապանը և վրան կառուցեց գեղեցիկ մատուռ սուրբ Բագարատի անունով: Եվ Ագրինոս քահանան սրբի հրամանի համաձայն ուղարկվեց Հռոմ` Պետրոս առաքյալի մոտ, և բոլորը պատմեց մեկ առ մեկ: Եվ [առաքյալը] ձեռնադրեց նրան եպիսկոպոս, նա վերադարձավ Տորոմենի, սուրբ Բագարատի փոխարեն նստեց աթոռին: Իսկ Ոնիփոտոսը մինչև իր մահը ծառայում և սպասավորում էր եկեղեցուն և տապանին: Եվ սուրբը բարեխոս էր առ Քրիստոս ոչ միայն Սիկիլիա կղզուն, [այլև նրանց,] ովքեր կատարում են սրբի հիշատակը փառավորելով ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.