Յուրաքանչյուր մարդու լույս աշխարհ գալը մի նոր կյանքի նորամուտ է: Մանկան ծննդյանը նախորդում է ցավն ու երկունքի հառաչանքը, սակայն նորածնի լույս աշխարհ գալով փայլատակում է բերկրանքն ու ուրախությունը, և նրա շուրջը հավաքված մարդկանց մեջ հարց է առաջանում, թե այդ մանուկն ինչպիսի կյանք կունենա, ինչպես ասում է ռուս հոգևորական Անտոն Սուրոժսկին: Ահա այդ հարցադրումը, թե ինչպիսի կյանքի իմաստավորում կունենա ամեն նորածին, առաջին իսկ օրվանից արդեն հայտնի է Աստծուն, և Նա սպասում է այն օրվան, երբ լույս աշխարհ եկած մարդն իր ազատ կամքով կընդունի աստվածային նախախնամության կողմից երկնային տաճարում իր համար պահված առաքելությունը, որն անանց օրհնությամբ և ավետիսով պիտի տրվի այն մարդուն, որը խոնարհությամբ և հավատով ընդունելու է Երկնավոր Հոր պարգևը՝ Նրա կամքն իրագործելու այս աշխարհում և համագործակից դառնալու Արարչի արարչագործության հարատև ծաղկմանը: Սուրբ Մարիամի ծննդյան օրն այսպիսի խորհրդի իրագործման սկիզբն էր, որովհետև Աստված գիտեր, որ նա հետագայում առանց կասկածանքի ու վարանելու ընդունելու էր Գաբրիել հրեշտակապետի բերած ավետման պատգամն ու լուրը:
Այն հավատի և աստվածային անխախտ խոստման խորհրդի բողբոջն է, որն իբրև եդեմական անկրկնելի վարդ պիտի բացվեր ու փայլատակեր խավարով պատված աշխարհի մեջ՝ բերելով մարդկության փրկության բերկրանքն ու ավետիսը: Այս առումով կաթոլիկ հոգևորական կարդինալ Մինձենտին ասում է. «Երբ ծաղկահյուս խաչ եմ տեսնում, ամեն անգամ ինքս ինձ ասում եմ՝ ահա կնոջ կյանքի խորհրդանշանը: Նրա կյանքն ու կոչումը նման են միաժամանակ և՛ վարդի, և՛ խաչի»:
Մարդկության պատմության բեկումնային առաջին շրջադարձը Եդեմի պարտեզում, ինչպես արձանագրված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում, եղավ ոչ թե տղամարդու, այլ կնոջ միջոցով, և մահը թագավորեց մարդկության վրա: Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Ժո Քրուասան նշում է. «Սատանան կնոջն ավելի է նախանձում, քան տղամարդուն, որովհետև կնոջ առաքելությունն է կյանք լինել, կյանք տալ՝ մարդ աշխարհ բերելով: Սա նշանակում է, որ կինը առանձնահատուկ կերպով և խորագույնս է մասնակցում Աստծու ծրագրին: Օձը հասկանում է, որ այդ ծրագրի կատարումը կարելի է խափանել կնոջը կործանելով միայն, անելով այնպես, որ նա այլևս չկարողանա կյանք տալ»: Այդուհանդերձ հենց Եդեմի պարտեզում էլ ազդարարվեց աստվածային մարգարեության փրկության հույսը, որ Եվայի սերունդը պիտի ջախջախի օձի գլուխը: Ժո Քրուասան գրում է. «Բայց այն, ինչ անեծք է կարծվում թե՛ տղամարդու, թե՛ կնոջ համար, Աստված դարձնում է կորուսյալ դրախտի վերագտնման միջոց: Մարդիկ իրենց կտրել են հավերժությունից, և Տերը նրանց ցույց է տալիս Կյանքի ճանապարհը, բայց այդ ճանապարհը թե՛ կնոջ, թե՛ տղամարդու համար անցնում է տառապանքների միջով, և Աստված ամեն մեկին բացահայտում է նրա կոչման իմաստը և պատրաստում է փրկագնման, զոհաբերման. տղամարդու համար այդպիսի զոհաբերություն են դառնում նրա տանջանքներն այս աշխարհի ծանր անդաստանում, կնոջ համար՝ երկունքի ցավերը, կյանք փոխանցելը»:
Մարդկության նախահորն ու նախամորը տրված խոստումն ու հույսը մեծ սպասումով ձգվեց մինչև Սբ. Մարիամ Աստվածածնի աստվածընտրյալ ծնունդը, ով պիտի դառնար Եդեմի պարտեզում տրված փրկության խոստման մայրության առաքելության այն անձը, որը լույս աշխարհ պիտի բերեր մարդկության Փրկչին: Արդ, Աստված վերականգնեց կնոջ կատարյալ կոչումն ու առաքելությունը սբ. Կույսի մայրության միջոցով՝ մարդկանց համար բերելով հավիտենական կյանք Հիսուս Քրիստոսով: Ուստի համաքրիստոնեական և համամարդկային կարևորագույն տոներից է Սուրբ Աստվածածնի ծննդյան հիշատակությունը, որը Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է սեպտեմբերի 8-ին: Սուրբ Աստվածածնի ծննդյան մասին Աստվածաշնչում նշված չէ, այլ սրբազան ավանդության միջոցով ենք տեղեկանում, որ նրա ծնողները՝ Հովակիմը և Աննան, փափագում էին երեխա ունենալ, սակայն երկար ժամանակ չէին ունենում: Բայց Աստծու հանդեպ նրանց հավատքը և հոգևոր կյանքը տալիս են բաղձալի սպասված հույսը, և նրանք ունենում են Մարիամին, որ նշանակում է լուսավորյալ: Արդ, ինչպես ասվում է «Կնոջ կոչումը, կամ սրտի քահանայություն» գրքում՝ մեր աղոթքի և Աստծու պատասխանի միջև հոսում է հավատի փորձության ժամանակը: Սպասելով Տիրոջ պատասխանին՝ մենք պետք է մնանք Նրա լույսի մեջ՝ հիշելով Նրա խոսքը՝ հավատացեք, որ ստանաք:
Կնոջ դերը հավատի այս վերընձյուղման գործում անգնահատելի է: Երկնավոր Հայրը Իր դստերն է վստահել մարդկության համար բարեխոսելը և ավելին՝ Նա կնոջ համար, Աստվածամորից հետո, տեղ է պատրաստել՝ իբրև հավատի պահապանի: Սուրբ Մարիամը կատարյալ պատկերն է կնոջ, որին Աստված մտահղացել է աշխարհի սկզբից: Նրանում բացվում է կնոջ կոչման ողջ գեղեցկությունը: Խաչի վրա նրա Որդին իր Անձը որպես ընծա է բերում. այսպես է Երկնավոր Հայրը փրկում մարդկությանը: Հոժար լինելով այս Խաչընծային՝ Աստվածածինը, Մայրը և Կինը մասնակցում է փրկության գործին: Խաչի վրա կատարվում է զոհաբերությունը Նոր Ադամի, ով դառնում է Նոր Ուխտի քահանայապետը: Եվ, կանգնելով Խաչի մոտ, նոր Եվան՝ Կույս Մարիամը, առանձնահատուկ, խորհրդավոր ձևով մասնակից է լինում այդ զոհին: Նրա տառապող սիրտն իր կատարյալ տրվածությամբ միասնական է Աստծու հետ: Եվ Խաչի մոտ Սբ. Մարիամը դառնում է Գթության Մայր, մարդկության համար Աստվածային ողորմածության միջնորդ:
Հովհաննես Մանուկյան