13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Օվսաննա ի բարձունս, ալէլուիա, օրհնեալ, եկեալ անուամբ Տեառն, ալէլուիա»: (Շարական)
Սիրելի հավատացյալներ,
Այսօր ողջ աշխարհը կտոնե Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այսօրվա տոնը հայոց համար ունի յուրահատուկ անուն մը, և ողջ Քրիստոնյա Եկեղեցին այսօրվա տոնը կանվանե Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, սակայն մեր Սրբազան Հայրերը զայն անվանած են Ծաղկազարդ: Ինչո՞ւ. որովհետև մեր նախնիները կապ մը գտած են Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի և բնության զարթոնքի հետ:
Ծաղկազարդ է այսօր, ողջ բնությունը վերակենդանացում կապրի՝ դիմավորելու համար իր Արարչին՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Բազում տարիներ առաջ խաղաղատենչ և աստվածավախ մարդիկ կսպասեին այս պահուն, երբ պիտի գար Մեսիան՝ Փրկիչը, փրկելու համար իրենց, առնելու և տանելու իրենց Իր հետ նստեցնելու համար Երկնավոր Հոր աջակողմը: Այսօր բնության հետ զարթոնք և վերածնունդ կապրի նաև քրիստոնյայի հոգին: Հոգին, որ վրդովյալ և խռովյալ վիճակեն դուրս գալով Քրիստոսի կողքին կգտնե իր խաղաղությունն ու անդորրությունը, փառաբանելու համար իր հոգիի խորքեն և սրտով կաղաղակե՝ ըսելով. «Օրհնյալ է Ան, որ կուգա Տիրոջ անունով»:
Այսօր Քրիստոսի հաղթական մուտքի օրն է Երուսաղեմ, Քրիստոսի հաղթական մուտքով ան հրաժեշտ կուտար մարդկության, որովհետև մի քանի օրեր ետք պիտի ձերբակալվեր, տարվեր դատարան, չարչարվեր և ապա խաչ բարձրացվեր: Քրիստոսի հաղթական մուտքով Երուսաղեմ այսօր հեղաշրջում մը տեղի կունենա մարդու հոգիեն ներս: Հեղաշրջում մը, որու հաջողությունը չէր պայմանավորված ո՛չ պատերազմով և ո՛չ ալ արյունահեղությամբ: Այդ հեղափոխությունը տեղի կունենար խաղաղությամբ, անշուշտ, եթե մարդը հավատար Քրիստոսին և Անոր Ամենակարող զորությանը: Քրիստոս Իր հաղթական մուտքով Երուսաղեմ Իր հետևորդների հոգիները կազնվացնե և կբյուրեղացնե: Քրիստոս Իր հաղթական մուտքով Երուսաղեմ հետևորդներուն հնարավորությունը կուտա հետևելու Իրեն՝ երթալու համար դեպի հավիտենականություն: Քրիստոս Իր հաղթական մուտքով կհասնի Իր փառքի գագաթնակետին: Փառք մը, որուն ականատեսը կըլլան բոլոր ներկաները: Մարդը կտեսնի իր առաջին փառավորվիլը, փառք մը, որ Քրիստոս Աստված միայն կրնար ունենալ, փառք մը, զոր Քրիստոս ուներ Իր հետ, որ մարմին զգեցավ և աշխարհ եկավ փրկելու համար Իր իսկ ձեռքով ստեղծված մարդ արարածը:
Այսօր աստվածային փառքը, զոր Քրիստոսով կուգա աշխարհ, կհայտնվի մարդ արարածին: Ան հնարավորություն կունենա իր մահկանացուի աչքերով տեսնելու այդ մեծ փառքը: Երուսաղեմ քաղաքի մեջ Աստված ոչ միայն մարդացած երևաց մարդուն, այլ այնքան պարզվեցավ, որ տեսանելի դարձավ բոլորի կողմեն: Քրիստոս Երուսաղեմ կուգար Բեթանիայի կողմեն, Բեթանիա, որ կթարգմանվի արմավենիների տուն կամ արմավենյաց քաղաք, որպեսզի ծաղկած, գարնան ծնունդ առած արմավենիներով հաղթական մուտք գործեր հավերժ ծաղկած Երուսաղեմի տաճարեն ներս:
Քրիստոս երբ կուգար Երուսաղեմ, ուխտավորներու ամբոխի մեկ մասը իր ձեռքին ուներ արմավենյաց ճյուղեր, իսկ մյուսը՝ ձիթենյաց, կուղեկցեին Անոր՝ հասնելու համար ուխտատեղի: Կարծեք՝ այդ ամբոխը քայլող անտառ մը ըլլար: Անոնք, ունենալով իրենց ձեռքին բնության պտուղը, կհրամցնեին իրենց արարչին՝ ըսելով. «Զքոյս ի քոյոց Քեզ մատուցանեմք»: Ահա այդ վայրկյանին ողջ աշխարհը կգիտակցեր ու կհավատար, որ այն ավանակի վրա նստողը մարդ և մահկանացու մը չէր, մահկանացու մարգարե մը չէր Ան, որուն կհետևեին, այլ Մեսիան, Փրկիչը, որ մարմին հագած հաղթական մուտք մը կգործե Երուսաղեմեն ներս: Ասոր համար է, որ ժողովուրդը կհետևեր Իրեն: Նույն Ինքը Մեսիան էր, Որուն գալով կատարվեցան մարգարեներու մարգարեությունները:
Երուսաղեմ մուտքով օրենքներու և բոլոր մարգարեներու լրումն է, որ տեղի կունենար: Ամբոխը բոլորն ալ անխտիր այս գիտակցությամբ և հավատքով է, որ կերգեին մեծ մարգարեի մարգարեությունը, թե` ուրախ եղիր, դուստր Սիոնի, զվարճացիր, Երուսաղեմ, ահա թագավորդ կուգա քեզի, արդար ու փրկիչ, հեզ ու խոնարհ:
Ծաղկազարդ է այսօր, Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Շուրջ երկու հազար տարիներ առաջ մարդը ականատես կըլլար այս բոլորին: Այսօր մարդ արարածին, սակայն, առիթ մը ևս կտրվի, հնարավորության դուռ մը կբացվի անոր առջև, որպեսզի մարդը վերանորոգե իր ուխտը, զոր Աբրահամ, Իսահակ և Հակոբ և անոնց բոլոր արդար զավակները կնքեցին Աստծո հետ:
Ծաղկազարդը ուխտի օր մըն է մեզ բոլորիս համար: Այսօր մենք որպես քրիստոնյա, երբ կդիմավորենք Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, մեզի ալ կտրվի այդ հնարավորությունը նորոգելու մեր ուխտը Աստծո հետ և այդպիսով այդ ուխտով մասնակցելու, ականատեսը ըլլալու այս սրբազան դեպքերուն, որոնք տեղի պիտի ունենան գալիք օրերուն, և երբ ականատեսը ըլլան, կլսեն հրեշտակի ձայնը, որ կուգար ավետելու՝ ըսելով. ինչո՞ւ կփնտրեք Անոր հոս, որովհետև չէ աստ, այլ հարություն առած է:
Սիրելի հավատացյալներ, պահն է վերանորոգելու մեր ուխտը Աստծո հետ, որպեսզի արդարացած, մաքրված և բյուրեղացած հոգիներով միացնենք մեր սրտի ձայները սաղմոսերգուին և ձայնակցելով անոր՝ փառաբանենք Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ՝ միաբերան գոչելով. «Օվսաննա ի բարձունս, ալէլուիա, օրհնեալ, եկեալ անուամբ Տեառն ալէլուիա»: Ամեն:
Տ. Արարատ եպս. Գալթագճյան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում Ծաղկազարդի տոնին մատուցված Ս. Պատարագին, 1 ապրիլի 2007 թ.)