Ծառայասիրության շուրջ համախմբված համայնքը

Եկեղեցու հայրերի իմաստուն կարգավորությամբ Մեծ պահքի ապաշխարության շրջանն ամեն տարի համընկնում է բնության զարթոնքի և ծաղկունքի, հողի հերկման և մշակման շրջանին, նպատակ ունենալով յուրաքանչյուրին հիշեցնել, որ հոգու գարնանային ծաղկունքին և պտղաբերությանը նույնպես պետք է նախորդի հոգու անդաստանի հերկումն ու մշակումը: Հոգու գարնանային ծաղկունքի այս շրջանին, Սբ. Հարության տոնին ընդառաջ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները, հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրենց հոգիների անդաստաններից ներս կատարվող աշխատանքների ընթացքում կարևորում են իրենց նմանին ձեռք մեկնելու ծառայությունը:

Մարտի 14-ին համայնքի հերթական ծառայությունն ուղղված էր Քարամյան ընտանիքին, որ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ջիվանու փողոցի 65-րդ տանը: 63-ամյա Քարամյան Ժուլետան իր աղջկա՝ 41-ամյա Թադևոսյան Լուսինեի և թոռնիկի՝ 12-ամյա Թադևոսյան Արթուրի հետ ապրում են սուղ պայմաններում: Երկու փոքր և խոնավ սենյակներից բաղկացած տունն անընդհատ խոնավանում է տան կտուրի անսարքության պատճառով: Թե՛ մայրը և թե՛ դուստրն ի վիճակի չեն աշխատելու. տիկին Ժուլետան առողջական խնդիրների, իսկ դուստրն էլ երկրորդ կարգի հաշմանդամ լինելու պատճառով: Այժմ նրանք երկուսն էլ վիրահատության խնդիր ունեն: Հաշմանդամության և նպաստի գումարներով ընտանիքը փորձում է վճարել ամենամսյա պարտքերը: Տիկին Ժուլետան և նրա դուստրն ամեն ինչ անում են, որ փոքրիկ Արթուրը, առողջ միջավայրում մեծանալով, լավ կրթություն ստանա: Արթուրը շատ է սիրում նկարել, նա մեծ ոգևորությամբ Տեր Գրիգորին և համայնքի մյուս անդամներին ներկայացնում էր իր նկարները, որոնք վկայում էին նրա վառ և գունեղ աշխարհը:

Ընտանիքի հետ զրույցից հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց համայնքի կողմից տրամադրած հիգիենիկ և անկողնային պարագաներ, սննդի փաթեթներ ու դրամական օգնություն:

«Պետք է հոգալ, որ հոգուց ներս կատարվող աշխատանքների արդյունքները լինեն այն պտուղները, որոնք փնտրում է մեր մեջ մեր Տերը, այն պտուղները, որոնց համար Նա մեզ ստեղծեց և բերեց Իր Եկեղեցի, իսկ ակնկալվող պտուղները քրիստոնեական առաքինություններն են` սերն Աստծո ու մարդկանց հանդեպ, գթությունը, արդարամտությունը, խոնարհությունը, մեծահոգությունը, արիությունը և այլն»,- ասաց Տեր Գրիգորը: Ապա նշեց, որ մեր երկրային կյանքը տրվել է մեզ, որպեսզի մենք Աստծուն բերենք արդարության ու քրիստոնեական կատարելության պտուղները և ուրախացնենք Տիրոջը` մեր առաքինի կյանքի պտուղներով:

 

Կարինե Սուգիկյան

14.03.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․