26 Նոյեմբեր, Գշ
Ծես բառը վրացական ծագում ունի և, ըստ Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանի, նշանակում է կարգ, կանոն, սովորություն, եկեղեցական ծես, եկեղեցական արարողությունները կատարելու սահմանված կարգը: Ծես բառին համազոր է արարողություն բառը:
Ծիսագիտությունը եկեղեցական արարողություններ կատարելու համար սահմանված կանոնի գիտությունն է, օրինակ, ցույց է տալիս, թե ինչ է երախա (այսինքն` չմկրտված անձ) մկրտելու կանոնը և ինչպես պետք է կատարել:
Ծիսական մատյաններն ինն են`
1. Ավետարան,
2. Ժամագիրք,
3. Խորհրդատետր կամ Պատարագամատույց,
4. Շարակնոց,
5. Ճաշոց,
6. Հայսմավուրք,
7. Գանձարան,
8. Տոնացույց,
9. Մաշտոց:
1. Չորս Ավետարանները ծիսական գրքեր չեն, բայց ընթերցվածների դասավորումով ծիսականանցված են:
2. Ժամագիրքը հիմնականում ներկայացնում է ժամերգությունների աղոթքները, քարոզները, երգերը:
3. Խորհրդատետրը կամ Պատարագամատույցը ներկայացնում է Պատարագիչ հոգևորականի բարձրաձայն և ծածուկ ասվող աղոթքները, սարկավագների քարոզները, դպրաց դասի երգեցիկ պատասխանները:
4. Շարակնոցը շարականների` եկեղեցական տոների, արարողությունների առիթներով երգվող երգերի ժողովածուն է: Ենթադրվում է, որ շարական բառը շարք կամ շարան բառից է՝ երգերի շարան, երգաշար իմաստով:
5. Ճաշոց գիրքը պարունակում է ամենօրյա սուրբգրական ընթերցվածքները` ըստ սահմանված հերթականության: Ճաշոցը տերունի (Տիրոջը նվիրված) տոների տարեկան տոնակարգի սահմանումն է` համապատասխան ընթերցվածներով, ներառում է նաև հատվածներ եկեղեցական հայրերի մատենագրական ժառանգությունից:
6. Հայսմավուրքում բովանդակված են սրբերի վարքերը: Անվանումը գալիս է ամեն վարքից առաջ սկսվող բառերից, օրինակ` հայսմ ավուր (այսինքն` այս օրը) տոնն է այսինչ սրբի: Նախկինում Հայսմավուրքից ընթերցվում էր օրվա սրբի վարքը ժամերգությունից առաջ: Հիմա Հայսմավուրքից սրբերի վարքեր կարդացվում են Երուսաղեմում երեկոյան ժամերգությունից առաջ:
7. Գանձարանը բովանդակում է եկեղեցական հատուկ երգեր, որոնք կոչվում են գանձեր և նվիրված են եկեղեցական հանդիսավոր տոներին: Գանձը հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր է, անվանումը գալիս է Սուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից, որոնց տների սկզբնատառերը կազմում են գանձ բառը:
8. Տոնացույցը ցույց է տալիս եկեղեցական տոների կարգը, հերթականությունը:
9. Մաշտոցները լինում են երեք տեսակի` Փոքր Մաշտոց, Մայր Մաշտոց և Հայր Մաշտոց: Մշտոց անվանումն այս ժողովածուն կարգավորած և խմբագրած Մաշտոց Եղիվարդեցի Կաթողիկոսի (897 - 898) անունով է: Փոքր Մաշտոցը պարունակում է քահանայի կողմից կատարվող արարողությունների կարգը, Մայր Մաշտոցը պարունակում է Փոքր Մաշտոցի արարողությունները, ինչպես նաև եպիսկոպոսներին վերապահված ձեռնադրություն կամ տվչություն, օծում, պղծյալ եկեղեցիներ սրբելու, պատկերներ օրհնելու և օծելու, քահանայաթաղի կանոններ: Հայր Մաշտոցը պարունակում է կաթողիկոսներին վերապահված կանոններ` ձեռնադրության և օծման (եպիսկոպոսի), մյուռոնօրհնության, թագավորի օծման:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից