Վախի դեպքում բացակայում է հավատը

Մարդկային կյանքի հորձանուտում բազմաթիվ վտանգներ և մտավախություններ են առաջ գալիս, որոնց դեմ մարդիկ տարբեր կերպով են փորձում պաշտպանվել: Մարդը վախենում է փորձանքից, որ հնարավոր է իրեն պատուհասի, բարեկամի հիվանդությունից, աշխատանքի ազատումից, տնտեսական ճգնաժամից։ Վախենում է, որ երեխաները կմեծանան անուսում, անօգնական, որ տղային բանակ կտանեն: Վախենում է վնասակար հավելումներով սննդից, փողոցում տեղի ունեցող հանցագործություններից, իշխանության որոշումներից, աշխարհի վերջից: Եթե երեխան գնացել է դպրոց, որևէ խմբակ կամ բակ, ապա ծնողը մտահոգվում է, որ որևէ բան չպատահի նրան: Եթե օրն իր հետ ոչ մի վախ չի բերում, ապա այն լրացնում են օրվա նորությունները՝ ահազանգող պատերազմներով և բազմաթիվ այլ դժբախտություններով:

Մարդը թույլ և անկատար լինելով՝ ենթակա է կրքերի, հիվանդությունների և վախերի: Սիրո դեմ ուղղված վախը մարդու թշնամին է։ Այն խորամանկ է և վտանգավոր։ Որպես հոգու անբուժելի հիվանդություն՝ փորձում է տարածվել, եթե ժամանակին չկանխվի նրա ընթացքը:

Վախի մեջ գտնվողը, անօգնական վիճակում հայտնվելով, սկսում է չվստահել, չարանում է՝ մտածելով միայն իր մասին: Բոլոր այս դեպքերում վախը սկսում է մարդուն կառավարել, թելադրել՝ զրկելով ազատ գործելու հնարավորությունից: Աստծու կամքին վստահելու փոխարեն, մարդը տրվում է անորոշ վիճակներին, դժվարություններին, դադարում է կյանքը կառուցել իր ցանկությունների և համոզմունքների հիման վրա՝ բազմաթիվ փակուղիներ ստեղծելով իր ճանապարհին: Ներկայով ապրելու փոխարեն՝ մարդ իր բոլոր գործերը թողնում է կարծեցյալ բարենպաստ «հետո»-ի վրա, որը կարող է և երբեք չլինել: Իսկ ծնողի վախը երեխայի համար խանգարում է, որ երեխան ունենա անձնական և հոգևոր զարգացում:

Հնարավո՞ր է, որ նման վախերը քրիստոնյայի միտքն ու հոգին գրավեն: Հավատը օգնո՞ւմ է վախի դեպքում կամ ի՞նչ անել, եթե մարդը հավատավոր է, բայց վախենում է:

Ակնհայտ է, որ վախն անհամատեղելի է հավատի, Աստծու հանդեպ վստահության և ապավինության հետ: Բայց և միևնույն ժամանակ քրիստոնյան չի էլ կարող ընդհանրապես անվախ լինել: Պարզ է, որ եթե կա իր կամ հարազատի կյանքին սպառնացող իրական վտանգ, ապա անխուսափելի է դառնում վախը: Բայց և վախից դուրս գալու հստակ ճանապարհներ կան քրիստոնյայի համար՝ հավատ, աղոթք: Իսկ վախից ձերբազատվելու համար պետք չէ շտապել «վախ չափողի» մոտ, այլ գնալ եկեղեցի՝ մասնակից լինելու վախի դեմ աղոթքին: Վախը թերահավատության արդյունք լինելուց բացի, իր երկարատևությամբ կարող է վերածվել սթրեսի, դեպրեսիայի և մի շարք հիվանդությունների:

Քրիստոս ասել է. «Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստյան մատնել հոգին և մարմինը» (Մատթեոս 10:28):

Ահա, թե ինչ ասաց Քրիստոս Իր առաքյալներին, որ վախեցել էին: Մատթեոսի Ավետարանի 8-րդ գլխում կարդում ենք, որ երբ առաքյալները Քրիստոսի հետ նավակում էին, ուժեղ փոթորիկ սկսվեց՝ նավակը խորտակելու աստիճանի: Այդ ժամանակ Քրիստոս ննջում էր, և առաքյալները մեծ վախի մեջ արթնացրին Նրան՝ ասելով. «Տե՛ր, ազատի՛ր մեզ, ահա կորչում ենք» և լսեցին հետևյալը՝ ինչո՞ւ եք այդքան վախենում, թերահավատնե՛ր: Հիսուս նրանց փոխանցեց Իր հանգստությունը, հանդարտվեց փոթորիկը և տիրեց կատարյալ խաղաղություն:

Երբ Հիսուս քայլում էր ջրի վրայով, Նրա թույլտվությամբ Պետրոսն էլ քայլեց, բայց այնքան ժամանակ, քանի դեռ իր հայացքն ուղղել էր Քրիստոսին: Երբ Պետրոս առաքյալը նայեց փորձությանը, սկսեց վախենալ և անմիջապես սուզվեց: Ապա, երբ իր հայացքը նորից ուղղեց Քրիստոսին, օգնություն խնդրելով, լսեց՝ թերահավա՛տ ինչո՞ւ կասակածեցիր: Քրիստոս Իր առաքյալներին պարգևեց Իր լռությունն ու խաղաղությունը, հանդարտվեցին թե՛ նրանք, թե՛ քամին և թե՛ ալիքները: Այսպիսով, երկու մեծ հրաշք տեղի ունեցավ․ ըստ բնության օրենքի՝ ալիքները միանգամից չէին կարող հանդարտվել, և առաքյալները մեծ հանգստություն գտան, քանի որ նրանց անհանգստությունն ավելի ուժեղ էր, քան փոթորիկը: «Քա՛ջ եղեք, ես եմ, մի՛ վախեցեք» առաքյալներին ուղղված՝ Քրիստոսի քաջալերող այս խոսքերն բոլոր ժամանակների բոլոր մարդկանց է ուղղված: Ներքին վախը հաղթահարելու համար պետք է լցվել Սուրբ Հոգով. «Աստված մեզ Իր Հոգին տվեց, որպեսզի հաղթահարենք մեր վախկոտությունը, զորանանք, լցվենք սիրով և զգաստ մի կյանք վարենք» (Բ Տիմոթեոս 1:7):

Հարկ է չմոռանալ, որ ամենամեծ Պահապանն Ինքն Աստված է` Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը և առանց Նրա սուրբ կամքի մեր գլխից մի մազ անգամ չի ընկնի (Մատթեոս 28:20, Ղուկաս 21:18):

Նրանից պետք է երկյուղել, այլ ոչ թե վախենալ

«Աստված պապիկը կպատժի»․ որոշ ծնողներ իրենց երեխային այս կերպ են փորձում հնազանդեցնել, կան մարդիկ էլ, որ հավատի մեջ իրենց առաջին քայլերը վախից ելնելով են կատարել: Սովորաբար, երբ մարդ հավատի ուղիով ընթանալիս, ծանոթանում է Աստվածաշնչի և եկեղեցու հայրերի գրվածքներին, նրա համար պարզում է, որ ոչ թե պետք է վախենալ Աստծուց, այլ երկյուղել: «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Սաղմոս 110:10): Սբ. Անտոն Մեծն ասել է. «Լույսը, թափանցելով մութ սենյակ, փարատում է և լուսավորում այն: Այդպես էլ Աստծու երկյուղը թափանցելով մարդու սիրտ՝ փարատում է խավարը՝ այն լցնելով իմաստությամբ և առաքինությամբ»:

«Աստծու հանդեպ երկյուղել չի նշանակում վախենալ Նրանից, ինչպես, օրինակ, կվախենայինք կայծակից: Աստծու հանդեպ երկյուղը Նրան կորցնելու, ինչպես նաև լիարժեքության, հավիտենության և երանության զգացումները կորցնելու վախն է, կորցնել երկար ժամանակով կամ ընդմիշտ, ահա, թե ինչից պետք է վախենալ» (Ալեքսանդր Մեն):

Աստծու հանդեպ երկյուղը այն ամենակարևոր զգացումն է, որ կարող է ունենալ քրիստոնյան: Եկեղեցու հայրերից սբ. Իսահակ Ասորին նշել է, որ Աստծու հանդեպ երկյուղը բարեգործության սկիզբն է. «Քաջալերվի՛ր, քո ճամփորդության հիմքը դնելով Աստծու երկյուղը և կարճ ժամանակ հետո կհայտնվես Երկնային Թագավորության դարպասների մոտ…»: Խորհելու առիթ է տալիս նաև սբ. Պիմեն Մեծը. «Խոնարհության և Աստծու հանդեպ երկյուղի կարիքն այնքան ունենք, որքան որ շնչառության․… Սկիզբը և վերջը հոգևոր կյանքի Աստծու հանդեպ երկյուղն է»:

 

Կարինե Սուգիկյան

 

22.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․