Ս. Զատկից մինչև Համբարձում ընկած ժամանակահատվածը Հայ եկեղեցին կոչել է «Քառասունք յարութեան»: Այս օրերին Քրիստոս Իր աշակերտների հետ անցկացրեց, և այս շրջանի ամեն մեկ օրը կիրակի է, քանի որ երգվում են կիրակի օրերին հատուկ շարականներ:
Ս. Հարության փառաբանությանը նվիրված այս ժամանակաշրջանում՝ մայիսի 4-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ուխտի մեկնեց Գեղարդավանք: Ուխտավորները կրկին անգամ փառաբանեցին մահվանը հաղթահարած և հարուցյալ Փրկչին, քանի որ առանց Քրիստոսի հարության ոչ միայն կյանքն իր իմաստը կկորցներ, այլև՝ Փրկչի բարոյական ուսուցումները: Քրիստոսի հարությունը յուրաքանչյուր քրիստոնյայի համար հավիտենական կյանքի սկիզբն է: Ուխտավորների միասնական աղոթքն էր առ Տեր, որ զորացնի Հայոց ազգը դեպի հավիտենություն տանող ճանապարհին, որ անհավատների սրտում հարություն առնի հավատը և հարուցյալ Փրկչի ողորմությամբ Հայոց ազգը զորանա մեղքի և չարի դեմ պայքարում:
«Քառասունք յարութեան» շրջանում «Զորավոր արանց» միության անդամների աղոթքի ուղին և վաղ միջնադարյան սրբավայրում հնչեցված միասնական աղոթքը հարության ուրախություն պարգևեց նրանց, քանի որ Ս. Զատիկը բացառիկ ուրախության մի տոն է, մահվան և ամեն տեսակի փորձության ու վշտի դեմ հաղթանակի տոն:
«Վախը հաղթել իմացող մարդն ու ազգն են, որ արժանի են Քրիստոսի հարության: Հիմա որպես «որդիք լուսոյ և որդիք տունեջեան» գիշերվանից հետո կարողանանք ցերեկվան նայել և լցվել հարութենաշունչ զորությամբ, որ մեզ կմղի մահից դեպի կյանք, կյանքից դեպի առավել կյանք և դեպի հավիտենություն»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը:
Կարինե Սուգիկյան