Վարագա Սուրբ Խաչ

 Վարագա Սուրբ Խաչ|Varaga Surb Khach

Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

Այսօր Խաչվերացի երրորդ կիրակի օրը մենք նշում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը, որը միայն հայոց եկեղեցին է, որ տոնում է: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես մեզ` հայերիս համար և մեր եկեղեցական հայրերը հենց դա են ընդգծում շարականի միջոցով.  «Ով Քրիստոս քո աստվածութեանդ անճառելի լոյսը այսօր ծագեցիր խաչի վրա որ Վարագ լերան վրա է. օրհնեալ ես Տէր, Աստված մեր հայրերի»:«Դու որ այսօր քո ահավոր և երկրորդ գալուստդ ցույց տվեցիր խաչի նշանի ճառագայթումով երկրի վրայ, օրհնեալ ես Տեր, Աստուած մեր հայրերի»:

 Ահա թե որտեղից է սկսվել Վարագա Սուրբ Խաչի պատմությունը.

 Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքը Հակոբոս առաքյալը հանձնում է Կլավդիոս կայսեր կնոջը՝ Պատրոնիկե թագուհուն, ով այն իր հետ Հռոմ է տանում: Այնուհետև այդ սուրբ մասունքը ժառանգաբար փոխանցվում և հասնում է սուրբ կույս Հռիփսիմեին, քանի որ նա Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր: Սուրբ կույսն անբաժան էր այդ սուրբ մասունքից, որի վրա թափվել էր Տիրոջ Արյունը և մշտապես կախած էր պահում իր պարանոցին:

Այնպես պատահեց, որ Դիոկղետիանոս կայսրը կամեցավ իրեն կնության առնել սուրբ Հռիփսիմեին, բայց նա` հավատարիմ մնալով մեր Տիրոջը, մերժեց կայսրին և Սուրբ Գայանե մայրապետի գլխավորությամբ, յոթանասուն կույսերի հետ միասին, փախավ Եգիպտոս, ապա՝ այնտեղից Երուսաղեմ: Այստեղ էլ նրանք սուրբ Աստվածամոր գերեզմանի վրա աղոթելիս հրաման ստացան գնալ Թադեոս առաքյալի վիճակը: Հնազանդվելով հրամանին՝ նրանք գնացին Եդեսիա, ուր գտնվում էր Փրկչի պատկերը: Նրանցից շատերը մնացին Եդեսիայում, իսկ մյուսները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Արարատ:
Սուրբ Գայանեի գլխավորած խումբը շրջում էր Հայաստանի գավառներում և ամենուր մեծամեծ նշաններ էր գործում սուրբ մասունքի միջոցով` բժշկելով հիվանդներին,  հալածելով դևերին և մաքրելով ժողովրդին այլևայլ ախտերից: Այսպես շրջելով ու Տիրոջ անունով մեծամեծ հրաշքներ գործելով Սուրբ Գայանեն և իր խումբը վերջապես հասան Վարագա լեռը և հաստատվեցին այնտեղ: Սակայն այս հանգրվանն էլ վերջնական չէր նրանց համար: Աստծո նախախնամության թելադրանքով` նրանք սուրբ Նշանն ամփոփեցին Վարագա լեռան գագաթին, որը Գալիլիա է կոչվում, դրանով իսկ մեծ պարգև թողնելով Հայաստան աշխարհին: Նրանցից ոմանք մնացին լեռնագագաթին՝ սպասավորելու սուրբ Նշանը, իսկ սուրբ Գայանեն և սուրբ Հռիփսիմեն, քառասուն կույսերի հետ միասին, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնացին Վաղարշապատ` որտեղ էլ նահատակվեցին մեր Տիրոջ փառքի համար:

Ժամանակի ընթացքում սուրբ մասունքի տեղը մոռացվեց և մինչև 653 թվականն անհայտ էր նրա գտնվելու ճշգրիտ վայրը: Սակայն այդ տարին Թոդիկ անունով մի կրոնավոր` լցված  Քրիստոսի սիրով և սուրբ Նշանը գտնելու փափագով, իր Հովել աշակերտի հետ միասին, ճգնության համար բարձրանում է Վարագա լեռան գագաթի հենց այն նույն վայրն ուր բնակվել էին սուրբ կույսերը: Ճգնության ողջ ընթացքում առ Տեր ուղղված անդադար աղերսները`, այնուհետև տասներկու օր շարունակվող խիստ ծոմապահությունը տվեցին իրենց արդյունքը:

Տեր Աստված լսեց նրանց ջերմեռանդ աղերսներն ու գիշերամիջին, երբ նրանք աղոթական վիճակի մեջ էին, լեռան գագաթին մի պայծառ լույս տեսան: Լույսն իր չափով ու ձևով այնպիսին էր, ինչպիսին այդտեղ գտնվող մասունքը: Լույսն աստիճանաբար պայծառանում էր և լուսավորում ամբողջ լեռը: Ապա տեսնում են լույսի տասներկու սյուներ, որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Ամբողջ լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով:

Այս հրաշքը տևեց կեսգիշերից մինչև օրվա վեցերորդ ժամը, որի ընթացքում սուրբ մասունքն իր մասնատուփով հանդերձ ելնում էր վեմից և լույսերի մեջ վեր բարձրանալով ու ցոլարձակելով՝ գալիս ու մտնում էր եկեղեցի և վերաբերվում սուրբ Սեղանին՝ լույս ճառագայթելով վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը: Մինչ ճգնավորները զարմանքից քարացել էին, խաչանիշ լույսից նրանց ձայն է հասնում` ասելով. «Քրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»: Եվ նրանք առաջ գալով՝ մեծ ահով ու դողով տեսնում են սուրբ Նշանը՝ սուրբ Սեղանի վրա լույսով պարուրված:
Այդ սքանչելի տեսիլքը ոչ միայն նրանց էր երևում, այլև լեռան շրջակայքում բնակվող բոլոր մարդկանց, ովքեր ակներև տեսնում էին լույսը, որը ծագեց Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթից: Տասներկու օր շարունակ լույսի սյուները շրջապատում են լեռան գագաթը: Ներսես Գ Տայեցի (Շինող) կաթողիկոսը, Վարդ Ռշտունի իշխանի և ժողովրդի հետ միասին բարձրանում են լեռն ու հաստատում մասունքի ստույգությունն ու լուսաշող երևման պատմությունը: Որից հետո հայրապետը կարգ է սահմանում, որամեն տարի այդ օրը տոնել «Վարագա սուրբ խաչի տոնը»՝ Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի փառքի համար:

Ուրեմն այսօր, երբ մենք նշում ենք Վարագա սուրբ խաչի տոնը, մեր սրտերի հայացքն ուղղենք դեպի մեր հավատքի առանցքը` Խաչը ու տեսնենք մեր Փրկչին` Աստվածորդուն, որն իր կյանքը տվեց` մեզ մեր մեղքերից փրկելու համար: Խաչին նայելով տեսնենք այն անզուգական սերը, որը մեզ փրկություն պարգևեց: Երբ նայում ենք Խաչին ու տեսնում նրա վրա անասելի տառապանքներ կրած մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, ապա մեր սրտերը լցվում են մեծ ցավով: Սակայն, երբ հասկանում ենք, թե ինչի համար Հիսուս Քրիստոս մեռավ խաչի վրա, ապա տխրությունն ուրախության է փոխվում:

Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր ոք ծնվում է ադամական մեղքով և հետո կյանքի ընթացքում ինքն էլ է բազում մեղքեր ավելացնում դրան: Գիտենք նաև, որ ոչ մի մեղավոր չի կարող մուտք գործել Աստծո արքայություն: Հետևաբար, մինչև Քրիստոսի զոհաբերությունը մարդկանցից և ոչ ոք չէր կարող մտնել Աստծո արքայություն, այլ միայն պիտի տառապեր դժոխքում: Հավիտենապես այդպես պիտի լիներ, եթե Հիսուս չգար, չտառապեր ու չմեռներ մեզ համար խաչի վրա,  քանի որ մենք երբեք չէինք կարողանա ինքնուրույն մաքրել մեր մեղքը, այլ միայն Հիսուսի թափած սուրբ արյունը կարող էր միակ փրկագինը հանդիսանալ մեզ համար:

Սա նմանվում է այն պատմությանը, երբ երկու հարազատ ընկերներ հեռանում են միմյանցից կյանքի ընթացքում և հետո նորից հանդիպում մի շատ դժվարին իրավիճակում: Ընկերներից մեկին դատաստան էր սպառնում` գործած ծանր հանցագործության համար, իսկ մյուս ընկերը դատավորն էր: Օրենքի ներկայացուցիչ հանդիսանալով` դատավոր ընկերը չէր կարող ազատ արձակել հանցագործ ընկերոջը, սակայն սերն էլ թույլ չէր տալիս ծանր պատիժ նշանակել: Հետևաբար, արդարությանը դեմ չգնալու համար, դատավորը մեծ տուգանք նշանակեց նրան, բայց ինքն էլ վճարեց այդ տուգանքը` ընկերոջ փոխարեն:

Այս օրինակը բացահայտում է, թե Աստված ինչ արեց մեզ համար: Արդար դատավոր լինելով` Նա պատժեց մեզ` մեղավորներիս, բայց մեր հանդեպ ունեցած սիրով լցված` եկավ ու Քրիստոսի անձի միջոցով կրեց մեր պատիժը: Աստված դրանով փրկագնեց մեզ մեղքի կապանքներից և ավելին` ուժ ու շնորհ պարգևեց, որպեսզի կարողանանք պահպանել մեզ նոր մեղքեր գործելուց: Դա նման է այն օրինակին, երբ հարուստ մարդը ներում է աղքատին իր պարտքերը և նաև հավելյալ գումար է պարգևում` իր կյանքն ուղղելու և նոր պարտքերի մեջ չմտնելու համար:

Սակայն այս պատմությունների ու մեր միջև մի հսկայան տարբերություն կա: Այնտեղ փրկագինը դրամն էր ընդամենը, իսկ մեր պարագայում այդ գինը սարսափելի, անհամեմատելի մեծ է, քանի որ խոսքն Աստծո միակ Որդու կյանքի մասին է, որ վճարվեց մեզ փրկելու համար:

Եկեք խորհենք այս մասին:

Աստված իր միածին Որդու կյանքը տվեց մեզ համար: Հիսուս Քրիստոս սոսկալի տառապանքներ կրեց մեզ համար, որպեսզի մենք կարողանանք ազատվել մեր մեղքերից: Եթե Քրիստոս չմեռներ մեզ համար խաչի վրա, ապա մենք չէինք ունենա Մկրտության պահպանիչ դրոշմը մեր ճակատներին, չէինք ունենա մեղքերի թողություն: Եթե Քրիստոսի մաքրամաքուր մարմինը չզոհաբերվեր խաչի վրա, ապա մենք չէինք ունենա Սուրբ Հաղորդության խորհուրդը և չէինք արժանանա հաղորդակցվելու և միանալու մեր Տիրոջն` այդ խորհրդի միջոցով:

Անթիվ ու անհամար են Աստծո պարգևները, որ տրվեցին մեզ խաչի վրա կրած Քրիստոսի տառապանքների միջոցով:

Հիսուս Քրիստոս, Իր ազատ կամքով, Իր կյանքը տվեց, որպեսզի մյուսները կարողանան ապրել հավիտենական կյանքով: Նա իր կյանքը զոհեց յուրաքանչյուրիս համար առանձին-առանձին, որովհետև սիրում է բոլորիս ու յուրաքանչյուրս թանկ ենք Նրա  համար:

Ուրեմն մենք էլ, հետևելով մեր Փրկչի պատվիրաններին, մեր գործերով ու Նրա Խոսքի համեմատ ապրած կյանքով ապացուցենք, որ զուր չէր մեր Տեր Աստծո անգին զոհողությունը:

Այսօր` Վարագա Խաչի այս տոնին, այդ նույն Սուրբ Խաչը թող շողա յուրաքանչյուրիս սրտում:  Նրա նշանով զորանանք մեր հավատքի մեջ և Պողոս Առաքյալի նման ուրանանք մեր անձը և մեր խաչը վերցնելով` հետևենք մեր Փրկչին ու Պողոս Առաքյալի նման ասենք. «Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղատացիներ 6:14):

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

                                                                                                                           

28.09.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․