26 Փետրվար, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Վերադարձ դեպի Երկնավոր Հայրը

Մարդիկ ձգտում էին հանդիպել և զրուցել ազգությամբ սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկու հետ, որովհետև նրանից բխում էր Աստծո թագավորության խաղաղությունը, ուրախությունն ու սերը և հաղորդակից դարձնում իր շրջապատին: Նա 20-րդ դարի սրբակյաց անձանցից մեկն էր, որ օգնել է բազմաթիվ մարդկանց` օժտված լինելով աստվածալույս մարգարեության և բժշկության պարգևներով: Զրույցներից մեկի ժամանակ նա ասում է, թե ինչ է դեպրեսիան: Այն մտքերի համակցություն է: Մարդը համակցում է մեկը, մյուսը, երրորդը...  խորհում, թե այսպես կլինի կամ այնպես: Պետք է դադարել գուշակել, թե ինչպես կամ ինչ կլինի: Բոլորս գլուխ ենք կոտրում, թե ինչպես է ամեն ինչ լինելու, իսկ արդյունքում Աստված այլ կերպ է կարգավորում: Այդ դեպքում ինչո՞ւ ենք նյարդերը վատնում և անհանգստանում: Ժամանակակից աշխարհում շատ են դեպրեսիայով տառապող մարդիկ, որոնք կորցրել են իրենց հավատքը: Մարդն իրեն ծանրաբեռնում է մտքերով, որոնց կարիքը չունի և ոչինչ չի կարողանում ձեռնարկել: Մարդը կարող է ինչ-որ բարի բան մտածել, բայց ձգտել իրականացնելու առանց Աստծո կամքի: Սակայն մենք կարող ենք բարին արարել միայն աստվածային զորության միջոցով, որովհետև միայն Աստված է բացարձակ բարի: Փառք Աստծուն, որ Նա ամենուր է` օգնելով ամենքին` և´ տկարին, և´ նրան, ով ամուր է: Բոլորը կարիք ունեն օգնության: Երբ տխրությունը համակի, հարկ չկա այդքան անհանգստանալ և անտրամադիր լինել: Եթե շարունակաբար մտածեինք, թե ինչ կլինի մեզ հետ և ինչպես կլինի, այդժամ մենք չէինք իմանա, թե ինչ է խաղաղությունը: Աստված ամեն ինչի համար հոգում է: Հարկավոր չէ այդքան մտածել: Եթե բարի մտքերով ենք տարված, մենք խաղաղ ենք: Իսկ երբ սկսում ենք ենթադրել, թե սա կամ միգուցե այն հարցն ինչպես կլինի, կորցնում ենք խաղաղությունն ու հանգստությունը: Առօրյա հոգսերն արդեն բավարար են: Ինչքան էլ մարդն առողջ լինի, այնուամենայնիվ տկարություններ ունի: Որևէ կատարյալ արարած գոյություն չունի, բայց Աստծո հետ կարող ենք կատարյալ լինել, իսկ առանց Աստծո` ոչ: Նա սեր է: Երբ ամբողջ սրտով դիմում ենք Նրան, միանգամից զգում ենք օգնությունը: Մեր կյանքի նպատակը վերադարձն է դեպի Երկնավոր Հոր գիրկը: Ի՞նչ է մարդկային կյանքը, պարզապես` ոչինչ... այն այնքան կարճ է, որ նույնիսկ անհնարին է պատկերացնել այդ ամենը: Երիտասարդ տարիքում մարդն այն չի նկատում: Շատ անգամ խորհել եմ, թե ինչքան դժբախտ մարդիկ ենք այս երկրի վրա, որ նույնիսկ չենք կարողանում ապրել չորս միլիարդ վայրկյան (120 տարի): Բայց անհրաժեշտ էր ապրել 120 տարի: Հարյուր տարին երեք միլիարդ վայրկյան է: Իսկ ի՞նչ է հարյուր տարին: Ոչինչ, ակնթարթ..., մի պահ...: Ամբողջ կյանքում ինձ տանջել է այն միտքը, թե ինչն է կյանքի նպատակը: Ես մտածում էի, թե ուր է տանում այս կյանքը: Տանո՞ւմ է նրան, որ մարդն աշխատի նյութական բարգավաճման հասնելու համար, որպեսզի ուտի, խմի, մի՞թե սա է ամենը: Փառք Աստծուն` սբ. Սերաֆիմ Սարովսկին բացատրում է, որ մեր կյանքի նպատակը վերադարձն է դեպի մեր Երկնավոր Հայրը, որպեսզի երկնային մարդիկ լինենք, ինչպես հրեշտակները երկնքում` Սուրբ Հոգու կողմից առաջնորդվելով: Քանի որ մեղքի պատճառով անկում ապրած ծնողների զավակներն ենք, մեզ համար հեշտ է շեղվել ճշմարիտ ուղուց: Մենք ցանկություն չունենք թողնել բազմաթիվ արատավոր սովորույթներ, որոնք արմատավորվել են մեր ներսում դեռևս ընտանեկան միջավայրում: Մենք ծնողների կրկնությունն ենք, որոնք կատարյալ չեն եղել և չեն կարողացել տալ մեզ ավելի լավ օրինակ: Մանկությունից ունեցել ենք հոգու մեծ ցնցումներ, տեսել անարդարություններ: Դրա համար ձգտում ենք կատարելության, ուզում ենք հասկանալ, թե ինչն է այս կյանքի նպատակը: Այդուհանդերձ, այն մեր առջև բացվում է աստիճանաբար, ինչպես սուրբ հայրերն են ասում,  մեր հավատքի աճին զուգընթաց: Մեր հավատքն աստիճանաբար աճում է: Եվ երբ Տիրոջով հաստատուն է, դառնում է ուժեղ և ամուր: Այսօր աշխարհում շատ իրադարձություններ են կատարվում: Մենք Աստծո կողմից պարգևված արարածներ ենք, բայց չենք կարողանում ապրել արժանապատվորեն: Մեր ներսում դժոխք ենք կրում և այն տարածում ենք մեր շուրջը:  Հոգևոր հայրերից մեկը պատմում էր, որ մի հոգևորական մշտապես խնդրում էր իրեն տեղափոխել մի այլ նոր վայր և նրան ասում է, թե ուր էլ քեզ տեղափոխեն, ուր ուզում ես լինել, միայն թե, գեթ ինքդ քո նկատմամբ հանդուրժող եղիր: Մարդն ինքն իրեն այնպես է վնասում, որ նույնիսկ սատանան չի կարող այդպես վնասել:  Աստված ամեն ինչ տվել է և մեզ մնում է միայն լինել բարի: Քանի դեռ ուշադրություն ենք դարձնում այլ մարդկանց բացասական կողմերին, որոնք մեզ դիմում են, չենք կարող խաղաղություն ձեռքբերել: Ինչո՞ւ է Աստված թշնամիներին սիրելու պատվիրան տալիս: Դա ոչ թե նրանց, այլ մեզ համար է: Քանի դեռ մտածում ենք այն վիրավորանքի մասին, որ մեզ պատճառել են ուրիշները` ընկերները, հարազատները, մերձավորները, մեր ներսում խաղաղություն չի տիրում, այլ ապրում ենք դժոխային վիճակի մեջ: Անհրաժեշտ է ազատվել այդ չարությունից: Մոռանալ այդ մասին, կարծես այն երբևէ չի էլ եղել, ներել ամեն ինչ,  ամենքին: Ամեն բան հնարավոր է Աստծո օգնությամբ, երբ Նրան դիմում ենք ամբողջ սրտով: Նա օգնում է տանել ամեն ինչ. կարող է կանգնեցնել արեգակը, կարող է հրաշքներ գործել, որովհետև Աստված ամենուր է: Եվ երբ մարդը կյանքի աղբյուրից է խմում, ամեն բան իրականանում է, ինչ էլ ինքը կամենա: Եթե մարդկային ցեղն ուշքի գա և խոնարհվի, այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, հսկայական աստվածային ուժ կհեղվի մեզ վրա: Մարդիկ չափից ավելի մտահոգ են նյութականի համար, և այդ պատճառով շատ դրական կողմեր ծածկվում են նրանց մեջ: Իսկ Աստված ամենուր հասցնում է կյանք և ուժ, տալիս բոլոր անհրաժեշտությունները: Կյանքը կախված է մեր մտքերից ու ցանկություններից: Մենք մեր շուրջը ստեղծում ենք ներդաշնակություն կամ էլ` աններդաշնակություն: Շատ բաներ մեր ընտանիքում կախված են մեր մտածումների վիճակից: Խոնարհները, պարզ հոգիները փայլում են բարությամբ, անհավանական կերպով բարություն են ճառագում: Միևնույն չէ, թե ով ինչ է անում կամ ինչին է ձգտում երկրի վրա: Հոգևոր մարդը ձգտում է հոգևորին, ջանում է բարձրանալ դեպի երկինք, իսկ մարմնավոր մարդը ձգտում է դեպի երկրայինը: Առաջին հայացքից թվում է, թե մեծ տարբերություն չկա այդ ամենի մեջ, ով հավատացել է արդարության գաղափարին այստեղ երկրի վրա, դրա համար պայքարել և նույնիսկ իր կյանքը տվել և մյուս կողմից` ով հավատացել է երկնային գաղափարին և երկնային արդարությանը: Այնուամենայնիվ, տարբերությունը շատ մեծ է: Նա, ով արդարություն է փնտրել երկրի վրա, չնայած իր հավատին, ազնվությանը և զոհաբերությանը, մահից հետո շարունակում է ցանկանալ մարդկային թերի արդարությունը և հայտնվում է անկյալ ոգիների ընկերակցության մեջ, որոնք այդ արդարությունը հաստատել են: Միմյանց հոգեհարազատ անձինք փնտրում են իրար և´ այստեղ, և´ այնտեղ: Երբ այստեղ հանդիպում եք հավատքի մեջ մերձավոր մեկին, մնում եք նրա հետ, որովհետև մեծ ուրախություն է հաղորդակցվել համակարծիք անձանց հետ: Աստված մեզ ամեն ինչ պարգևել է, մնում է լինել բարի: Երբ ամեն ինչ ներում ենք, միայն այդժամ դառնում ենք խաղաղության համագործակից: Եվ այդ խաղաղությունը տալիս է բարօրություն, ուրախություն, մխիթարություն և ոչ միայն մեզ, այլև բոլորին, որոնց տալիս ենք խաղաղ ու հանդարտ մտքեր` լեցուն սիրով և բարությամբ: Երբ մարդու սրտում հաստատվում է Աստծո թագավորությունը, այդժամ Երկնավոր Հայրը մարդու առջև բացահայտում է կյանքի խորհուրդները: Աստծո միջոցով անհատը թափանցում է արարվածի էության մեջ և հասկանում դրա խորհուրդները: Բոլոր գիտելիքներն Աստծո մեջ են, և Նա իր ողորմածության բարեհաճությամբ դրանք բացում է մարդու առջև: Այսպիսով, հասարակ և պարզ գիտելիքներ ունեցող վանականը ճանաչում է կյանքի և մահվան, դժոխքի և դրախտի խորհուրդները, և այս աշխարհում կարգված խորհուրդները: Երբ մարդու սրտում հաստատվում է Աստծո թագավորությունը, Աստված հանում է անգիտության վարագույրը մտքի վրայից և անհատի առջև բացվում են ոչ միայն այս աշխարհի, այլև իր էության խորհուրդը: Եվ ի վերջո Աստված իր անպատմելի ողորմածությամբ բացահայտում է Ինքն Իրեն: Աստված անսահման սեր է: Նա գիտի, որ բոլոր արարված էակները չեն կարող պահպանել իրենց մաքրությունը և ժամանակ է տվել արարումից մինչև Ահավոր Դատաստան: Ժամանակ է տվել նրա համար, որ բանական արարածները ուշքի գան, որպեսզի վերադառնան իրենց Ծնողի գիրկը: Որպեսզի մուտք գործեն բացարձակ բարու և բացարձակ սիրո մեջ: Աստվածային սերն անվերջ է, ընդգրկուն, իսկ մենք միակողմանիորեն կապված ենք ոչ միայն կենդանի արարածների, այլև նյութական իրերի հետ: Մեր սիրտը կապված է երկրային իրերի հետ, և եթե որևէ մեկը դրանք վերցնում է, տառապում ենք: Միայն Աստծով կարող ենք սիրո մեջ միասնություն գտնել` սկզբում Աստծո հետ, այնուհետև հարազատների և մերձավորների հետ: Մենք չպետք է լինենք կուռք միմյանց համար, որովհետև դա Տիրոջ կամքը չէ: Բայց մարդիկ չարն ավելի են սիրում, քան բարին: Մեզ համար շատ ավելի հեշտ է չարը մտածել, քան բարին: Այդուհանդերձ, երբ մարդը մտածում է չարը, նրա հոգում ոչ խաղաղություն է տիրում, ոչ էլ` հանգստություն: Այդ պատճառով շատ մեծ է մեր անկումը: Ընդհանրապես պատկերացում չունենք, թե ինչպիսի մտքերով են անկյալ ոգիները բռնանում մեզ վրա: Ցավոք, մենք դրանք համարում ենք սեփական մտքեր: Մեզ տանջում է նախանձը, չարությունը, ատելությունը: Սա դաժան բռնություն է բոլոր բռնությունների մեջ: Հոգին դա չի ուզում, բայց չի կարողանում ազատագրվել: Մանկությունից սովորել է, և այդ ամենը խորքային արմատներ է գցել մարդու հոգում: Հիմա պետք է դրանցից ազատվել, այդ ամենը վերափոխել սիրո, այդժամ մարդ կլինի հանգիստ և խաղաղ, սակայն հեշտ չէ հասնել այդ վիճակին: Մարդը չի կարող գոյատևել առանց Աստծո օգնության: Նրան թվում է, թե ինքը ինչ-որ բան գիտի, գիտելիք ունի: Սակայն յուրաքանչյուր բան մեր առջև կբացվի հավիտենականության մեջ: Ամենուր Աստծո խորհուրդներ են: Մենք շրջապատված ենք խորհուրդներով: Մենք ինքներս մեզ համար մեծ գաղտնիք ենք: Իսկության մեջ չգիտենք, թե ով ենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում: Ինչպիսի արարածներ ենք, որ մտածում ենք, շարժվում և խոսում: Ինչպես են ներքին օրգաններն աշխատում առանց մեր միջամտության: Բայց մարդն ամեն ինչ փչացնում է իր մտքերով: Հոգեղեն աշխարհում մտքերը հստակ են և լսելի, ինչպես խոսակցությունները: Դրա համար հոգու աշխատանքը ամենից թանկարժեք բանն է այս աշխարհում: Եթե մարդը չի մաքրվում և անցնում է հավիտենականություն վատ բնավորության գծերով, նա չի կարող լինել սրբերի և հրեշտակների կողքին: Քանի դեռ մեր ներսում որոշակի ինչ-որ ուժեր ունենք, քիչ ենք վստահում Տիրոջը, որովհետև վստահում ենք մեր ուժերին, բայց չենք պատկերացնում, թե այդ ուժերն ինչպես են սպառվում առանց Աստծո... : Երբ Աստված տեսնում է, որ հոգին պատրաստ է, Նա օրհնում է Սուրբ Հոգով, և այդ ժամանակ հոգին ազատություն, ուրախություն, մխիթարություն է ձեռքբերում: Վերանում է վախն ու տագնապը: Մարդը կարող է այս աշխարհում շատ աշխատել ուրիշների բարօրության համար, բայց ոչ թե նրա համար, որ մաքրի իր հոգին մեղքից: Միգուցե կարողանա երկնքում անցնել դևերի տարբեր տիրապետությունների սահմաններից դեպի վեր, բայց իր մտածումների և հոգու կապվածությունը երկրայինի հետ նրան կնետի անդունդի մեջ: Շատերը կարող են փրկվել այդպիսի մարդու աշխատանքի շնորհիվ, ինչպես օրինակ` նրա աջակցությամբ շինված եկեղեցու միջոցով, բայց նրա հոգեկան կապվածությունը երկրային արժեքների հետ թույլ չեն տա նրան մտնել հավերժական արժեքների աշխարհը, որտեղ գտնվում են միայն մաքուր, պայծառ, լուսավոր հոգիները: Պետք է հետևել, որ այն, ինչ մտածում և անում ենք, Աստծուն հաճելի լինի: Եթե ամբողջ սրտով սիրեինք Աստծուն, երբևէ չէինք մեղանչի, որովհետև Նա կլիներ մեր ներսում: Մեր մտքերը, կամքը և զգացմունքը պետք է միասնական լինեն: Եթե նրանց միջև համաձայնություն չկա, խաղաղություն և հանդարտություն գոյություն չի ունենա մեր հոգում: Արդ, մտքի, կամքի և զգացմունքի միությունը հրաշքներ է գործում և լեռներ տեղաշարժում:

 

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

 

04.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․