«Վերցրեք միմյանց բեռը և այսպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը»

Մարտի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Գառնիկ Նաքքաշյանին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երեք հոգուց բաղկացած Նաքքաշյան ընտանիքը Սիրիայում ծագած պատերազմի պատճառով վեց տարի առաջ գաղթել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Քոչարի 27/35 հասցեում: «Կնոջս՝ Սիլվա Նաքքաշյանի (56 տ.) մոտ մի քանի տարի առաջ ուռուցք հայտնաբերեցին, դեռևս Սիրիայում վիրահատվեց և քիմիոթերապիա անցավ: Այժմ շատ տկար է, ես եմ իրեն խնամում: Որդուս՝ Ջորջ Նաքքաշյանի (30 տ.) վաստակած գումարով չենք կարողանում մեր նվազագույն կարիքները հոգալ, տան և կոմունալ վարձերը վճարել, կնոջս կազդուրման համար անհրաժեշտ սնունդը գնել»,- ասաց Նաքքաշյան ընտանիքի հայրը և աջակցության համար իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և Վարդանյան ընտանիքին:

Աստծո պատկերն ու նմանությունը կրող անձի համար պետք է բնական լինի սիրո մեջ ապրելը և իր նմանից չօտարանալը եսասիրության, հպարտության, նախանձի և ագահության մեղքերի պատճառով: Տիրոջ կամքն է, որ բոլորը կատարելապես մի լինեն (Հովհ. 17:23): Սիրո միաբանության լավագույն օրինակների հանդիպում ենք կենդանական աշխարհում. օրինակ՝ մրջյունների, մեղունների, աղավնիների և շատ ուրիշ թռչունների ու կենդանիների մոտ: Եկեղեցու հայրերն այս առումով յուրաքանչյուրին խորհելու առիթ են տալիս՝ մատնանշելով, թե որքան միաբան, որքան նախանձախնդրորեն են միմյանց պահպանում, սիրում և օգնում միջատները, թռչուններն ու կենդանիները:

«Վերցրեք միմյանց բեռը,- հորդորում է Պողոս առաքյալը,- և այսպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը, որովհետև ով որ կարծում է, թե ինքը տարբեր է ուրիշներից, այդպիսի մեկը խաբում է ինքն իրեն, քանզի երբեք էլ տարբեր չէ» (Գաղատ. 6:2):

 

Կարինե Սուգիկյան

14.03.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․