22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, որքա՜ն մեծ ուժ է հարկավոր մարդկանց, որպեսզի չվախենան հանկարծամահ լինելուց:
- Եթե մարդիկ հասկացել են կյանքի գլխավոր իմաստը, ապա ուժ են գտնում մահվանը ճիշտ վերաբերվելու համար: Քանի որ կյանքի իմաստը հասկանալով՝ հոգևոր տեսանկյունից են վերաբերվում մահվանը: Գիտե՞ք, թե քանի՜-քանի՜ պատանի է ջարդուփշուր լինում մոպեդներով: Գիտե՞ք, թե քանի՜ երիտասարդ է ավտովթարի ենթարկվում մոտոցիկլետների վրա: Նրանք մոտոցիկլետը հետևի անիվի վրա են բարձրացնում և այդ վիճակում շատ հեշտ է շրջվել ու գլուխը կոտրել՝ ասֆալտին հարվածելով: Նրանք դեռ մի բան էլ հերոս են համարում նրան, ով մոտոցիկլետը բոլորից վեր է հանում: «Ես,- գլուխ են գովում այդպիսի երիտասարդները,- ստիպել եմ, որ մոտոցիկլետը հետևի անիվի վրա այնպես գնա, ասես հետևի թաթերի վրա լինի, բայց հետո շուռ եմ եկել»: Տեսնո՞ւմ ես, թե սատանան նրանց ինչ է սովորեցնում, կամենալով, որ գլուխները ջարդեն: Քանի որ, եթե սովորականի պես վարեն երկու անիվների վրա ու նույնիսկ ավտովթարի ենթարկվեն, հնարավոր է, որ ոչ թե գլխով հարվածեն, այլ մարմնի մեկ այլ մասով ու ողջ մնան: Սակայն, եթե Աստված սատանային թույլ է տալիս չարիք գործել, կամ ինչ-որ մեկին թույլ է տալիս անուշադիր լինել, նշանակում է, որ սատանայական չարիքից կամ մարդկային անուշադրությունից ինչ-որ լավ բան դուրս կգա:
- Հա՛յր, այդ դեպքում մեր Եկեղեցին ինչո՞ւ է աղոթում «Պահպանիր մեզ»-ը հանկարծամահ լինելուց պաշտպանվելու համար:
- Դա ուրիշ հարց է: Եկեղեցին Աստծուն խնդրում է, որպեսզի մահը մեզ անպատրաստ վիճակում չգտնի:
- Հա՛յր, մի կին է այստեղ գալիս ու անդադար սգում, որովհետև իր երեխային գործերով տեղ էր ուղարկել, իսկ նա մեքենայի տակ էր ընկել ու մահացել:
- Նրան հարցրու. «Վարորդը չարությունից մղվա՞ծ է երեխայիդ վրաերթի ենթարկել: Ոչ: Դու նրան գործերով ուղարկեցիր, որպեսզի մեքենայի տա՞կ ընկնի: Ոչ: Ուրեմն «Փառք Քեզ, Տե՛ր» ասա, որովհետև, եթե մեքենայի տակ չընկներ, հնարավոր է, որ վատ ուղի բռներ: Իսկ հիմա Աստված նրան ամենաճիշտ ժամանակին տարավ: Այժմ նա Երկնքում է, և այն կորցնելու վտանգն իրեն չի սպառնում: Ինչո՞ւ ես լաց լինում: Մի՞թե չգիտես, որ քո լացով տանջում ես երեխայիդ: Ի՞նչ ես ուզում, որ երեխադ տանջվի՞, թե՞ ուրախանա: Մտածիր քո մյուս երեխաներին օգնելու մասին, որոնք հեռացել են Աստծուց: Նրանց համար պետք է լաս, այլ ոչ թե մահացածի»: Երեկ էլ մեկ այլ լացակումած մայր եկավ: «Աստված իմ միակ որդուն տարավ»,- լաց էր լինում նա և Աստծուն էր մեղադրում դրանում: «Եթե ինչպես հարկն է մտածես, թե քեզ հետ ինչ է կատարվել,- ասացի նրան,- ապա կհանգես այն եզրակացությանը, որ Աստված քեզ պատիվ է արել: Նա Իր մոտ փոքրիկ հրեշտակի է տարել, մկրտված երեխայի, թույլ չի տվել, որ նա մեղքեր ու կրքեր ձեռք բերի: Աստված հրեշտակի է վերցրել Իր մոտ, իսկ դու դրա համար բարկանո՞ւմ ես Նրա վրա: Շուտով կզգաս, որ մահացած որդիդ աղոթում է Աստծուն քեզ համար»: Հետո այդ կինն իր կյանքի մասին պատմեց: Ասաց, որ երիտասարդ տարիքում կարող էր շատ երեխաներ ունենալ, բայց այն ժամանակ չի ցանկացել:
Գիտե՞ք, թե որքա՜ն մայրեր են աղոթում ու խնդրում, որպեսզի իրենց զավակներն Աստծու հետ ապրեն: «Աստված իմ, չգիտեմ, թե ինչ կանես,- ասում են այդ կանայք,- բայց ուզում եմ, որ երեխաս փրկվի ու Քեզ հետ լինի»: Սակայն, եթե Աստված տեսնում է, որ երեխան շեղվելու է ճշմարիտ ուղուց, որ դեպի կործանում է գլորվում և նրան փրկելու այլ միջոց չկա, ապա անսպասելի մահվամբ Իր մոտ է վերցնում: Օրինակ՝ Նա հարբած վարորդին թույլ է տալիս երեխային վրաերթի ենթարկել և այդկերպ Իր մոտ է տանում: Եթե երեխան հնարավորություն ունենար ավելի լավը դառնալու, ապա Աստված թույլ չէր տա, որպեսզի դժբախտ պատահարը տեղի ունենար: Այնուհետև գինովությունը երեխային վրաերթի ենթարկողի գլխից դուրս է թռչում: Մարդը սթափվում է, և ողջ կյանքը խիղճը տանջում է նրան: «Ես հանցագործություն եմ գործել»,- ասում է այդպիսի մարդն ու անընդհատ խնդրում Աստծուն, որ ների իրեն: Այդկերպ այդ մարդն էլ է փրկվում: Իսկ մահացած երեխայի մայրը, հոգեկան ցավից տանջվելով, սկսում է ավելի հավաք ապրել, մտածում է մահվան մասին ու պատրաստվում մյուս կյանքին: Նա էլ է այսկերպ փրկվում: Տեսնո՞ւմ եք, թե մայրական աղոթքների արդյունքում Աստված ինչպես է դասավորում, որպեսզի մարդկային հոգիները փրկվեն: Սակայն, եթե մայրերը դա չեն հասկանում, սկսում են Աստծուն մեղադրել: Ինչե՜ր ասես, որ չի լսում Աստված մեզանից:
Եթե մարդ դադարում է իրերին աշխարհիկ տեսանկյունից վերաբերվել, ապա նրա հոգին հանգստություն է գտնում: Քանի որ ինչպե՞ս կարող է մարդը իրական մխիթարություն գտնել, եթե չի հավատում Աստծուն ու ճշմարիտ կյանքին՝ մահվանից հետո գոյություն ունեցող կյանքին, հավիտենական կյանքին: Երբ ես Ստոմիոն վանքում էի, ոչ հեռու՝ Կոնիցայում մի այրի էր ապրում, որ մշտապես գնում էր գերեզմանատուն ու մի քանի ժամ շարունակ ողբաձայն լալիս էր այնտեղ: Նա գլուխը գերեզմանաքարին էր զարկում և իր աղաղակներով անհանգստացնում էր բոլորին: Նա գերեզմանատանը ազատություն էր տալիս իր ցավին: Մարդիկ գնում էին այնտեղ, նրան տուն տանում, իսկ նա, միևնույն է, վերադառնում էր: Եվ այսպես տարիներ շարունակ: Այդ կնոջ ամուսնուն գերմանացիներն էին սպանել, իսկ աղջիկը, հոր մահվանից մի քանի տարի անց, հազիվ տասներկուսը բոլորած, մահացել էր սրտի հիվանդությունից: Այսպես այդ խեղճ կինը միայնակ էր մնացել: Եթե մեկը նրա հետ կատարվածին միայն արտաքնապես նայի, ապա կասի. «Աստված ինչո՞ւ դա թույլ տվեց»: Եվ այդ կինն էլ իր հետ կատարվածին հենց այդկերպ էր վերաբերվում ու չէր կարողանում մխիթարվել: Մի անգամ, երբ ես էլ գերեզմատանուն գնացի, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում, նա սկսեց ինձ ասել. «Աստված ինչո՞ւ այսպես արեց: Ես միամորիկ դուստր ունեի: Աստված նրան էլ ինձանից վերցրեց…»: Նա խոսում ու խոսում էր՝ Աստծուն մեղադրելով: Թողնելով, որ մի քիչ էլ խոսի, ասացի. «Ես էլ քեզ մի բան կասեմ: Ամուսնուդ ճանաչում էի: Նա շատ լավ մարդ էր: Նա պատերազմում հայրենիքի համար զոհվեց՝ իր սուրբ պարտքը կատարելով: Աստված նրա հետ անարդարացի չի վարվի: Հետո ամուսնուդ մահվանից հետո Աստված դստերդ մի քանի տարով քեզ մոտ թողեց: Նա քեզ հետ էր ապրում ու դու որոշակի մխիթարություն ունեիր: Սակայն հետո, Աստված տեսնելով, որ հնարավոր է աղջիկը (մոտ ժամանակներում) շեղվի ճիշտ ուղուց՝ Իր մոտ տարավ այն բարի վիճակում, որում նա գտնվում էր: Նա աղջկադ փրկելու համար այդպես վարվեց»: Այդ այրին մի քիչ աշխարհիկ մարդ էր, չնայած, որ նրա ամուսինը շատ հանգիստ մարդ էր եղել: Իհարկե ես նրան ուղղակիորեն չասացի դա, չասացի «դու աշխարհիկ մարդ էիր», սակայն հարցրի. «Այժմ ինքդ ինչի՞ մասին ես մտածում: Սիրո՞ւմ ես աշխարհը»: «Չեմ ուզում ոչինչ ու ոչ ոքի տեսնել»,- պատասխանեց նա: «Տեսնո՞ւմ ես,- ասացի նրան,- քեզ համար էլ է աշխարհը մահացել: Ցավն օգնում է քեզ և աշխարհիկ ոչինչ քեզ չի հետաքրքրում: Այսկերպ շատ շուտով բոլորդ միասին Դրախտում կլինեք: Աստված քեզանից բացի է՞լ ում է այդպիսի պատվի արժանացրել»: Այդ խոսակցությունից հետո նա դադարեց գերեզմանատուն գնալ: Հենց նա կարողացավ կյանքի գլխավոր իմաստը հասկանալ, թեկուզ ուրիշի օգնությամբ, միանգամից հանգստացավ:
- Հա՛յր, լսել եմ, որ եթե մարդը բռնի մահով է մահանում, ապա նա քավում է իր մեղքերը, որովհետև մարդասպանն է դրանք իր վրա վերցնում:
- Սպանված մարդը մեղմացուցիչ հանգամանքներ ունի, եթե կարելի է այդպես արտահայտվել: Նա Աստծուն այսպես կարող է ասել. «Ես կապաշխարեի, եթե նա ինձ չսպաներ»: Այսկերպ (նրա մեղքերի) ծանրությունը մարդասպանի վրա է ընկնում: Սակայն ոմանք, որ ըմբռնելու ընդունակ չեն, ասում են. «Եթե Աստված գոյություն ունենար՝ թույլ չէր տա, որպեսզի այսքան հանցագործություններ տեղի ունենային: Նա կպատժեր հանցագործներին»: Այդպիսի մարդիկ չեն հասկանում, որ Աստված հանցագործներին թույլ է տալիս ապրել, որպեսզի Ահեղ Դատաստանի օրն արդարանալու բան չունենան, որ թեև Աստված նրանց երկար տարիներ է տվել, սակայն չեն ապաշխարել: Իսկ նրանց, ում հանցագործները սպանում են, Աստված նույնպես չի մոռանա:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը