26 Նոյեմբեր, Գշ
Ամբարիշտ Դիոկղետիանոս թագավորի ժամանակ Քաղկեդոն քաղաքը եկավ Պրիսկոս անթիպատոսը, որ այնտեղ քրիստոնյաներից ում գտնի` չարաչար տանջանքով վերացնի: Իսկ այն քաղաքում հավաքված էր քրիստոնյաների շատ մեծ բազմություն: Պրիսկոս իշխանը ամբարիշտ քաղաքացիներից մի բարեկամ ուներ, որի անունը Ապելիանոս էր` ժանտաբարո և խիստ ապերասան, որ մշտապես դեգերում էր դիք անվանված սնոտի աստվածների մոտ, մանավանդ փարվում էր Արեսի արձանին և մասնագիտությամբ սոփեստ էր: Սա Պրիսկոս իշխանի մոտ չարախոսեց քրիստոնյաներին և ասաց. «Քո հաջորդությունը թող հիշի, ո՛վ անթիպատոս, որ մենք բոլորս պարտավոր ենք ըստ ինքնակալների հրամանների ավանդության զոհ մատուցել աստվածներին, մանավանդ մեծ աստված Արեսին»: Անթիպատոսին հաճո թվաց այս խոսքը` կործանելու հաստատուն հավատքի բարձրությունից թուլացածներին: Ուստիև հայտարարություն գրեց` դնելով քաղաքամիջի աչքի ընկնող մի տեղ, և գրությանը հետևյալ բովանդակությամբ էր. «Սիրելի՛ այրեր, Քաղկեդոն քաղաքի բնակիչներ, ի գիտություն ձեզ բոլորիդ, մեր ինքնակալ թագավորների հրամանը հայտնում ենք ձեզ, որպեսզի մաքրելով ձեր անձերը ութ օր զոհ մատուցեք մեծ աստված Արեսին, իսկ եթե գտնվի մեկը անհնազանդ մեր օրենքին և ուրիշ կրոնի փոխվի` դրան չարաչար պատուհասելով կկորցնենք: Եվ այդ հրավերի նշանակն այսպես է. ո՛ր ժամին հնչի փողը, բոլորս միանգամից համատեղ հոժարությամբ հավաքվենք Արես աստծու տաճարում զոհ մատուցելու և հաշտեցնելու անմահ աստվածներին»: Իսկ անօրեն Ապելիանոսը մշտապես մտահոգված էր գիտենալու և քննելու օրվա բոլոր ժամերին, որ գտնի թագավորների ավանդությանը անհավան մարդկանց, և շան նման հաչելով հարձակվում էր նրանց վրա:
Երբ հասավ նշված ժամը, հնչեց ողբերգական փողը` բոլորին առհասարակ միասին կանչելով, ովքեր սնոտի հույսի հետ գնալու էին: Բայց կային նրանք, որ հավատում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին` փոքր տնակում փակված և թաքնված, մշտական աղոթքներով և համբերությամբ: Այնտեղ էր նրանց սրբուհի վկա Եփիմիան` մշտական աղոթքի ցանկացող: Նա դուստրն էր պատվական ծերակուտականներից մեկի և մոր` Թեոդոսիանե բարեպաշտ կնոջ, որ բազում ողորմություն էր անում ժողովրդին` հույս ունենալով երկնային վարձահատուցման: Իսկ Ապելիանոս չարը ասում է անթիպատոսին. «Անթիպատո՛ս, մի տան մեջ թաքնված են մարդիկ, որոնք ոչ թագավորների ավանդության և ոչ քո հրամանին են ուզում ենթարկվել: Եվ եթե դու ներող լինես այս հարցում` շատերը կհեռանան աստվածներին զոհելուց և կմիանան նրանց, և մեր ընծաներն ու պաշտամունքը արհամարհանքով կանարգեն»: Անթիպատոսը այս լսեց նրա անաստված բերանից, հրամայեց նրանց բերել իր առջև, և երբ բերին նրանց իշխանի առաջ, այն սրբերի մեջ էր սուրբ Եփիմիան` ուրախ դեմքով, և պայծառ զարդարմամբ առավել քան բոլորը, որ սրբի հետ էին: Այնժամ անթիպատոսն ասաց նրանց. «Շատ զարմացած եմ ձեզնից յուրաքանչյուրի վրա` տեսնելով ձեր հոժարության ընթացքը և ձեր հասակի, մարմինների գեղեցկությունը, որի համար խորհուրդ եմ տալիս հնազանդվել ինքնակալի հրամանին և վայելել աստվածների զոհերի [մսից]: Եվ ես սա կտեղեկացնեմ թագավորին և դատավորական իշխանությանը»:
Այս լսելով սուրբ վկաները իրենց դեմքերի տրտմությունը փոխեցին, լցվեցին աստվածային ուրախությամբ, և սուրբ Եփիմիային մեջտեղ բերելով` իբրև հրեշտակների խումբ համարձակորեն պատասխանեցին միասին. «Մենք, ո՛վ անթիպատոս, զինվորագրվել ենք մեր Թագավոր Հիսուս Քրիստոսին և ծառայում ենք հավատին, որին մինչև վերջ հաստատուն մնալ ավանդեց մեզ, որպեսզի հանդիպենք անսուտ խոստումին, որ ասում է. «Բարի և հավատարիմ ծառա, որ քչով հավատարիմ եղար` քեզ կկարգեմ շատերի վրա» (Մատթ. ԻԵ. 21, 23, Ղուկ. ԺԹ. 17, 19): Եվ դու, անթիպատոս, անտեղյակ չես, որ յուրաքանաչյուր ոք, որ հավատում է իշխանությանը, ջանում է գոհանալ Նրանից, որ պարգևել է իրենց այն, որպեսզի ավելի մեծ պատվի հանդիպի: Արդ, եթե այդպիսիները ապականացու են` ծառայելով ապականացու տերերի, փնտրում են ժամանակավոր և անցավոր պատիվը, որքան առավել մենք պարտավոր ենք ջանալ, որպեսզի խոստացած անապական և հավիտենական փառքը ժառանգենք, որ կա և մնում է հավիտյանս հավիտենից: Այժմ ինչ անելու ես` իսկույն արա՛, մենք պատրաստ ենք քո ամեն տեսակ տանջանքներին»: Իսկ Պրիսկոս անթիպատոսը նրանցից երեսը մի կողմ շրջեց և դահիճներին հրամայեց չարաչար կտտանքով տանջել նրանց:
Իսկ նրանք տանջանքների մեջ գոհանում էին Աստծուց և քաջալերում միմյանց, հաստատվելով նահատակության համ բերության մեջ, և երանելի կույս Եփիմիային հորդորում Քրիստոսի խոստացած բրաբիոնին: Եվ նա ուրախանալով, իբրև ազնիվ ընթրիքի հրավիրված, լցվեց իմաստությամբ, որ անմահ Փեսայի մոտ կմտնի Լույսի առագաստ` իմաստուն կույսերի հետ, անշեջ լապտերներով: Արդ, սուրբ վկաների մեծ նահատակության տասնիննը օրը լրանալուց հետո բանտում էին, սոված, կերակրվում էին Սուրբ Հոգու շնորհներով, իսկ քսաներորդ օրը անթիպատոս Պրիսկոսը խորհրդակցեց ամբարիշտ Ապելիանոսի հետ, նրա, որ միտքը անվան նմանությամբ էր ստացել, հրամայեց սրբերին բերել դատաստանի հարցաքննության: Այնուհետև Աստծու երանելի վկաները բերվեցին` ձեռքերը հետևները կապած և պարանոցները շղթայած: Այնժամ ամբարիշտ Պրիսկոսը ելավ–նստեց բարձր բեմին և հրամայեց բերել սրբերին: Եվ երբ բերին նրանց բեմի մոտ, նրանց մեջ էր նաև սուրբ Եփիմիան` որպես լուսավոր ջահ և որպես պայծառ ղամբար փայլում էր ճառագայթներով: Անթիպատոսը հարցրեց նրանց. «Ասացեք ինձ, ով պատանիներ, որ հանձն առաք առաջիկա տանջանքները, արդյոք զգաստացա՞ք ձեր համառությունից` զոհ մատուցելու մեծ աստված Արեսին, թե տակավին նույն մտքին եք համառում»: Նրանք միաբան ու միաբերան պատասխանեցին նահատակազգյաց Եփիմիայի հետ. «Ո՛վ անթիպատոս, մինչև ե՞րբ պիտի համառես մոլորությանդ մեջ և չճանաչես մեր Աստծու զորությունը, որն ստեղծեց երկինքն ու երկիրը»: Այն ժամ Պրիսկոսն ասաց ամբարշտության պաշտոնյաներին. «Դրանց մի անգամ չարաչար տանջանքով խփեցեք և ստիպեցեք ենթարկվել ինքնակալի հրամանին և զոհ մատուցել աստվածներին»: Սպասավորները անմիջապես կատարում են բռնավորի հրամանը, և երբ նրանք կռփահարում էին սրբերի երեսները` հույժ պայծառացան նրանց դեմքերը, և չարի արբանյակները տանջելիս տկարանալով մեռածի նման եղան: Իսկ բանսարկուի խորհրդակից Ապելիանոսը, որ չարի սպառազինություն էր հագել, ասաց անթիպատոսին. «Դրանց պատուհասելով ուղարկենք թագավորի մոտ»: Եվ այս բանը հաճո թվաց անթիպատոսին և նրա հետ եղողներին [նա] և հրամայեց նրանց բանտարկել դղյակի բերդում` մինչև նրանց կուղարկի թագավորի մոտ:
Քառասունինը այր էին և սուրբ կույսի հետ լինում էին հիսուն: Նրանց բանտ տարան. եկավ անթիպատոսը` իբրև մի ավազակ կամ հափշտակիչ գայլ, սրբուհի Եփիմիային առանձնացրեց մյուս սրբերից, նրան կարծելով չարության պատճառ, իսկ այն քրիստոսասեր վկան աչքերը երկինք հառած ասաց. «Օգնի՛ր ինձ, Քրիստո՛ս, մշտնջենավոր Հայր Աստծու Որդի և էակից, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և այնտեղ եղած արարածներին, որովհետև իմ հույսը դու ես, Տե՛ր իմ, չմարի իմ կուսության ջահը և չկորչի իմ հույսի հավատքը Քո նկատմամբ, որ անարատ պահեցի մանկությունից»: Այս լսելով` իշխանն ասաց. «Պատվի՛ր քեզ և, որ քեզ պատշաճ է ըստ ազգի` մի՛ կորցրու, զի թեպետ սասանվեցիր և խաբվեցիր իբրև կին, այսուհետև զղջալով զոհ մատուցիր աստվածներին»: Քրիստոսի աղախինը պատասխանեց. «Մենք չենք ջանում մարմնի տկար բնությամբ պատիվ վայելել, այլ արիական ճգնությամբ ձգտում ենք նահատակության մեջ ընտիր և քաջ երևալ, որի համար իմաստուն և քաջ ախոյանի նման եմ քո դիմաց, որպեսզի հաղթեմ քեզ և քո հայր սատանային, և հանդիպեմ մեր հայրերի անսուտ խոստումին»:
Այն ժամ անօրեն իշխանը բորբոքվեց կատաղի ցասումով, որ հաղթվել էր կնոջից, և դահիճներին հրամայեց չարչարանքի անվաձև գործիքներ պատրաստել և սուրբ վկային գցել անիվների մեջ, որ պտտվելիս իսկույն ավանդի հոգին: Իսկ երանելին, ամրացված անիվին, իրեն խաչակնքելով ասաց. «Օ՜, ինչպես է նստել ճշմարտության թշնամին և անօրինության մշակ Պրիսկոսը հնարելու չարի հրապույրները` շարժվելով չարից, բարեպաշտների դեմ, կարծելով նրանց կորցնել,– և ավելացրեց սուրբ վկան` ասելով նրան,– չարագործ և նենգավոր թշնամի՛, հավատա ինձ, որ քո չարարվեստության գործարանը չի մոտենում մարմնին, և ամենևին տանջանք չզգացի, որովհետև օգնական ունեմ Քրիստոսին` ջանալով հաստատուն պահել իմ նահատակության համբերությունը»: Երբ նա այս ասաց, բռնավորի պաշտոնյաները պտտում էին անիվը, և սրբի մարմնի բոլոր անդամները սաստիկ և չարաչար տանջանքից քանդվելով` մերկանում էին ոսկորներից: Իսկ տանջանքի մեջ սկսեց աղոթել` գոհանալով Աստծուց և ասել այսպես. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, որ ապավենդ ես բոլոր Քեզ դիմողների, Լույսդ ճշմարտության և Տերդ ողորմության, գթա՛ ինձ, քանի որ չես արհամարհում նրանց, ովքեր նեղության մեջ աղաղակում են առ Քեզ, նայի՛ր Քո աղախնին և դուրս հափշտակիր ինձ բարին ատեցող բանսարկուի կորստից և անմաքուր ու ամբարիշտ Պրիսկոսի սպառնալիքներից»: Երբ նա այս ասում էր, իսկույն երկնքից հրեշտակ իջավ, դադարեցրեց անիվի պտույտը և դահիճներին զրկեց զորությունից. այնպես որ երկնավոր զորքերից սարսափած` նրանք գունատվել ու վհատվել էին: Եվ երանելի վկան անարատ ելավ գործիքից, բազմության առջև երևալով զվարթ ու պայծառ, կարծես թե ոչ մի չարչարանք չի կրել: Եվ անթիպատոսն ասաց. «Երդվում եմ աստվածների փրկությամբ և ինքնակալի բախտով, եթե զոհ չմատուցես մեծ աստված Արեսին` հրով կվատնեմ քեզ, և կհասկանաս, որ քեզ չի օգնի քո Աստվածը, որին պաշտում ես»: Սուրբն ասաց. «Հրո՞վ ես սպառնում ինձ, նրանով, որ փոքր–ինչ վառվելով բորբոքվում և արագ հանգչում է: Բայց ես այդքան անարի չեմ, որ վախենամ քո սպառնալիքից, այլ ոտնակոխ կանեմ քո գոռոզությունը, երդվում եմ Քրիստոսի բարեպաշտ վկաների նահատակության ջանքով, որ մինչև վախճան հաստատուն կպահեմ հավատի իմ ընթացքը, որ արժանանա անվախճան ուրախության և նրանց հետ վայելեմ անպատում կյանքում ի Քրիստոս»:
Անթիպատոսն այնժամ զարհուրեց, բորբոքվեց կատաղությամբ, հրամայեց վառել բազմապատիկ հրի հնոց, որ շատ բարձրանալով` ցոլաբոցը, և սրբին գցել կրակի մեջ: Եվ բռնավորի սպասավորները կատարեցին հրամանը: Եվ երանելին զվարթ երեսով և ամբողջ մարմնով կանգնեց հնոցի մոտ և ասաց. «Օրհնյա՛լ ես, Տե՛ր Աստված, որ բնակվում ես բարձունքին ու տեսնում խոնարհներիս, որ փառավորում են հրեշտակները և երկնքի բոլոր զորությունները, քեզ եմ դիմում, օգնի՛ր ինձ Քո բարերարությամբ և կնքիր Սուրբ Հոգուդ զորությամբ և չարամիտ ու քրիստոսատյաց Պրիսկոսին ցույց տուր, որ դու ես Աստվածը, դու առաքեցիր հրեշտակին Բաբելոն` երեք մանկանց մոտ և մարեցիր հնոցի բոցը: Այժմ նայիր ինձ` տառապյալիս, առաքիր Քո օգնությունը և փրկիր ինձ առյուծի բերանից ու որսացողի ձեռքից, անթիպատոսի սպառնալիքներից, որովհետև Քո անունը ահավոր ու փառավորված է հավիտյան»: Այս բաներն ասաց նա, և անթիպատոսը հրամայեց իր պաշտոնյաներին նրա մեջքին գոտի կապել: Երբ կատարեցին ասածը, այնժամ հրամայեց նրան բռնել և գցել հնոցը: Եվ սպասավորներից մեկը, որի անունը Սոսթենես էր, մեջքին սուսեր ուներ, եկավ կանգնեց իշխանի առաջ և ասաց նրան. «Հրամայի՛ր ինձ, ո՛վ անթիպատոս, այս սրով ինքնասպան լինեմ, քանի որ անկարող եմ ձեռք տալ այդ սուրբ վկայուհուն, որովհետև տեսնում եմ իմ աչքի առաջ պայծառազգեստ մարդկանց, որ սպասարկում են դրան»: Նույնպեսև զինվորներից մեկ ուրիշը, որի անունը Բեկտորիանոս էր, անծանոթ էր ճշմարտության գիտության, քանդելով իր գոտին, իշխանին ասաց. «Աղաչում եմ քեզ, անթիպատո՛ս, ազատիր ինձ այս պարտականությունից, որովհետև ծանր է ինձ համար դիպչել սուրբ վկային, քանի որ իմ աչքերով տեսնում եմ հնոցի եզրին որոշ այրերի, որ կանգնած ցրում են հնոցի հուրը սպառելով և անարատ պահում Քրիստոսի սուրբ վկային»: Անթիպատոսը հրամայեց նրանց պահել և այլ պաշտոնյաների կանչեց, որոնց հետ և մի բարբարոսի, որի անունը Կայսր էր` բռնելու սուրբ նահատակին և հնոցը գցելու: Եվ երբ գցեցին հնոցի մեջ, նրան ընդունեցին աստվածության լուսազգեստ պաշտոնյաները` խաղաղության հրեշտակները, ցրելով հնոցի հուրը: Իսկ անօրեն Պրիսկոս իշխանի սպասավորներից մեկին` Կայսր կոչվածին, սատակեց հուրը: Եվ երանելին հնոցի մեջ էր` ինչպես արքունական ապարանքում` պարկեշտ գեղեցկությամբ, տեսնելով Թագավորին` ձեռքերը տարածելով ասաց. «Օրհնյալ ես, մեր հայրերի Տեր Աստված, որ Քո անհիշաչար Աստվածությամբ չանտեսեցիր Քո աղախնին և ճշմարտության Բանը տարածեցիր ամբողջ տիեզերքում և ճշմարտության հավատքը ընդարձակեցիր և հալածեցիր անօրինության մրրիկը, որև Քո արդարությունը ծագեցրիր ինձ վրա և Քո Սուրբ Հոգով անջատեցիր իմ անձը խավարից և միշտ փրկում ես Քեզ հուսացողներիս: Տո՛ւր ինձ` արժանավորապես Քո առջև նահատակվելով արժանի լինել հավիտենական կյանքիդ»: Այս ասելով հնոցի միջից Տիրոջը հանձնեց բարեպաշտության պաշտոնյաներին: Անթիպատոսը հրամայեց դարձյալ բանտ նետել նրան. «Որ ցույց տանք դրա,– ասում է,– աստվածների զորությունը, ոչ թե հայհոյելու, այլ հնազանդվելու ինքնակալի հրամանին, կամ իսպառ կսատկեցնենք դրան»: Եվ սուրբը գնաց բանտ` փառավորելով Աստծուն:
Իսկ երանելի վկաները, որ բանտում էին` նրան չարչարակից, մեծ խնդությամբ ուրախանում էին սուրբ կույս Եփիմիայի նահատակությամբ և ասում. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Քո աղախնին արժանի արա ընդունելի պատարագ լինել Քեզ` մեր հայրերի հետ, որ փափագելով խոստովանեցին Քո աստվածությունը»:
Մինչդեռ Պրիսկոս իշխանը ատյանում նստած հրամայեց բերել Սոսթենես և Բեկտոր սուրբ վկաներին և ասաց նրանց. «Զոհ մատուցեցեք աստվածներին»: Նրանք պատասխանեցին ասելով. «Մենք, ո՛վ անթիպատոս, մոլորվել էինք խավարասեր թշնամուց, որին դու պաշտում ես, և կորած դժոխքի անօրինության վիհերում, սնոտի կյանքում ծառայելով քեզ, հեռացել էինք Աստծու հույսից: Այժմ հավատում ենք Տիրոջը, որ ճգնակյաց կույսի վարդապետությամբ կարող լինենք ջնջել մեր հանցանքների գիրը և փրկվել հավիտենական հրից: Այժմ իսկույն արա՛ քո սատանա հոր գործը, որովհետև մենք չենք հնազանդվում Հոռոմոց անօրեն թագավորին և զոհ չենք մատուցի անմաքուր և սնոտի աստվածներին»: Այս լսելով անթիպատոսը հրամայեց սրանց միասին բերել, որ գազանակուր լինեն: Այնժամ նրանք երկուսը, որ ընկան գազանների առաջ, աղոթելիս ասացին այսպես. «Տե՛ր Աստված, որ մեծդ ես և ահավոր, որ Քո անունով հաստատեցիր ամեն ինչ, որ երկիրը հիմնեցիր Քո հրամանով, որ ծագեցրիր լույսը և ցրեցիր խավարը, որ սպանեցիր վիշապին և վերացրիր մահվան երկյուղը, ազատի՛ր մեզ հափշտակողի ցնորքից, փրկի՛ր մարդասպանի թակարդից և տուր մեզ խաղաղությամբ, անարատ հոգով ու մարմնով դիմել Քո սուրբ անվանը»: Եվ իսկույն ձայն եղավ երկնքից ասելով. «Լսեցի ձեր աղաչանքը և կկատարեմ ձեր բոլոր խնդրանքները»: Եվ սրբերը իրենց անձերը հանձնեցին Տիրոջը, ավանդեցին հոգիները: Անթիպատոսը տեսավ սրբերի վախճանվելը, ելավ և գնաց իր ապարանքը: Եվ քրիստոնյաներից երկյուղած մարդիկ վերցրին սրբերի մարմինները, պատեցին սուրբ պաստառակալով, օծեցին անուշ յուղերով, արժանավորապես դրին գերեզման:
Հաջորդ օրը, երբ բացվեց առավոտը, անթիպատոսը եկավ, որ լսի սուրբ կույս Եփիմիայի խոսքը: Եվ սուրբը բանտից ելավ, երգում էր և ասում. «Քեզ եմ երգում, Տե՛ր, նոր օրհնություն այս երկրում: Փառավորում եմ քեզ իմ զորությամբ, սաղմոս կասեմ քեզ իմ ազգով հանդերձ, օրհնում եմ քո անունը երգելով, սաղմոսելով, գովելով և փառավորելով քեզ»: Արդ, եկավ անթիպատոսը, ելավ նստեց բեմի վրա և ասաց Քրիստոսի սուրբ վկային. «Մինչև երբ անզգամությամբ պիտի կորցնես քո անձը: Այսուհետև հաճիր, քո միտքը հավանեցրու աստվածներին զոհ մատուցելու, որ քեզ հետ հաշտվեն: Այժմ լսիր ինձ և մի՛ արհամարհիր իմ խրատի խորիմաստ խոսքը, որ կենդանի մնալով իմ մայրը կոչվես»: Իսկ երիցս երանելին ծիծաղելով ասաց նրան. «Արդարև, քո անզգամ և անմիտ, կորստական խրատը լսելով` խուլ և անշունչ դիվաձույլ արձանների՞ն զոհ մատուցեմ, անօրե՛ն դու, և Քրիստոսի ճշմարտությունից հեռու ընկածդ և բևեռվածդ որոգայթադիր օձի հետ, տարտարոսի բնակիչդ և անշեջ հրի ժառանգորդդ, ջանում ես ճշմարտության որդեգրվածներիս քո կողմը ձգել, բայց ես չեմ հավանի քո սնոտի սպառնալիքներին և ոչ իբրև մանուկ կխաբվեմ քո ասածներով, որովհետև հագած եմ Քրիստոսի հավատի սպառազինություն, որ անխափան զորացնում է ինձ»: Այնժամ անթիպատոսը հրամայեց իր ծածուկ գործակալներին, սրբի համար տանջանքի գործիք պատրաստել և գլորելով բերել թատրոն, սուրբ Եփիմիային դնել տանջանքի գործիքի մեջ, որ այնպես բռնված` վայրի վարազների նման, մեռնի առանց գիտակցելու: Եվ երբ պատրաստեցին տանջանքի որոգայթը, սուրբ վկան եկավ պայծառ դեմքով, ասես բնավ տանջանք չէր կրել և չէր վախենում չարչարանքներից: Եվ երբ ամբարիշտ Պրիսկոսի պաշտոնյաները ուզում էին քարշ տալով մտցնել տանջանարան` հրեշտակները հափշտակեցին [նրան], խաղաղությամբ անցավ տանջանքի մեքենայից, իսկ զինվորներն ընկան մեքենայի մեջ ու սատկեցին:
Եվ երանելի Եփիմիան դարձյալ բացեց բերանն ու ասաց. «Տե՛ր Աստված, որ երկնքից առաքեցիր Քո միածին Որդուն, որ եկավ և մարմնացավ սուրբ կույս Մարիամից և Իր խաչի չարչարանքով վերացրեց մահվան երկունքը և տրորեց բանսարկուի զորությունը և գամվեց խաչափայտին և բացեց երկնքի դռները: Դու մոտեցար այն զինվորներին, որ Քո անվան համար հեղեցին իրենց արյունը և հերքեցին ընդդիմամարտ գազանին. որ նրանցով հաստատեցիր հավատի հիմքերը. որ միշտ օգնական եղար ինձ բոլոր տանջանքների մեջ, փրկիր և այժմ իմ անձը այն սրբերի աղոթքով, որ բանտում էին անսուտ խոստումի համար, որ աչքը չի տեսել և ունկը չի լսել: Պահիր քո աղախնին, որովհետև միայն դու ես անհիշաչար, որ փրկում և ազատում ես քեզ հուսացողներին»: Անթիպատոսը տեսավ, որ բնավ չվնասվեց գործիքից` հրամայեց առաջ բերել նրան և ասաց. «Դու, իմաստուն ես ամեն ինչով, իսկ ազգով` ազնվական և առաջավոր, խիստ զարմացած եմ, թե ինչու խոսքերով խաբվեցիր և կորցրիր ամեն ինչ ու տակավին մնում ես նույն համառությանը, չկատարելով ինքնակալի ցանկությունը: Բայց և այժմ, իբրև իմաստուն և պարկեշտագեղ կին, լսի՛ր ինձ և քո հորից համարիր` ինձնից քեզ արված անարգանքն ու տանջանքը, զոհ մատուցիր աստվածներին, որ քո ազգին նախատինք չլինես»: Իսկ սուրբ վկան, քրիստոսասեր մտքով պատրաստ լինելով, ասաց անթիպատոսին. «Ո՛վ չարադև, դրուժան այր, թշնամի արդարության և վայրենի գազան, որ ուզում է ինձ որսալ եղեռնահամ խոսքերով, որ լեղիից ավելի դառն է և մոլեխինդ սատակիչ: Այնքան անզգա չեմ, որ թողնելով անապական կենդանության գանձը` երկրպագեմ բանսարկուի խաբեությանը: Արդ, մի՛ խաբիր, անթիպատո՛ս, թե կհամոզես ինձ խոսքով զոհ մատուցել անմաքուր դևերին և կամ Աստված անվանել նրանց և կամ ինչպես անամոթացած միշտ կենդանուն նմանեցնում ես բնավ կենդանի չեղածներին և նրանց զոհ ես մատուցում: Արդ, չի՛ լինի, որ ես հավանեմ քո անհամ և կորստական խոսքերին, ուստի փութա և իսկույն արա` ինչ ուզում ես, որովհետև ես ուզում եմ քեզնից ստացած չարչարանքով մտնել հավիտենական երկնային ժառանգությունը, ուր բոլորի Հայրն է և մարտադիր Աստվածը, որ պսակում է Իր բոլոր սրբերին, և միածին Որդին և Սուրբ Հոգին` ամեն բարության պարգևաբաշխը»: Եվ դուքսը զայրացած հրամայեց նրան ձաղկել արջաջիլերով: Իսկ նա, երբ իրեն հարվածում էին` ասաց. «Չի կպչի ինձ քո տանջանքը, անօրեն, քայքայված ես և չունես բնության էությունը, հաղթված և հերքված է քո գոռոզությունը»:
Այն ժամ Ապելիանոսը անթիպատոսի հետ ցասումով զայրացած հրամայեց սայրասուր սղոցներ և երկաթե տապակներ պատրաստել և սղոցով նրան երկու մասի բաժանել` մամլակների տակ դնելով նրան և ջեռուցած տապակների մեջ դնել, որ նրա մարմնի բոլոր անդամները աճյունի վերածվեն: Ու երբ պատրաստվեցին տանջանքի այդպիսի գործիքներ` Պրիսկոսի անաստվածության սպասավորները բերին վկայուհուն և դրին մամլող գործիքի մեջ: Եվ իսկույն բթացան սղոցները և տապակների եռանդը մարեց, քանի որ Աստծու հրեշտակները կանգնեցին սուրբ կույսի մոտ: Եվ անօրեն Ապելիանոսն ու անթիպատոսը տեսան, որ զինավառ է Քրիստոսի վկան և հաղթում է համբերությամբ, մտածեցին նրա վրա արձակել գազանների բազմությունը:
Այն ժամ Քրիստոսի աղախնին մտցրին թատրոն: Եվ ձեռքերը տարածած աղոթում էր և ասում. «Հայտնի ես, Աստված, ովքեր դիմում են Քեզ, ընդունիր իմ հոգին անուշ հոտի մեջ, ինչպես ընդունեցիր մեր հայր Աբրահամի ընդունելի պատարագը: Այսպես և իմ` տառապյալիս հոգու և մարմնի պատարագը, կամավոր ու բանավոր զոհիս, որ մատուցում եմ Քեզ»: Այս ասելով խաչակնքեց իրեն` Տիրոջ անունը արտասանելով: Այնժամ գազաններ արձակեցին նրա վրա: Իսկ գազանները վազքով մոտեցան Քրիստոսի վկային և հանդարտությամբ լիզում էին նրա գարշապարները: Մյուսների նման էին անում նաև առյուծները: Իսկ իշխանի զինվորները սրերով խոցոտում էին սուրբ վկային:
Մինչդեռ պետք էր վերջ տալ սուրբ վկայի [կյանքին], նաև ինքը խնդրում էր գազաններին անվախ մոտենալ իրեն, որ արագորեն վերացնեն նրան այս չար աշխարհից, որպեսզի մտնի Աստծու մոտ, որին անձկացել է: Այնժամ մի մատակ առյուծ մոտեցավ և ճիրաններով ճանկեց նրա կողերը` ոչ սաստիկ խոցոտելով նրան: Եվ նույն ժամին երկնքից ձայն հնչեց և ասաց. «Վերև՛ ընթացիր, Եփիմիա՛, ընթացքդ կատարեցիր, հավատքը պահեցիր»: Երբ այս ձայնը հնչեց, մեծ շարժում եղավ` ասես ուժգին սասանումով դղրդաց թատրոնը, և բոլորը դողացին: Եվ սուրբ վկան ասաց. «Տե՛ր, [վճիռ] տուր պիղծ և անօրեն անթիպատոսին` իր չար սրտի համեմատ, և եղիր Քո աղախնի հետ, Տե՛ր իմ Աստված»: Այս ասելով ավանդեց հոգին: Եվ եկավ նրա մայր Թեոդոսիանեն և նրա հայր Փիլոփրոնը, վերցրին նրա մարմինը և դրին նոր գերեզմանի մեջ, մի տեղ, որ մեկ ասպարեզ հեռու էր Քաղկեդոն քաղաքից: Իսկ անթիպատոսը թագավորի մոտ ուղարկեց սուրբ վկաներին, որ բանտում էին, և պատվիրեց զորականներին` ճանապարհին զգուշությամբ պահել նրանց: Այնտեղ նահատակվեցին Քրիստոսի սուրբ վկաները, որ թվով քառասունինն էին: Իսկ չարախոհ և անօրեն իշխան Պրիսկոսն ընկավ չարաչար ախտերի մեջ և մեծամեծ տանջանքներով սատկեց:
Երանելի սուրբ կույս Եփիմիայի կատարման օրը սեպտեմբերի տասնվեցն էր, Դիոկղետիանոսի, Մաքսիմիանոս Հերկուլիանոսի հյուպատության և մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի մեզ թագավորելու ժամանակ, որի հետ միասին Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.