3 Դեկտեմբեր, Գշ
Երիտասարդ երկրագործը որոշեց ամուսնանալ և ընկերների հետ մի տոնախմբության գնաց, որպեսզի իր համար հարսնացու ընտրի: Այնպիսի գեղեցկուհիներ շուրջպար բռնեցին, որ երիտասարդների աչքերը շաղվեցին, մեկը մյուսից գեղեցիկ: Սիրամարգի քայլքով ճեմում են, ուսերն ուղղում, լավագույնս են իրենց ներկայացնում: Եվ նրանցից միայն մեկը համեստորեն կանգնել էր մի կողմում՝ գլուխը հակած, աչքերը գետնին խոնարհած:
- Ահա՛ իմ ընտրյալը,- նրան ցույց տալով ասաց երկրագործը:
Ընկերները զարմացան նման տարօրինակ ընտրությունից, իսկ երիտասարդը բացատրեց.
- Ախր ես երկրագործ եմ, և սովոր եմ դատել ցորենի հասկերով: Երբ դրանք ուղիղ ու հպարտ կանգնած են այնպես, որ հեռվից երևում են, ապա նման հասկի մեջ ցորեն չկա: Իսկ հացով լի հասկը միշտ ներքև է խոնարհվում այնպես, որ միանգամից չես էլ նկատում այն: Ճիշտ այդպես էլ հարսնացուն է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի