22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Երեխայ ունենալն իսկական երջանկութիւն է: Բայց ցաւօք շատ ընտանիքներ զրկուած են դրանից, ու միշտ չէ, որ անզաւակութիւնն իրենց անձնական մեղքով է, քանի որ գոյութիւն ունեն այլազան երկարատեւ հիւանդութիւններ, բնածին արատներ, վթարներ, եւ այլն: Ամլութիւնը (անպտղութիւնը, անբերրիութիւնը կամ չբերութիւնը) կանանց անկարողութիւնն է պտղաբերելու, ինչպէս նաեւ բեղմնաւորելու տղամարդկանց անկարողութիւնը: Անպտղութիւնն անկախ հիւանդութիւն չէ. աւելի շուտ այն մարմնի զարգացման գործում տարբեր անկանոնութիւնների հետեւանքն է, բնական թերզարգացումների, սեռական անդամների ժառանգական կամ ձեռքբերովի արատների, ներազդակ խանգարումների, սեռական ոլորտի սուր ու յամրընթաց հիւանդութիւնների (այդ թւում վեներական), մարմնի այլ անդամների եւ համակարգերի հիւանդութիւնների: Անպտղութիւնը մի ախտ է, որի հիմնական պատճառներից են նաեւ յղիութեան վիրաբուժական արհեստական ընդհատումները: Յայտնի է, թէ այս ախտով աշխարհում տառապում են միլիոնաւոր ամուսնացած զոյգեր:
Բայց հիմա չխօսենք այս աղէտի ֆիզիոլոգիական կամ բնախօսական պատճառների մասին (իւրաքանչիւր դէպքում դրանք կարող են տարբեր լինել), այլ դիտարկենք ամուսինների վարքագիծը, որն առաջարկւում է եկեղեցական աւանդոյթով: Առաջին հերթին ցանկացած քահանայ չբերութեան դէպքում զոյգին յորդորում է, որ չյուսահատուեն: Եւ իրօք, չկայ ոչ մի պատճառ հաւատալու (նոյնիսկ այն դէպքում, երբ մասնագէտ բժիշկը տալիս է իր վերջնական ախտորոշումը), թէ պտղի բեղմնաւորումն ամբողջութեամբ անյուսալի է (իհարկէ, եթէ կնոջ արգանդը չի հեռացուել վիրաբուժական գործողութեամբ): Կեանքի պատմութիւնը բազմաթիւ հակառակ օրինակներ գիտէ, որոնք եկեղեցական միջավայրում դիտւում են որպէս սովորական հրաշք: Առաջին խորհուրդն այստեղ, իհարկէ, կը լինի այն, որ պէտք է բուժուել, իսկ երկրորդը՝ աղօթել: Ի դէպ, անպտղութեան դէմ օգնութեան համար չբեր կնոջ արհեստական սերմնաւորման բժշկական գործող բոլոր մեթոդներից հաւանութիւնը տրւում է միայն ամուսնու սաղմնային բջիջների միջոցով բեղմնաւորմանը: Այստեղ չի խախտւում ընտանիքի միաւորի ամբողջականութիւնը որպէս այդպիսին, եւ արհեստական սերմնաւորումը տեղի է ունենում ընտանեկան յարաբերութիւնների համատեքստում: Ամուսնու սերմը, որ պահպանւում է ամուսնական յարաբերութիւնների ժամանակ, մասնագէտ բժիշկը ներարկում է կնոջ արգանդի մէջ: Այսպիսով, բեղմնաւորումը տեղի է ունենում ամուսինների բնական յարաբերութիւններից յետոյ, եւ ընտանեկան միութեան ամբողջականութիւնը չի խախտւում, քանի որ օգտագործւում են միա՛յն ամուսինների սերմնաբջիջները: Իսկ ինչ վերաբերում է այն մեթոդին, որը հիմնուած է բջջային սերմի նուիրատուութեան վրայ, ապա դա համարւում է բացարձակապէս անընդունելի, քանի որ ամուսնացած զոյգի միութեան մէջ յայտնւում է ինչ-որ անանուն երրորդ գործող անձ: Երբ ծննդաբերութեան գործընթացին միջամտում է երրորդ կողմը, նուիրատուի սերմը ներարկւում է արտաքին մեղքի տարրին: Այս տեսանկիւնից բեղմնաւորումն ու յղիութիւնը լիովին կարող են դիտուել որպէս շնութեան կամ ամուսնական դաւաճանութեան արդիւնք: Արտաքուստ կարծես թէ դաւաճանութեան հանգամանք չկայ, բայց ընտանիք է ներխուժում արտաքին տարր: Սա համարժէք է նրան, որ, յանուն երեխայի ծննդաբերութեան, կինն ապօրինի ամուսնական յարաբերութիւններ ունենայ այլ տղամարդու հետ: Թէեւ չկայ մեղաւոր յարաբերութիւնների ֆիզիկական բաղադրիչը, բայց կնոջ ձուաբջջի հետ միաձուլում է մէկ այլ անձի գենետիկական կամ սերնդագիտական նիւթը. այսինքն՝ ստացւում է արտամուսնական յարաբերութիւն պարզապէս բժշկական տեխնոլոգիաների օգնութեամբ: Գոյութիւն ունեն արհեստական սերմնաւորման մի շարք այլ մեթոդներ երրորդ կողմի միջամտութեամբ: Նրանցից ոմանք օգտագործում են մէկ այլ կնոջ նուիրատու ձուաբջիջը, որն ամուսնու սերմով բեղմնաւորումից յետոյ, ներարկւում է կնոջ արգանդի մէջ: Նման մեթոդներն ամբողջովին անընդունելի են: Նոյնիսկ կայ հոգեբանական մի երեւոյթ, երբ այն կինը, ով ընդունել է նուիրատուի սերմը, իր մարմնի մէջ զգում է «ինչ-որ անհասկանալի օտար բան», որը բնորոշ չէ իրեն:
Այսօր աւելի ու աւելի լայն տարածում են գտնում արտամարմնային (էքստրակորպորալ) բեղմնաւորման (ԱՄԲ) մեթոդները, այսինքն՝ բեղմնաւորումը տեղի է ունենում մարմնից դուրս: Այսօր այն կանանց թիւը, ովքեր յղիացել են «փորձանօթի» կամ «խողովակի» մէջ, արդէն հասել է մօտ երեք միլիոնի: Անպտղութեան խնդիրը լուծելու նման տարբերակը նոյնպէս մերժւում է Եկեղեցու կողմից, քանի որ այն պառակտում է ընտանիքի եւ ամուսնական միութեան ամբողջականութիւնը: Այստեղ բացակայում է տղամարդու ու կնոջ ֆիզիկական միացման սիրոյ կապակցութիւնը, ծնելիութեան խորհուրդը կատարւում է մարդկային մարմնից դուրս, չկայ ամուսինների՝ միմեանց նկատմամբ փոխադարձ սիրոյ նուիրուածութեան այն գործօնը, որն անհրաժեշտ է նոր կեանքի ծննդեան համար: Կեանքը ծնւում է «փորձանօթի» մէջ: Թէ ի՞նչ է կատարւում տուեալ պահին սաղմնաբջջի հետ, որ գտնւում է մօր մարմնից դուրս, թէ այն ի՞նչ հոգեկան ու ֆիզիկական հիւանդութիւնների է ենթակայ լինելու յետագայում, մեծ հարց է: Արտամարմնային բեղմնաւորման լուրջ խնդիրներից մէկն այն է, որ շատ դէպքերում այս մեթոդի գործնականացման համար արտադրւում են բեղմնաւորման, այսպէս կոչուած, «յաւելեալ» այն սաղմնաբջիջները կամ էմբրիոնները, որոնք արդէն իսկ նոր կեանք են: Սա նշանակում է, թէ եթէ բեղմնաւորուել է, օրինակ, չորս սաղմնաբջիջ, եւ կինը ցանկանում է ունենալ միայն մէկ երեխայ, ապա պէտք է ներարկուի միայն մէկ սաղմնաբջիջ: Իսկ ի՞նչ պէտք է անել միւս երեք սաղմնաբջիջները: Կարելի է նրանց սառեցնել ու որոշ ժամանակ անց նորից սերմնաւորել, կամ էլ պարզապէս պէտք է սպանել: Այսպիսով, երեխան լոյս աշխարհ է գալիս միաժամանակ երկու կամ երեք չծնուած եղբայրների ու քոյրերի սպանութեան հաշուին: Մէկի կեանքը միւսների մահուան հաշուին Եկեղեցին համարում է անընդունելի: Հետեւաբար, սուրոգատ կամ փոխնակ մայրութիւնը ճանաչւում է որպէս անբարոյական եւ անընդունելի՝ ընտանեկան նորմալ կեանքի ընթացքում: Եկեղեցին դէմ է «փորձանօթի» մէջ երեխայի բեղմնաւորմանը, քանի որ յանուն այն կեանքի, որն այնուհետեւ դրսից է փոխպատուաստւում մօր արգանդում, սպանւում են մօտ մէկ տասնեակ «յղիացած» այլ սաղմնաբջիջներ:
Այն ամուսինների համար, ովքեր փնտռում են բժիշկների օգնութիւնն անպտղութեան բուժման համար, իհարկէ, այսօր կան տարբեր ծրագրեր, դեղորայք ու վիրաբուժական մեթոդներ: Սակայն, բացի ամուսնական անպտղութեան ֆիզիկական պատճառներից, կան նաեւ հոգեւոր բնոյթի այլ պատճառներ: Հին Կտակարանում եւ հեթանոսական աշխարհում սա դիտւում էր որպէս հետեւանք ինչ-որ անձնական հոգեւոր անկման եւ անկատարութեան: Այն հարցին, թէ ինչո՛ւ է առաջանում անպտղութիւնը, Եկեղեցու Հայրերն պատասխանում են, թէ շատ դէպքերում մեղաւոր կեանք վարելու պատճառով անպտղութիւնը գոյանում է որպէս պատիժ: Որոշ կանայք, ուշացնելով ամուսնութիւնը, իրենց երիտասարդութեան տարիներին վարում են անկարգ եւ անզուսպ սեռական կեանք: Այսպիսիների համար գործում են ոչ միայն հոգեւոր օրէնքներ, այլ նաեւ անպտղութիւն առաջացնող բժշկական նախապատմութիւններ: Շատ հաւանական է, որ կանանց (ու տղամարդկանց) մեղաւոր եւ անառակ ապրելակերպը զարգացնում է մի շարք վարակներ, որոնք կարող են յանգեցնել սեռական ոլորտի յամրընթաց հիւանդութիւնների՝ հասցնելով ծննդաբերութեան անկարողութեան: Վարդան վարդապետ Այգեկցին իր՝ «Խրատ բոլոր քահանաներին եւ ժողովրդին» գրքում նշում է. «Շնութեան պատճառով որքան անբաւ արիւն է հեղւում երկրի վրայ գաղտնի եւ յայտնաբար, թունաւորմամբ, պիղծ հնարներով ու սպանութեամբ, կամ որքան մանուկ լոյս աշխարհ չի գալիս մարդկանց վախի ու ամօթի պատճառով… Եւ հազար անգամ վա՜յ այն կնոջը, ով չար դեղերով ու հնարքներով խափանում է որդեծնութիւնը եւ ուրիշներին էլ խրատում նոյնն անել… Իւրաքանչիւր մանկան դիմաց, որի ծնունդը խափանել են չար դեղերով, Աստուած նրանցից հասուն մարդու արիւն պիտի պահանջի ահաւոր ատեանում»[1]: Դաւիթ Ալաւկայ որդին իր «Կանոնական օրինադրութիւն» կանոնագրքում ասում է. «Կանանցից ոմանք, ամուլ լինելով, չբերութեան պատճառը վերագրում են իրենց ամուսիններին եւ պոռնկութեան են գնում օտարների հետ: Եթէ այդպիսին իր գործած պիղծ արարքից զղջայ, թող տասը տարի ապաշխարի մեծ առաքինութեամբ: Նոյն ձեւով էլ տղամարդիկ են լինում, որոնք վատնում են իրենց կուսութիւնը՝ փչացնելով օտարներին: Կան նաեւ դժբախտներ, որոնք իրենց կոյս կանանց փորձել են տալիս ուրիշներին: Կան տղամարդիկ, որոնք աղքատութեան եւ իրենց անճարակութեան պատճառով կաւատների պէս միջնորդ են դառնում ուրիշների եւ իրենց կանանց միջեւ: Այսպիսիներին թող շներով եւ քարերով հալածեն ու չթողնեն հաւաքուած ժողովրդի մէջ, եւ նրանց կանայք թող չապրեն նրանց հետ: Իսկ քահանան կարող է նրանց ապաշխարութեան դրդել եւ ինչպէս կամենում է, այդպէս վարուի»[2]:
Սուրբ վարդապետներն ասում են նաեւ, թէ անպտղութեան պատճառ կարող է լինել Աստծուն վստահելու անպատրաստութիւնը: Կան ամուսիններ, ովքեր ամուսնութիւնից անմիջապէս յետոյ ցանկանում են զաւակ ունենալ։ Եւ երբ ինչ-ինչ պատճառներով ծննդաբերութիւնը յետաձգւում է կամ ուշանում, ապա նրանք սկսում են տագնապել հոգեկան չափազանց մտահոգութեամբ: Աստուած երբեմն միտումնաւոր դանդաղեցնում է ու թոյլ չի տալիս ամուսիններին ժամանակից շուտ երեխայ ունենալ: Տեսէ՛ք, թէ ինչպէս Աստուած Իր սուրբերին՝ Աբրահամին եւ Սարային, Յովակիմին եւ Աննային, Զաքարիային եւ Եղիսաբէթին միայն ծերութեան տարիքում զաւակներ պարգեւեց, որպէսզի կատարի մարդկանց յաւիտենական փրկութեան Իր ծրագիրը: Ուստի ամուսինները պէտք է միշտ պատրաստ լինեն ընդունելու Աստծու կամքը իրենց կեանքի համար: Աստուած երբէք չի անտեսում այն անձին, ով իր կեանքն ամբողջովին վստահում է Իրեն: Իսկ երեխաների ծնունդը կախուած չէ միայն մարդկանցից, այլ նաեւ Աստծուց: Տեսնելով ամուսինների հաւատն ու խոնարհութիւնը, երեխայ ունենալու ցանկութիւնը կամ ծննդաբերութեան դժուարութիւնները՝ Աստուած կարող է նրանց ոչ միայն մէկ, այլ բազում զաւակներ պարգեւել, բայց երբ տեսնում է նրանց եսասիրութիւնն ու ամբարտաւանութիւնը, Նա չի ցանկանում կատարել նրանց ցանկութիւնները:
Անպտղութեան պատճառ կարող են լինել նաեւ ծնողների եսասիական այն մտածումները, երբ երիտասարդ ընտանիքը յետաձգում է երեխայի ծնունդը՝ խորհելով, թէ այդ ծննդաբերութիւնը մեծ հոգածութեան մեծ խնդիր կ՚առաջացնի: Կարծում են, թէ առաջին հերթին պէտք է ոտքի կանգնել, աւարտել ուսումը, տուն գնել եւ այլեւայլ նիւթական բարիքներ ձեռք բերել եւ ապա արդէն երեխայ ունենալ: Տեսնելով այսպիսի վերաբերմունքը, երբ զոյգերը անտեսում են որդեծնութեան օրհնութիւնը՝ «աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք» պատուիրանը, եւ յետոյ, երբ որոշակի ժամանակահատուածում ընտանիքն արդէն ձեռք է բերել իրեն ցանկալի նիւթական բոլոր պէտքերը՝ կարծելով, թէ հիմա է եկել ճիշդ ժամանակը, Աստուած զրկում է նրանց երեխայ ունենալուց:
Տէրը երբեմն երեխաներ չի տալիս ամուսնու ու կնոջ անպատրաստութեան, անպատասխանատուութեան, երեխային դաստիարակելու անհասունութեան, ամուսիներից մէկի ամբարշտութեան, չարութեան կամ էլ փոխադարձ դաւաճանութեան հնարաւորութեան պատճառով: Օրինակ, եթէ ընտանիքն անընդհատ վէճերի, ամօթաբեր կռուի ու թոհուբոհի մէջ է, եթէ ամուսինն ու կինը եսասէր են եւ պատրաստ չեն իրենց երեխայի համար զոհաբերուել, պատրաստ չեն հոգ տանել նրա մասին ու նրան տալ իրենց ծնողական սէրը, ապա Տէրը, նախատեսելով դա, ձգձգում է ծննդաբերելու կարողութիւնն այնքան ժամանակ, մինչեւ ամուսնական զոյգը հասունանայ, եւ ամուսինն ու կինը համաձայնութեան գան: Կան նաեւ անզաւակ զոյգեր, երբ կանայք այցելում են բազմաթիւ բժիշկների ու բժշկական կենտրոններ, սակայն ոչինչ չի օգնում, իսկ ամուսինները նրանց անընդհատ նուաստացնում են, վիրաւորում ու սաստում ծննդաբերութեան անկարողութեան համար: Որոշ ժամանակ անց այդպիսի ամուսինները դաւաճանում են իրենց կանանց եւ հեռանում դէպի ուրիշ ընտանիքներ: Իսկ չբեր կանայք ամուսնանում են այլ տղարմարդկանց հետ եւ ապահով, առողջ զաւակներ ծննդաբերում: Նրանց անպտղութիւնը, պարզուեց, մտացածին եւ երեւակայական էր: Տէրը, կանխատեսելով, թէ ամուսինն ու կինը պատրաստ չեն կամ չեն ցանկանում պահպանել ամուսնական սիրոյ միութիւնը, երբեմն թոյլ է տալիս, որ երեխայ չծնուի այդպիսի ընտանիքում, քանի որ նա արդէն փոքր տարիքից դատապարտուած է «որբ» մնալ:
Անպտղութեան մի այլ պատճառ է, երբ Տէրը տեսնում է, թէ հնարաւոր է, որ ընտանիքում երեխան ծանր հիւանդ կամ հաշուանդամ լինի, ուստի Նա թոյլ է տալիս, որ այդ երեխան չծնուի: Եկեղեցու աւանդութեան մէջ յայտնի դէպքեր կան, երբ մայրերը երեխային կորցնելու վախից անդադար ու ջանասիրաբար աղօթում էին Աստծուն, իսկ Տէրն այս կամ այն սուրբի միջոցով յայտնում էր, թէ իրենց աղօթքն անընդունելի է, քանի որ այդպիսի երեխան ծնուելու է որպէս ապագայ ոճրագործ, մարդասպան, սրբապիղծ: Իսկ եթէ մայրերը չէին նահանջել, ցանկանալով ամէն գնով կատարել իրենց կամքը, բաւարարելով մայրական եսասիրութիւնը, ապա Տէրը թոյլ էր տալիս այդ երեխաների ծնունդը, որոնք յետագայում դառնում էին ամօթանք իրենց ընտանիքին ու շրջապատին:
Անպտղութիւնը երբեմն տրւում է նաեւ որպէս հաւատի փորձութիւն: Որդեծնութեան այն միջոցները, որոնք համաձայն չեն Արարչի ծրագրին ու մտադրութեանը, Եկեղեցին չի կարող համարել բարոյապէս արդարացուած: Եթէ ամուսիններն անկարող են երեխայ ունենալ, իսկ անպտղութեան վերացման բժշկական ու վիրաբուժական մեթոդները չեն կարող օգնել ամուսիններին, ապա նրանք պէտք է խոնարհաբար ընդունեն անպտղութիւնն իրենց կեանքում որպէս նախախնամութեան յատուկ վիճակ: Նման դէպքերում պէտք է հաշուի առնել երեխայի որդեգրութեան հնարաւորութիւնը՝ ամուսինների փոխադարձ համաձայնութեամբ: Նման անպտղութիւնն այն խաչակրութիւնն է, որով ամուսնական զոյգը պէտք է ցոյց տայ համբերութիւն, հնազանդութիւն, վստահութիւն Աստծու կամքին: Սակայն պատահում է, որ Տէրը երկար տարիներից յետոյ, ի վերջոյ, զոյգին երեխայ է պարգեւում: Հաւատքի փորձութիւնը կարող է կարեւոր իրադարձութիւն լինել ամուսնական զոյգի համար: Ընտանիքը ցոյց է տալիս իր հաւատարմութիւնն Աստծու նկատմամբ, եթէ չի դժգոհում Նրա դէմ, այլ նոյնիսկ շնորհակալ է ուղարկուած վշտերի համար: Հաւատքի այս փորձութիւնը կարող է ինչ-որ պահի աւարտուել, իսկ ամուլ կինը երկար տարիների ընթացքում կարող է շատ երեխաներ ծննդաբերել:
Երբեմն Աստուած թոյլ չի տալիս ոմանց զաւակ ունենալ, որպէսզի նրանք որդեգրեն ուրիշ երեխաներ ու սիրեն նրանց որպէս իրենց հարազատը, հոգ տանեն եւ ոտքի կանգնեցնեն նրանց, որպէսզի հոգեպէս աճեն ու բարեպաշտութեան մէջ վարժուեն: Այնպէս որ, Աստուած երբեմն չի տալիս երեխաներ ոչ թէ պատժելու նպատակով, այլ պարզապէս այդպիսով իսկ արտայայտում է Իրեն յատուկ նախախնամական կամքը, որ այդ մարդկանց միջոցով օգնութիւն ստանան ծնողներից լքուած դժբախտ երեխաները: Իսկ այն ծնողները, ովքեր թէեւ երիտասարդ տարիքում մեղքեր են գործել, բայց, այնուամենայնիւ, իրենց երեխաներին ջանում են դաստիարակել ու մեծացնել Տիրոջ խրատով եւ ուսումով (տե՛ս Եփես. 6, 4), հասարակութեան համար օգտակար անդամներ ու բարեպաշտ քրիստոնեաներ պատրաստելով, նման միջոցներով ձեռք են բերում վստահութիւն ու մեծ մխիթարութիւն երկրի վրայ, եւ կ՚արժանանան երկնային պարգեւների: Երեխաների հանդէպ պատասխանատուութեան մասին մի հին ասացուածք կայ. «Լաւ է մեռնել անզաւակ, քան ունենալ ամբարիշտ որդիներ» (Սիր. 16, 3-4)։ Ի դէպ, որդեծնութեան միջոցով փրկութիւնը ոչ մի կերպ ընդհանուր չէ բոլորի համար: Կը փրկուեն նաեւ կոյսերը, եթէ պահպանեն իրենց կուսութիւնն ու բարեպաշտութեամբ շարունակեն վարել հոգեւոր կեանք: Յայտնի են այրիներ, որոնք ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էին Աստծուն (տե՛ս Ղուկ. 2, 33): Չամուսնացած եւ անզաւակ մարդիկ կարող են Աստծուն հաճեցնել՝ ուրիշ մարդկանց զաւակներին կամ ծնողազուրկ երեխաներին որդեգրելով, մեծացնելով, դաստիարակելով եւ այլ բարի գործեր կատարելով:
Անզաւակ ամուսինները յաճախ են զգում, թէ իրենց կեանքում բացակայում է ինչ-որ շատ կարեւոր բան։ Այո՛, երբ ընտանիքը չունի երեխայ, սա պայմանաւորուած է մարդկային մեծ վշտով։ Կարո՞ղ են արդեօք ամլութիւնն ու անզաւակութիւնը լինել Աստծու պատիժ: Կարո՞ղ է արդեօք դա մեկնաբանուել որպէս նախատինք Հին Կտակարանի իմաստով։ Ոչ միշտ։ Քրիստոնէութեան մէջ կայ նաեւ Աստծու նախախնամութեան հասկացողութիւնը, որը մենք ընկալում ենք միայն այն ժամանակ, երբ հետադարձ հայեացքով հասկանում ենք, թէ այն, ինչ որ մեզ համար ցաւ ու վիշտ, զրկանք ու աղէտ էր թւում, ըստ էության, ունեցել է մէկ այլ նպատակ: Այսպիսի զարմանալի եղանակով էր, որ Աստծու նախախնամական կամքը մեզ առաջնորդեց սարսափելի, ծանր եւ անտանելի փորձութիւնների միջով. եւ յանկարծ այս ամէնի միջոցով բացայայտեց Իր սէրն ու խնամքը մեր հանդէպ: Վարդապետներն ասում են՝ եթէ Աստուած Սէր է, ապա բոլորովին սարսափելի չէ Նրան չհասկանալը. մենք կարող ենք վստահել Նրան չհասկանալով էլ: Մենք չենք կարող մեր սահմանափակ մտքում տեղաւորել ու հասկանալ Աստծու Նախախնամութիւնը, բայց եթէ մարդը հասկացել է, թէ Աստուած սէր է, ապա նա կը կարողանայ Տիրոջ ձեռքից ընդունել ցանկացած վիշտ, այդ թւում նաեւ ամլութիւնն ու անզաւակութիւնը՝ որպէս խաչակրութիւն, որպէս անձի փրկութեան մի այլ ձեւ կամ մի այլ ճանապարհ: Սիրոյ եղանակներն ու հնարաւորութիւնները շատ են: Օրինակ՝ սիրոյ մէկ այլ արտայայտութիւն կարելի է գտնել ուրիշ երեխայի դաստիարակութեան մէջ: Մարդիկ երբեմն վախենում են իրենց ընտանքում ուրիշի երեխայ որդեգրել՝ մտածելով, թէ այդ դէպքում երեխան իրենց սեփականութիւնը, միեւնոյն է, չի դառնայ: Բայց պէտք է սիրել երեխային՝ լինի արիւնակից, թէ որդեգրուած: Երեխային պէտք է տեսնել ոչ թէ որպէս իրենը, այլ Աստծունը՝ փախչելով նրա հանդէպ սեփականատիրութեան կամ արիւնակցական զգացմունքներից: Եւ միայն ա՛յն ժամանակ կարելի կը լինի իսկապէս սիրել, ու չի լինի որեւէ վախ որդեգրութեան հարցերում: Եթէ կինը չի կարող ծննդաբերել, ապա նա կարող է փրկել նրան, ով ծնողներ չունի, եւ դրանով իսկ մոռանալ իր ամլութեան կամ անզաւակութեան ցաւը: Հաւանաբար, Տէրն այնպէս է ուզում անել, որ ծնողները, ովքեր չունեն երեխաներ, եւ երեխաները, ովքեր չունեն ծնողներ, գտնեն միմեանց: Մենք չգիտենք, թէ ինչո՞ւ ոմանց ինչ-որ բան շատ է տրուած, իսկ միւսներին ոչինչ. ինչո՞ւ որոշ մարդիկ ծնւում են հարուստ, իսկ միւսներն՝ աղքատ. ոմանք առողջ են, իսկ ուրիշները՝ հիւանդ: Բոլոր իրավիճակներում անհրաժեշտ է վստահել Աստծուն, եւ խոնարհութիւն ցուցաբերել Աստծու նախախնամական կամքի հանդէպ ու սովորել ապրել այնպէս, ինչպէս Աստուած է մեզ համար նախատեսել:
Սուրբ վարդապետներն ասում են, թէ անզաւակ բարեպաշտ ամուսինների կեանքն աւելի մօտ է առաքելական սխրագործութեանը: Վանականների, առաքեալների ու մեր սուրբերի առանձնական ու մենակեաց ողջ ապրելակերպի իմաստն ի փառս Աստծու էր: Առանց զաւակների մենակեաց կեանքը հնարաւոր է դարձնում ամբողջութեամբ նուիրուել ու բոլորանուէր ծառայել Աստծուն: Ի վերջոյ մենք գիտենք, թէ երբեմն ընտանիքի մասին հոգալը որոշ չափով հեռացնում է Տիրոջից: Պօղոս առաքեալն ասում էր, թէ կ՚ուզէր, որ բոլորն իր նման լինէին. «Ամէն մարդ լինի այնպէս, ինչպէս ես եմ... Սակայն ամուրիներին եւ այրիներին ասում եմ. լաւ է նրանց համար, եթէ մնան այնպէս, ինչպէս ես եմ» (Ա. Կորն. 6, 7-8): Իսկ ինքն ամէն ջանք թափում էր, որ առանց մեղքի ապրի, եւ ինչպէս յայտնի է, նա անզաւակ մարդ էր: Աւելին, նա ասում է, թէ ամուսնացած կինը հոգում է աշխարհայինի մասին, թէ ինչպէս հաճելի լինի իր ամուսնուն, իսկ ով կին ունի, նոյնպէս աշխարհայինի մասին է հոգում, թէ ինչպէս հաճելի լինի իր կնոջը. «Ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինէք. որովհետեւ, ով կին չունի, հոգում է, թէ ինչպէս հաճելի լինի Տիրոջը։ Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում, թէ ինչպէս հաճելի լինի իր կնոջը։ Եւ այսպէս տարբերւում են իրարից ամուսնացած կինը եւ կոյսը. քանի որ կոյսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպէսզի սուրբ լինի մարմնով եւ հոգով։ Իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհի մասին, թէ ինչպէս հաճելի լինի իր մարդուն։ Եւ սա ձեր օգտի համար եմ ասում. ոչ թէ ձեզ ճնշելու համար, այլ պարկեշտութեան եւ Տիրոջը բոլորանուէր ծառայելու համար» (Ա. Կորն 7, 32-35):
Իհարկէ, զաւակներ ունենալու պայմանը կարեւոր է ընտանեկան ուրախութեան համար ու կարեւոր է նաեւ փրկութեան համար։ Բայց նրանց բացակայութիւնը չի նշանակում, թէ պէտք է տրուել յուսահատութեան: Բայց միւս կողմից, հակառակը, ամլութիւնն ու անզաւակութիւնը նոյնիսկ պէտք է ընդունել որպէս պարգեւ Տիրոջից: Այս պարագային անզաւակ ամուսիններն ազատ են ու կարող են դաստիարակել հոգեւոր զաւակներ՝ ընդունելով բոլոր մանուկներին, բոլոր նրանց, ովքեր կարօտ են սիրոյ, խնամքի, ջերմութեան. եւ պէտք չէ սահմանափակուել միայն արիւնակից հարազատներով: Եկեղեցական կեանքի համընդհանուր մարմնում ընտանիքը միայն մէկ բջիջն է: Երեխաների բացակայութիւնն ամենեւին չի նշանակում, թէ ընտանիքը բացառւում է Քրիստոսի մարմնից՝ Եկեղեցուց: Ընդհակառակն, անզաւակ ընտանիքը յարաբերաբար իր ազատ կեանքով կարող է բերել մեծագոյն նպաստ Եկեղեցուն: Այդ նպատակի համար անհրաժեշտ է նուիրուել երեխաների դաստիարակութեանը, որոնց Ինքը՝ Տէրն է տալիս անզաւակ ծնողներին որդեգրելու, խնամելու կամ հովանաւորելու համար: Ի վերջոյ, Սուրբ Հաղորդութեան խորհրդի շնորհիւ բարեպաշտ ամուսինները հնարաւորութիւն ունեն վերանորոգուելու ու նմանուելու մանուկներին՝ իրենց բնաւորութեամբ եւ ընկալմամբ. «Եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի» (Մատթ. 18, 3): Ծնողները մանուկների նման են դառնում, ամուսինները միմեանց ընկալում են որպէս մանուկ եւ փորձում են համապատասխան կերպով միմեանց օգնել, աջակցել ու դաստիարակել, որպէսզի ամէն մէկն ազատուի իր մեղքերից, թերութիւններից ու թուլութիւններից: Այսպէ՛ս պէտք է լինի միմեանց հանդէպ ամուսինների ապրելակերպը՝ որպէս միամիտ մանուկների: Սա օգնում է անցնել բոլոր փորձութիւնների միջով ու դիմանալ բոլոր դժուարութիւններին: Ամուսիններն ընկալւում են որպէս Աստծու որդիներ ու դուստրեր եւ Տիրոջ առաջ դառնում են մանուկների պէս, միմեանց սիրելով ապրում են բնական ու բարի ընտանեկան կեանքով:
Հաւատացեալների կեանքից յայտնի են դէպքեր, երբ անպտղութեան ախտորոշումից յետոյ նրանք, սուրբ վայրեր այցելելով, հրաշագործ խորհրդանիշերի, սրբապատկերների ու սուրբերի մասունքների շնորհիւ, հակառակ բոլոր բժշկական ցուցումների, որպէս խորը հաւատի եւ աղօթքի պտուղ՝ զաւակներ են ունեցել: Նոյնիսկ եթէ ամուսիններին ինչ-ինչ պատճառներով չի ստացուել զաւակ ունենալ, ապա նորից հաւատացեալը պէտք է խոնարհաբար ընդունի Աստծու նախախնամութիւնը եւ արժանապէս կրի իր անզաւակութեան խաչը: Շատ զոյգեր իրենց սէրն են արտայայտում երեխաների նկատմամբ, երբ ամուսինը, դառնալով կնքահայր, իր կնոջ հետ օգնում է ուրիշ ծնողներին՝ նրանց երեխաների քրիստոնէական դաստիարակութեան գործում կամ էլ կատարում են յատուկ սխրագործութիւն՝ որդեգրելով որբ մանուկներին: Որպէս կանոն՝ նման ամուսինները շատ շուտ են մոռանում, որ երեխան որդեգրուած է՝ նրան իրենց հարազատը համարելով: Ընդհանուր առմամբ, ամէն դէպքում, թէեւ բժիշկները դատապարտում են անպտղութիւնը, որպէս հաւատացեալ մարդ՝ պէտք է հնազանդութեամբ կրել սեփական խաչը:
Միակ բանը, որ ամուսիններին մնում է յուսալ զաւակ ունենալու համար, հաւատն ու աղօթքն է: Եկեղեցու աւանդութեան մէջ կան բաւական թուով սուրբեր, ովքեր կարող են օգնել անպտղութեան դէմ: Խօսքը, իհարկէ, բարեխօսական հրաշագործ աղօթքի աջակցութեան մասին է: Հնագոյն բարեպաշտ անզաւակ ամուսինների օրինակներն այս դէպքում մեզ սովորեցնում են աղօթքի մէջ օգնութիւն գտնել: Աղօթքը մեծ զէնք է: Որպէս ուշագրաւ օրինակ են ծառայում Աբրահամն ու Սառան, ովքեր մօտ 90 տարի աղօթեցին զաւակ ունենալու համար: Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում է. «Տե՛ս, թէ որքա՜ն հեռու էին նրանք (Աբրահամն ու Սառան) ամէն կրքից: Նրանք ունեցել են միայն մէկ նպատակ՝ չմեռնել անզաւակ: Սակայն, միեւնոյն ժամանակ, նրանք փորձում էին մխիթարել միմեանց ու փրկել ընտանեկան խաղաղութեան անխզելի միութիւնը: Արդ, խորհի՛ր նախահօր մեծագոյն համբերատարութեան եւ զարմանալի հեզութեան մասին: Անպտղութեան համար նա չատեց իր կնոջն, ինչպէս որ անում են որոշ անմիտներ, եւ չնուազեցրեց իր սէրը նրա հանդէպ: Դուք գիտէք, թէ ինչպէս է դա (այսինքն՝ անպտղութիւնը) շատ ու շատ մարդկանց համար ատելութեան պատճառ դառնում իրենց կանանց հանդէպ. եւ հակառակը, որպէս շարժառիթ աւելի մեծ սիրոյ՝ ծառայում է բազմազաւակութիւնը: Բայց անփութաբար եւ անխոհեմաբար մարդիկ իրենց կանանց են վերագրում թէ՛ անզաւակութիւնը եւ թէ՛ բազմազաւակութիւնը՝ չիմանալով, որ ամէն ինչ կախուած է մեր բնութիւնն Արարողից. եւ որ ինքնին ոչ մի կենակցութիւն եւ ոչ մի այլ բան չի կարող յանգեցնել երեխաների ծննդեանը, եթէ չաջակցի Բարձրեալի ձեռքը՝ յաջողեցնելով այդ բնութեան ծնունդը: Լաւ իմանալով սա՝ արդար Աբրահամը չէր մեղադրում իր կնոջը չբերութեան համար, այլ միշտ նրան ցուցաբերում էր պատշաճ պատիւ: Ահա՛ թէ ինչու նա, փոխադարձաբար յարգելով իր ամուսնուն ու ցանկանալով արտայայտել, թէ որքան մեծ սէր ունի նրա նկատմամբ, չէր մտածում ինքն իր մասին, այլ խորհում էր միայն այն մասին, թէ չբերութեան մէջ ինչպէ՛ս պէտք է նրան մխիթարի»[3]:
Աղօթքով խիզախ Իսահակը յաղթահարեց մարմնի բնութիւնը, քանդեց վնասուած բնութեան կապանքները: Ինչպէ՞ս նա արեց դա: Սուրբ Գիրքն ասում է. «Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր։ Աստուած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ» (Ծննդ. 25, 21): Սա աղօթքի զօրութեան ապացոյցն է: Սամուէլի մօր՝ Աննա մարգարէուհու համար անհնարին էր համակերպուել ամուլ լինելու մտքին։ Նա վշտահար հոգով ու յարատեւ ջանասիրութեամբ աղօթում էր Աստծուն. «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, զօրութիւնների՛ Տէր, եթէ կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ յիշես ու արու զաւակ տաս քո աղախնին, մինչեւ նրա մահուան օրը Քեզ կը նուիրեմ նրան» (տե՛ս Ա. Թագ. 1, 9-20): Նա խոստանում էր նուիրել իր զաւակին Տիրոջը: Աղօթելիս Աննայի շուրթերը դողում էին, եւ նա հեկեկում էր: Նրա ձայնը լսելի չէր, բայց Տէրը լսեց նրան, եւ երբ ժամանակը հասաւ, որդի պարգեւեց: Աննան իր որդու անունը Սամուէլ դրեց եւ ասում էր, թէ «նրան զօրութիւնների Տէր Աստծուց եմ խնդրել»։ Աղօթելու հարցում Աննան հրաշալի օրինակ է բոլոր հաւատացեաների համար (տե՛ս Ա. Թագ. 1, 9-20): Ահա այսպէ՛ս պէտք է աղօթեն նաեւ անզաւակ ամուսինները, եւ Տէրը կը լսի նրանց աղօթքները: Բայց ոմանք ասում են. «Աղօթում ենք, բայց ակնյայտ է, թէ Աստուած այդպէս էլ չի ընդունում մեր աղօթքները»: Այդ դէպքում պէտք է աւելի շատ աղօթել. եւ եթէ աղօթքը կարճ ու թերի է, ապա պէտք է այն լրացնել: Ինչպէ՞ս լրացնել. Տիրոջը նուիրելով ձեր աղերսած զաւակներին եւ այնպէս, որ ոչ թէ երկրային ուրախութիւնների ու հաճոյքների համար էք դուք զաւակներ աղերսում, այլ վերջիններին Նրան յանձնելով՝ շարունակէք Տիրոջ ծառայութիւնը: Ինչպէս տեսնում էք, օգտակար են այսպիսի խոստումնաւոր աղօթքները զաւակներ խնդրելու համար։ Հետեւաբար, Տիրոջը խոստացէք, որ եթէ Նա օրհնի ձեզ որդեծնութեամբ, ապա դուք պէտք է երեխաներին դաստիարակէք Աստծու վախով, ուղղափառ հաւատով եւ եկեղեցասիրութեամբ: Բայց մենք, նախանձախնդիր լինելով մեր աղօթքներին, պէտք է գումարենք նաեւ մեր բարեպաշտ եւ առաքինի կեանքը:
Զաւակ ունենալու համար առաւել ընդունուած է դիմել սբ. կոյս Մարիամի ծնողներին՝ Յովակիմին եւ Աննային: Պատճառը բաւական ակնյայտ է: Հէնց այս զոյգն էր, որ պատուով անցաւ ամուսնական անպտղութեան փորձութեան միջով. եւ իրենց աղօթքների շնորհիւ ստացան «ծննդաբերութեան» այնպիսի մի պարգեւ, ինչպիսին էր Մարիամը, որ դարձաւ Աստուածածին՝ Քրիստոս Աստծու Մայրը: Զաքարիան եւ Եղիսաբէթը նոյնպէս այն սուրբերից են, որոնց բարեխօսութեանն ընդունուած է դիմել նման խնդրի համար: Մինչեւ հասան ծերութեան, նրանք այդպէս էլ չկարողացան զաւակ ունենալ. ու խոնարհութեամբ ընդունել էին անզաւակութեան փորձութիւնը: Բայց Աստուած լսեց Զաքարիայի եւ Եղիսաբէթի աղօթքը, ու հրեշտակը յայտարարեց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա՛, որովհետեւ քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը՝ Եղիսաբէթը, մի որդի կը ծնի քեզ, եւ նրա անունը Յովհաննէս կը դնես։ Նա քեզ համար ուրախութիւն եւ ցնծութիւն կը լինի, եւ շատերը կ՚ուրախանան նրա ծննդով» (Ղուկ. 1, 13-14): Աստծու ողորմութեամբ Եղիսաբէթը յղիացաւ ու ծնեց Յովհաննէս Մկրտչին, որի համար Քրիստոս Ինքը, ընդունելով Իր մկրտութիւնը նրանից, ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի եղել» (Մատթ. 11, 11):
Ի սկզբանէ անզաւակ, բայց յետոյ Աստծու կողմից օրհնուած Աբրահամն ու Իսահակը, Սամսոնն ու Սամուէլը, Յովակիմն ու Աննան, Զաքարիան եւ Եղիսաբէթը՝ բոլորն էլ բարեպաշտ մարդիկ էին: Ահա նրանցից է պէտք օրինակ վերցնել. եւ բոլոր դէպքերում լավ է վստահել Աստծուն եւ միշտ աղօթել. «Թող Քո՛ կամքը լինի…» (Մատթ. 6, 10): Սողոմոն Իմաստունն ասում է. «Թող քո սիրտը չնախանձի մեղաւորներին, այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ։ Եւ եթէ պահես, դու զաւակ կ՚ունենաս եւ քո յոյսը չի կտրուի» (Առակ. 23, 14):
Այն կանանց կեանքը, ովքեր մինչեւ ամուսնութիւնն անցել են այնպիսի փորձութիւններ, ինչպիսիք են արհեստական վիժեցումն ու պոռնկութիւնը, բայց յետոյ զղջացել, խոստովանել եւ ապաշխարել են, սուրբ Պսակի խորհրդով այդպիսիների կեանքը ծածկւում է Աստծու սիրով: Այժմ միասին նրանք պէտք է մտածեն ապագայի մասին եւ ջանան ամբողջ կեանքի ընթացքում Աստծու շնորհով եւ իրենց բարի գործերով արժանի դառնալ քաւութեան ու մեղքերի թողութեան: Դրա համար Տէրը նրանց միացրեց, որպէսզի նրանք միասին իրենց բարեպաշտ համատեղ կեանքով ազատուեն ծանր մեղքերի բեռից, այդ թւում` յղիութեան արհեստական ընդհատումից ու շնութիւնից: Անպտղութեան խնդիրը լուծելու համար շատ կարեւոր է եկեղեցու սուրբ Պսակի խորհուրդը: Պսակադրութեան խորհրդակատարութեան ընթացքում քահանան աղօթում է հետեւեալ բառերը, որոնց մէջ առկայ է Աստծու օրհնութիւնը կնոջ համար, որպէսզի նա պտղաբեր լինի. «Ո՛վ Տէր, յաւիտենական Աստուած, Դու որ անքակտելիօրէն միմեանց ես միացնում իրար համար սահմանուած ամուրիներին, օրհնի՛ր Քո այս ծառայիդ եւ աղախնիդ՝ ինչպէս Իսահակին եւ Ռեբեկային օրհնեցիր՝ ցոյց տալով, որ Քո խոստումներիդ ժառագորդներն են նրանք…»։ Իսկ երկրորդ Պսակի արարողութեան ժամանակ քահանան աղօթում է. «Քո ողորմութեամբ որդեծնութիւն պարգեւիր նրանց։ Ների՛ր նրանց կամայ եւ ակամայ գործած մեղքերն ու յանցանքները։ Ընդունի՛ր նրանց աղօթքն ու խնդրանքները։ Սուրբի՛ր նրանց հոգին ու մարմինը, որպէսզի այս աշխարհի մէջ բարի գործերով ապրեն իրար հետ։ Օրհնի՛ր նաեւ, Տէ՛ր, նրանց ծնուելիք զաւակներին, որպէսզի Քո՛ կամքի համաձայն լինեն, ո՛վ մեր Արարիչ Աստուածը. որովհետեւ Դո՛ւ ես, որ օրհնում ու սրբում ես մեզ՝ բոլորիս։ Քեզ են վայելում փառքն ու իշխանութիւնը յաւիտեաններում. ամէն»։ Անհաւատ ամուսինները երբեմն անտեսում են այս կարեւոր խորհուրդը, եւ Տէրը թոյլ չի տալիս, որ կինը դառնայ մայր, քանի դեռ ամուսնական միութիւնը սրբացուած չէ եկեղեցական սուրբ Պսակի խորհրդի շնորհով: Բացի դրանից կան դէպքեր, երբ այն կանայք, ովքեր ախտորոշուել էին «անպտղութեամբ», երկար տարիներ պաշտօնապէս գրանցուած ապրելով իրենց ամուսինների հետ, սակայն պսակադրուած չլինելով եկեղեցում, սուրբ Պսակի խորհուրդը ընդունելուց մի քանի օր յետոյ արդէն յղիացել են:
Արդ, մէջբերենք որոշ քաղուածքներ սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետի ճառից՝ անզաւակութեան դէպքում աղօթքի զօրութեան մասին. «Աղօթքը մեծ զէնք է ու մեծ պաշտպանութիւն… Դուք երէկ լսեցիք, թէ ինչպէ՛ս երեք կապուած երիտասարդներ կոտրեցին կրակի զօրութիւնը, թէ ինչպէ՛ս ոտնատակեցին բոցը, թէ ինչպէ՛ս գերազանցեցին ջեռոցի վառարանին եւ յաղթանակեցին տարրերքի գործողութեանը: Այսօր կրկին լսեսէ՛ք, թէ ինչպէ՛ս խիզախ ու մեծ Իսահակն աղօթքով յաղթահարեց մարմնի իսկ բնութիւնը: Նրանք յաղթանակեցին կրակի զօրութեանը, իսկ սա (Իսահակը) այսօր քանդեց վնասուած բնութեան կապանքները: Գիտցի՛ր, թէ ինչպէս է նա դա արել: «Իսահակն աղաչեց Տիրոջը,- ասում է Սուրբ Գիրքը,- իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր։ Աստուած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ» (Ծննդ. 25, 21): Սրա մասին այսօր ձեզ ընթերցուեց: Երէկ խօսքը աղօթքի մասին էր, իսկ այսօր՝ կրկին աղօթքի զօրութեան ապացոյցը: Տեսնո՛ւմ էք, թէ ինչպէ՛ս է Հոգու շնորհը դասաւորել, որպէսզի այսօրուայ ընթերցումը համապատասխանի երեկուայ ասուածին: Սուրբ Գիրքն ասում է. «Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր։ Աստուած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ»: Առաջին հերթին պէտք է պարզել, թէ ինչո՛ւ էր նա անպտուղ: Ե՛ւ ինքը ե՛ւ իր ամուսինն ապրում էին հրաշալի եւ ողջախոհութեամբ լեցուն կեանքով: Մենք չենք կարող, անդրադառնալով այս արդարների կեանքին, ասել, թէ անզաւակութիւնն արդիւնք էր մեղքի: Եւ նա (Ռեբեկան) չէր միակ ամուլը, այլ նաեւ նրա (Իսահակի) մայրը՝ Սառան, ով նրան ծնեց. եւ ոչ միայն նրա մայրն ու կինն էին ամուլ, այլեւ հարսը՝ Յակոբի կին Ռաքէլը: Իսկ ի՞նչ է նշանակում ամուլների այս թիւը: Սրանք բոլորն արդարներ էին, բոլորն ապրում էին առաքինութեամբ, բոլորը հաստատուեցին Աստծու կողմից, քանի որ նրանց մասին էր Նա ասում. «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի» (Ելք 3, 6): Նրանց մասին Պօղոսն է նաեւ ասում. «Հետեւաբար, Աստուած չի ամաչում նրանց Աստուածը կոչուել» (Եբր. 11, 16): Բազում գովասանքներ կան նրանց մասին Նոր Կտակարանում, շատ են գովասանքները նաեւ Հին Կտակարանում: Բոլոր առումներով նրանք հաճելի ու գերազանց էին, ու բոլորի կանայք ամուլ էին եւ երկար ժամանակ ապրում էին անզաւակ: Ուստի, երբ տեսնում ես, թէ ամուսինն ու կինն առաքինի կեանք են վարում, երբ տեսնում ես, թէ նրանք սիրում են Աստծուն ու նուիրուած են բարեպաշտութեանը, բայց տառապում են անզաւակութեամբ, մի՛ կարծիր, թէ անզաւակութիւնը հատուցում է մեղքերի համար: Բազմաթիւ են ճանապարհներն Աստծու տնօրէնութեան, որոնք մեզ անյայտ են: Եւ ամէն բանի համար պէտք է շնորհակալ լինել ու խղճալ միայն նրանց վրայ, ովքեր ապրում են ամբարշտութեան մէջ, այլ ոչ թէ նրանց վրայ, ովքեր չունեն զաւակներ: Աստուած միշտ անում է օգտակարը, բայց մենք չգիտենք այն բանի պատճառը, ինչ որ արւում է: Հետեւաբար, ամէն ինչում պէտք է զարմանալ Նրա իմաստութեան վրայ եւ փառաբանել Նրա անասելի մարդասիրութիւնը: Այս խօսքերը կարող են մեզ խրատել բարոյապէս: Բայց պէտք է ասել նաեւ պատճառի մասին, թէ ինչո՛ւ էին այդ կանայք ամուլ: Ո՞րն է այդ պատճառը. այն է, որ երբ դու տեսնես մեր սբ.Կոյսին, ով ծնել է մեր բոլորի Տիրոջը, չլինես անհաւատ: Այսպիսով դու վարժեցրու քո միտքը՝ խորհելով ամուլների արգանդի մասին, որպէսզի յետոյ, երբ տեսնես, թէ վնասուած ու կցուած արգանդը բացւում է Աստծու շնորհով ծննդաբերութեան համար, դու չզարմանաս՝ լսելով, թէ Կոյսը ծննդաբերեց։ Կամ աւելի լաւ է ասել, զարմացի՛ր ու հիացի՛ր, բայց անհաւատ մի՛ եղիր հրաշքին: Երբ հրէան քեզ ասի, թէ ինչպէ՞ս Կոյսը ծնեց: Դու նրան հարցրո՛ւ, իսկ ինչպէ՞ս ծնեց ամուլն ու ծերացածը: Այն ժամանակ երկու խոչընդոտներ կային՝ ծերութեան տարիքը եւ բնութեան անկարողութիւնը, իսկ Կոյսի մօտ ընդամէնը մէկ խոչընդոտ կար. այն որ նա ներգրաւուած չէր ամուսնութեան մէջ: Այդպէս ամուլը ճանապարհ է նախապատրաստում Կոյսին: Եւ որպէսզի դու համոզուես, թէ ամուլները նախորդեցին այն բանի համար, որ հաւատան Կոյսի ծննդաբերութեանը, լսի՛ր Գաբրիէլի (հրեշտակապետի) ասած խօսքերը, երբ նա եկաւ ու նրան ասաց. «Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես» (Ղուկ. 1, 31)։ Կոյսը զարմացաւ եւ ասաց. «Ինչպէ՞ս դա կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում» (Ղուկ. 1, 34): Իսկ ի՞նչ պատասխանեց հրեշտակը. «Սուրբ Հոգին կը գայ քեզ վրայ» (Ղուկ. 1, 35): Մի՛ պահանջիր, ասում է նա, բնական կարգը, երբ այս իրադարձութիւնը գերբնական է: Մի՛ մտածիր ամուսնութեան ու ծննդեան ցաւերի մասին, երբ ծննդեան այս եղանակը վեհ է ամուսնութիւնից. «Ինչպէ՞ս դա կը պատահի ինձ»,- ասում է նա,- «քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»… Ես ուզում էի աւելին ասել ու ներկայացնել ձեզ այլ պատճառներ, որոնցով ամուլ էր Ռեբեկան ու Ռաքէլը, բայց թոյլ չի տալիս ժամանակը՝ ստիպելով շտապեցնել աղօթքի զօրութեան մասին խօսքը: Եւ այս բոլորն ասացի այն բանի համար, որ դուք իմանաք, թէ ինչպէս Իսահակի այդ երկարատեւ աղօթքը լուծեց իր կնոջ անպտղութիւնը։ Սուրբ Գիրքն ասում է. «Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր։ Աստուած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ» (Ծննդ. 25, 21): Մի՛ կարծիր, թէ նա կանչեց Աստծուն եւ անմիջապէս լսելի եղաւ: Նա երկար ժամանակ աղօթում էր Աստծուն: Եթէ դուք ուզում էք իմանալ, թէ որքա՛ն ժամանակ, ես ձեզ ճշգրտութեամբ կ՚ասեմ եւ դա: Քսան տարի նա անցկացրեց Աստծուն աղօթելով: Ո՞րտեղից է սա երեւում: Խօսքի իսկ յաջորդականութիւնից: Ցանկանալով ցոյց տալ արդարի հաւատն ու իմաստութիւնը՝ Աստուածաշունչը չլռեց այդ ժամանակի մասին, այլ այդ մասին ասում է, թէեւ գաղտնի, ու չի թողնում անյայտ, որպէսզի արթնացնի մեզ անհոգութիւնից: Ուրեմն լսի՛ր, թէ ինչպէս է այն գաղտնի կերպով մեզ ցոյց տալիս ժամանակը. «Իսահակը քառասուն տարեկան էր, երբ ամուսնացաւ Ասորական Միջագետքում ապրող ասորի Բաթուէլի դուստր Ռեբեկայի հետ» (Ծննդ. 25, 20)։ Տեսնո՞ւմ ես, թէ քանի՛ տարեկան էր նա, երբ ամուսնացաւ: Սուրբ Գիրքն ասում է՝ քառասուն տարեկան էր, երբ կնութեան առաւ Ռեբեկային: Իմանալով, թէ քանի տարեկան էր, երբ ամուսնացաւ, կը տեսնենք յետոյ, թէ ե՛րբ նա հայր դարձաւ ու քանի տարեկան էր, երբ ծնեց Յակոբին: Եւ այսպիսով, կարող ենք տեսնել, թէ որքա՛ն ժամանակ նրա կինն ամուլ մնաց, եւ այն փաստը, որ այդ ողջ ժամանակ նա աղօթում էր Աստծուն: Իսկ քանի՞ տարեկան էր նա, երբ ծնեց Յակոբին: «Անդրանիկ որդին ծնուեց բոլորովին շէկ, թաւամազ մորթով, եւ հայրը նրան կոչեց Եսաւ։ Ապա Եսաւի գարշապարից բռնած ծնուեց նրա եղբայրը։ Սրան էլ կոչեց Յակոբ։ Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց» (Ծննդ. 25, 25-26)։ Հետեւաբար, եթէ նա, երբ կնութեան առաւ Ռեբեկային, քառասուն տարեկան էր, իսկ երբ որդիներ ծնեց, վաթսուն տարեկան էր, ապա ակնյայտ է, թէ նրա կինը քսան տարուայ ընթացքում ամուլ մնաց, եւ այդ ամբողջ ժամանակ Իսահակն աղօթում էր Աստծուն: Իսկ մենք չենք ամաչում եւ չենք երկմտում՝ տեսնելով, թէ ինչպէ՛ս արդարը քսան տարի սպասեց ու չէր դադարում աղօթելուց։ Իսկ մենք առաջին կամ երկրորդ խնդրանքից յետոյ, յաճախ թողնելով աղօթքը, զայրանում ենք: Մինչդեռ նա ունէր մեծ համարձակութիւն Աստծու առաջ, բայց, այնուամենայնիւ, չէր զայրանում պարգեւի դանդաղութեան ուշացման համար, այլ մնում էր համբերատար: Իսկ մենք, մեր անթիւ մեղքերով ծանրաբեռնուած լինելով, անմաքուր խիղճ ունենալով եւ ոչ մի բարեհաճութիւն չունենալով Տիրոջ հանդէպ, եթէ լսելի չլինենք մինչեւ մեր խնդրանքի կատարումը, հոգեպէս տրտմում ենք, յուսահատւում, թողնում աղօթքը, եւ այդ պատճառով է, որ մենք միշտ ձեռնունայն ենք հեռանում Աստծուց: Մեզանից ո՞վ քսան տարի աղօթեց Աստծուն մի բանի համար, ինչպէս այդ արդարը, կամ աւելի լաւ՝ ո՞վ միայն քսան ամիս»[4]: «Սակայն ուշադիր եղէք, քանի որ առարկան, որի մասին խօսուելու է, խորն է: Մենք ուզում ենք ասել, թէ ինչպէ՞ս է Սառայի արգանդն իր անպտղութեամբ ուղղորդում մեզ Յարութեան հաւատին: Իսկ ինչպէ՞ս է այն ուղղորդում մեզ: Ինչպէս որ նրա արգանդը, լինելով մեռած, Աստծու շնորհով յարութիւն առաւ եւ աճեցրեց Իսահակի կենդանի մարմինը, այդպէս էլ Քրիստոս մեռնելով, Իր սեփական ուժով Յարութիւն առաւ: Իսկ որ այս խօսքերի մէջ չկայ ոչ մի չափազանցութիւն, լսի՛ր հէնց Պօղոսին, ով Աբրահամի մասին ասաց, թէ՝ «Նա չերկմտեց իր հաւատի մէջ, թէպէտ նայեց իր մարմնին արդէն իբրեւ մեռած մարմնի,- քանի որ հարիւր տարեկանի մօտ էր,- եւ Սառայի մեռած արգանդին։ Բայց Աստծու խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ, այլ զօրացաւ հաւատով, փառք տուեց Աստծուն» (Հռոմ. 4, 17-19). այսինքն՝ որպէսզի մեռած մարմիններից ծնուի կենդանի որդի (Հռոմ. 4, 19-20)։ Նա, յետոյ մեզ առաջնորդելով այն հաւատից դէպի այս հաւատը, աւելացնում է. «Արդ, միայն Աբրահամի համար չէ, որ գրուած է, թէ այս բանը նրա համար արդարութիւն համարուեց. այլ համարուելու է եւ մե՛զ համար, որ հաւատում ենք Նրան, որ մեռելներից յարութիւն տուեց Յիսուսին՝ մեր Տիրոջը» (Հռոմ. 4, 21-22)։ Նրա խօսքերի իմաստը հետեւեալն է. ինչպէս որ Իսահակին (Աստուած) կանգնեցրեց մեռած մարմիններից, այդպէս յարութիւն տուեց եւ Իր Որդուն՝ նախապէս մահացած: Իսկ ուզո՞ւմ ես իմանալ, թէ անպտղութիւնը նախատիպ էր նաեւ այլ իրադարձութեան: Եկեղեցին ծնել է բազում հաւատացեալներ. հետեւաբար, որպէսզի դու անհաւատ չգտնուես, թէ ինչպէ՛ս այդ ամուլը, անզաւակն ու անպտուղը ծննդաբերեց, նրան նախորդեց ամուլն ըստ բնութեան՝ իր կամքով չբերի ճանապարհը հարթելով. եւ Սառան դարձաւ եկեղեցու նախապատկերը: Ինչպէս նա, ամուլ լինելով, ծննդաբերեց ծերութեան ժամանակ, նոյնպէս եւ սա, ամուլ լինելով, ծննդաբերեց վերջին ժամանակներում: Իսկ որ սա ճշմարիտ է, լսի՛ր Պօղոսին, որ ասում է. «Մենք ազատի որդիներ ենք»: Քանի որ Սառան եկեղեցու նախապատկերն էր ու նա ազատ էր, այդ իսկ պատճառով նա (առաքեալը) աւելացրեց, թէ «աղախնի որդիներ չենք, այլ՝ ազատի» (Գաղ. 4, 31)։ Նաեւ՝ «Խոստման որդիներ ենք Իսահակի նման» (Գաղ. 4, 28)։ Ի՞նչ է նշանակում՝ «խոստման»: Ինչպէս որ նրան ոչ թէ ծնեց բնութիւնը, այդպէս էլ մեզ ծնեց ոչ թէ բնութիւնը, այլ Աստծու շնորհը: Եւ դարձեալ՝ «Իսկ Վերին Երուսաղէմը, որը մեր բոլորի մայրն է, ազատ է» (Գաղ. 4, 26)։ Իսկ սա Եկեղեցին է, որովհետեւ «դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին» (Եբր. 12, 22-23)։ Հետեւաբար, եթէ Եկեղեցին է Վերին Երուսաղէմը, եւ Սառան խորհրդատիպն է Վերին Երուսաղէմի, ինչպէս ասուած է՝ երկուսն էին (երկու կին). մէկը՝ «ծնուած ծառայութեան համար, դա Հագարն է» (Գաղ. 4, 24), իսկ Վերին Երուսաղէմը «մեր բոլորի մայրն է, ազատ է» (Գաղ. 4, 26), ապա ակնյայտ է, թէ Սառան խորհրդատիպն էր Վերին Երուսաղէմի իր ծննդեամբ եւ անպտղութեամբ։ Կինն ամուլ էր այն բանի համար, որ դու գիտենաս ամուսնու բարոյականութիւնը, քանի որ նա չմերժեց նրան (Սառային), թէեւ ոչ մի օրէնք դա չէր արգելում այն ժամանակ, ոչ էլ ուրիշ կին վերցրեց այս ազատի հետ, ինչպէս շատերն են անում ծննդաբերութեան պատրուակով՝ բաւարարելով սեփական անզսպութիւնը, որոշ կանանց հեռացնելով, միւսներին ընդունելով, իսկ ուրիշները՝ նրանց հակադրելով հարճերով (վարձակներով) ու տները լցնելով բազմաթիւ տարաձայնութիւններով:
Գիտեմ, թէ այս խօսքերը խորն են, բայց եթէ մենք ջանանք, ապա ասուածից ոչինչ չի մնայ անհասկանալի: Այս խօսքերը խորհրդաւոր են ու պատկանում են դաւանութիւններին, իսկ եթէ ուզում էք, ես միեւնոյն ժամանակ կ՚ասեմ նաեւ իրենց բարոյական կողմի մասին: Այդպէս չվարուեց այս արդարը (Աբրահամը), այլ շարունակում էր սիրել իր աստուածատուր կնոջը, բնութեան Տիրոջը աղօթում էր քանդել բնութեան կապերը, ու չէր նախատում իր կնոջը: Իսկ ո՞րտեղից է երեւում, թէ նա չէր նախատում նրան. հէնց Աստուածաշնչից: Եթէ նախատէր, ապա Աստուածաշունչը կ՚ասէր այդ մասին ու չէր լռի, որովհետեւ այն խօսում է ինչպէս արդարների արժանիքների, այնպէս էլ թերութիւնների մասին, որպէսզի մենք խուսափենք վերջիններից, իսկ առաջիններին ընդօրինակենք: Այսպէս, երբ իր որդու առաջ նրա հարսնացու Ռաքէլը լալիս էր, եւ նա (Յակոբը) նախատեց նրան, Աստուածաշունչը նշեց ե՛ւ սա, ե՛ւ դա, ու չթաքցրեց: Երբ նա (Ռաքէլը) ասաց. «Ինձ զաւակնե՛ր պարգեւիր, այլապէս կը մեռնեմ» (Ծննդ. 30, 1), ապա նա ի՞նչ պատասխանեց նրան. «Մի՞թէ Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց» (Ծննդ. 30, 2)։ Պահանջը կանացի է եւ անխոհեմ: Ամուսնուդ ասում ես՝ ինձ զաւա՛կ պարգեւիր, ու բնութեան Տիրոջը չե՞ս դիմում: Այդ պատճառով էլ նա, յանդիմանութեամբ նրան պատասխանելով, դադարեցրեց նրա անխոհեմ պահանջն ու սովորեցրեց, թէ Ումի՛ց է պէտք խնդրել: Բայց այդպէս չէր վարւում Իսահակը: Նա ոչ մի նման բան չէր ասում, եւ նրա կինը չէր լալիս նրա դիմաց ու չէր բողոքում: Այստեղից մենք սովորում ենք ողջախոհութիւն ու հաւատ: Այն փաստը, թէ նա աղօթում էր Աստծուն, ցոյց է տալիս իր հաւատը: Այն, որ նա չլքեց իր կնոջը, մեզ յայտնում է իր ողջախոհութիւնը, իսկ այն փաստը, թէ նա չէր նախատում նրան ու չէր յուսահատւում, ապացուցում է իր համբերութիւնը, իմաստասիրութիւնը, մեծ հեզութիւնն ու սէրն իր կնոջ հանդէպ: Ոչ այնպէս, ինչպէս հիմա շատերն են գործում այդպիսի հանգամանքներում՝ դիմելով թմրանիւթերին ու կախարդութիւններին։ Նա չէր փորձում օգտագործել այդ դատարկ, անօգուտ, վնասակար ու հոգու համար կործանարար միջոցները, բայց թողնելով այդ ամէնը ու մերժելով բոլոր մարդկային նպաստները՝ ապաւինեց բնութեան Տիրոջը, Ով միայն Ինքը կարող է ուղղել այդպիսի թերութիւնները: Լսեցէ՛ք սա, ամուսիննե՛ր, սովորեցէ՛ք կանայք, բոլորս ընդօրինակե՛նք արդարին: Կնոջ համար թող ոչինչ աւելի թանկ չլինի իր ամուսնուց, իսկ ամուսնու համար ոչինչ առաւել ցանկալի՝ իր կնոջից: Մեր բոլորիս կեանքի ամրոցը նրանում է, որ կինն իր ամուսնու հետ միասիրտ լինի։ Սրանո՛վ է պահպանւում ամէն ինչ ողջ աշխարհում»[5]:
[1] Վարդան վարդապետ Այգեկցի, «Խրատ բոլոր քահանաներին եւ ժողովրդին», Սբ. Էջմիածին, 2001, էջ 63-64։
[2] Դաւիթ Ալաւկայ որդի, Կանոնական օրինադրութիւն, ՀԵ. «Ամուլ կանանց մասին», Երեւան, 2010, էջ 86:
[3] Свт. Иоанн Златоуст. Быт. 16, 1. Беседа 37.
Տե՛ս https://azbyka.ru/otechnik/Ioann_Zlatoust/tolk_01/38 (առ 11/04/2017)։
[4] Свт. Иоанн Златоуст, Том 3, Книга 1, “Беседа о том, что не должно разглашать грехов братий и молиться о вреде врагам”.
Տե՛ս https://azbyka.ru/otechnik/Ioann_Zlatoust/beseda_o_grehah_bratii/
(առ 11/04/2017)։
[5] Свт. Иоанн Златоуст, Том 3, Книга 1, “Беседа о том, что никому не должно отчаиваться, ни молиться о вреде врагам, ни падать духом, не получая просимого; также к мужьям о сохранении мира с женами".
Տե՛ս https://azbyka.ru/otechnik/Ioann_Zlatoust/beseda_otchayanie/
(առ 13/04/2017)։
Գևորգ սրկ․ Գևորգյան
«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից