26 Նոյեմբեր, Գշ
Բոլորի Տերն ու արարիչը, որ գիտե վերջն ու սկիզբը, փորձում է սրտերն ու երիկամները, գիտե առաջիկա լինելիքները, որ պատրաստ էր հառնել իր այն հավատացյալների դեմ, որ չեն ուզում ուղիղ վարվել կամ ուղիղ հավատով առաջնորդվել և անկողոպտելի գանձ թողնել բնական վիճակում, որը ուզեց հայտնել, երբ որ այդպիսի բանի հարց ծագի, նրանց մեջ, ի սկզբանե այնպիսի խորհուրդների փնտրող լինեն: Քանզի մարդասեր Աստծու սովորությունն է` բարերարություն անել բոլորին, հավատացյալներին անշարժ պահել հավատքի մեջ և հաստատել, իսկ անհավատներին ուղղության բերել նշաններով և զորությամբ` ըստ ժամանակի և ըստ հարկի: Այդպեսև սուրբ յոթ մանկանց միջոցով սքանչելիք ցույց տվեց և սրանցով հաստատեց հարության հույսը: Նրանց անուններն են. Մաքսիմիլիանոս, Ամլիքոս, Մարտիմոս, Դիոնեսիոս, Հովհաննես, Հեքսակիոս, Տատիանոս:
Այս յոթը բնակվում էին Եփեսոս քաղաքում: Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատքի նախանձախնդիր էին, զարդարված առաքինի վարքով և խաղաղ կյանք էին վարում անբիծ հավատով: Եղավ` որ Դեկոսը իր թագավորության ժամանակ եկավ Եփեսոս քաղաքը, բոլոր քաղաքացիների հետ իրենց աստվածներին զոհ մատուցելու, և այդպես կատարում էին նանիր և աղտեղի պղծալից նվիրատվություններ: Իսկ հավատացյալները թաքնվում էին նրա աչքից:
Դեկոս թագավորը հրամայեց մեհյաններ կառուցել կուռքերին և կամեցավ կատարել աղտեղի տոնը: Հրամայեց հավաքել քաղաքի և շրջակայքի գլխավորներին, որ գան նրա հետ զոհ մատուցեն: Եվ մարդկանց անթիվ բազմություն հավաքվեց, որոնք հաղորդակից էին թագավորի կամքին և զոհ էին մատուցում: Իսկ հավատացյալներին մեծ սուգ էր` կուռքերով մոլեգնածների, Աստծու ճշմարտությունից շեղվածների համար, որովհետև քրիստոնյաների հալածանք սկսեց և նեղում էր բոլորին, ովքեր կանչում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը: Լեռներում, այրերում, անտառներում և քարանձավներում թաքնվածներին որոնում էին զինվորները թագավորի հրամանով: Ովքեր թուլասիրտ էին, ընկնում էին հավատքի բարձրությունից: Իսկ հավատքին և կենդանի Հույսին հավատացողները պատրաստ էին ընդդեմ սատանայի և անշարժ հավատով ամոթի էին մատնում բռնավորին, հիշելով ավետարանական խոսքը, որ ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ սպանում են մարմինը և հոգին սպանել չեն կարող, այլ վախեցեք Նրանից, որ սպանելուց հետո կարողություն ունի գեհեն նետելու» (Մատթ. Ժ. 28): Սրբերը զանազան տանջանքների էին համբերում, որ նրանց պատճառում էր ամբարիշտը` սատանայի հնարքով: Եվ Տիրոջ անվան համար կամավոր մահվամբ վկայողները բազում են եղել: Բայց սրանով չէր բավարարվում Աստծուց օտարացածը, այլև նրանց մարմինները պահում էր պարսպից կախած, կամ ձողին ցցած` քաղաքի դռան առջև, պահում էր անթաղ: Ո՛հ, որքան էր մոլորությունը Դեկոսի ահավոր և որքան լի ցասմամբ դեպի քրիստոնյաները: Բայց Աստծուն հուսացողները չէին վախենում մեռնելուց և բռնավորի երկյուղից, և հրեշտակները երկնքում երգում էին հաղթական օրհնություններ սրբերի համար, որոնք ուղիղ խոստովանությամբ վախճանվեցին ի փառս Աստծու, և դևերը սրբերի հաղթությունից ամոթահար եղան:
Իսկ յոթ մանուկները, որոնց անունները վերևում ասացինք, և որոնք անշարժ էին Քրիստոսի հավատքի մեջ, այն ամենը տեսան, անդադար աղոթքի մեջ էին` տքնությամբ և արտասուքով Տիրոջից խնդրելով հավատքի հաստատությունը: Եվ սրանք երևելի էին Եփեսոսում և պատվավոր մարդկանց որդիներ և թաքնվում էին ամբարիշտ Դեկոսից: Աղոթում էին ցերեկ ու գիշեր և արտասուքով աղաչում Աստծուն, որ իրենց փրկի սատանայի հնարներից, և հավատարիմ մնան Տիրոջը: Որոշ չարաբարոներ տեսան նրանց, պատմեցին թագավորին և ասացին. «Քաղաքիս երևելիների որդիները, եպարքոսի որդի Մաքսիմի լիանոսը և նրա ընկերները, յոթ պատվավորների որդիները` միաբանած Քրիստոսի հավատքով` չեն հնազանդվում քո հրամանին և զոհ չեն մատուցում աստվածներին, որոնց մատուցում ես դու»: Երբ լսեց թագավորը, ցասումով լի` հրամայեց շտապ նրանց բերել և ասաց նրանց. «Ինչո՞ւ զոհ չեք մատուցում աստվածներին, որոնց մատուցում ենք ես և իմ մեծ հրամանին բոլոր ենթարկվողները»: Մաքսիմիլիանոսը պատասխանեց թագավորին. «Մենք պաշտում ենք երկնքի և երկրի Աստծուն, որի փառքով լցված է ամբողջ երկիրը, Նրան ենք երկրպագում և մատուցում օրհնության պատարագ` խոստովանությամբ և անուշահոտությամբ, որ մնանք Նրա առաջ սրտի սրբությամբ և կատարյալ հավատով և ուղիղ վարքով: Դևերին զոհ չենք մատուցում մենք և չենք ապականում մեր անձանց սրբությունը»:
Երբ թագավորն այս լսեց, հրամայեց կտրել նրանց գոտիները և պատվազրկել: Բայց իսկույն մարդասիրություն ցուցադրելով` իբրև մանուկների, ասաց. «Խնայում եմ ձեր մանկությունը, սպասելով որոշ ժամանակ, որ թողնելով այդ մտքերը` հավանեք [իմ խոսքը]: Իսկ եթե նույն մտքին մնաք` մահով կմեռնեք»: Եվ հրամայեց տանել նրանց իր մոտից մեծ սպառնալիքով, ինքը մեկնեց քաղաքից:
Սուրբ մանուկները թագավորի մոտից մեկնեցին ուրախանալով, որ Քրիստոսի անվան համար արժանացան անարգանքի: Եվ գնացին: Արդարության գործը կատարում էին առավել քան առաջ: Իրենց ծնողներից ոսկի և արծաթ վերցնելով բաշխում էին կարոտյալներին: Եվ մտածեցին ելնել քաղաքից և գնալ Ողքոս լեռան անձավը և այնտեղ մնալ անխռով, առանց երկյուղի, պարապել աղոթքով, մինչև Աստված իրենց այցելի և արժանացնի իրենց ընթացքը ավարտելու բարի խոստովանությամբ, ընդունելու պսակը, որ խոստացավ իր սիրելիներին:
Եվ այսպես յոթ մանուկները միասին իրենց հետ դրամ վերցրին աղքատների և իրենց պետքերի համար և գնացին անձավը և մնացին ամենայն արդարության հպատակ լինելով, անդադար աղոթելով, բոլորի Տիրոջից իրենց անձանց փրկություն խնդրելով: Եվ սպասավոր կարգեցին Ամլիքոսին, որ իմաստուն և ժիր երիտասարդ էր, որպեսզի սպասավորի իրենց: Եվ երբ գալիս էր քաղաք անհրաժեշտ բաների համար` իր հետ վերցնում էր դրամ, փոխում էր իր կերպարանքը, գնում իբրև աղքատ, իրենց պետք եղածը գնում էր և տեղեկանում` թե ինչ են խոսում քրիստոնյաների մասին, վերադառնալով պատմում էր լսածը և սպասավորում նրանց:
Օրեր անց թագավորը վերադարձավ քաղաք և որոնեց մանուկներին: Երբ թագավորն եկավ` Ամլիքոսն այնտեղ էր եկել իրենց պետքերի համար: Այս լսելով մեծ երկյուղով ելավ քաղաքից, գալով իր ընկերների մոտ, ունենալով սակավ հաց, պատմեց նրանց: Երբ լսեցին` խիստ վախեցան, ընկան երեսնիվայր գետնին, արտասուքով և բազում հառաչանքով աղաչում էին Աստծուն, որ ազատի իրենց այս չար աշխարհից և թագավորի սպառնալիքներից ու սատանայի խարդախությունից, և Իր բարեսեր կամքի համաձայն ելնեն այս չար աշխարհից, մտնեն Աստծու մոտ` արժանավոր վկայությամբ, ժառանգելու անպատում հավիտենից կյանքը, որ պահում է Իր հավատացյալներին:
Աղոթքից հետո Ամլիքոսը սակավիկ հացը դրեց նրանց առջև և աղաչեց, որ ուտեն: Բոլորը քաջալերված կերան հացը արևամուտին և գոհացան Տիրոջից: Եվ միմյանց քաջալերում էին ու հորդորում ի սեր Աստուծու և ի համբերություն Քրիստոսի, և հոգ էին տանում արժանանալու վկայության պսակի: Նիրհեցին և միանգամից բոլորը քնեցին, և մարդասերն Աստված այցելեց նրանց, որ մեռնեն և ազատվեն անօրենի երկյուղից, իսկ ժամանակ անց հավատացյալների հարության վկա լինեն և ամաչեցնեն նրանց, ովքեր չեն հավատում հարությանը: Եվ չիմացան հոգիների ելնելը մարմիններից, այլ սովորականի նման քնած էին:
Առավոտյան թագավորը հրամայեց մանուկներին տանել ատյան, և ոչ մի տեղ չէին գտնում: Կանչեց մանուկների ծնողներին, որ երևելի էին, և սպառնաց չարիք պատճառել նրանց, եթե անմիջապես երեխաները մեջտեղ չգան: Մանուկների ծնողներն ասացին. «Ինչու նրանց համար մեռնենք մենք, որ համոզմունքով պաշտում ենք աստվածներին և զոհ ենք մատուցում` ինչպես հրամայում է քո կամքը: Իսկ նրանք Ողքոս լեռան անձավում են և մեծ նեղությամբ քրիստոնեական հավատին են հետևում»: Այս ասացին ծնողները, որովհետև վախեցան թագավորից: Իսկ նա խորհում էր, թե ինչ անի նրանց: Եվ չէր ուզում երկրորդ անգամ կանչել նրանց ատյան, որ չհանդիմանվի մանուկներից, քանի որ գիտեր նրանց առաջին հարցաքննությունից:
Ապա հրամայեց մեծամեծ քարերով փակել անձավի դուռը, որտեղ մանուկներն էին: Սա լինում էր Աստծու տեսչությամբ, որպեսզի սրբերի նշխարները անշարժ մնան, միաժամանակ և վկա լինեն մեռելների հարությանը, և նրանցով փառավորվի Աստված ժամանակին, և նկուն լինեն սատանան ու նրա համախոհները: Եվ այսպես հրամայեց փակել անձավի դուռը, որպեսզի այնտեղ մեռնեն և նրանց լինի բանտ ու հավիտենական գերեզման: Հրամայեց, որ ոչ ոք չմտնի անձավը և տեսնի, ինչպես կարծում էր, նրանց կենդանի: Սա լինում էր վերին խնամքով, որ մնան այնտեղ: Իսկ Թեոդոսը և Աբոսը` թագավորի հավատարիմները, ծածուկ քրիստոնյա էին: Իրար հետ խորհեցին և ասացին. «Գրենք սրանց վկայաբանությունը և ժամանակները, դնենք պղնձե գզրոցի մեջ և գցենք անձավը, թերևս Աստված այցելի, և հայտնվեն այս սրբերի նշխարները»: Եվ ինչպես մտածեցին, այդպես արեցին այս այրերը Աստծու տեսչությամբ. գրեցին սրբերի ժամանակն ու վկայությունը և անունները, և թե ինչպես Դեկոսի հրամանով փակեցին անձավի մուտքը, որ [սրբերն] այնտեղ մեռնեն: Այս ամենը գրեցին ըստ կարգի, զետեղեցին պղնձե գզրոցի մեջ և ներս գցեցին անձավը: Եվ Դեկոսի հրամանով շրջապատվեց անձավը, և այն ժամանակ ոչ ոք չիմացավ մանկանց մահը, և սա եղավ Քրիստոսի տեսչությամբ: Այս ամենից հետո մեռան Դեկոսը և այն ամբողջ ազգը, և փոխվեցին այլ թագավորներ, մինչև Թեոդոս մեծը:
Երբ թագավորեց մեծն Թեոդոս բարեպաշտը, այն տարիներից հետո ըստ Քրիստոսի հավատքի հնազանդվում և պաշտում էր ամենասուրբ Երրորդությունը: Եղան մարդիկ, որ ասում էին, թե մեռելների հարություն չկա և կործանում էին ոմանց հավատը` ինչպես առաքյալն էր նախապես տեսել և ասել. «Տերը ճանաչեց նրանց, որ Իրենն են» (Բ. Տիմ. Բ. 19): Իսկ բարեպաշտ Թեոդոսը ճգնում էր դրա համար և խնդրում Աստծուց լուծում տալ հարցին: Եվ Թեոդորիտ աղանդի գլուխն էր ոմն Թեոդորիտ` ելլադացոց եպիսկոպոս: Նա և նրա այլ չար համախոհներ, եկեղեցու և ուղղափառ հավատի ապականիչներ, որոնք ասում էին` «Մեռելների հարությունը արդեն եղել է»,– իսկ ուրիշները թե` «Մաշված և հողից ապականված, բազում տեղեր ցրված մարմինները չեն հառնի, այլ հոգիները միայն կընդունեն անմահությունն ու անանց կյանքը»: Եվ «Մոլորյալները չիմացան, որ մանուկ չի ծնվի առանց մարմնի որովայնի, և դարձյալ թե` «Մարմինը կենդանի չի ելնի առանց հոգու»: Եվ փակեցին իրենց ականջները Տիրոջը չլսելու, որն ասում է. «Կլսեն մեռելները Աստծու Որդու ձայնը և դուրս կգան` ովքեր բարիք են գործել` կյանքի հարության, իսկ ովքեր չար են գործել` դատաստանի հարության» (Հովհ. Ե. 28–29): Եվ առաքյալն է ասում. «Անմի՛տ, դու որ սերմանում ես` չի կենդանանա, եթե չմեռնի և Աստծուն չտա մարմինը, և ինչպես ուզում է և յուրաքանչյուրը իր մարմինը» (Ա. Կորնթ. ԺԵ. 36): Եվ Եզեկիել մարգարեն ասես Տիրոջ անունից ասում է. «Կբանամ ձեր գերեզմանները և կհանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ժողովուրդ իմ, և իմ ոգին կտամ ձեզ և կլինեք կենդանի» (Եզեկ. ԼԷ. 12): Եվ այլ այսպիսի բազում բաներ, որ պատմվում են սուրբ Գրքում մեռելների հարության մասին:
Իսկ բարեպաշտ Թեոդոսը արտասուքով խնդրում էր Տիրոջից, քուրձեր հագած և մոխրի վրա նստած հարության երևումն տեսնելու, որ հաստատվի հավատացյալների հույսը, և ամբարիշտների ժողովը նկուն լինի: Իսկ Նա, որ իր երկյուղածների կամքն է կատարում և լսում նրանց աղոթքները, կամեցավ սուրբ մանկանց միջոցով ցույց տալ հարությունը` Թեոդոս մեծ թագավորի օրերին, որ հայցեց Տիրոջից և ստացավ, որովհետև` «Բոլորը, որ խնդրում են կստանան, և ով հայցում է` կգտնի» (Մատթ. Է. 8),– ինչպես ասաց Տերը Ավետարանում:
Այսպես եղավ մանուկների հայտնությունը. մի պատվավոր այր, որի անունը Ոգողի էր, որի իշխանության տակ էր Ողքոս լեռը, կամեցավ իր հոտի համար գոմ շինել մոտակա անձավը, որի մեջ սուրբ մանկունք էին: Եվ նրա ծառաները գործավորների հետ աշխատում էին: Եվ գլորում են քարերը այն դռնից, և բացվում է այրը, որ փակել էր տվել Դեկոսը: Այն ժամ Փրկչի հրամանով կենդանացան մանուկները, որ անձավում էին, և հարություն առած նստեցին ուրախ ու լուրջ երեսով` ինչպես երեկ կամ նախորդ օրը: Եվ նրանց վրա մեռելի տեսք չկար, քանի որ մարմիններն ու հանդերձը նույնն էին, և կերպարանքները բնավ փոխված չէին: Հարություն առան առավոտյան և այսպես կարծում էին, թե երեկոյան ննջել են, և մտահոգ էին ամբարիշտ Դեկոսի հալածանքի և իրենց որոնելու առթիվ: Դարձան և հարցրին նույն բանի մասին Ամլիքոսին, թե ինչ էր լսել Եփեսոս քաղաքում: Ամլիքոսն ասաց. «Ինչպես երեկ պատմեցի Դեկոս թագավորը մեզ է փնտրում. կամ զոհ մատուցենք կուռքերին, կամ մեռնենք, եթե չհնազանդվենք նրան»: Մաքսիմիլիանոսն ասում է իր ընկերներին. «Եղբայրնե՛ր իմ, հիշեցեք երկնային և ահավոր ատյանը և մի՛ զարհուրեք ժամանակավոր երկյուղով, որ բնավ չունի սպառնալիքի ահ: Չուրանանք մեր կյանքը, որ ունենք Աստծու Որդու հավատով, որ Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի այս չար աշխարհից, և լինենք ի փառս ամենասուրբ Երրորդության:– Եվ դառնալով Ամլիքոսին` ասաց,– Դու դրամ վերցրու, գնա՛ քաղաք, իմացի՛ր, թե ինչ է մտածում Դեկոսը մեր մասին»:
Ամլիքոսը դրամ վերցրեց, փոխեց իր կերպարանքը, որ ոչ ոք չճանաչի և նրան չմատնի Դեկոս թագավորի ձեռքը, ու գնաց: Նա չգիտեր, որ Դեկոսի ոսկորները հող են դարձել և հոգին խոշտանգման մեջ է: Եվ երբ մտավ Եփեսոս քաղաքը, տեսավ սուրբ Խաչի նշանը քաղաքի դռանը, իր մտքում զարմացավ: Շրջեց ամբողջ քաղաքը և նույնպես տեսնում էր տերունական Խաչի նշանը կանգնեցրած տարբեր տեղեր: Եվ մարդկանց, որ երդվում էին Տեր Հիսուսի անունով: Եվ քաղաքը թվում էր այլ կերպ, նա հիացած էր ու ապշած և ասում էր իր մտքում. «Երեկ ոչ մի տեղ չկար տերունական Խաչի նշանը, և ոչ ոք չէր համարձակվում տալ զորությունների Տիրոջ անունը, իսկ այժմ համարձակ քարոզվում է Տիրոջ անունը և իսկապե՞ս սա Եփեսոս քաղաքն է, որովհետև բնավ նման չէ, կամ թե երազ է, որ երևում է, չգիտեմ: Եվ ի՞նչ է այս եղածը, որ ապշեցնում է ինձ: Ինձ ո՞վ խելամիտ [պատասխան] կտա»: Եվ մոտենալով մի մարդու ասաց. «Սա ո՞ր քաղաքն է»: Եվ նա պատասխանեց` Եփեսոսն է: Եվ Ամլիքոսն իր մտքում ասաց. «Ի՞նչ եղա, Տե՛ր Հիսուս, օգնիր ինձ»: Եվ ապշած մտքով ու երկյուղով գնում էր շուկա` հաց գնելու և հեռանալու քաղաքից, որ չբռնվի: Եվ տվեց դրամը, որ ուներ` հաց առնելու, և հացավաճառն ասաց. «Նախկին թագավորների պատկերն ու գիրն ունի»,– և ցույց էր տալիս իր ընկերներին: Նրանք նայելով Ամլիքոսին ասացին. «Սա գանձ է գտել, որովհետև այս դրամը շատ հին է»: Ամլիքոսը լսեց և շատ վախեցավ, որովհետև կարծեց, որ Դեկոսի ձեռքն են մատնելու: Եվ ասաց նրանց. «Աղաչում եմ ձեզ, տվե՛ք ինձ հասնող հացը, և գնամ իմ տեղը»: Եվ նրան ասում են. «Դու ո՞րտեղից ես... մեզ բաժին տուր, եթե ոչ` կմատնվես դատավորների ձեռքը և կմեռնես»: Ամլիքոսը այս լսելով ահաբեկված ասաց. «Ես սրան չէի սպասում. ինձ ավելացավ տրտմություն տրտմության վրա»: Եվ չգիտեր, ինչ պատասխան տա նրանց, որ նեղում էին իրեն:
Քաղաքում լուր տարածվեց, թե բռնվել է մեկը, որ գանձ է գտել, և բազում մարդիկ հավաքվեցին նրա շուրջը: Նա նայում էր, թե ծանոթներից մեկը երևա, և ոչ ոքի չէր տեսնում: Եվ զարմացած էր: Իսկ նրանք նեղում էին իրեն և ասում. «Այս այրը օտարական է,և ոչ ոք չի ճանաչում սրան»: Ոմանք, կերպարանքից դատելով, փախստական էին համարում նրան:
Լուրը հասավ բդեշխին, որ պատահմամբ սուրբ Մարիս եպիսկոպոսի մոտ էր, եկեղեցում: Հրամայեցին բերել Ամլիքոսին և պարզել խնդիրը: Եվ երբ բերին ու տեսան դրամները` հարցրին նրան. «Դու ո՞րտեղացի ես, և ի՞նչ են այս դրամները, որ առաջին թագավորների պատկեր ու գիր ունեն. ամեն ինչ ասա ստուգությամբ»: Իսկ նա չգիտեր ինչ պատասխաներ: Եպիսկոպոսն ասաց. «Ճշմարիտն ասա, որդյա՛կ, և ազատվիր փորձությունից, որ բռնվել ես»: Ամլիքոսն ասաց. «Աղաչում եմ քեզ, տե՛ր, ինձ բան հասկացրու, և ամենն ինչ որ գիտեմ` կասեմ: Դեկոս թագավորը քաղաքո՞ւմ է, և կամ քաղաքս Եփեսո՞սն է»: Եպիսկոպոսն ասաց. «Այժմ երկրի վրա չկա Դեկոս թագավորը, այլ բազում ժամանակներ առաջ պաշտում էր կուռքերին և հալածում քրիստոնյաներին: Այժմ Թեոդոսն է թագավոր` Քրիստոսի հավատացյալ, և ամենասուրբ Երրորդությունը օրհնվում և երկրպագվում է բոլորից, և այս քաղաքը Եփեսոսն է»: Ամլիքոսն ասաց. «Երեկ Դեկոս թագավորն այս քաղաքում էր, և պատուհասում էր քրիստոնյաներին, և ես երբ լսեցի` վախեցա, գնացի պատմեցի իմ ընկերներին, որ [Դեկոսը] մեզ է փնտրում կորցնելու համար, որովհետև հանուն Քրիստոսի հալածված ենք նրանից յոթ հոգով` քաղաքիս պատվավորների որդիներ: Մենք վերցրինք բազում ոսկի և արծաթ, բաշխեցինք աղքատներին, և մնաց սակավ դրամ` մեր կարիքների համար: Այս է, որ տեսնում եք: Եվ մնում ենք Ողքոս լեռան անձավում, եկեք և տեսեք»: Եվ ասաց իրենց և ծնողների անունները, և ոչ ոք չէր ճանաչում նրանց: «Ես,– ասաց Ամլիքոսը,– եկա հաց գնելու և տանելու, իմանալու Դեկոսի մասին: Եվ այս փորձությունները, որ հանդիպեցի, չէի սպասում: Ես ձեզ պատմեցի ստույգը: Այժմ թող կատարվի Աստծու կամքը, որ գիտե ամեն ինչ: Ես ուրիշ ոչինչ չգիտեմ»:
Այն ժամ եպիսկոպոսն ասաց. «Աստված այսօր մի մեծ սքանչելիք է ուզում հայտնել այս երիտասարդի միջոցով: Եկեք գնանք Ողքոս լեռան անձավը, տեսնենք Աստծու մեծամեծներին»: Եվ իրենց հետ բազմությունը վերցնելով գնացին` եպիսկոպոսը, բդեշխը և քաղաքի մեծամեծները, իսկ Ամլիքոսը նրանց առջևից: Եվ մտավ անձավ, պատմեց իր ընկերներին` ինչ որ պատահեց իրեն: Ու մինչդեռ եպիսկոպոսը ուզում էր մտնել անձավը` այս ու այն կողմ նայեց, տեսավ պղնձե գզրոցը, հանեց դուրս, բդեշխի և պատվավորների առջև բացեց, և տեսան երկու կապարե տախտակ, որոնց վրա գրված էին յոթ մանկանց անունները, և թե Դեկոս թագավորից հալածված են հանուն Քրիստոսի հավատի: «Քրիստոսի սուրբ վկաները չհամաձայնեցին պաշտել կուռքերին: Դեկոսի հրամանով փակվեց անձավի մուտքը, որ լինի սրանց բանտ ու գերեզման: Եվ մենք` Թեոդոս և Աբոս, արքայի հավատարիմներ և քրիստոնյաներ, գրեցինք, որպեսզի երբ Տերն այցելի, և հայտնվեն սրանց նշխարները` հայտնի լինի, որ այս սուրբ մանկունքը Քրիստոսի վկաներ են»:
Այս լսելով փառավորում էին Աստծուն անպատում սքանչելիքի համար, որ ցույց տվեց Տերը: Եվ մտան անձավը, տեսան սուրբ մանուկներին` պայծառ, գեղեցիկ և վայելուչ` Աստծու հրեշտակների նման և ընկնելով իրենց երեսների վրա երկրպագում էին և միմյանց ողջունում հոգևոր ողջույնով: Եվ գոհացան Աստծուց, որ արժանի եղան տեսնելու հարության սքանչելիքը և ահավոր տեսիլը, որ ցույց տվեց Տերը ժամանակին: Եվ խոսեցին միմյանց հետ, սուրբ մանուկները պատմեցին Դեկոսի օրերին եղած հալածանքների ու գործերի մասին: Իսկ եպիսկոպոսը պատմեց անաստված թագավորների կործանման, ուղղափառ և քրիստոսասեր թագավորության, քրիստոնյաների կարգի և հավատքի հաստատության մասին: Եվ նրանք օրհնում էին Աստծուն և անմիջապես տեղեկացրին Թեոդոս թագավորին մանուկների հարության մասին, որ հայտնվեց իր ժամանակ:
Երբ այս լսեց մեծն Թեոդոս, Ամենատիրոջը մատուցեց գոհություն և օրհնություն, որ հարության հույսը հաստատեց սուրբ մանուկների միջոցով, ամոթահար արեց չարին: Եվ ուրախ եղավ, ցնծում էր և օրհնում Աստծուն, և շտապ հասավ այնտեղ` ցանկանում էր տեսնել սուրբ մանուկներին: Եվ մանկունք ելան նրան ընդառաջ` անձավից դուրս, և նրանց երեսները փայլում էին աստղերի նման, և երկրպագեցին արքային, իսկ նա երեսնիվար ընկավ, համբուրում էր նրանց ոտքերը, և մանուկները բռնեցին բարձրացրին նրան և նրա հետ մտան անձավը: Եպիսկոպոսը և բոլոր պատվավորները նստեցին գետնին և գրկելով համբուրում էին սրբերին մեկ–մեկ: Եվ թագավորը զվարճանում և օրհնում էր, Աստծուն ասելով. «Ո՞վ կպատմի Տիրոջ զորությունները, որ միայն սքանչելիքներ գործեց: Ո՜վ Աստծու մարդասիրության խորհուրդ, հավիտյան է նրա ողորմությունը իրեն հուսացողներին:– Եվ ասաց,– Ինչ որ քարոզեցին սրբերը հարության մասին, այժմ հայտնապես տեսանք այս սրբերի միջոցով: Եկեք բոլորս փառք վերառաքենք ամենասուրբ Երրորդությանը` այժմ և հանապազ հավիտյան»: Թագավորը հարցրեց մանուկներին. «Ձեր ոգիներն ի՞նչ զգացողություն ունեին»: Սուրբ մանկունք պատասխանեցին. «Ինչպես նրանք, որ իրենց անկողնում ննջում են, առավել զգայությամբ. որ հուսով բարին է, որ հակառակորդի բոլոր հնարներից ազատված է, զարմանալի մի գեղեցկությամբ բերկրացած, որ ոչ աչքն է տեսել, ոչ ունկն է լսել, և մարդու սիրտ չի ընկել, ուր պատրաստվեցին հոգիների շտեմարաններ` արժանավորներին` խնդությամբ և ուրախությամբ, ի փառս Աստծու, իսկ մեղավորներին` տրտմությամբ և հեծությամբ` ըստ յուրաքանչյուրի բարի և չար գործերի: Բայց կատարյալ բարիքը և պատուհասը մարմնով և հոգով ընդունվում են Աստծու արդար դատաստանին»:
Նաև այլ բազում բաներ խոսեցին թագավորի հետ և նրան օրհնեցին` հանուն Տիրոջ զորությունների և ասացին. «Օրհնյալ լինես դու տիրոջից, Աստծուն սիրելի, որովհետև Աստված քեզ համար մեզնով ցույց տվեց հարության սքանչելիքը»: Եվ բոլորը միասին ոտքի կանգնելով աղոթեցին և օրհնեցին Աստծուն և [մանուկները] ասացին բոլորին. «Ո՛ղջ եղեք, խաղաղություն ձեզ»: Եվ իրենց գլուխները դրին [գետնին] ու դարձյալ ննջեցին և ավանդեցին իրենց հոգիները ի փառս Աստծու: Եվ թագավորը և ամբողջ ժողովուրդը տեսնելով սքանչելիք սքանչելիքի վրա` օրհնում էին Աստծուն և փառավորում Նրան սքանչելիքի պատճառով:
Եվ թագավորը հրամայեց ոսկի տապաններ պատրաստել նրանց: Եվ այն գիշեր երևալով սրբերն ասացին թագավորին. «Թող մեզ մեր տեղում` ինչպես կանք, մինչև բոլորի հարությունը, և դարձյալ հարություն կառնենք անապականություն հագած, և անմահացած կժառանգենք անսպառ բարիքը»: Այս լսելով բարեկարգեցին անձավը և գեղեցկացրին, հախճապակիով պատեցին: [Վկաներին] թողեցին այնպես, որպես ննջել էին, մեծ տոն կատարելով այն օրը` ինչպես վայել էր սրբերին. ի փառս ամենասուրբ Երրորդության հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.