23 Նոյեմբեր, Շբ
Շրջում էր զայրույթն աշխարհում, մարդկանց նայում, իրեն ցուցադրում: Ուր գնում էր՝ ամենուր վեճեր էին առաջանում, թշնամանք, պատերազմներ: Միայն մի բանի համար էր ափսոսում զայրույթը, որ այդ ամենն ընդմիշտ չէր…
Նա սկսեց պատճառը փնտրել ու հասավ մենաստանին: Ցածրիկ ցանկապատ, փայտե դարպասներ, ո՛չ թնդանոթներ կան պատերի մեջ, ո՛չ զենք է երևում պատուհաններից: «Այ, սրա հախից հեշտ կգամ,- մտածեց զայրույթը:- Սրա պես ամրոցներ ե՞մ գրավել»:
Մոտեցավ զայրույթը դարպասին, իսկ այնտեղ դռնապանն է նստած՝ համեստ, հանգիստ: Միայն «բարև Ձեզ» ու «ներեցեք» է ասում:
Զայրույթը սկսեց նրան զայրացնել՝ ասելով, որ եղբայրները նրան չեն հարգում, քանի որ ցնցոտիներով է շրջում և ընդամենը դռնապան է, չնայած երևում է, որ վաղուց պետք է եպիսկոպոս լիներ: Տեսնելով, որ նա ամենևին ուշադրություն չի դարձնում իր ասածներին, սկսեց մենաստան եկողներին նրա դեմ լարել: Սակայն, կրկին ոչինչ չստացվեց:
Զարմացավ զայրույթը.
- Գոնե ասա անունդ ի՞նչ է:
- Խոնարհություն,- հեզորեն պատասխանեց դռնապանը:
- Եվ շա՞տ են քեզպեսներն այստեղ:
- Ինձ պես թույլ ու անպետք միայն ես եմ: Մնացյալն իսկական վանականներ են: Ես այստեղ միայն կարգուկանոնին եմ հետևում: Իսկ նրանք աղոթում են, որպեսզի մարդիկ սիրո և համերաշխության մեջ ապրեն,- ասաց դռնապանն ու փակեց դարպասները:
Եվ այդժամ հասկացավ զայրույթը, թե իր իշխանությունն ինչու չի կարող անվերջ լինել երկրի վրա:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի