23 Դեկտեմբեր, Բշ
Հունվարի 23-ին` հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ և շարքային զինվորներ` իրենց ծնողների հետ:
Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ սահմանային գոտում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ժամկետային զինծառայողները Ս. Սարգսի տոնի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմի կողմից պարգևատրվեցին Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական զարդապատկերով ու տոնը խորհրդանշող հուշանվերներով: Ի դեպ, հարկ է նշել որ այդ զարդապակերները բացառիկ են, քանի որ հատուկ պատրաստվել են միայն այսօր պարգևատրվող զինվորների համար՝ սահմանափակ թվաքանակով:
Շնորհավորելով երիտասարդներին ու մասնավորապես պարգևատրվող զինվորներին` Սրբազան հայրն ի մասնավորի ասաց.
«Մեծարգո՛ նախագահ և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Վեհափառ Հայրապետի անունից ջերմորեն ողջունում ենք Ձեր մասնակցությունը տոնական Սուրբ Պատարագին և ներկայությունն՝ այս աննախադեպ միջոցառմանը:
Հարգարժա՛ն ներկաներ, այսօր ամենքիս համար սիրելի դարձած արագահաս Սուրբ Սարգսի տոնն է, ով իր վարքով և նահատակությամբ դարձավ քրիստոսանվիրումի անմար ջահն ու անկոտրուն հավատքի վկան: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս օրը հռչակված է երիտասարդների օրհնության օր:
Շուրջ տասը տարի Արարատյան Հայրապետական թեմը «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով կյանքի է կոչում բազում ծրագրեր և տոնական միջոցառումներ: 2007 թ. մինչև այսօր Սուրբ Սարգսի տոնակատարություններն իրականանում են Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Շնորհավորում ենք մեր սիրելի նախագահին, Սարգիսներին և Սարգսյաններին, Մարտիրոսներին ու Մարտիրոսյաններին՝ անվանակոչության առթիվ: Հայցում ենք Սուրբ Զորավարի բարեխոսությունը, որպեսզի մեր պատվարժան նախագահը՝ հայրենիքի անկախացման և ազատագրական պայքարի քուրայով անցած իր փորձառությամբ այսուհետև երիտասարդական ավյունով շարունակի ծառայել պատասխանատու պաշտոնում և մերձավորությամբ ու հոգեհարազատությամբ աջակից լինի մեր երիտասարդներին:
Սուրբ Սարգիսը Զորավար էր և Քրիստոսի վկան: «Եվ եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից…» (Մատթեոս ԺԶ 24): Անսալով Տիրոջ ձայնին՝ Սուրբը նահատակությամբ հաստատեց, որ Քրիստոսի սերն ու հավատքը առավել են երկրային կյանքից: Սիրո ուժականությամբ պիտի գործենք ամենքս, քանզի «սիրո ուժն է անհաղթ»: Սիրով արված գործերը հզոր են և անբեկանելի: Սիրո զորեղությամբ արարվածն անառիկ է և անխոցելի:
Օրեր անց պիտի նշենք հայոց բանակի 24-ամյա տարեդարձը: Տարիներ առաջ, լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել բանակի անցած ճանապարհը. «Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»: Այսօր մեզ հետ են հայոց բանակի առաջնագծում կռված և կռվող քսանհինգ անվախ հայորդիներ:
Սիրելի՛ք, սուրբ է և սրբացված հողը մեր հայրենի: Այն իր մեջ շերտ առ շերտ պահպանում է հայոց հազարամյա պատմությունը: Հայոց հողը հայի ինքնությունն է, ազգի ոգին է ու հիշողությունը: Որպես ուխտավոր՝ Սուրբ Զորավարի մասունքին այսօր բերեցիք ձեր խոնարհումը, հոգևոր նորոգությամբ զորանալով՝ արդ կոչվեցիք ուխտապահ մարտիկներ. հավատարմությամբ ծառայել Աստծուն և ժողովրդին, ամուր կենալ, քաջ մնալ, անհողդողդ կանգնել թշնամու առաջ և քաջաբար հասնել հաղթության: Այս նվիրական պահին մեր խոնարհումն ու երախտիքն ենք բերում հայոց մայրերին՝ քաջազուն զավակներ ծնելու և հայոց բանակում անկախության ոգին կերտելու համար: Թող Տիրոջ քաջ վկա Սուրբ Սարգիսը զորակից ու մարտակից լինի ձեզ՝ սիրո, հավատքի ու հայրենասիրության հաղթական ուխտը անխախտ պահելու օրհնաբեր գործում: Ամեն»:
Ս. Սարգսի տոնի ու պարգևատրման առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինվորներին` ի մասնավորի ասելով. «Հարգելի՛ ծնողներ, Սիրելի՛ զինվորներ, ես մեծ հաճույքով շնորհավորում եմ ձեզ այսօրվա տոնի՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Զորավար Սարգիսը զինվորականության, երիտասարդության, սիրո ու հավատարմության, այսինքն` անդավաճան լինելու սուրբն էր: Ուստի, հատկապես այսօր ես ուզում եմ շնորհավորել այստեղ ներկա մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել են Հայրենիքի զինվորի: Հայրենիքի զինվոր կարող է լինել նա, ով գիտակցում է, ով համոզված է, որ մեր Հայրենիքի անվտանգությունը, մեր Հայրենիքի պաշտպանությունը կախված է մեզնից յուրաքանչյուրից: Եվ այդ մեծ, բազմամարդ կոլեկտիվում եթե մեկը իր պարտականությունները կատարում է թերի, ապա մնացածի վրա է բարդվում հավելյալ դժվարությունը: Հայրենիքի զինվոր կարող է դառնալ նա, ով գիտակցում է, որ լիարժեք կատարելով իր պարտականությունը, իր պարտքը՝ նա առաջին հերթին պաշտպանում է իր ծնողներին, պաշտպանում է իր քույրերին, եղբայրներին, իր ապագա երեխաների մորը, իր հայրենի օջախը և այս հավաքականության մեջ՝ մեր Հայրենիքը:
Սիրելի՛ զինվորներ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր անկախ սոցիալական վիճակից, շատ մեծ դժվարությամբ, տառապանքով ձեզ ծնել, դաստիարակել ու կրթել են, և դուք դարձել եք մեր Հայրենիքի լիարժեք քաղաքացիներ: Իմ խորին շնորհակալությունը ձեզ, սիրելի՛ ծնողներ:
Ուզում եմ, սիրելի՛ զինվորներ, ձեզ մաղթել բարի ծառայություն, անփորձանք ծառայություն: Ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Պաշտպանության նախարարը, որպես մարդ, որ քսանչորս ժամ զբաղված է մեր Զինված ուժերի բոլոր գործերով ու խնդիրներով, ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք ունենաք ժամանակակից սպառազինություն, որպեսզի այն հատվածում, որտեղ դուք պատասխանատվություն եք կրում՝ լարվածություն չլինի: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք մեր Հայրենիքի պաշտպանությունը, անվտանգությունը երբեք առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնի: Վստահ եղեք, որ ձեզնից առաջ ծառայողների, նաև, անշուշտ, մեր նահատակված զինվորականների վաստակը լինելու է այն հիմքը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը դառնալու է անխոցելի, ուժեղ պետություն: Եվ որպես փոքրիկ ուշադրություն ձեր լավ ծառայության, ես խնդրել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի ձեզնից այսօր ծառայության մեջ գտնվող զինվորներին հատկացնի 10-օրյա արձակուրդ, որպեսզի կարողանաք ձեր ծնողների, մերձավորների հետ անցկացնել այս մի քանի օրը:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի լինելու համար»:
Միջոցառման մասնակիցներին շնորհավորեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պարգևատրվող զինվորներից ավագ սերժանտ Լևոն Մովսիսյանը երախտիքի խոսք ասաց` իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար: Բոլոր զինվորների ծնողների անունից շնորհակալության խոսք ասաց նաև Շուշանիկ Հայրապետյանը:
Այսօր պարգևատրված զինվորների մի մասը ծառայությունն ավարտել է, մյուսները դեռ ծառայում են: Այս ծրագիրը երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Նրանց ցուցակը տրամադրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ցուցակում ընդգրկված էին զինվորներ ամբողջ Հայաստանից:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին