Քրիստոնյայի համար երկրային կյանքը պատրաստություն է երկնային երանելի կյանքին: Սիրով շաղախված այս պատրաստության շրջանից որպես հետևանք հորդում է ողորմածության առաքինությունը: Որքան կատարյալ է սերը, նույնքան լիարժեք և կատարյալ է նաև ողորմածությունը:
«Բոլոր մարդիկ տարբեր են, օժտված են տարբեր հատկություններով ու շնորհներով, ոմանք իրենց մեջ տաղանդ են հայտնաբերում և կարևոր է գիտակցել, թե Աստծուց իրենց տրված այդ կարողության ո՛ր մասն են Նրան ծառայեցնում: Անչափ կարևոր է ինքնաքննությամբ հայտնաբերել այն կարողությունները, որոնցով օժտված է անձը և այն նվիրաբերել Ամենակալին, հարազատներին, մերձավորներին, հավատակից եղբայրներին և եկեղեցուն: Ինքնաբացահայտման ճանապարհին կարևոր է նաև բաց լինել ուրիշների կարիքների առջև, սովորել տեսնել դրանք և օգնել այնպես, ինչպես մարդը կօգներ իրեն կամ իր զավակին: Սերը մերձավորի հանդեպ պետք է լինի զոհաբերվող, ինչպես Քրիստոսի սերն է, Ով մեզ սիրեց այնպիսին, ինչպիսին որ կանք»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Մարտի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Մկրտչյան Ինգային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի անդամներ Կարինե Մատինյանը և Մարիամ ու Աննա Խաչատրյանները: Ինգան իր չորս ամսական տղայի և մայրիկի հետ բնակվում է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 13/174 հասցեում: Ինգայի ամուսինը նրա հղիության ժամանակ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի՝ մոռացության մատնելով իր ընտանիքին: Կարիքավոր ընտանիքն Ինգայի մոր թոշակի և ընտանեկան նպաստի գումարներով չի կարողանում հոգալ իր նվազագույն կարիքները: «Տղաս անհաս է ծնվել, ինչի հետևանքով երկարատև բուժստուգումների և վիրահատության խնդիր է առաջացել: Երեխայիս բուժման համար անհրաժեշտ դեղորայքը գնելու համար ստիպված եմ եղել մի քանի բանկերից վարկով գումար վերցնել: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի աջակցությունը ինչ-որ չափով կլուծի ընտանիքիս հոգսերը, ինչի համար անչափ շնորհակալ եմ համայնքից և Տեր Գրիգորից»,- ասաց Ինգան:
Ս. Իսահակ Ասորու հորդորներից մեկում ընթերցում ենք. «Տալիս եմ քեզ հետևյալ պատվիրանը, ով եղբայր, քեզ մոտ թող միշտ առաջնային լինի ողորմությունը, մինչև որ մենք զգանք այն ողորմածությունը, ինչպիսին Աստված ունի աշխարհի հանդեպ: Մեր գթասրտությունը մեզ համար քող հայելի լինի, որպեսզի նրանում ինքներս մեր մեջ տեսնենք Աստծո էության նմանությունը և ճշմարիտ կերպարը: Այս նմանությամբ լուսավորվենք, որպեսզի սթափ կամեցողությամբ ջանանք կենցաղավարել աստվածահաճո կերպով»:
Կարինե Սուգիկյան