Հունիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ուխտի մեկնեց Հայաստանի նշանավոր ուխտավայրերից մեկը՝ Ծաղկեվանք: Արայի լեռան մի այրի մեջ գտնվող այս սրբավայրում, որտեղ ըստ ավանդության գտնվում է Վառվառա կույսի գերեզմանը, ուխտավորները, սրբուհու բարեխոսությունը հայցելով, միասնական աղոթք բարձրացրին առ Տեր Հայաստան ու Արցախ աշխարհների անսասանության և խաղաղության համար:
Այնուհետև սիրո ճաշի ընթացքում Տեր Գրիգորն ուխտավորների հետ զրույցում ասաց, որ երբ քրիստոնյան թույլ է տալիս Աստծուն դիպչել իր սրտին, դադարում է անհանգիստ ու մոլորված լինելուց, դադարում է կյանքն անիմաստ վատնելուց ու երկրի երեսին մտացածին գանձեր փնտրելուց, քանի որ Քրիստոսի համբարձումը մահվանից հետո Աստծուն միավորվելու հնարավորության ապացույցն է. «Թեև քրիստոնյայի անցնելիք ճանապարհը նեղ է և անձուկ (Մատթ. 7:14), սակայն միակ ճանապարհն է, որ առաջնորդում է դեպի հավիտենական կյանք: Մեզ՝ քրիստոնյաներիս, չի վախեցնում դժվարին ճանապարհը, քանի որ այն միայնակ չենք անցնում, այլ Փրկչի հետ: Որքան էլ փորձություններով ու տառապանքով լեցուն լինի այդ ճանապարհը, որքան էլ դժվարությունների հանդիպենք, թեկուզ և կյանքի գնով անցնենք այդ ճանապարհը, պիտի հիշենք, որ պսակը հարությունն ու համբարձումն է: Դա այն հզոր հավատն ու հույսն է, որ ոչ ոք չի կարող խլել մեզանից»:
Ուխտի ուղին ուխտավորներին մի քանի ժամով կտրեց առօրյա հոգսերից՝ նրանց սրտի հայացքն ուղղելով դեպի Երկինք, ուր Քրիստոս համբարձվելով՝ Իր հետևորդների առջև լայն բաց արեց դրախտի դռները: «Վերջին ժամանակներում մարդկանց կփրկեն սերը, խոնարհությունը և բարությունը: Բարությունը կբացի դրախտի դռները, խոնարհությունը կտանի այնտեղ, իսկ սերը ցույց կտա Աստծուն»,- ասել է Ուղղափառ եկեղեցու հայրերից Գաբրիել Ուրգեբաձեն:
Կարինե Սուգիկյան