26 Նոյեմբեր, Գշ
Օգոստոսի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երգչախումբը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Արամ ֆրանկյանի հովանավորությամբ, ուխտի մեկնեց Սաղմոսավանք: Աղոթքի ուղին ուխտավորներին առաջնորդեց մի սրբավայր, որ կառուցվել է 13-րդ դարում Լուսավորչի անապատ կոչվող վայրում, այն աշխարհում միակ հայկական վանքն է, որ Սուրբ Հոգու ներգործությամբ ստեղծված օրհներգությունների՝ սաղմոսների պատվին Սաղմոսավանք է կոչվել: Հնագույն այս սրբավայրում ուխտավորները միասնական աղոթք հնչեցրին առ Աստված, շարականներ երգեցին, փառաբանեցին Տիրոջը գոհաբանական սաղմոսով՝ գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի քաղցր է Նա, քանզի հավերժ է Նրա ողորմությունը (Սաղմ. 105:1): Ուխտավորներն իրենց աղոթքով հաղորդակից դարձան բազմադարյան սրբավայրի աղոթական կենարար շնչին, այնուհետև Սաղմոսավանքի բակում համախմբվեցին սիրո ճաշի և հոգեշահ զրույցի շուրջ: «Զորավոր» երգչախումբը Երևան վերադարձավ՝ հոգեպես հարստացած և զորացած:
Աղոթքի և խոկումի ուղին՝ ընդհանրական աղոթքներով և սաղմոսներով հագեցած, զորացնում է քրիստոնյային և, Ս. Եփրեմ Ասորու խոսքի համաձայն, ամրացնում հոգին առաքինությունների մեջ: Հայ քրիստոնյայի աղոթական կյանքի անբաժան մասն են կազմել ու կազմում սաղմոսները: Կյանքի տարբեր պարագաներում մարդը սաղմոսերգությամբ իմաստավորում է իր կյանքը՝ գտնելով ուրախություն, հույս ու մխիթարություն, իսկ մշտական սաղմոսացությունն ուշադրությամբ և երկյուղածությամբ, ըստ եկեղեցու հայրերի, մեծ օգուտ է բերում հոգուն:
Կարինե Սուգիկյան