«Զորավոր» երիտասարդաց միությունը հաղորդ դարձավ Կարմիր Ավետարանի զորությանը

Ապրիլի 30-ին, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, Ս. Զատկին հաջորդող Հինանց շրջանի երրորդ՝ Կարմիր կիրակին էր: Այն իր այլաբանական բացատրությամբ խորհրդանշում է Քրիստոսի արյամբ ծաղկած կիրակի և Նրա արյամբ հաստատված եկեղեցի: Գունագեղ կիրակիներից երրորդն ամեն տարի բազմաթիվ ուխտավորների է առաջնորդում դեպի Հովհաննավանք՝ մասնակից ու հաղորդակից դարձնելու ուխտի Ս. Պատարագին և Կարմիր Ավետարանի զորությանը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը Հովհաննավանք է բերվում Կարմիր Ավետարանը, որը պահվում է երևանաբնակ Կարապետյանների տանը: Ընտանիքը Սուրբ Գիրքը ժառանգել է Մշո Սուրբ Առաքելոց եկեղեցու վանական Կարապետ պապից: 

Հովհաննավանք ժամանած ուխտավորների թվում էին նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Ս. Պատարագին: Հանուն Հայաստան և Արցախ աշխարհի զորացմանն էր ուղղված երիտասարդաց միության հերթական ուխտի ուղին: Սրբավայրում երիտասարդները սբ. Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը հայցեցին և փառաբանեցին Տիրոջը, որ արժանացրեց իրենց հաղորդ դառնալու միջնադարյան սրբավայրի և հրաշագործ Ավետարանի զորությանը: Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը մաղթեց ուխտավորներին, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը և ասաց. «Ուխտ անել՝ նախ և առաջ նշանակում է հանդիպել Աստծուն, իսկ Ավետարանի խոսքին ու զորությանը հաղորդ դառնալ՝ նշանակում է Աստծու ներկայությանը հաղորդ դառնալ, քանի որ Աստված մեզ Իրեն հայտնում է Ավետարանի միջոցով»:

Կարմիր գույնի խորհրդանիշներին անդրադառնալով՝ տեղեկանում ենք, որ այն ոչ միայն հաղթանակի, այլ նաև պայքարի խորհրդանիշն ունի: Կարմիր կիրակին Քրիստոսի հետևորդներին սուրբգրային հետևյալ հորդորն է ուղղում. «Ի վերջո, զորացե՛ք Տիրոջով և Նրա ամենակարող զորությամբ: Ձեզ վրա առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների» (Եփես. 6:10-13): Ըստ սբ. Հովհան Ոսկեբերանի՝ զորանալ Տիրոջով, այսինքն՝  հույս ունենալ Տիրոջ և Նրա օգնության վրա. «Տերը շատ պատգամներ տվեց և միաժամանակ ասաց՝ մի՛ վախեցիր, հուսա՛ առ Աստված և Նա օգնական կլինի քեզ: Եթե հնարավորություն կա հաղթելու, ապա ինչո՞ւ խուսափել պայքարից: Մինչև պայքարի վերջը զգոն եղիր և կհաղթես: Եվ մի զարմացիր, որ այդքան շատ է խոսվում թշնամու ուժի մասին: Այդ մասին իմացությունը չպետք է վախեցնի քեզ, այլ պաշտպանի անզգուշությունից՝ չար օրը չարի հարվածները հետ մղելու համար»:

 

Կարինե Սուգիկյան

 

01.05.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․