«Զորավոր» երիտասարդաց միությունը ոտքով ուխտի մեկնեց Ս. Էջմիածին

Մարդու ներքին՝ հոգևոր աշխարհից է կախված, թե ինչպիսին կլինի նրա կյանքը հավիտենության մեջ: Ինչ մարդ ցանում է, այն էլ կհնձի։ «Ով որ սերմանում է իր մարմնի անդաստանում, մահ կհնձի իր մարմնից, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի Սուրբ Հոգուց», - ասել է Պողոս առաքյալը (Գաղ. 6։8)։ Ուստի նա, ով ձգտում է ապրել աստվածային պատվիրանների համաձայն, քաղում է հոգու համար ցանկալի փրկարար պտուղը՝ Աստծու հետ միավորումը: Հոգևոր անդաստանում իրենց աստվածահաճո կյանքով և գործունեությամբ սերմանում են նաև Հայ եկեղեցու սուրբ հարկից ներս գործող երիտասարդաց միությունները, որ իրենց լուման բերելով Քրիստոսահիմն եկեղեցուն՝ նպաստում են Աստծու տան շենացմանը: Կյանքի ճշմարիտ իմաստին հաղորդ երիտասարդների կյանքում ուխտի ուղիները հոգենորոգ ուղիներ են, որ զորացնում են նրանց գայթակղություններով լի այս աշխարհում:

Օգոստոսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ոտքով ուխտագնացության մեկնեց Ս. Էջմիածին: Լուսադեմին երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում միասնական աղոթքի կանգնեցին, ապա ճանապարհ ընկան դեպի Հայոց հոգևոր կենտրոն: Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն ու անսասանությանն էր ուղղված նրանց աղոթքի ուղին: Մի քանի ժամ տևող ոտքի ճանապարհն ուխտավորները հաղթահարեցին և իմաստավորեցին աղոթքներով: Հասնելով Ս. Էջմիածին՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը Ս. Գայանե եկեղեցում մասնակից եղավ Սուրբ և Անմահ Պատարագին: Երիտասարդ ուխտավորները, միասնական աղոթք բարձրացնելով առ Տեր, Տիրոջ երկնառաք օրհնությունը հայցեցին համայն Հայոց ազգի համար, որպեսզի Ամենակալն Իր ամենազոր Աջով հովանի լինի Հայաստան և Արցախ աշխարհին՝ անխռով պահելով հայ ժողովրդի կյանքը:

«Երիտասարդությունը եկեղեցու կյանքում էական նշանակություն ունի: Ինձ համար երիտասարդությունը մարտահրավերներ ընդունելու քաջությունն է, այլ ոչ թե դրանցից խույս տալը: Երիտասարդներին հատուկ է որևէ բան փոխելու ձգտումը, նույնիսկ այն, ինչը միշտ համարվել է անխախտ: Եթե երիտասարդների մեջ այդպիսի վճռականություն կա, կարծում եմ, որ նրանք կգտնեն բոլոր ձևական արգելքները հաղթահարելու միջոցները և կբերեն այն թարմ օդը, որի կարիքն ունեն եկեղեցիները: Մի խոսքով, երիտասարդությանը պետք է վստահել…»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը:

 

Կարինե Սուգիկյան

 

21.08.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․