18 Հունվար, Շբ
Հունվարի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցում սաները մասնակից եղան տարեսկզբյան առաջին տոնական դասին, որ նվիրված էր Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին: Տոնական դասի ընթացքում կիրակնօրյա դպրոցի սաները վերապրեցին իրենց համար շատ սիրելի տոնը. ուսուցչուհու՝ Տաթևիկ Պետրոսյանի օգնությամբ վերհիշեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան և մկրտության պատմությունները: Ուսուցչուհին ջանացել էր դասը պատկերավոր դարձնել տոնը ներկայացնող պատկերներով: Այնուհետև Տաթևիկ Պետրոսյանը երեխաներին ներկայացրեց տոնի խորհուրդը և ուսուցանեց «Ավետիս» սուրբծննդյան երգը: Տոնական դասը ոչ միայն ոգևորել էր երեխաներին, այլ նաև դասին ներկա գտնվող ծնողներին: Դասի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և դպրաց դասի կողմից երեխաներին փոխանցվեց սուրբծննդյան նվերներ՝ Սուրբ Ծննդյան գրքույկ, աղոթագիրք և քաղցրավենիք:
Երեխաների մաքուր աշխարհը ոչ միայն հաղորդ դարձավ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի խորհրդին, այլ նրանց հոգուց ներս ծնվեց Հիսուս Քրիստոս: Ինչպես հայրաբանությունն է նշում՝ Քրիստոս, աշխարհ գալով, խաղաղություն պարգևեց աշխարհին: Եվ այդ խաղաղությանն արժանանում են նրանք, որոնց սրտում ծնվում է Քրիստոս և ովքեր ծնվում են ի Քրիստոս: Ի Քրիստոս ծնվել՝ նշանակում է մկրտությամբ Քրիստոսահիմն եկեղեցու անդամ դառնալ, սուրբ խորհուրդներով Տիրոջը միանալ՝ ընթանալով փրկարար ուղով:
Կարինե Սուգիկյան