12 Հոկտեմբեր, Շբ
Կյանքն Աստծու հետ ջերմ ու լիարժեք հաղորդակցություն է, որ արտացոլվում է քրիստոնյա ընտանիքներում: Իսկ այդ կարևոր հաղորդակցության բացակայության դեպքում ընտանիքի զավակը սխալ պատկերացում է կազմում Աստծու մասին, եկեղեցին ընկալում է որպես մի սրբավայր, ուր միայն ծեսեր են կատարվում և ինչը ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ։ Ցավալի է, որ որոշ ծնողներ սահմանափակում են իրենց երեխաների հոգևոր կյանքը միայն մկրտությամբ և որոշ տոներին եկեղեցի այցելությամբ, չեն մտածում ո՛չ իրենց և ո՛չ էլ իրենց երեխաների հոգևոր աճի ու փրկության մասին: Նրանց մանկուց շրջապատում են շատ ու շատ զբաղմունքներով, բայց ոչ Աստծու, աստվածահաճո կյանքի, եկեղեցու և հոգու փրկության մասին զրույցներով:
Իսկ քրիստոնյա ընտանիքներում ծնողներն իրենց երեխաներին աստվածային ճշմարտությանն ու եկեղեցական կյանքին հաղորդակից են դարձնում ոչ միայն խոսքով, այլ նաև կյանքով. աղոթում են իրենց երեխաներին հետ միասին, ջանում են Սուրբ Գիրքը ընթերցել կյանքով, կիրակի օրերին մասնակցում են Սուրբ Պատարագին, իսկ երեխաները եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցներում ուսանում են Աստծու խոսքը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հարկից ներս՝ համայնքային կյանքում, կարող ենք հանդիպել քրիստոնյա ընտանիքի այս մոդելին: Հուլիսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցն ուսումնական տարին ամփոփեց ուխտագնացությամբ: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երեխաները եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի կողմից օրհնություն ստացան: Կիրակնօրյա դպրոցի սաներն ու ծնողները, մանկավարժ Տաթև Պետրոսյանի առաջնորդությամբ, մեկնեցին Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջին եկեղեցին, ուր կանգ առան փոքրիկ ուխտավորները, Բյուրականի սբ. Հովհաննես Մկրտիչն էր (10-րդ դ.), ուր միասնաբար աղոթեցին:
Ապա կիրակնօրյա դպրոցի սաներն այցելեցին Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատուն (4-րդ դ.): Մանկավարժ Տաթև Պետրոսյանը երեխաներին ներկայացրեց, որ դամբարան-գերեզմանատունը վաղմիջնադարյան համալիր է՝ բաղկացած դամբարանից, նրան հյուսիսից հարող եռանավ բազիլիկ եկեղեցուց և հարավային կողմում բացված երեք հուշասյուներից: Երեխաները պատմական տեղեկություններ ստացան Արշակունիների գահակալման ընթացքի և դամբարանի մասին: Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին Տեղերի Ս. Աստվածածին եկեղեցի (13-րդ դ.), ուր ևս համախմբվեցին միասնական աղոթքի շուրջ: Եկեղեցու կանաչազարդ բակում երեխաները սիրո ճաշը վայելեցին: Հետդարձի ճանապարհին մանկավարժը երեխաներին պատմեց քրիստոնեական հեքիաթներ, երեխաներն անդրադարձան ուխտագնացության իմաստին, շարականներ երգեցին և ծանոթացան հաջորդ օրվա տոնի՝ Պայծառակերպության պատմությանը:
Յուրաքանչյուր ծնող երազում է, որ իր երեխան ունենա իրական երջանկություն, ինչը նրան ամուր վահանի նման կպաշտպանի փոփոխվող աշխարհի փոթորիկներից ու դժվարություններից: Միայն Աստված է նման երջանկություն պարգևում. կյանքում ոչ մի անախորժություն կամ վիշտ չի դժբախտացնի մարդուն, եթե նա ունենա աստվածապարգև ուրախություն: «Չկա ավելի բարձր արվեստ, քան դաստիարակության արվեստը: Իմաստուն ուսուցիչը կենդանի կերպար է ստեղծում, ում նայելով ուրախանում են Աստված ու մարդիկ»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը։
Կարինե Սուգիկյան