26 Նոյեմբեր, Գշ
Աստծու կողմից արարված աշխարհում աստվածապարգև ազատության չարաշահումներից բազմաթիվ չարիքներ են ծնվում, «քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ» (Մատթ. 15:19): Այդ չարիքներից է պատերազմը, որ ուղեկցել է մարդկության պատմությանը մեր նախածնողների անկումից ի վեր: Խաղաղության ձգտող և խաղաղություն ավետող քրիստոնյան (Հռոմ. 10:15), շատ հաճախ բախվելով աշխարհի չարիքին և բռնությանը՝ ստիպված է լինում գոյամարտել հանուն հավատի և հայրենիքի: Մեկ շաբաթից ավել է, ինչ Հայաստան և Արցախ աշխարհը պարտադրված պատերազմի՝ հերոսական գոյամարտի մեջ է: Հայաստանի և ողջ աշխարհի հայությունը համախմբել է իր ներուժը հայրենիքի պաշտպանության համար:
Հայրենիքի ազատ ու խաղաղ կյանքը պաշտպանելու սրբազան առաքելությանը լծված՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 915 000 դրամի դեղորայք և բժշկական պարագաներ փոխանցեց Գանձասարի վանահայր Տ. Սահակ վրդ. Շաքարյանին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի համար: Դեղորայքի ցանկը տրվել էր հոսպիտալի կողմից:
Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր հայի միասնական և անկոտրուն ոգին անառիկ ու ապահով է պահում մեր սահմանները, շեն ու պայծառ՝ մեր հայրենիքը, զորեղ՝ մեր եկեղեցին: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Բոլորից վեր կա ընդհանրական միասնության, համազգային պատկանելության, համահայկական եղբայրության լինելության և գերագույն շահերի մակարդակը, որի վրա չենք կարող մեկս մյուսով ամբողջական մեկ ազգ չլինել»:
Կարինե Սուգիկյան