Դեկտեմբերի 3-ին Հայ Առաքելական Ս. եկեղեցին տոնախմբեց Հայ եկեղեցու առաջին լուսավորիչների և հիմնադիրների՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով առաքյալների տոնը հռչակվել է որպես Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Ուխտի օրն Արարատյան Հայրապետական թեմը, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, նշանավորեց թեմական ուխտագնացությամբ: Բազում ուխտավորների շարքում էին նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Ուխտավորների ուխտի ճանապարհն անցավ աղոթքով, Հայ եկեղեցու առաջին լուսավորիչներին ուղղված բարեխոսական աղոթքներով և շարականների երգեցողությամբ: Սրտահույզ զանգերի ղողանջի ներքո Հայրապետական հանդիսավոր թափորով Մայր Տաճար բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Ամենայն Հայոց Սրբություն Սրբոց աստվածակառույց Մայր Տաճարում ուխտավորները մասնակից եղան սուրբ և անմահ Պատարագի, որ մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալների հիշատակության օրը յուրաքանչյուր ուխտավոր հայորդու հոգեբուխ աղոթքն էր առ Տեր. «Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա, և զերկրպագուս անուանդ քում սրբոյ պահեա ի խաղաղութեան»:
Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը Ս. Գեղարդով և «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև ներկաները հաղորդակից եղան Ս. Գեղարդի օրհնությանն ու զորությանը:
Սուրբ Գեղարդը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գլխավոր սրբություններից մեկն է: Հիսուս Քրիստոսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19:33-34): Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք: Հայ եկեղեցու ավանդության համաձայն՝ Գեղարդը 33 թ. Հայաստան է բերել Ս. Թադեոս առաքյալը, այն դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում: 301 թ., երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ եկեղեցու սեփականությունը: Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Ս. Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար: Ս. Գեղարդը 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք: Հայոց կաթողիկոսները դարեր շարունակ մյուռոնն օրհնել են Ս. Գեղարդով, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով և Ս. Խաչով: Ներկայումս Գեղարդը պահվում է Ս. Էջմիածնի Մայր Աթոռի թանգարանում: Գեղարդի արծաթե մասնատուփը 1687 թ.-ին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը:
Տոնի խորհրդի վերաբերյալ Տեր Գրիգորն ասաց. «Առաքյալներն իրենց բնույթով Աստծո դեսպաններն են, որոնց Տերն ուղարկեց, որպեսզի Իր վկաները լինեն: Առաքելության նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ մարդկանց դեպի հավատք կամ կրոն ուղղորդեն, այլ նրանում, որ մարդկանց առջև բացեն դեպի Աստված տանող ճանապարհը: Որպեսզի կարողանանք առաքյալներ լինել, որպեսզի կարողանանք փոխանցել մեր հավատքը՝ անհրաժեշտ է, որպեսզի այդ հավատքը մեզ այնպես վերափոխի, որ մարդիկ մեզ հանդիպելով՝ տեսնեն մեկ այլ, արդեն իսկ վերածնված մարդու: Առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք Աստծո խոսքում ոչ թե ուսուցում տեսնել, այլ կյանք՝ սիրո վկայություն ու դրսևորում, որը մեզ Աստծուն կմոտեցնի: Մեր եկեղեցու սրբություններից Գեղարդը Տիրոջ կողմից մեր ազգին շնորհված մի պարգև է, որի զորավոր օրհնությունն ուղղված է մեր հավատքի ամրապնդմանն ու վերանորոգմանը, մեր հավատի ճրագը Տիրոջ և մարդկանց առջև մշտապես վառ պահելու կարևոր կոչմանը»:
Կարինե Սուգիկյան