Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի նվիրական օրերից մեկը

Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը:

14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում «Վիշապկենց» է կոչվել: Այս դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Ս. Թադեի վանքում, ապա՝ Ս. Էջմիածնում, իսկ 1939-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում: 73 տարվա դադարից հետո արդեն իններորդ տարին է, որ հավատավոր հայորդին տարվա մեջ մեկ օր՝ մայիսի 14-ին՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, հնարավորություն ունի հաղորդակցվելու «Զորավոր» Ավետարանի օրհնությանը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:

Ուխտի նվիրական օրվա առթիվ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» Ավետարանը: Մինչև Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը և մեծ թվով ուխտավորներ եկեղեցու արևելյան մուտքից հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, մուտք գործեց եկեղեցի, որտեղ և շարունակվեց արարողակարգը: 

Ուխտի Ս. Պատարագը մատուցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Մինչ քարոզը, Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին: Քարոզին Տեր Հայրն անդրադարձավ նաև խնդրակատար և հրաշագործ Ավետարանի զորությանն ու մասնավորաբար ասաց. «Զորավոր Ավետարանը նշանավոր է ոչ թե իր գեղագիտական արժեքով, այլ նախ և առաջ ավետարան լինելով և իր հրաշագործ զորությամբ: Այն շնորհաշատ մի պարգև է մեզ՝ մահկանացուներիս, որպեսզի Աստծու օրհնությանը հաղորդակից լինենք: Կարևորելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ավետարանը՝ մենք հաղորդ ենք դառնում Լույսին և մերժում ենք խավարը: Երբ Աստծու խոսքերը կյանքի են կոչվում, կյանքը գեղեցկանում և լուսավորվում է, որովհետև ավետարանական ոչ մի միտք և խոսք ի վնաս մարդու չեն, այլ նպատակ են հետապնդում մարդուն փրկություն պարգևել, ազատագրել մեղքերից, մարդկանց միջից վերացնել թշնամական խորհուրդները և սեր տարածել մարդկանց միջև»:

Ս. Պատարագի ավարտից մինչև Երեկոյան ժամերգությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ, սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությամբ, հաղորդակից եղան կեսհազարամյա զորավոր պատմությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին: 

«Սուրբ Ավետարանը կարելի է նմանեցնել հայելու, որում մեզանից յուրաքանչյուրը, եթե ցանկանա, կտեսնի իր հոգու վիճակը և այն ամենակարող բժշկությունը, որն առաջարկում է ամենակարող Բժիշկը՝ Աստված»,- ասել է Ռուս եկեղեցու հայրերից սբ. Իգնատիոս Բրյանչանինովը:

Այն անձը, որն ակնածանքով կարդում է Սուրբ Գիրքը և խոնարհաբար հնազանդվում աստվածային պատգամներին ու պատվիրաններին, լուսավորվում է Աստծու խոսքով և սնում է իր սիրտը՝ ինչպես երկնային մանանայով: «Երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծո խոսքը և գործադրում այն» ​​(Ղուկաս 11:28),- ասել է մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Այսպիսով, Աստծու խոսքին հնազանդ անձն ընթանում է փրկության ճանապարհով և երկրային կյանքի ավարտին,  Տիրոջ խոստման համաձայն, հուսալու է, որ ժառանգելու է հավիտենական կյանքը։ Տերն ասում է. «Լա՛վ իմացեք, ով որ լսում է Իմ խոսքը և հավատում Նրան, Ով Ինձ ուղարկեց, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, որովհետև նա արդեն իսկ մահից անցել է դեպի կյանք» (Հովհ. 5։24)։

 

Կարինե Սուգիկյան

 

14.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․