Սբ. Պողոս առաքյալը սիրո ճանապարհով ընթացողներին ասում է. «Բավական է, որ նվիրելու հոժարություն ունենաք, և Աստված կընդունի ձեր նվերը, եթե այն համապատասխան է ձեր ունեցածին, որովհետև Նա ձեր չունեցածը չի սպասում ձեզնից» (Բ Կորնթացիներ 8:12):
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, օգոստոսի 12-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն այցելեց Աշխեն Սարգսյանին (45 տ.), ով իր 8-ամյա դստեր՝ Դիանա Ավետիսյանի հետ բնակվում է Երևան քաղաքի Մուրադյան 1/82 հասցեում: Համայնքի այցը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, նպատակ ուներ աջակցելու և զորակցելու Աշխենին, ում ամուսինը՝ նախկին ազատամարտիկ Արթուր Ալբերտի Ավետիսյանը (55 տ.) որպես կամավոր, մասնակցելով ապրիլյան պատերազմին, ապրիլի 19-ին զոհվել է Ջաբրաիլի դիրքերում: Աշխենը համակարգչային ռեժիսուրա մասնագիտությանն է տիրապետում, բայց ներկայումս չի աշխատում: Տեր Հայրը համբերություն մաղթեց Աշխենին՝ առ Աստված այն մեծ հավատը և հույսը ներշնչելով, որ Երկնավոր Հայրը երբեք չի լքում Իր զավակներին: Ապա բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց մոսկվաբնակ Գարիկ Գևորգյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ: Աշխենն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին:
«Սբ. Հովհաննես առաքյալն ասել է. «Մենք գիտենք, որ մահվանից անցել ենք դեպի կյանք. ապացույց, որ սիրում ենք մեր եղբայրներին: Ով չի սիրում իր եղբորը, ենթակա է մահվան» (Ա Հովհաննես 3:14)»: Երկնավոր Հայրը կամենում է, որ Իրեն ծառայելը միայն ծեսեր կատարելով ու դրանց մասնակից լինելով չսահմանափակենք, այլ հոգևոր ծառայություն ևս ունենանք, որն արտահայտվում է միմյանց նկատմամբ ունեցած բարի ու մարդկային վերաբերմունքով, սիրով, ներելու և օգնելու պատրաստակամությամբ: Որովհետև արտաքին ծիսապաշտությունը երբեք չի փոխարինի ներքին բարեպաշտությանը: Սակայն երկուսն էլ անհրաժեշտ են ու լրացվում են միմյանցով»,-ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան