22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ապրիլի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակից դարձավ հետաքրքրաշարժ բանախոսության. երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Ս. Անանիայի մատուռ-դամբարանում և եկեղեցու բակում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցյան մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի օգնությամբ ծանոթացան եկեղեցու պատմությունը բացահայտող վիմական արձանագրություններին: Նորանոր բացահայտումներով լի բանախոսությունն իր շուրջն էր համախմբել ոչ միայն երիտասարդներին, այլ նաև եկեղեցում և բակում ներկա գտնվողներին:
«Վիմական արձանագրությունները համարվում են միջնադարյան սկզբնաղբյուրներից առաջնայինը, որոնք մեզ են հասել դեռևս հինգերորդ դարից: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու վիմական արձանագրությունները 17-18-րդ դարաշրջանի են, քանի որ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարավերջին՝ 1693 թ., Նահապետ Ա Եդեսացի (1691-1705) Ամենայն Հայոց կաթողիկոսի օրոք, խոջա Փանոսի միջոցներով: Ի տարբերություն այդ դարաշրջանում կառուցված եկեղեցիների՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին հարուստ չէ վիմական արձանագրություններով, բայց եղածներն էլ բավականին խոսուն են»,- ասաց բանախոսը և երիտասարդներին ներկայացրեց եկեղեցու արևմտյան պատի աջակողմում՝ նախասրահի մեջ պահպանված ծավալուն չափածո արձանագրությունը, որը գրվել է 1693 թ. և եկեղեցու կառուցման ժամանակն ու նախաձեռնողի անունը հաղորդելուց բացի, հիշատակում է առաջնորդ «հեզահոգի» Մեսրոպի, վերակացու Դավթի և մեկենաս խոջա Փանոսի հարազատների՝ որդիներ Էլիազի և Մովսեսի, թոռան՝ Ահարոնի անունները: Բանախոսը նշեց, որ եկեղեցին կառուցող հայրապետի մասին կան նաև մատենագրական վկայություններ՝ երկու «Յայսմաւուրք», որ գրվել են Գրիգոր Երևանցի գրչի ձեռքով: Նախասրահում աչք են զարնում ագուցված զույգ խաչքարերը, որոնք ավելի վաղ են կերտվել և տեղափոխվել են այլ վայրերից՝ ծառայելով որպես սրահի ներքին գեղազարդման միջոց:
Եկեղեցու մեկենաս Փանոսի և իր ընտանիքի անդամների անունները վկայված են նաև եկեղեցու արևելյան պատին՝ արտաքուստ ագուցված հինգ խաչքարերի 1693 թվակիր հիշատակագրություններում: Երիտասարդները եկեղեցու արևելյան պատի խաչքարերի, պատուհանների, քանդակի և փակագրերի վերաբերյալ տեղեկացան, որ տվյալ խաչքարերը տեղադրված են ոչ որպես խաչքար, այլ որպես գեղազարդման միջոց, քանի որ դեմքով ոչ թե արևմուտք, այլ արևելք են նայում, կրկնախաչ պատուհանները վաղ միջնադարյան Մոմիկի ճարտարապետության ազդեցությամբ են կառուցվել, «Ծաղկամանով ծաղիկները և զույգ թռչուններ» քանդակը խորհրդանշում է քրիստոնեությունը և հավատը ճաշակող քրիստոնյաներին, իսկ երկու փակագրերը Մաղաքիայի անունով են (հիմնականում եկեղեցու պատերի վրա փակագրերով հանդես են եկել այցելու նվիրատուները կամ էլ ուխտավորները):
Այնուհետև «Զորավոր» երիտասարդաց միությունը ծանոթացավ եկեղեցու նորոգման շրջանի վերաբերյալ վիմական արձանագրություններին: Եկեղեցու արևմտյան պատի ձախակողմում՝ դարձյալ նախասրահի ներսում, ընթեռնելի ընդարձակ արձանագրությունը վկայում է, որ եկեղեցու ծածկը նորոգվել է Ղուկաս Ա Կարնեցի (1780-1799) կաթողիկոսի օրոք՝ 1793 թ., եկեղեցու կառուցումից ուղիղ մեկ դար անց: Նորոգչական աշխատանքներն, ըստ վիմագրի, իրականացվել են իշխան Գաբրիել հազարապետի մեկենասությամբ. վերջինս թաղված է եկեղեցու հարավային մուտքի դիմաց, որի ուղղանկյուն տապանաքարի արձանագրության համաձայն՝ Գեղամյան տոհմից Ալահվերդի յուզբաշու որդի Գաբրիելը վախճանվել է 1811 թ.: Արսեն Հարությունյանը նշեց, որ Գաբրիելը ժամանակի նշանավոր այրերից էր, որն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Արևելյան Հայաստանը խանական լծից ազատագրելու գործում: Ղուկաս կաթողիկոսի օրոք եկեղեցու ներսում կատարվել են նաև բարեզարդման աշխատանքներ, որոնց մասին վկայում է աղոթասրահի ձախ որմնամույթի արևմտյան նիստի վիմագիրը:
Իսկ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարավային մուտքի վերնամասի երկտող արձանա-գրությունն էլ վկայում է, որ եկեղեցին նորոգվել է նաև 1889 թ.՝ երեսփոխան Մկրտիչ Տեր-Սարգսյանցի նախաձեռնությամբ և որ այս ընթացքում բացվել են եկեղեցու հարավային մուտքն ու որոշ լուսամուտները, կառուցվել է նոր խաչկալ, վերնատուն, պարիսպ և այլն:
Երիտասարդները տեղեկացան, որ Ս. Անանիա առաքյալի ստորգետնյա դամբարանի վրա կառուցված ներկայիս գմբեթավոր մատուռը կառուցվել է 1900 թ. Երևանի մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների մեկենասությամբ, ինչի մասին վկայում է շինարարական արձանագրությունը բովանդակող մարմարյա սալաքարը՝ զետեղված դամբարանի ներսում՝ արևելյան պատին:
Ս. Անանիայի մատուռ- դամբարանից դուրս գալուց հետո երիտասարդները կրկին եկեղեցու հարավային կողմում էին, որտեղ գերեզմանոց է եղել և որտեղ այսօր էլ պահպանվել են մի քանի տապանաքարեր՝ 19-20-րդ դդ.:
Արսեն Հարությունյանն անդրադարձավ եկեղեցու վիմագրության պատմության առավել ուշագրավ հատվածին, այն որ եկեղեցու ներսի որմերի շարվածքում կրկնակի օգտագործվել են շինաքարեր, որոնց վիմագրերն, ըստ էության, վաղագույնն են՝ 13-14-րդ դդ. և ենթադրելի է, որ այդ քարերը պատկանել են Երևանի՝ մինչ 1679 թ. գոյություն ունեցած Ս. Անանիա առաքյալ եկեղեցուն, որի խոնարհումից հետո որոշ քարեր վերստին օգտագործվել են նոր եկեղեցու կառուցման ժամանակ:
Եզրափակելով բանախոսությունը՝ Արսենը նշեց, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու վիմագրերը նրա պատմության հավաստի սկզբնաղբյուրներն են, որոնց վերծանման միջոցով պարզվում է համալիրի ինչպես անցյալը, այնպես էլ ներկան: «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը և երիտասարդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Արսեն Հարությունյանին հետաքրքիր և ճանաչողական բանախոսության համար:
Կարինե Սուգիկյան