Գրքեր

Զույգերի միջև սերը

- Մայրապե՛տ, բարեմաղթանքներ գրեցի՞ր Դիմիտրիին, որ ամուսնանում է:

- Գրեցի, Հա՛յր:

- Բեր բացիկը՝ մի քանի տող էլ ես ավելացնեմ. «Քրիստոս և Աստվածածինը թող ձեզ հետ լինեն: Դիմի՛տրի, թույլ եմ տալիս, որ վիճես ողջ աշխարհի հետ, բացի Մարիայից, նույնը թույլ եմ տալիս նաև Մարիային»: Այսպես գրեցի, որպեսզի տեսնեմ կհասկանա՞ն թե ինչ նկատի ունեմ: Մեկն ինձ մի օր հարցրեց. «Հա՛յր, ի՞նչն է ավելի շատ կապում տղամարդուն կնոջը»: Իսկ ես պատասխանեցի. «Երախտագիտության զգացումը»: Զույգերից ամեն մեկը մյուսին սիրում է այն ամենի համար, ինչ-որ մեկը մյուսին նվիրում է: Կինը տղամարդուն տալիս է վստահություն, հավատարմություն, հնազանդություն: Տղամարդը կնոջը տալիս է այն վստահությունը, որ կարող է նրան պաշտպանել: Կինը տան իշխանն է, ինչպես նաև մեծ աղախինը: Տղամարդը տան ղեկավարն է, ինչպես նաև ընտանիքի բեռը կրողը:

Տղամարդն ու կինը միմյանց միջև մաքրագործված սեր պետք է ունենան, որպեսզի կարողանան իրար մխիթարել և կատարել իրենց հոգևոր պարտականությունները: Զույգերը որպեսզի ներդաշնակ ապրեն, անհրաժեշտ է, որպես իրենց կյանքի հիմք ունենան սերը, ճշմարիտ սերը, որը գտնվում է հոգևոր իշխանության, զոհաբերության մեջ և ոչ թե ստի, աշխարհիկի և մարմնականի մեջ: Եթե կա սեր, զոհաբերություն, զույգերից ամեն մեկն իր հերթին միշտ իրեն դնում է մյուսի տեղը, նրան հասկանում է և ցավ է զգում նրա համար: Երբ որևէ մեկն իր մերձավորին ընդունում է իր ցաված սրտի մեջ, այդ ժամանակ իր մեջ է ընդունում Քրիստոսին, Որը կրկին նրան ուրախացնում է Իր աննկարագրելի ողջագուրումով:

Երբ կա սեր, ինչքան էլ զանազան հանգամանքների պատճառով զույգերից ամեն մեկը մյուսից հեռու գտնվի, կրկին իրար մոտ կգտնվեն, որովհետև Քրիստոսի սերը հեռավորություն չի ճանաչում և բաժանման պատճառ չի հանդիսանում: Բայց երբ, Աստված մի արասցե, զույգերն իրար հանդեպ սեր չեն տածում, կարող է իրար մոտ գտնվեն, սակայն իրականում իրարից հեռու գտնվեն: Այդ պատճառով պետք է փորձեն իրենց ամբողջ կյանքում պահպանել սերը, այսինքն՝ այն, որ մեկը մյուսի համար զոհաբերվի:

Մարմնական սերը աշխարհիկ մարդկանց միացնում է արտաքնապես միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն, ինչ-որ աշխարհիկ է, կա և նրանց բաժանում է, երբ այդ ամենն անհետանում են, և նրանք կորստյան են մատնվում: Մինչդեռ երբ գոյություն ունի հոգևոր, ճշմարիտ սերը, և եթե հանկարծ այնպես պատահի, որ զույգերից մեկը կորցնի աշխարհիկ հարստությունները, այդ հանգամանքը ոչ միայն նրանց չի բաժանում, այլև նրանց ավելի շատ է միացնում: Եթե զույգերի միջև միայն մարմնական սերն է, այդ ժամանակ, օրինակ՝ եթե կինն իմանա, որ իր ամուսինը նայել է մեկ ուրիշ կնոջ, նրա վրա ծծումբ է լցնում և կուրացնում: Մինչդեռ երբ զույգերի միջև անարատ սեր կա, ավելի շատ ցավ է զգում նրա համար և մտածում, թե ինչպես անի, որ նրան կրկին բերի ճիշտ ճանապարհի վրա: Ահա այս ձևով է Աստծու շնորհը բնակվում մարդու մեջ:

Մի անգամ ինձ մոտ եկավ մի բժիշկ, որի ծնողներից մեկը հույն էր, մյուսը՝ ամերիկացի: Տեսնելով, որ նրա դեմքը լուսավոր էր, նրան հարցրեցի իր կյանքի մասին, իսկ նա սկսեց խոսել ու ասաց. «Հա՛յր, ես ուղղափառ եմ, սակայն վերջին ժամանակներս ո՛չ պահք էի պահում, ո՛չ էլ եկեղեցի էի գնում: Մի երեկո իմ սենյակում ծնկի էի եկել, որ Աստծուն աղոթեմ ինձ անհանգստացնող մի խնդրի համար, և հանկարծ սենյակս լցվեց մի քաղցր լույսով: Մի քանի ժամ բացի այդ լույսից ուրիշ ոչինչ չէի տեսնում և իմ մեջ աննկարագրելի մի խաղաղություն էի զգում»: Հիացա, որովհետև հասկացա, որ այս մարդը արժանացել է՝ տեսնելու աստվածային անստեղծ լույսը և խնդրեցի նրան, որ ինձ պատմի թե այդ տեսիլքից առաջ ինչ դեպք էր տեղի ունեցել իր կյանքում: Եվ նա սկսեց պատմել. «Հա՛յր, ես ամուսնացած եմ և ունեմ երեք երեխա: Սկզբում ընտանիքում ամեն ինչ լավ էր ընթանում: Սակայն հետո կինս համբերություն չէր ունենում՝ զբաղվելու տան և երեխաների հոգսերով, և ինձ խնդրում էր, որ դուրս գանք իր ընկերների հետ: Ես կատարեցի նրա ցանկությունը: Որոշ ժամանակ անցնելուց հետո ինձ ասաց, որ ցանկանում է միայնակ դուրս գալ իր ընկերների հետ: Այդ ցանկությունն էլ կատարեցի, և միայնակ էի խնամում երեխաներին: Հետո չցանկացավ, որ արձակուրդները միասին անցկացնենք և ինձանից գումար խնդրեց, որ միայնակ գնա հանգստանալու: Հետագայում խնդրեց, որ մի տուն գնեմ, որ միայնակ ապրի: Դա էլ արեցի: Կինս այնտեղ էր հավաքում իր ընկերներին: Այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տարբեր ձևերով, զանազան խորհուրդներով փորձում էի օգնել նրան, որ խղճա մեր երեխաներին, սակայն նույնիսկ զրուցել չէր ցանկանում: Մի օր էլ ինձանից մեծ քանակությամբ գումար վերցրեց ու անհայտացավ: Փնտրում էի, հարցնում էի ամեն տեղ, սակայն ապարդյուն: Նրա հետքն ընդհանրապես կորցրել էի: Մի օր տեղեկացա, որ եկել է Հունաստան և բնակվում է վատ համբավ ունեցող մի տան մեջ: Նրա խեղճության համար իմ տխրությունը չեմ կարող նկարագրել: Ծնկի եկա, որպեսզի աղոթեմ Աստծուն: Ասացի. «Աստված իմ, օգնի՛ր ինձ, որ նրան գտնեմ և անեմ այն, ինչ կարող եմ, որ կնոջս հոգին կորստյան չմատնի: Նրա այդ թշվառությունը չեմ կարողանում տեսնել»: Ահա այդ ժամանակ ծագեց այդ լույսը, և խաղաղությամբ լցվեց սիրտս»:

Այդ մարդուն ասացի.«ՙԵղբա՛յր, Աստված տեսավ քո համբերությունը, անհիշաչարությունը, սերը և այս ձևով քեզ մխիթարեց»:

Այդ պատճառով եմ ասում, որ աշխարհիկները մեզ պետք է դատեն: Տեսնո՞ւմ եք: Բժիշկ Ամերիկայում, այդպիսի՜ կնոջ հետ, ինչպիսի՜ պայմանների և շրջապատի մեջ էր ապրում, սակայն ինչի՜ արժանացավ:

 

Հունարենից թարգմանեց՝  Էդգար սրկ. Ծատուրյանը

25.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․